Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ընդօրինակեք նրանց հավատը

 ԳԼՈՒԽ 13

Նա սովորեց իր սխալներից

Նա սովորեց իր սխալներից

1, 2. ա) Հովնանի պատճառով ի՞նչ իրավիճակում էին հայտնվել նավաստիները։ բ) Ի՞նչ կարող ենք սովորել Հովնանի պատմությունից։

ԿԱՏԱՂԻ քամին սուրալով խճճում էր առագաստների պարանները, իսկ հսկա ալիքները ուժգնորեն հարվածում էին նավին և ստիպում, որ ամեն մի գերան ճռնչա ու խուլ ձայներ արձակի։ Քամին ու ալիքները ահասարսուռ աղմուկ էին բարձրացրել, սակայն Հովնանը ուզում էր նավաստիների աղաղակները լռեցնել. խուճապի մատնված՝ անձնակազմը փորձում էր նավը ջրի վրա պահել։ Հովնանը գիտակցում էր, որ շուտով այս մարդիկ մեռնելու են, և այդ ամենի պատճառը ինքն է։

2 Ինչպե՞ս էր Հովնանը հայտնվել այսպիսի սարսափելի իրավիճակում։ Նա լուրջ սխալ էր թույլ տվել, որով բարկացրել էր իր Աստծուն՝ Եհովային։ Ի՞նչ էր նա արել։ Արդյո՞ք այլևս ոչինչ հնարավոր չէր փոխել։ Այս հարցերի պատասխանները մեզ շատ բան կարող են սովորեցնել։ Օրինակ, որ նույնիսկ անկեղծ հավատ ունեցող մարդիկ կարող են սխալներ թույլ տալ և կարող են ուղղել դրանք։

Մարգարե Գալիլեայից

3-5. ա) Հովնանի ո՞ր հատկություններն են մարդիկ հաճախ հիշում։ բ) Ի՞նչ է մեզ հայտնի Հովնանի մասին (տե՛ս նաև ծանոթագրությունը)։ գ) Ինչո՞ւ Հովնանի համար Եհովային ծառայելը հեշտ չէր։

3 Երբ լսում ենք Հովնանի մասին, հաճախ մտաբերում ենք նրա բացասական կողմերը՝ անհնազանդությունն ու կամակորությունը։ Բայց շատ ավելին կարող ենք իմանալ նրա մասին։ Հիշենք, որ Հովնանը Եհովա Աստծու մարգարեն էր։ Իսկ Եհովան, ինչ խոսք, անհավատարիմ ու անարդար մարդու չէր վստահի այդպիսի լուրջ պատասխանատվություն։

Չնայած թերություններին՝ Հովնանը լավ հատկություններ ուներ

4 Աստվածաշունչը քիչ տեղեկություն է հայտնում Հովնանի մասին  (կարդա՛ 2 Թագավորներ 14։25)։ Նա Գեթքոփերից էր, մի քաղաքից, որը չորս կիլոմետր հեռու էր Նազարեթից, որտեղ մոտ ութ դար անց պիտի մեծանար Հիսուս Քրիստոսը *։ Հովնանը որպես մարգարե է ծառայել այն ժամանակ, երբ Իսրայելի տասցեղ թագավորությունում իշխում էր Հերոբովամ II-ը։ Եղիա մարգարեն արդեն վաղուց մահացած էր, իսկ Եղիսեն մահացել էր Հերոբովամի հոր իշխանության ժամանակ։ Թեև Եհովան այդ մարդկանց միջոցով վերացրել էր Բահաղի երկրպագությունը, բայցևայնպես Իսրայելը կրկին շեղվել էր ճշմարիտ ուղուց։ Այժմ երկիրը գտնվում էր մի թագավորի իշխանության ներքո, որը շարունակում էր «չարիք գործել Եհովայի աչքում» (2 Թագ. 14։24)։ Ուստի կարելի է եզրակացնել, որ Հովնանի համար Եհովային ծառայելը հեշտ չէր։ Այդուհանդերձ, նա հավատարմորեն շարունակում էր իր ծառայությունը։

