Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ընդօրինակեք նրանց հավատը

 ԳԼՈՒԽ 20

«Հավատում եմ»

«Հավատում եմ»

1. Նկարագրիր, թե ինչ էր զգում Մարթան և որն էր դրա պատճառը։

ՄԱՐԹԱՅԻ մտքից դուրս չէր գալիս իր եղբոր գերեզմանը՝ քարայրը, որի մուտքը փակել էին մի մեծ քարով։ Նա չէր կարողանում հավատալ, որ իր սիրելի եղբայրն այլևս չկա։ Խոր վիշտը ծանր ու մեծ քարի նման կախվել էր նրա սրտից։ Չորս օր շարունակ սգավորներին մխիթարել ցանկացող մարդիկ գալիս էին նրանց տուն։ Սիրելի եղբոր կորուստը կեղեքում էր Մարթայի հոգին։

2, 3. ա) Ի՞նչ զգաց Մարթան՝ տեսնելով Հիսուսին։ բ) Ի՞նչ ենք իմանում Մարթայի մասին նրա ասած խոսքերից։

2 Այժմ Մարթայի առաջ կանգնած էր Հիսուսը, մի մարդ, որը մեծ դեր էր խաղացել Ղազարոսի կյանքում։ Նրան տեսնելը կրկին փոթորկեց Մարթայի ներաշխարհը, քանի որ Հիսուսը միակն էր, ով կարող էր փրկել իր եղբորը։ Այդուհանդերձ, սարալանջին գտնվող Բեթանիա գյուղից դուրս Հիսուսի հետ անցկացրած այդ մի քանի րոպեները հանդարտեցրին Մարթայի խռովված հոգին։ Ուսուցչի բարի հայացքը, նրա խոր կարեկցանքը, որը միշտ էլ հույս էր ներշնչում, ուժ տվեցին նրան։ Հիսուսը այնպիսի հարցեր ուղղեց Մարթային, որ վերջինս իր ուշադրությունը կենտրոնացնի հավատի ու հարության հույսի վրա, և Մարթան ասաց շատ կարևոր խոսքեր. «Հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, նա, որ աշխարհ պետք է գար» (Հովհ. 11։27

3 Մարթան մեծ հավատ ուներ։ Այն սակավ տեղեկությունները, որ Աստվածաշունչը հայտնում է նրա մասին, ուսանելի են և կարող են օգնել մեզ ամրացնելու մեր հավատը։ Դրանում համոզվելու համար քննենք աստվածաշնչյան մի դրվագ, որում առաջին անգամ հիշատակվում է Մարթայի մասին։

Նա մտահոգվում էր ու անհանգստանում

4. Ինչպիսի՞ն էր Մարթայի ընտանիքը, և ի՞նչ փոխհարաբերություններ ունեին նրանք Հիսուսի հետ։

4 Ամիսներ առաջ, երբ Ղազարոսը ողջ էր ու առողջ, Բեթանիայում գտնվող իրենց տանը մի կարևոր հյուրի էին սպասում՝ Հիսուս Քրիստոսին։ Ղազարոսը, Մարթան և Մարիամը հարազատ քույր ու եղբայր էին։ Նրանց ընտանիքը նման չէր սովորական ընտանիքներին։  Որոշ աստվածաշնչագետներ ենթադրում են, որ Մարթան ամենամեծն էր ակներևաբար այն պատճառով, որ նա էր զբաղվում հյուրասիրությամբ և Աստվածաշնչում երբեմն նրա անունն է առաջինը հիշատակվում (Հովհ. 11։5)։ Հաստատ չենք կարող ասել՝ նրանցից որևէ մեկը երբևէ ամուսնացած եղել է, թե ոչ։ Ամեն դեպքում, նրանք Հիսուսի մտերիմ ընկերները դարձան։ Հրեաստանում, որտեղ նա ծառայության ընթացքում հաճախ էր բախվում մեծ հակառակության ու թշնամանքի, հիմնականում գիշերում էր Ղազարոսի տանը, այն խաղաղ ու ապահով հանգրվանում, որն անչափ թանկ էր իր համար։

