Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ընդօրինակեք նրանց հավատը

 ԳԼՈՒԽ 14

Ողորմության դաս

Ողորմության դաս

1. Ի՞նչ ճանապարհ պետք է անցներ Հովնանը, և ի՞նչ էր նա զգում՝ օրեցօր մոտենալով Նինվեին։

ՀՈՎՆԱՆԸ բավական ժամանակ ուներ մտածելու համար։ Նա պետք է անցներ ավելի քան 800 կիլոմետր։ Այդ ճանապարհորդությունը գուցե մեկ ամսից էլ շատ տևեր։ Հովնանը երկու տարբերակ ուներ՝ գնալ կարճ, սակայն վտանգավոր ճանապարհով, կամ ընտրել երկար, բայց ապահով ուղին։ Նա պետք է անցներ դաշտերի ու լեռների միջով, շրջանցեր հսկա Սիրիական անապատը, կտրեր Եփրատ գետը ու գիշերեր Ասորիքի, Միջագետքի ու Ասորեստանի քաղաքներում և գյուղերում՝ անծանոթների տներում։ Օրերն անցնում էին... ամեն մի քայլով նա ավելի ու ավելի էր մոտենում այն քաղաքին, որը սարսափ էր ներշնչում իրեն։

2. Ինչպե՞ս Հովնանը հասկացավ, որ իր հանձնարարությունից չի կարող փախչել։

2 Սակայն մի բան պարզ էր Հովնանի համար. անհնար էր փախչել այդ հանձնարարությունից, քանի որ մի անգամ արդեն փորձել էր։ Ինչպես տեսանք նախորդ գլխում, Եհովան համբերությամբ սովորեցրեց Հովնանին՝ ծովի վրա փոթորիկ բերելով և հսկա ձկան փորից նրան փրկելով։ Երեք օր հետո ձուկը նրան ցամաքի վրա փսխեց (Հովնան, գլուխներ 1, 2

3. Ի՞նչ հատկություն դրսևորեց Եհովան Հովնանի հանդեպ, և ի՞նչ հարց է առաջ գալիս։

3 Երբ Եհովան նորից կրկնեց իր պատվերը, այս անգամ արդեն մարգարեն հնազանդվեց ու ճանապարհ ընկավ (կարդա՛ Հովնան 3։1–3)։ Սակայն արդյո՞ք նա թույլ էր տվել, որ իր հետ պատահած դեպքը փոխի իրեն ամբողջությամբ։ Եհովան  ողորմել էր նրան. փրկել էր խեղդվելուց, չէր պատժել անհնազանդ լինելու համար և երկրորդ անգամ էր հնարավորություն տվել կատարելու իր հանձնարարությունը։ Այս ամենից հետո Հովնանը սովորե՞ց ողորմություն դրսևորել մարդկանց հանդեպ։ Ինչ խոսք, անկատար մարդու համար հաճախ դժվար է սովորել լինել ողորմած։ Եկեք տեսնենք, թե ինչ դաս կարող ենք քաղել Հովնանի հետ պատահածից։

Դատաստանական լուր և անսպասելի արձագանք

4, 5. Ինչո՞ւ էր Եհովան Նինվեն «մեծ քաղաք» անվանում, և ի՞նչ ենք սովորում դրանից։

4 Նինվեի մասին Հովնանը չուներ այն տեսակետը, որն ուներ Եհովան։ Հովնան 3։3-ում կարդում ենք. «Նինվեն Աստծու համար մեծ քաղաք էր»։ «Հովնան» գրքում երեք անգամ Եհովան օգտագործում է «Նինվե մեծ քաղաք» արտահայտությունը (Հովն. 1։2; 3։2; 4։11)։ Իսկ ինչո՞ւ էր Եհովան այդ քաղաքը մեծ, կամ՝ կարևոր համարում։