5 Մի օր, սակայն, Հովնանի կյանքը կտրուկ փոխվեց։ Նա Եհովայից մի հանձնարարություն ստացավ, որն իրեն չափազանց դժվար թվաց։ Ի՞նչ պիտի աներ Հովնանը։

«Վե՛ր կաց, գնա՛ Նինվե»

6. Ի՞նչ հանձնարարություն ստացավ Հովնանը Եհովայից, և ինչո՞ւ էր այն վախեցնում մարգարեին։

6 Եհովան ասաց Հովնանին. «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և հայտարարիր, որ նրա չար գործերն ինձ են հասել» (Հովն. 1։2)։ Դժվար չէ հասկանալ, թե ինչու այդ հանձնարարությունը վախեցրեց մարգարեին։ Նինվեն գտնվում էր մոտ 800 կիլոմետր հեռավորության վրա, ու այնտեղ հասնելու համար Հովնանը պետք է գրեթե մեկ ամիս ոտքով գնար։ Բայց դա դեռ ոչինչ, նա Նինվեում պիտի Եհովայի դատաստանները հայտներ ասորեստանցիներին, որոնք դաժան էին ու արյունախում։ Նույնիսկ Աստծու ժողովուրդը ականջ չէր դնում նրա խոսքերին, էլ ուր մնաց՝ այն մարդիկ, ովքեր Եհովային չէին էլ ճանաչում։ Ինչպե՞ս պիտի Եհովայի ծառան մենակ գնար Նինվե՝ «արյունահեղ քաղաք» (Նաում 3։1, 7

7, 8. ա) Ինչի՞ էր պատրաստ Հովնանը Եհովայի հանձնարարությունից խույս տալու համար։ բ) Ինչո՞ւ չպետք է եզրակացնենք, թե Հովնանը վախկոտ էր։

7 Վստահ չենք կարող ասել, թե ինչ մտածեց Հովնանը, սակայն մի բան պարզ է. նա փախավ։ Եհովան նրան հանձնարարել էր արևելք գնալ, բայց Հովնանը ճանապարհ ընկավ դեպի արևմուտք։ Նա ուզում էր որքան հնարավոր է հեռու փախչել։ Հասնելով Հոպպե  նավահանգիստ՝ մարգարեն նստեց մի նավ, որն ուղևորվում էր Թարսիս։ Որոշ աստվածաշնչագետների կարծիքով՝ Թարսիսը գտնվում էր Իսպանիայում։ Հետևաբար Հովնանը 3500 կիլոմետր հեռու էր լինելու Նինվեից։ Մեծ ծովի մյուս ափ հասնելու համար մեկ տարի էր պահանջվելու։ Փաստորեն՝ Հովնանը նախընտրում էր կրել այդ ճանապարհորդության դժվարությունները, քան կատարել Եհովայի այդ հանձնարարությունը (կարդա՛ Հովնան 1։3

8 Արդյոք կարելի՞ է եզրակացնել, որ Հովնանը վախկոտ էր։ Եկեք չշտապենք։ Մենք դեռ կտեսնենք, որ նա ունակ էր առանձնահատուկ խիզախություն դրսևորելու։ Մեզ նման Հովնանը նույնպես անկատար էր և պայքարում էր իր թերությունների դեմ (Սաղ. 51։5)։ Իսկ ո՞վ չի ունեցել վախի զգացում։

9. Ի՞նչ կարող ենք երբեմն զգալ մեր հանձնարարությունը կատարելիս և ի՞նչ պետք է հիշենք այդ ժամանակ։