5, 6. ա) Ինչո՞ւ էր Մարթան մեծ պատրաստություն տեսնում։ բ) Ի՞նչ արեց Մարիամը, երբ Հիսուսը եկավ իրենց տուն։

5 Մարթան հյուրընկալության պատրաստություններ էր տեսնում, ուստի շատ գործեր ուներ անելու։ Այս գործունյա ու ջանասեր անձնավորությունը հաճախ էր տան գործերով զբաղված լինում, և այս անգամ առիթը Հիսուսի այցելությունն էր։ Մարթան ծրագրել էր հատուկ ընթրիք կազմակերպել՝ զանազան կերակրատեսակներ պատրաստել իրենց առանձնահատուկ հյուրի և թերևս նրա մի քանի ընկերակիցների համար։ Այն ժամանակներում մեծ կարևորություն էր տրվում հյուրասիրությանը։ Հյուրին ողջունում էին համբույրով, հանում էին նրա սանդալները, լվանում ոտքերը և գլուխը օծում անուշահոտ յուղով (կարդա՛ Ղուկաս 7։44–47)։ Նրան նաև տրամադրում էին ամենահարմար տեղը և հրամցնում ամենահամեղ պատառը։

6 Մարթան և Մարիամը պատրաստություն էին տեսնում։ Մարիամը, որին ոմանք համարում են ավելի զգայուն ու մտածող անձնավորություն, քան իր քրոջը, սկզբում, անկասկած, օգնում էր Մարթային։ Սակայն երբ Հիսուսը եկավ, ամեն ինչ փոխվեց։ Ուսուցչի համար հյուրընկալվելը լավ առիթ էր, որ սովորեցնի ներկաներին։ Ի տարբերություն իր օրերում ապրող կրոնական առաջնորդների՝ Հիսուսը հարգում էր կանանց և սովորեցնում էր նրանց Աստծու Թագավորության մասին։ Մարիամը այնքան էր ոգևորվել ստեղծված հնարավորությունից, որ նստեց Հիսուսի ոտքերի մոտ և սկսեց անհագորեն կլանել նրա յուրաքանչյուր բառը։

7, 8. Ինչո՞ւ էր Մարթան լարված, և ինչպե՞ս արտահայտեց դա։

7 Մի պահ պատկերացրու, թե ինչ լարված վիճակում էր Մարթան։ Պետք է հասցներ տարատեսակ կերակուրներ պատրաստել և հյուրընկալության հետ կապված զանազան գործեր անել։ Այդ ընթացքում նա թերևս մռայլվեց ու հոգոց հանեց, երբ տեսավ, թե ինչպես է քույրը անհոգ նստած, մինչդեռ ինքը շարունակ վազվզում է։ Եվ դա հասկանալի է, քանի որ այդ ամենը նա մենակ չէր կարող անել։

8 Այլևս չկարողանալով զսպել վրդովմունքը՝ Մարթան ընդհատեց  Հիսուսին՝ ասելով. «Տե՛ր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել այս գործերի մեջ»։ Մարթայի խոսքերը կտրուկ էին։ Հետո նա խնդրեց Հիսուսին. «Ասա նրան, որ օգնի ինձ»։ Նա ուզում էր, որ Հիսուսը միջամտի և Մարիամին ասի, որ օգնի իրեն (Ղուկ. 10։40

9, 10. ա) Ի՞նչ պատասխանեց Հիսուսը Մարթային։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը չէր դատապարտում Մարթային նրա հյուրասիրության համար։

9 Հիսուսի պատասխանը թերևս զարմացրեց Մարթային ու մինչ օրս զարմացնում է Աստվածաշնչի բազմաթիվ ընթերցողների։ «Մա՛րթա, Մա՛րթա»,— մեղմորեն ասաց Ուսուցիչը,— «դու շատ բաների մասին ես մտահոգվում և անհանգստանում, մինչդեռ քիչ բան է պետք, կամ ընդամենը՝ մեկ բան։ Իսկ Մարիամը լավ բաժինն ընտրեց, և այն չի վերցվի նրանից» (Ղուկ. 10։41, 42)։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը։ Արդյո՞ք նա ուզում էր ասել, որ Մարթան նյութապաշտ է, կամ մի՞թե չէր գնահատում նրա թափած ջանքերը։