 5 Նինվեն այն հին քաղաքներից մեկն էր, որը Ջրհեղեղից հետո հիմնել էր Նեբրովթը։ Այն քաղաքների մի համալիր էր։ Դրա մի ծայրից մյուսը հասնելու համար անհրաժեշտ էր երեք օրվա ճանապարհ անցնել (Ծննդ. 10։11; Հովն. 3։3)։ Նինվեն շքեղ քաղաք էր։ Այնտեղ կային մեծ տաճարներ, հսկայական պարիսպներ և այլ հետաքրքիր շինություններ։ Սակայն Եհովան բոլորովին այլ պատճառով էր քաղաքը կարևոր համարում։ Նա թանկ էր գնահատում այնտեղ ապրող մարդկանց։ Նինվեն մեծ թվով բնակչություն ուներ։ Չնայած նինվեցիների չար գործերին՝ Եհովան մտահոգված էր նրանցով։ Աստված թանկ է գնահատում մարդու կյանքը և գիտի, որ յուրաքանչյուրը կարող է զղջալ ու անել այն, ինչ ճիշտ է։

Հովնանը տեսավ, որ նինվեցիները Աստծուն տհաճ գործեր են անում

6. ա) Ինչո՞ւ Հովնանը ավելի շատ վախեցավ՝ տեսնելով Նինվե քաղաքը (տե՛ս նաև ծանոթագրությունը)։ բ) Ի՞նչ հատկություններ դրսևորեց Հովնանը իր հանձնարարությունը կատարելիս։

6 Երբ ի վերջո Հովնանը մտավ Նինվե, հավանաբար ավելի վախեցավ՝ տեսնելով այդ մարդաշատ քաղաքը (ավելի քան 120000 բնակչություն) *։ Նա մեկ օր շարունակ շրջեց քաղաքում, որպեսզի հարմար տեղ գտնի իր լուրը հաղորդելու համար։ Բայց ինչպե՞ս էր հաղորդակցվելու այդ մարդկանց հետ, ասորերեն գիտե՞ր, թե՞ Եհովան հրաշքով այդ լեզվով խոսելու կարողություն տվեց նրան։ Հաստատ չենք կարող ասել։ Հնարավոր է՝ մարգարեն թարգմանչի միջոցով է դա արել։ Ինչևէ, Հովնանի հաղորդած լուրը պարզ էր, բայց միևնույն ժամանակ խիստ։ Նա ազդարարում էր. «Եվս քառասուն օր, և Նինվեն կտապալվի» (Հովն. 3։4)։ Հովնանը համարձակորեն կրկնում էր իր խոսքերը։ Իսկապես, նա հավատ ու քաջություն դրսևորեց. հատկություններ, որոնք այսօր յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ունենա։

Հովնանի հաղորդած լուրը պարզ էր, բայց միևնույն ժամանակ խիստ

7, 8. ա) Ինչպե՞ս Նինվեի ժողովուրդը արձագանքեց Հովնանի լուրին։ բ) Ի՞նչ արեց Նինվեի թագավորը՝ լսելով Հովնանի խոսքերը։

7 Անկասկած, Հովնանը մտածում էր, որ նինվեցիները իրեն թշնամաբար կընդունեն ու դաժանորեն կվարվեն իր հետ։ Բայց, ա՜յ քեզ զարմանք։ Մարդիկ դրական արձագանքեցին։ Նրա լուրը  շատ արագ տարածվեց։ Ամբողջ քաղաքը խոսում էր Հովնանի հայտնած դատաստանի մասին (կարդա՛ Հովնան 3։5)։ Հարուստ թե աղքատ, ուժեղ թե թույլ, մեծ թե փոքր՝ բոլորը զղջացին և ծոմ պահեցին։ Շուտով այս լուրը հասավ թագավորին։