9 Ժամանակ առ ժամանակ գուցե թվա, թե Աստված մեզնից ակնկալում է մի բան, որը դժվար է ու երբեմն էլ անհնար։ Թերևս այնպես լինի, որ վախենանք Թագավորության բարի լուրը քարոզելուց (Մատթ. 24։14)։ Սակայն Հիսուսն ասաց, որ «Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մարկ. 10։27)։ Եթե երբեմն մոռանում ենք այս պարզ ճշմարտությունը, ուրեմն կարող ենք հասկանալ, թե ինչ դժվար իրավիճակում էր հայտնվել Հովնանը։ Իսկ ի՞նչ պատահեց մարգարեին։

Եհովան խրատում է իր կամակոր մարգարեին

10, 11. ա) Ի՞նչ հույսեր էր հավանաբար փայփայում Հովնանը, երբ նավը հեռացավ ցամաքից։ բ) Ի՞նչ վտանգի մեջ հայտնվեց նավը։

10 Հովնանը բարձրացավ նավ, հավանաբար փյունիկյան մի բեռնանավ, տեղավորվեց ու սպասեց մինչև անձնակազմը պատրաստ լինի ծով դուրս գալու։ Վերջապես նավը հեռացավ ափից։ Ցամաքը մնաց հեռվում, և Հովնանին թվաց, թե իր խնդիրն էլ մնաց ցամաքում։ Հանկարծ եղանակը փոխվեց։

11 Մի սարսափելի փոթորիկ բարձրացավ ծովի վրա։ Անսանձ կատաղությամբ գալարվող ալիքներն այնքան վիթխարի էին, որ դրանց համեմատ՝ նույնիսկ ժամանակակից նավերը նման կլինեին ջրի վրա լողացող տաշեղների։ Նավը քիչ էր մնում ջարդուփշուր լիներ։ Թվում էր՝ ուր որ է փրփրադեզ ալիքները կխորտակեն փայտյա այդ փոքր ու դյուրաբեկ նավը։ Կռահո՞ւմ էր արդյոք Հովնանն այդ պահին, որ Եհովան էր «մեծ քամի բերել ծովի վրա»։ Նա տեսնում էր, թե ինչպես էին նավաստիներն աղաղակում իրենց աստվածներին. նա հասկանում էր, որ դրանք չեն կարող օգնել իրենց (Ղևտ. 19։4)։ Ինչպես կարդում ենք նրա գրքում, «քիչ էր մնում, որ նավը խորտակվեր» (Հովն. 1։4)։ Իսկ ինչպե՞ս պիտի ինքը աղոթեր իր Աստծուն, ումից փախել էր։

12. ա) Ինչո՞ւ փոթորկի ժամանակ Հովնանի խոր քուն մտնելը անհոգության նշան չէր (տե՛ս նաև ծանոթագրությունը)։ բ) Ինչպե՞ս Եհովան բացահայտեց փոթորկի պատճառը։

 12 Քանի որ անկարող էր որևէ բան անելու, Հովնանը իջավ նավի ամենացածր տեղը, պառկեց ու խոր քուն մտավ *։ Ավելի ուշ նավապետը մոտեցավ նրան ու ասաց, որ վեր կենա ու մյուսների նման՝ աղոթի իր Աստծուն։ Նավաստիները, համոզված լինելով, որ այս փոթորկի պատճառը գերբնական ուժ է, որոշեցին վիճակ գցել ու իմանալ, թե ում պատճառով է այս աղետը։ Մինչ վիճակը մեկից մյուսին էր անցնում, Հովնանի սիրտը սկսեց ուժգին բաբախել։ Շուտով ճշմարտությունը բացահայտվեց. Եհովան այնպես արեց, որ վիճակը ընկավ Հովնանի վրա։ Նա Հովնանի անհնազանդության պատճառով էր փոթորիկ բերել (կարդա՛ Հովնան 1։5–7

13. ա) Ի՞նչ խոստովանեց Հովնանը նավաստիներին։ բ) Ի՞նչ խորհուրդ տվեց Հովնանը նավաստիներին և ինչո՞ւ։