Թեև Մարթան «շատ բաների մասին էր մտահոգված ու անհանգստացած», խոնարհաբար ընդունեց խորհուրդը

10 Ո՛չ։ Հիսուսը պարզ տեսնում էր Մարթայի անկեղծ ու մաքուր մղումները։ Բացի այդ, նա չէր կարծում, որ ճոխ հյուրասիրություն ցույց տալը սխալ է։ Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ նա ուրախությամբ ընդունել էր Մատթեոսի կազմակերպած «մեծ ճաշկերույթին» մասնակցելու հրավերը (Ղուկ. 5։29)։ Հարցը ոչ թե Մարթայի պատրաստած ուտելիքն էր, այլ այն, թե ինչ առաջնահերթություններ էր նա դնում։ Մարթան այնքան էր կենտրոնացել ընտիր կերակուրներ պատրաստելու վրա, որ անտեսել էր ամենակարևորը։

Հիսուսը գնահատում էր Մարթայի հյուրասիրությունը. նա տեսնում էր նրա անկեղծ ու մաքուր մղումները

11, 12. Ինչպե՞ս Հիսուսը ուղղեց Մարթային։

11 Հիսուսը՝ Եհովա Աստծու միածին Որդին, իրենց տանն էր, որպեսզի սովորեցներ ճշմարտությունը։ Ոչինչ, այդ թվում նաև Մարթայի պատրաստած կերակուրները չէին կարող ավելի կարևոր լինել։ Հիսուսն, անկասկած, տրտմեց, որ Մարթան բաց է թողնում իր հավատը ամրացնելու այս եզակի հնարավորությունը, բայցևայնպես թույլ տվեց, որ նա ինքը կատարի իր ընտրությունը *։ Սակայն Մարթան իրավունք չուներ Մարիամի փոխարեն որոշելու, թե նա ինչ առաջնահերթություններ դնի։

12 Ուստի Հիսուսը նրբանկատորեն ուղղեց Մարթային՝ մեղմ ձայնով կրկնելով նրա անունը, որպեսզի հանգստացնի նրա լարված նյարդերը, և վստահեցրեց, որ կարիք չկա «շատ բաների մասին մտահոգվելու և անհանգստանալու»։ Մեկ կամ երկու կերակրատեսակը  բավարար էր ընթրիքի համար, մանավանդ որ հոգևոր խնջույք էր սպասվում։ Հիսուսը չէր ցանկանում Մարիամին զրկել նրա «լավ բաժնից»՝ իրենից սովորելու հնարավորությունից։

13. Ի՞նչ ենք սովորում Մարթային ասած Հիսուսի խոսքերից։

13 Այս փոքրիկ դրվագը հարուստ դասեր է ընդգրկում ներկայիս քրիստոնյաների համար։ Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ ինչ-որ բան ավելի կարևոր լինի մեզ համար, քան մեր հոգևոր կարիքները բավարարելը (Մատթ. 5։3)։ Ընդօրինակելով Մարթայի առատաձեռն ու աշխատասեր ոգին՝ չպետք է այնքան «մտահոգվենք ու անհանգստանանք» պակաս կարևոր բաների համար, որ տեսադաշտից դուրս մնան ամենակարևոր բաները։ Հավատակիցների հետ հավաքվելու հիմնական նպատակը ոչ թե ճոխ կերակրատեսակներ հյուրասիրելը կամ ուտելն է, այլ փոխադարձ քաջալերություն  ստանալն ու հոգևոր պարգևներ փոխանցելը (կարդա՛ Հռոմեացիներ 1։11, 12)։ Նման կերտիչ հավաքույթների ժամանակ թերևս ամենապարզ կերակուրը բավարար լինի։