Նինվեում Աստծու դատավճիռը հայտնելու համար Հովնանին քաջություն ու հավատ էր պետք

8 Թագավորը նույնպես դրական արձագանքեց։ Նա, վախով լցված, վեր կացավ գահից, հանեց իր արքայական հանդերձը, իր ժողովրդի նման քուրձ հագավ ու «նստեց մոխրի մեջ»։ Իր «մեծամեծների» հետ նա պաշտոնապես ծոմ հայտարարեց։ Հրամայեց, որ բոլորը քուրձ կրեն, այդ թվում նաև ընտանի կենդանիները *։ Նա խոնարհաբար ընդունեց, որ իր ժողովուրդը մեղավոր է չարագործությունների և դաժանությունների մեջ։ Թագավորը հույս հայտնեց, որ ճշմարիտ Աստված ողորմություն կդրսևորի իրենց նկատմամբ, երբ տեսնի, որ զղջում են։ Նա ասաց. «Միգուցե ճշմարիտ Աստված.... հետ կանգնի իր բորբոքված բարկությունից, ու մենք չկորչենք» (Հովն. 3։6–9

9. Ի՞նչ կասկածներ ունեն քննադատները նինվեցիների զղջման վերաբերյալ, և ինչո՞ւ ենք վստահ, որ նրանք սխալվում են։

9 Որոշ քննադատներ կասկածանքով են վերաբերվում այն փաստին, որ նինվեցիները կարող էին այսքան արագ փոխվել։ Իսկ աստվածաշնչագետները նշում են, որ նման փոփոխությունը բնորոշ է հնում ապրած սնոտիապաշտ և դյուրահավատ մարդկանց։ Սակայն մենք գիտենք, որ այդ քննադատները սխալվում են, քանի որ Հիսուս Քրիստոսը հետագայում խոսեց նինվեցիների զղջման մասին (կարդա՛ Մատթեոս 12։41)։ Հիսուսը գիտեր՝ ինչ է ասում, քանի որ իր մինչմարդկային կյանքի ընթացքում ականատես էր եղել այդ իրադարձություններին (Հովհ. 8։57, 58)։ Հիշենք. որքան էլ որ մարդիկ վատը թվան, մենք չպետք է մտածենք, թե նրանք երբեք չեն փոխվի։ Միայն Եհովան կարող է կարդալ մարդկանց սրտերը։

Աստված ողորմած է, իսկ մարդի՞կ...

10, 11. ա) Ինչպե՞ս Եհովան արձագանքեց նինվեցիների զղջմանը։ բ) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովայի կայացրած դատավճիռը սխալ չէր։

10 Ինչպե՞ս Եհովան արձագանքեց նինվեցիների զղջմանը։  Հետագայում Հովնանը գրեց. «Ճշմարիտ Աստված տեսավ նրանց գործերը, տեսավ, որ նրանք հետ էին դարձել իրենց չար ճանապարհից, և ճշմարիտ Աստված ափսոսաց, որ մտադրվել էր աղետ բերել նրանց վրա և չբերեց» (Հովն. 3։10

11 Մի՞թե Եհովան սխալ դատավճիռ էր կայացրել։ Բոլորովի՛ն։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծու արդարությունը կատարյալ է (կարդա՛ 2 Օրենք 32։4)։ Պարզապես Եհովան դադարեց նրանց վրա բարկանալուց։ Նա տեսավ, որ այդ մարդիկ փոխվել են, հետևաբար կարիք չկար պատժելու նրանց։ Ուստի Աստված ողորմություն դրսևորեց նրանց նկատմամբ։

12, 13. ա) Ինչպե՞ս Եհովան ցույց տվեց, որ ողջամիտ է, ողորմած և ճկուն։ բ) Ինչո՞ւ Հովնանի մարգարեությունը զուր չէր։