13 Հովնանը ամեն ինչ պատմեց նավաստիներին։ Նա ասաց, որ ամենակալ Եհովա Աստծու ծառան է, բայց փախել է նրանից ու այդպիսով բարկացրել իր Աստծուն, ուստի հենց Նա է այդ աղետը իրենց վրա բերել։ Նավաստիները զարհուրեցին։ Նրանք հարցրին Հովնանին, թե ինչ պետք է անեն, որպեսզի փրկվեն։ Ի՞նչ էր ասելու Հովնանը։ Կարո՞ղ էր անտարբեր մնալ, երբ հասկանում էր, որ իր հետ մեռնելու են նաև այդ մարդիկ։ Մի պահ նրա մարմնով սարսուռ անցավ այն մտքից, որ խեղդվելու էր սառն ու փոթորկալից ծովում։ Այդուհանդերձ ասաց. «Ինձ վերցրեք ու ծովը գցեք, և այն կհանդարտվի, որովհետև գիտեմ, որ իմ պատճառով է այս մեծ փոթորիկը եկել ձեզ վրա» (Հովն. 1։12

14, 15. ա) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հովնանի հավատը։ բ) Ինչպե՞ս արձագանքեցին նավաստիները Հովնանին ծովը գցելու խորհրդին։

14 Մի՞թե սրանք վախկոտ մարդու խոսքեր են։ Եհովայի սիրտն ուրախացավ, երբ տեսավ իր ծառայի խիզախությունն ու անձնազոհ ոգին այդ օրհասական պահին։ Հովնանն իսկական հավատ դրսևորեց։ Մենք կարող ենք ընդօրինակել Հովնանին, եթե ուրիշների կարիքները սեփական շահերից բարձր դասենք (Հովհ. 13։34, 35)։ Երբ տեսնենք, որ ինչ-որ մեկը օգնության կարիք ունի, ձեռք կմեկնե՞նք նրան։ Այդպես վարվելով մենք կուրախացնենք Եհովայի սիրտը։

15 Հավանաբար նավաստիները խղճացին Հովնանին, քանի որ սկզբում չէին ուզում նրան ծովը գցել։ Նրանք ամեն ինչ արեցին, որ դուրս գան փոթորկի միջից ու նավը ափ հասցնեն, սակայն ապարդյուն։ Ծովը գնալով ավելի էր մոլեգնում։ Հասկանալով, որ  ուրիշ ելք չունեն, նրանք կանչեցին Հովնանի Աստծուն՝ Եհովային, որպեսզի նա ողորմի իրենց, և Հովնանին գցեցին ծովը (Հովն. 1։13–15

Հովնանի խորհրդով նավաստիները նրան ծովը գցեցին

Հովնանը ողորմության է արժանանում ու փրկվում

16, 17. Ի՞նչ պատահեց Հովնանին, երբ նրան ծովը գցեցին (տե՛ս նաև նկարները)։

16 Հովնանը ալեկոծ ծովի մեջ էր։ Նա պայքարում էր ջրի երեսին մնալու համար։ Փրփուրների և ջրափոշու միջից նա հավանաբար հուսահատ հետևում էր, թե ինչպես է նավն արագորեն հեռանում։ Հանկարծ հզոր ալիքները ծածկեցին նրան ու քաշեցին ջրի տակ։ Նա ավելի ու ավելի խորն էր սուզվում և զգում էր, որ փրկության հույսի նշույլ անգամ չկա։

17 Հետագայում Հովնանը գրեց, թե ինչ էր զգում այդ պահին։ Նրա ողջ կյանքը մի ակնթարթում անցավ աչքերի առաջից։ Նա ցավով մտածեց, որ այլևս չի տեսնելու Եհովայի հրաշագեղ տաճարը Երուսաղեմում։ Իսկ երբ զգաց, որ հասել է ծովի հատակին, լեռների հիմքերին, ու ջրիմուռները փաթաթվել են իրեն, հասկացավ, որ ծովն իր գերեզմանն է դառնալու (կարդա՛ Հովնան 2։2–6

