Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ընդօրինակեք նրանց հավատը

Նախաբան

Նախաբան

«Ընդօրինակեք նրանց, ովքեր հավատով ու համբերությամբ ժառանգում են խոստումները» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 6։12

1, 2. Ինչպե՞ս մի շրջանային վերակացու արտահայտվեց աստվածաշնչյան կերպարների մասին, և ինչո՞ւ նրանք հրաշալի ընկերներ կլինեին մեզ համար։

«ՆԱ ԱՅՆՊԵՍ է խոսում աստվածաշնչյան կերպարների մասին, ասես նրանք իր հին ընկերներն են եղել»։ Այսպես արտահայտվեց մի քրիստոնյա կին շրջանային վերակացուի ելույթը լսելուց հետո։ Եվ նա իրավացի էր, քանի որ այդ տարեց եղբայրը տասնամյակներ շարունակ ուսումնասիրել էր Աստծու Խոսքը և սովորեցրել մարդկանց։ Նա այնքան շատ է պատմել աստվածաշնչյան ժամանակներում ապրած հավատարիմ տղամարդկանց ու կանանց մասին, որ թվում է, թե նրանք հին ընկերներ են եղել, որոնց ճանաչել է իր ողջ կյանքում։

2 Որքա՜ն հրաշալի կլիներ, եթե նրանցից շատերը մեր ընկերները լինեին։ Արդյոք նրանք իրակա՞ն են քեզ համար։ Պատկերացրու, թե ի՜նչ կզգայիր, եթե հնարավորություն ունենայիր ճանաչելու և շփվելու այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք էին Նոյը, Աբրահամը, Հռութը, Եղիան և Եսթերը։ Մտածիր, թե ինչ մեծ ազդեցություն նրանք կթողնեին քեզ վրա՝ անգնահատելի խորհուրդներ տալով և քաջալերելով (կարդա՛ Առակներ 13։20

3. ա) Ինչպե՞ս կարող ենք օգուտներ ստանալ հնում ապրած հավատարիմ մարդկանց օրինակներից։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։

3 Ինչ խոսք, «արդարների.... հարության» ժամանակ նման ընկերական փոխհարաբերությունները լիովին հնարավոր կդառնան (Գործ. 24։15)։ Սակայն նույնիսկ այսօր մենք կարող ենք օգուտներ քաղել հնում ապրած Աստծու հավատարիմ ծառաների օրինակներից։ Ինչպե՞ս։ Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս. «Ընդօրինակեք նրանց, ովքեր հավատով ու համբերությամբ ժառանգում են խոստումները» (Եբր. 6։12)։ Նախքան հավատարիմ ծառաների օրինակը ուսումնասիրելը քննենք մի քանի հարց. ի՞նչ է հավատը, ինչո՞ւ դրա կարիքն ունենք և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել հնում ապրած հավատարիմ մարդկանց։

Ի՞նչ է հավատը և ինչո՞ւ դրա կարիքն ունենք

4. Մարդկանց կարծիքով՝ ի՞նչ է հավատը, և ինչո՞ւ է նրանց կարծիքը սխալ։

4 Հավատը գրավիչ ու գեղեցիկ հատկություն է։ Այն բարձր են գնահատել հնում ապրած բոլոր այն տղամարդիկ ու կանայք, որոնց մասին խոսելու ենք այս գրքում։ Շատերը այսօր մտածում են, թե հավատը հիմնված չէ ապացույցների կամ փաստերի վրա։ Սակայն նրանք սխալվում են։ Իսկական հավատը չպետք է շփոթել դյուրահավատության հետ. այն լոկ զգացում չէ, այլ ավելին է, քան կույր հավատը։ Դյուրահավատությունը վտանգավոր է, քանի որ զգացումները փոփոխական են։  Պարզապես հավատալ, որ Աստված գոյություն ունի, բավարար չէ, որովհետև «դևերն էլ են հավատում ու սարսռում» (Հակ. 2։19

5, 6. ա) Ո՞ր երկու չերևացող բաների վրա է կենտրոնանում մեր հավատը։ բ) Որքա՞ն ամուր պետք է լինի մեր հավատը։ Բե՛ր օրինակ։

5 Հավատը դյուրահավատությունից ավելին է։ Եբրայեցիներ 11։1-ում տրվում է հավատի սահմանումը (կարդա՛)։ Պողոսը բացատրում է, որ հավատը կենտրոնանում է երկու բաների վրա։ Առաջին՝ իրողությունների վրա, որոնք «տեսանելի չեն»։ Մենք ֆիզիկական աչքերով չենք կարող տեսնել ոգեղեն ոլորտը, օրինակ, Եհովա Աստծուն, նրա Որդուն, Աստծու Թագավորությունը, որը այսօր իշխում է երկնքում։ Երկրորդ՝ հույսերի վրա, որոնք այսօր դեռ չեն իրականացել։ Ճիշտ է, մենք այսօր չենք կարող տեսնել նոր աշխարհը, որը շուտով հաստատելու է Աստծու Թագավորությունը, սակայն մի՞թե անհիմն է հավատալ իրողություններին կամ այն բաներին, որոնց մենք հույսով սպասում ենք։