12 Եհովան դաժան ու կոպիտ Աստված չէ, ինչպես որ հաճախ ներկայացնում են նրան կրոնական առաջնորդները։ Նա ողջամիտ է, ողորմած, ճկուն։ Երբ որոշում է կործանել չարերին, նախևառաջ իր ծառաների միջոցով զգուշացնում է այդ մարդկանց իր մտադրության մասին, քանի որ ուզում է, որ նրանք զղջան ու փոխվեն (Եզեկ. 33։11)։ Եհովան իր մարգարե Երեմիային ասաց. «Եթե ես որևէ ազգի կամ թագավորության համար ասելու լինեմ, թե պիտի արմատախիլ անեմ, ավերեմ ու կործանեմ նրան, և այդ ազգը, որի մասին խոսել եմ, դարձի գա իր անօրենությունից, ապա ես էլ կափսոսամ այն բանի համար, որ որոշել էի նրանց վրա աղետ բերել» (Երեմ. 18։7, 8

Աստված ուզում է, որ չարերը նինվեցիների պես զղջան ու փոխվեն

13 Ուրեմն Հովնանն իզո՞ւր մարգարեացավ։ Ո՛չ։ Մարգարեությունը ծառայեց իր նպատակին. նինվեցիներին նախազգուշացում տրվեց, և նրանք զղջացին։ Իսկ եթե ժողովուրդը դարձի չգար, Եհովան իր դատաստանը կբերեր նրանց վրա։ Հետագայում հենց այդպես էլ եղավ (Սոփ. 2։13–15

14. Ինչպե՞ս արձագանքեց Հովնանը, երբ Եհովան որոշեց ողորմել Նինվեին։

14 Ինչպե՞ս արձագանքեց Հովնանը, երբ իմացավ, որ Նինվեն չի կործանվելու։ Կարդում ենք. «Հովնանին դա ընդհանրապես դուր չեկավ, և նա խիստ վրդովվեց» (Հովն. 4։1)։ Մարգարեն նույնիսկ իր աղոթքում մեղադրեց Ամենակալին՝ ասելով, թե ավելի լավ կլիներ, որ ինքը մնար իր երկրում՝ տանը, քանի որ գիտեր՝ Եհովան չէր կործանելու Նինվեն։ Նա անգամ արդարացավ, որ այդ պատճառով էր ուզում Թարսիս փախչել։ Հովնանն այնքան էր ընկճվել, որ մահ խնդրեց Աստծուց (կարդա՛ Հովնան 4։2, 3

15. ա) Ինչո՞ւ էր Հովնանը դառնացել։ բ) Ինչպե՞ս Եհովան վարվեց իր մարգարեի հետ։

15 Ի՞նչն էր իրականում անհանգստացնում Հովնանին։ Գուցե մարգարեն վախենում էր ծաղրի ենթարկվելուց, կեղծ մարգարեի համբավ ձեռք բերելուց։ Միանշանակ չենք կարող իմանալ,  թե ինչ կար նրա մտքում։ Գիտենք միայն, որ նա ազդարարել էր Նինվեի կործանման մասին, և մարդիկ հավատացել էին իր խոսքերին։ Ամեն դեպքում, նա ուրախ չէր, որ նինվեցիները զղջացին, ու Եհովան նրանց հանդեպ ողորմություն դրսևորեց։ Նա ավելի ու ավելի էր դառնանում, իր հանդեպ խղճահարությամբ էր լցվում՝ մտածելով, որ մարգարեի իր անունն արատավորվել է։ Սակայն Հովնանի ողորմած Աստվածը իր վհատված ծառայի մեջ շարունակում էր լավը տեսնել։ Նրան պատժելու փոխարեն՝ Եհովան մեղմորեն հարցրեց. «Մի՞թե ճիշտ ես վարվում, որ բարկանում ես» (Հովն. 4։4)։ Պատասխան տվե՞ց Հովնանը։ Աստվածաշունչը ոչինչ չի հայտնում։

16. Ի՞նչ հարցերում գուցե մարդիկ համաձայն չլինեն Աստծու հետ, և ի՞նչ ենք սովորում Հովնանի օրինակից։