Սիրելի եղբայրը մահացած էր, բայց կենդանացավ

14. Ինչո՞ւ ենք վստահ, որ Մարթան խորհուրդ ընդունելու հարցում լավ օրինակ է։

14 Արդյոք Մարթան ընդունե՞ց Հիսուսի մեղմ խորհուրդը։ Անշո՛ւշտ։ Ներկայացնելով Մարթայի եղբոր հետ կապված հուզիչ դեպքը՝ Հովհաննես առաքյալը գրեց. «Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին» (Հովհ. 11։5)։ Ինչպես վերը նշվեց, Հիսուսի՝ Բեթանիա այցելելուց հետո ամիսներ էին անցել։ Պարզ է, որ Մարթան չէր դառնացել. նա չէր վիրավորվել Հիսուսից, ընդհակառակը՝ լրջորեն էր վերաբերվել սիրով տրված նրա խորհրդին։ Մարթան այս հարցում նույնպես հավատի հրաշալի օրինակ է մեզ համար։ Չէ՞ որ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ շտկումների կարիք ենք ունենում։

15, 16. ա) Ի՞նչ արեց Մարթան, երբ եղբայրը հիվանդացավ։ բ) Ինչո՞ւ Մարթայի և Մարիամի հույսերը ի դերև ելան։

15 Երբ Ղազարոսը հիվանդացավ, Մարթան, անկասկած, սկսեց հոգ տանել նրա մասին։ Նա անում էր իր ուժերից եկած ամեն բան, որ թեթևացնի եղբոր ցավը և օգնի նրան ապաքինվելու։ Սակայն Ղազարոսի վիճակը գնալով ավելի ու ավելի էր վատանում։ Օրեր շարունակ քույրերը ժամերով խնամում էին իրենց եղբորը։ Հավանաբար Մարթան հաճախ նայում էր եղբոր տանջված դեմքին և հիշում իրար հետ ապրած ուրախ ու տխուր օրերը։

16 Հասկանալով, որ Ղազարոսին այլևս չեն կարող օգնել՝ Մարթան ու Մարիամը որոշեցին լուր ուղարկել Հիսուսին՝ ասելով. «Տե՛ր, նա, որին սիրում ես, հիվանդ է» (Հովհ. 11։1, 3)։ Հիսուսը քարոզում էր մի վայրում, որը երկու օրվա ճանապարհի չափ հեռու էր իրենց տնից։ Նրանք գիտեին, որ Հիսուսը սիրում է իրենց եղբորը, և վստահ էին, որ ամեն բան կանի իր ընկերոջը փրկելու համար։ Քույրերը հույս ունեին, որ նա ժամանակին կհասնի։ Բայց, ավա՜ղ, Ղազարոսը մահացավ։

17. Ո՞րն էր Մարթայի մտատանջությունը, և ի՞նչ արեց նա, երբ իմացավ, որ Հիսուսը գալիս է։

17 Մարթան ու Մարիամը սգում էին իրենց եղբոր մահը, թաղման համար պատրաստություններ տեսնում և ընդունում Բեթանիայից ու շրջակա տարածքներից եկած բազմաթիվ մարդկանց։ Սակայն Հիսուսից դեռ ոչ մի լուր չկար։ Ժամանակն անցնում էր, և Մարթայի մտատանջությունները գնալով ավելանում էին։ Վերջապես, Ղազարոսի մահից չորս օր անց Մարթան լսեց, որ Հիսուսը մոտենում է իրենց գյուղին։ Նա վեր կացավ և առանց Մարիամին ինչ-որ բան ասելու՝ իսկույն դուրս եկավ տնից ու գնաց դիմավորելու Հիսուսին (կարդա՛ Հովհաննես 11։18–20

18, 19. Ինչի՞ն էր հավատում Մարթան, և ինչո՞ւ էր նրա հույսը իրական։

 18 Տեսնելով Ուսուցչին՝ Մարթան ասաց այն, ինչը օրեր շարունակ տանջում էր իրեն և իր քույր Մարիամին. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա»։ Բայց հույսն ու հավատը չէին մարել Մարթայի սրտում։ Նա ավելացրեց. «Սակայն հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ խնդրես Աստծուց, Աստված կտա քեզ»։ Հիսուսը նրա հավատը ամրացնելու համար ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի» (Հովհ. 11։21–23