18, 19. Ի՞նչ պատահեց Հովնանին ծովում, ի՞նչ ձուկ կարող էր դա լինել, և ո՞վ էր կանգնած այդ ամենի հետևում (տե՛ս նաև ծանոթագրությունը)։

 18 Հանկարծ Հովնանը նկատեց, որ մի հսկայական ստվեր դեպի իր կողմն է շարժվում։ Այն բացեց իր մեծ բերանը ու կուլ տվեց նրան։

«Եհովան մի մեծ ձուկ ուղարկեց, որ կուլ տա Հովնանին»

19 Մի՞թե սա վերջն էր։ Հովնանը տարօրինակ բան զգաց։ Նա ձկան փորում էր, բայց դեռ ողջ էր։ Նա ո՛չ խեղդամահ էր եղել, ո՛չ էլ նրա ոսկորներն էին ջարդվել։ Հովնանը Եհովայի հանդեպ երկյուղով լցվեց։ Անկասկած, նրա Աստվածն էր «մի մեծ ձուկ ուղարկել, որ կուլ տա Հովնանին» * (Հովն. 1։17

20. Ի՞նչ ենք իմանում Հովնանի մասին նրա աղոթքից։

20 Րոպեները ժամեր էին թվում։ Այնտեղ՝ խոր մթության մեջ, Հովնանը սկսեց աղոթել Եհովա Աստծուն։ Այդ աղոթքը, որն ամբողջությամբ գրի է առնված «Հովնան» գրքի երկրորդ գլխում, շատ բան է բացահայտում նրա մասին։ Օրինակ՝ նա լավ գիտեր սուրբ գրքերը, քանի որ իր աղոթքում հաճախ էր մեջբերումներ անում Սաղմոսներից։ Հովնանը նաև երախտապարտ մարդ էր։ Դա երևում է նրա հետևյալ խոսքերից. «Ես շնորհակալական խոսքերով քեզ զոհ կմատուցեմ։ Այն, ինչ երդվել եմ, կանեմ։ Փրկությունը Եհովայից է» (Հովն. 2։9

21. Ի՞նչ հասկացավ Հովնանը իր փրկության հետ կապված, և ի՞նչ պետք է հիշենք։

21 Հովնանը հասկացավ, որ միայն Եհովան կարող է փրկել մարդուն, երբ էլ որ լինի, որտեղ էլ լինի։ Նույնիսկ «ձկան փորից» Եհովան փրկեց իր թշվառ ծառային (Հովն. 1։17)։ Միայն Նա կարող էր երեք օր ու երեք գիշեր Հովնանին ձկան փորում կենդանի պահել։ Ուստի լավ կլինի հիշել, որ Եհովան է այն Աստվածը, «որի ձեռքում է մեր շունչը» (Դան. 5։23)։ Մենք նրան ենք պարտական մեր գոյության համար։ Եվ մեր երախտագիտությունը ցույց կտանք, եթե հնազանդվենք նրան։

22, 23. ա) Ինչպե՞ս Հովնանը պետք է ապացուցեր, որ երախտագետ է։ բ) Ինչպե՞ս պետք է ընդօրինակենք Հովնանին, երբ սխալներ ենք գործում։

 22 Իսկ Հովնանը սովորե՞ց իր երախտագիտությունը հնազանդությամբ արտահայտել։ Երեք օր հետո ձուկը մոտեցավ ափին և «Հովնանին փսխեց ցամաքի վրա» (Հովն. 2։10)։ Հովնանն ափ հասնելու համար ստիպված չեղավ անգամ լողալ։ Նրան մնում էր միայն կողմնորոշվել, թե որտեղ է գտնվում։ Կարճ ժամանակ անց մարգարեն պետք է ապացուցեր, որ երախտագետ է։ Հովնան 3։1, 2-ում կարդում ենք. «Եհովայի խոսքը երկրորդ անգամ եղավ Հովնանին, և նրան ասվեց. «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և հայտարարիր նրան այն, ինչ ասում եմ քեզ»»։ Ինչպե՞ս կվարվեր նա այս անգամ։