16 Հեշտ է Հովնանին քննադատելը, բայց լավ կլինի հիշել, որ միշտ չէ, որ անկատար մարդիկ համաձայն են լինում Աստծու որոշումներին։ Օրինակ՝ ոմանք մտածում են, որ Եհովան պետք է կանխեր այսինչ ողբերգությունը, կամ արդեն պետք է պատժած լիներ չարերին և նույնիսկ վերջ դրած լիներ այս չար աշխարհին։ Հովնանի օրինակը հիշեցնում է մեզ, որ երբ մենք համաձայն չենք Եհովա Աստծու հետ, նշանակում է՝ մեր տեսակետն է սխալ, ոչ թե Աստծու։

Ողորմության դաս

17, 18. ա) Ի՞նչ արեց Հովնանը Նինվեից դուրս գալուց հետո։ բ) Հավանաբար ի՞նչ մտածեց մարգարեն, երբ Եհովան հրաշքով դդմենի աճեցրեց։

17 Վհատված՝ մարգարեն դուրս եկավ Նինվեից և գնաց դեպի արևելք, որտեղ լեռներից պարզ երևում էր Նինվե քաղաքը։ Նա մի տաղավար շինեց, որ նստի ստվերում ու տեսնի, թե քաղաքին ինչ է լինելու։ Հավանաբար դեռ հույս ուներ, որ քաղաքը կործանվելու է։ Ինչպե՞ս էր Եհովան այս համառ մարդուն սովորեցնելու լինել ողորմած։

18 Մի գիշերվա մեջ Աստված դդմենի աճեցրեց։ Հովնանը շատ ուրախացավ, երբ արթնացավ ու տեսավ փարթամ, կանաչ դդմենին, որի լայն տերևներն ավելի լավ էին պաշտպանում արևից, քան իր սարքած տաղավարը։ Մարգարեն հավանաբար մտածեց, թե հրաշքով աճած այդ բույսը Աստծու հավանության նշանն է։ Սակայն Եհովայի նպատակը Հովնանին արևից պաշտպանելը չէր։ Իրականում Աստված ուզում էր հասնել Հովնանի սրտին։ Ուստի այնպես արեց, որ մի որդ փչացնի դդմենին։ Այն աստիճանաբար չորացավ։ Այնուհետև Եհովան «արևելյան տոթակեզ քամի» ուղարկեց, և արևն այնպես հարվածեց Հովնանին, որ քիչ էր մնում ուշագնաց լիներ։ Մարգարեն նորից վհատության գիրկն ընկավ և ուզեց մեռնել (Հովն. 4։6–8

19, 20. Ինչպե՞ս Եհովան դդմենու միջոցով օգնեց Հովնանին տրամաբանելու։

 19 Եհովան հարցրեց Հովնանին, թե արդյոք նա ճի՞շտ է վարվում, որ բարկանում է դդմենու համար։ Փոխանակ զղջալու՝ մարգարեն արդարացրեց ինքն իրեն՝ ասելով. «Այո՛, ճիշտ եմ վարվում։ Այնքան բարկացած եմ, որ մեռնել եմ ուզում»։ Ժամանակն էր Հովնանին խրատելու (Հովն. 4։9

Դդմենու միջոցով Եհովան ողորմության դաս սովորեցրեց Հովնանին

20 Եհովան փորձեց մղել Հովնանին տրամաբանելու՝ ասելով. «Դու ափսոսացիր դդմենին, որը ո՛չ մշակել ես, ո՛չ էլ մեծացրել, որը մի գիշերվա մեջ աճեց ու մի գիշերվա մեջ էլ վերացավ»։ Այնուհետև հարցրեց նրան. «Չպե՞տք էր արդյոք ես էլ խղճայի Նինվե մեծ քաղաքին, որում հարյուր քսան հազարից ավել մարդ կա, ովքեր իրենց աջ ու ձախ ձեռքը չեն տարբերում իրարից, էլ չեմ ասում, թե որքան շատ ընտանի կենդանիներ կան» * (Հովն. 4։10, 11