19 Մարթան կարծեց, թե Հիսուսը խոսում է ապագայում տեղի ունենալիք հարության մասին, ուստի պատասխանեց. «Գիտեմ, որ վերջին օրը՝ հարության ժամանակ, հարություն կառնի» (Հովհ. 11։24)։ Նրա համար հարության հույսն իրական էր։ Որոշ հրեա կրոնական առաջնորդներ՝ սադուկեցիները, չէին ընդունում հարության գաղափարը, չնայած որ դա սուրբգրային ուսմունք է (Դան. 12։13; Մարկ. 12։18)։ Մարթան գիտեր, որ Հիսուսը սովորեցնում է հարության հույսի մասին և նույնիսկ հարություն է տվել ոմանց, բայց այդ  մարդկանցից ոչ ոք այդքան երկար ժամանակ մահացած չէր մնացել։ Ուստի չգիտեր, թե ինչ է սպասվում առջևում։

20. Ի՞նչ են նշանակում Հովհաննես 11։25–27 համարներում գրված Հիսուսի խոսքերը, և ի՞նչ է ցույց տալիս Մարթայի պատասխանը։

20 Հիսուսը մի այնպիսի բան ասաց, որը հնարավոր չէր մոռանալ. «Ես եմ հարությունը և կյանքը»։ Այո՛, Եհովա Աստված իր Որդուն իշխանություն է տվել հարություն տալու, ինչը նա ավելի մեծ մասշտաբով կիրագործի ապագայում։ Հիսուսը հարցրեց Մարթային. «Հավատո՞ւմ ես դրան»։ Մարթան տվեց այն պատասխանը, որի մասին խոսվեց այս գլխի սկզբում։ Նա հավատում էր, որ Հիսուսն է Մեսիան, Եհովա Աստծու Որդին, և որ մարգարեները կանխագուշակել էին նրա աշխարհ գալը (Հովհ. 5։28, 29; կարդա՛ Հովհաննես 11։25–27

21, 22. ա) Ի՞նչ զգաց Հիսուսը, երբ տեսավ Ղազարոսի մահը սգացողներին։ բ) Ինչպե՞ս տեղի ունեցավ Ղազարոսի հարությունը։

21 Եհովա Աստված և իր Որդի Հիսուս Քրիստոսը գնահատո՞ւմ են նման հավատը։ Հետագա դեպքերը օգնում են մեզ ավելի հստակ տեսնելու այս հարցի պատասխանը։ Մարթան արագ վազեց քրոջը կանչելու։ Մարիամը շտապ եկավ Հիսուսի մոտ, իր հետ նաև բազմաթիվ սգացող մարդիկ։ Երբ Մարիամն ու Հիսուսը խոսում էին, Մարթան նկատեց, որ Հիսուսը հուզվեց, ու նրա աչքերից արցունքներ հոսեցին, որոնք արտահայտում էին այն խոր ցավը, որ մահն է պատճառում։ Այնուհետև Մարթան լսեց, թե ինչպես է Հիսուսը պատվիրում քարը մի կողմ տանել եղբոր գերեզմանից (Հովհ. 11։28–39

22 Մարթան առարկեց՝ ասելով, որ իր եղբոր մարմինը պետք է որ հոտած լինի, քանի որ մահից չորս օր է անցել։ Հիսուսը հիշեցրեց նրան. «Չասացի՞ քեզ, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»։ Նա հավատաց և տեսավ Եհովա Աստծու փառքը։ Աստված զորություն տվեց իր Որդուն, որպեսզի նա հարություն տա Ղազարոսին։ Մտածիր այն պահերի մասին, որոնք մեկընդմիշտ դաջվեցին Մարթայի հիշողության մեջ. Հիսուսը բարձր ձայնով կանչեց՝ «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»։ Քարայրի միջից լսվեց, թե ինչպես է պատանքով փաթաթված Ղազարոսը վեր կենում և մոտենում քարայրի մուտքին։ Հիսուսը պատվիրեց՝ «քանդեք պատանքը և թողեք, որ գնա»։ Մարթան ու Մարիամը ցնծացին ուրախությունից և գրկախառնվեցին իրենց սիրելի եղբորը (կարդա՛ Հովհաննես 11։40–44)։ Մարթայի վիշտը փարատվեց։