23 Հովնանը չհապաղեց։ Կարդում ենք. «Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե, ինչպես որ Եհովան ասել էր» (Հովն. 3։3)։ Այո՛, նա հնազանդվեց։ Ակնհայտ է, որ մարգարեն սովորել էր իր սխալներից։ Այս հարցում նույնպես պետք է ընդօրինակենք Հովնանին։ Բոլորս էլ մեղք ենք գործում և սխալներ ենք թույլ տալիս (Հռոմ. 3։23)։ Կհանձնվե՞նք, թե՞ դասեր կքաղենք մեր սխալներից ու հնազանդորեն կծառայենք Եհովային։

24, 25. ա) Ինչպե՞ս վարձատրվեց Հովնանը հնազանդության համար։ բ) Ինչպե՞ս է Հովնանը վարձատրվելու ապագայում։

24 Եհովան վարձատրե՞ց Հովնանին հնազանդության համար։ Այո՛։ Հավանաբար Հովնանն իմացավ, որ նավաստիները փրկվել են, որովհետև փոթորիկն անմիջապես դադարեց, երբ նրան ջուրը նետեցին։ Նավաստիները «Եհովայից շատ վախեցան» և իրենց աստվածներին զոհեր մատուցելու փոխարեն՝ նրան զոհեր մատուցեցին (Հովն. 1։15, 16

25 Սակայն ամենամեծ վարձատրությունը դեռ առջևում էր։ Նրա հետ պատահածը մարգարեական նշանակություն ուներ։ Հիսուսը համեմատեց Հովնանի՝ ձկան փորում անցկացրած երեք օրերը այն բանի հետ, որ ինքը երեք օր մնալու էր գերեզմանում (կարդա՛ Մատթեոս 12։38–40)։ Որքա՜ն կզարմանա Հովնանը, երբ հարություն առնի երկրի վրա և իմանա այդ մասին (Հովհ. 5։28, 29)։ Եհովան ուզում է, որ դու նույնպես օրհնվես։ Իսկ դո՞ւ։ Հովնանի նման՝ կսովորե՞ս քո սխալներից, անձնազոհ ու հնազանդ կլինե՞ս։

^ պարբ. 4 Փարիսեցիները մի անգամ Հիսուսի առնչությամբ ասացին. «Քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից ոչ մի մարգարե դուրս չի գալու» (Հովհ. 7։52)։ Մինչդեռ Հովնանը ծնվել էր Գալիլեայի քաղաքներից մեկում։ Շատ թարգմանիչներ և հետազոտողներ նշում են, որ փարիսեցիների այդ պնդումը, փաստորեն, խոսում է այն մասին, որ նրանք անտեսում էին պատմությունը և մարգարեությունը (Ես. 9։1, 2

^ պարբ. 12 «Յոթանասնից» թարգմանության մեջ նշվում է, որ Հովնանը խոր քուն էր մտել ու խռմփացնում էր։ Սակայն դա անհոգության նշան չէր։ Հաճախ երբ անհատը հուսահատ ու խիստ տրտմած է, քնի սաստիկ պահանջ է զգում։ Օրինակ՝ Գեթսեմանիի պարտեզում, երբ Հիսուսին մի քանի ժամ էր մնացել ապրելու, Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը «տրտմությունից հոգնել» ու քնել էին (Ղուկ. 22։45

^ պարբ. 19 «Ձուկ» թարգմանված եբրայերեն բառը հունարեն թարգմանվել է որպես «ծովային հրեշ», կամ՝ «վիթխարի ձուկ»։ Թեև չենք կարող որոշել, թե ինչ ծովային կենդանի էր դա, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Միջերկրական ծովում կան այնքան մեծ շնաձկներ, որ կարող են մարդուն ամբողջությամբ կուլ տալ։ Ավելի մեծ շնաձկներ էլ գոյություն ունեն, օրինակ՝ կետանման շնաձուկը, որի երկարությունը կարող է հասնել ավելի քան 15 մետրի։