21. ա) Ի՞նչ դաս սովորեցրեց Եհովան Հովնանին։ բ) Ինչպե՞ս Հովնանի պատմությունը կարող է օգնել մեզ ինքնաքննություն անելու։

 21 Հասկանո՞ւմ ես, թե ինչ էր ուզում Եհովան սովորեցնել Հովնանին։ Հովնանը ոչինչ չէր արել դդմենու համար, մինչդեռ Եհովան կյանք էր պարգևել նինվեցիներին, ու նրանք թանկ էին իր համար։ Փաստորեն, Հովնանը սովորական բույսն ավելի շատ էր արժևորում, քան 120000 մարդու և նրանց կենդանիների կյանքը։ Մի՞թե պատճառը եսասեր մտածելակերպը չէր. նա ափսոսաց դդմենու համար, քանի որ այն պաշտպանում էր իրեն արևից։ Ուստի կարելի է ասել, որ Հովնանը բարկացել էր նինվեցիների դեմ, քանի որ կենտրոնացել էր իր վրա. նա չէր ուզում ամոթով մնալ։ Հովնանի պատմությունը կարող է օգնել մեզ անկեղծ ինքնաքննություն անելու։ Մեզնից ոչ ոք զերծ չէ եսասիրական հակումներից։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ համբերությամբ սովորեցնում է մեզ լինել անձնազոհ, կարեկից և ողորմած, հատկություններ, որ բնորոշ են իրեն։

22. ա) Հովնանը սովորե՞ց ողորմության դասը։ բ) Ի՞նչ պետք է սովորենք մենք։

22 Հովնանը հասկացա՞վ իր սխալը, ընդունե՞ց Եհովայի խրատը։ Այստեղ Հովնանը ավարտում է իր պատմությունը՝ առանց Եհովայի տված հարցին պատասխանելու։ Քննադատներից ոմանք ասում են, թե մարգարեն երբեք չպատասխանեց այդ հարցին։ Իրականում, սակայն, Հովնանի պատասխանը իր իսկ գրած գիրքն է։ Պատկերացրու՝ մարգարեն նստած է տանը և գրի է առնում իր պատմությունը։ Նա ծերացել է, ավելի իմաստուն ու ավելի խոնարհ է դարձել։ Այժմ երբ գրում է սեփական սխալների մասին, տարուբերում է գլուխը՝ հիշելով իր ըմբոստ ու համառ վարքը։ Այո՛, Հովնանը ընդունեց Եհովայի խրատը։ Նա սովորեց ողորմության դասը։ Իսկ մե՞նք (կարդա՛ Մատթեոս 5։7

^ պարբ. 6 Ըստ հաշվարկների՝ Հովնանի օրերում Իսրայելի տասցեղ թագավորության մայրաքաղաք Սամարիան ունեցել է 20000–30000 բնակչություն՝ Նինվեի բնակչությունից չորս անգամ քիչ։ Իր բարգավաճ տարիներին Նինվեն եղել է հին աշխարհի ամենամեծ քաղաքը։

^ պարբ. 8 Գուցե այս տեղեկությունը տարօրինակ թվա, սակայն հնում այդպես վարվել են։ Օրինակ՝ հույն պատմաբան Հերոդոտոսը նշում է, որ մի անգամ, երբ պարսիկները ողբում էին իրենց հայտնի զորապետի մահը, սգո արարողությունների մեջ ներգրավեցին նաև ընտանի կենդանիներին։

^ պարբ. 20 «Աջ ու ձախ ձեռքը չտարբերել» արտահայտությունը ցույց էր տալիս, որ նրանք ճշգրիտ պատկերացում չունեին Աստծու չափանիշների մասին։