Մարթայի հավատը վարձատրվեց, երբ նա տեսավ հարություն առած եղբորը

23. Ի՞նչ են ուզում անել Եհովան և Հիսուսը քեզ համար, և ի՞նչ պետք է անես դու։

23 Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարությունը լոկ երազանք չէ. այն սիրտ ջերմացնող աստվածաշնչյան ուսմունք է և պատմական եղելություն (Հոբ 14։14, 15)։ Եհովան և իր Որդին վարձատրում են մարդկանց հավատը, ինչպես որ արեցին Մարթայի,  Մարիամի ու Ղազարոսի պարագայում։ Նրանք, անշուշտ, կվարձատրեն նաև քեզ, եթե դու էլ ամուր հավատ զարգացնես։

«Մարթան սպասարկում էր»

24. Որտե՞ղ է վերջին անգամ հիշատակվում Մարթայի մասին։

24 Աստվածաշնչում Մարթայի մասին ևս մեկ անգամ հիշատակվում է Հիսուսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունները նկարագրելիս։ Իմանալով, թե առջևում ինչ դժվարություններ են սպասում իրեն, Հիսուսը կրկին հանգրվանեց Բեթանիայում, որտեղից մինչև Երուսաղեմ երեք կիլոմետր էր։ Այստեղ՝ բորոտ Սիմոնի տանը, Հիսուսն ու Ղազարոսը ընթրիքի էին հրավիրված, իսկ «Մարթան սպասարկում էր» նրանց։ Հենց այս դրվագում էլ վերջին անգամ հիշատակվում է նրա մասին (Հովհ. 12։2

25. Ինչո՞ւ են Մարթայի նման կանայք օրհնություն ժողովների համար։

25 Որքա՜ն բնորոշ է վերը նշված նկարագրությունը այդ աշխատասեր կնոջը։ Երբ առաջին անգամ Աստվածաշնչում հանդիպում ենք նրան, նա աշխատում է, երբ հրաժեշտ ենք տալիս, նա դարձյալ աշխատում է՝ հոգ տանելով իր շուրջը եղող մարդկանց մասին։ Այսօր քրիստոնեական ժողովները օրհնված են, քանի որ այնտեղ կան Մարթայի նման կանայք՝ քաջ ու առատաձեռն, ովքեր դրսևորում են իրենց հավատը բարի գործեր անելով։ Մարթան գործերով էր ցույց տալիս իր հավատը, և դա իմաստուն էր, քանի որ այդ հավատը օգնելու էր նրան դիմագրավելու առջևում սպասվող դժվարությունները։

26. Ինչո՞ւմ օգնեց Մարթային իր հավատը։

26 Մի քանի օր հետո Մարթան պետք է դիմանար այն ծանր ցավին, որ պատճառելու էր Ուսուցչի՝ Հիսուսի մահը։ Բացի այդ, կեղծավոր մարդասպանները, որոնք սպանելու էին Աստծու Որդուն, որոշել էին վերջ դնել նաև Ղազարոսի կյանքին, քանի որ վերջինիս հարության լուրը շատերին մղում էր հավատալու Հիսուսին (կարդա՛ Հովհաննես 12։9–11)։ Ինչ խոսք, Մարթային, Մարիամին և Ղազարոսին միայն մահը կարող էր բաժանել։ Մենք չգիտենք, թե երբ և ինչպես դա տեղի ունեցավ, սակայն մի բանում կարող ենք համոզված լինել. Մարթայի ամուր հավատը օգնեց նրան տոկալու մինչև վերջ։ Ահա թե ինչու քրիստոնյաներն այսօր պետք է ընդօրինակեն նրան։

^ պարբ. 11 Առաջին դարում հրեական հասարակության մեջ ընդունված չէր, որ կանայք ուսուցիչների կողմից կրթվեին։ Նրանց հիմնականում սովորեցնում էին տան գործեր կատարել։ Այդ պատճառով Մարթայի համար անսովոր էր տեսնել քրոջը Ուսուցչի ոտքերի մոտ նստած։