6 Բոլորովի՛ն։ Պողոսը նշեց, որ իսկական հավատը ամուր հիմքեր ունի։ Երբ նա հավատը «լիակատար համոզվածություն» անվանեց, օգտագործեց մի արտահայտություն, որը կարող է թարգմանվել նաև «սեփականության իրավունքի վկայական»։ Պատկերացրու, որ ինչ-որ մեկը ցանկանում է քեզ տուն նվիրել։ Նա կարող է քեզ տալ տան սեփականության իրավունքի վկայականը և ասել. «Այս տունը քոնն է»։ Պարզ է, որ նա նկատի չունի, թե այդ թղթի կտորն է քո տունը, այլ, որ իրավաբանական հիմքով այժմ այդ տունը քեզ է պատկանում։ Նման ձևով էլ մեր հավատը վստահեցնում է մեզ, որ ինչ որ Աստված խոստացել է իր Խոսքում, կարելի է կատարված համարել։

7. Ինչպիսի՞ն է իսկական հավատը։

7 Այսպիսով՝ իսկական հավատը հիմնված է ամուր վստահության ու համոզվածության վրա։ Այն մղում է մեզ ընդունելու, որ Եհովան մեր սիրառատ երկնային Հայրն է, և վստահելու, որ նրա բոլոր խոստումները անպայման կիրականանան։ Սակայն իսկական հավատ ունենալու համար ավելին է պետք։ Որպեսզի ինչ-որ բան կենդանի մնա, այն պետք է սնել։ Նույն ձևով էլ եթե ուզում ենք մեր հավատը կենդանի պահել, պետք է այն գործերով դրսևորենք (Հակ. 2։26

8. Ինչո՞ւ է կարևոր հավատ ունենալ։

8 Ինչո՞ւ է կարևոր հավատ ունենալ։ Այս հարցին Պողոս առաքյալը համոզիչ պատասխան է տալիս (կարդա՛ Եբրայեցիներ 11։6)։ Մենք չենք կարող մոտենալ Եհովային ու հաճեցնել նրան, եթե հավատ չունենանք։ Ուստի հավատը կարևոր է, եթե ցանկանում ենք մոտենալ մեր երկնային Հորը՝ Եհովային, ու փառաբանել նրան։

9. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան գիտի, որ մեզ հավատ է անհրաժեշտ։

9 Եհովան գիտի, որ մեզ հավատ է անհրաժեշտ, ուստի իր Խոսքում գրել է տվել հավատարիմ ծառաների մասին, որոնցից մենք կարող ենք սովորել, թե ինչպես հավատ կերտել ու դրսևորել։ Նա օրհնել է քրիստոնեական ժողովը՝ նշանակելով հավատարիմ տղամարդկանց,  որ նրանք առաջնորդություն վերցնեն։ Նրա Խոսքում ասվում է. «Ընդօրինակեք նրանց հավատը» (Եբր. 13։7)։ Պողոսը գրեց «վկաների... մեծ բազմության»՝ հնում ապրած տղամարդկանց ու կանանց մասին, ովքեր հավատի հրաշալի օրինակ են թողել (Եբր. 12։1)։ Նա Եբրայեցիներ 11-րդ գլխում թվարկում է մի շարք հավատարիմ մարդկանց անուններ, սակայն նրանց թիվը շատ ավելի մեծ է։ Աստվածաշնչում բազմաթիվ պատմություններ կան թե՛ տղամարդկանց ու կանանց, թե՛ ծերերի ու երիտասարդների, և թե՛ աղքատ ու հարուստ մարդկանց մասին, ովքեր ապրել են հավատով և լավ օրինակ են թողել։ Այդ պատմությունները կարող են օգնել մեզ այս դժվարին ժամանակներում։

Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել ուրիշների հավատը

10. Ինչպե՞ս կարող է անձնական ուսումնասիրությունը օգնել ընդօրինակելու հնում ապրած հավատարիմ մարդկանց։

10 Հնարավոր չէ ընդօրինակել մեկին՝ առանց նրան լավ ճանաչելու։ Այս գիրքն ընթերցելիս կնկատես, թե որքան ջանքեր են թափվել՝ օգնելու քեզ ավելի լավ ճանաչելու հնում ապրած հավատարիմ մարդկանց։ Դու կարող ես ժամանակ տրամադրել և խոր անձնական ուսումնասիրություն կատարել՝ փնտրտուքներ անելով։ Խորհրդածիր ընթերցածիդ շուրջ, մտովի պատկերացրու տեսարանը և աստվածաշնչյան ողջ պատմությունը։ Փորձիր լսել մարդկանց ձայները, զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։ Այդ ժամանակ նրանք իրական կդառնան քեզ համար, իսկ ոմանք այնքան հարազատ, որ գուցե թվա, թե քո հին ընկերներն են եղել։

11, 12. ա) Ինչպե՞ս կարող են Աբրահամի ու Սառայի կերպարները հարազատ դառնալ քեզ։ բ) Ի՞նչ օգուտներ կարող ես քաղել Աննայի, Եղիայի և Սամուելի օրինակներից։

11 Երբ լավ ճանաչես այդ հավատարիմ ծառաներին, կցանկանաս ընդօրինակել նրանց։ Պատկերացրու, որ մտածում ես նոր նշանակում ստանալու մասին։ Կազմակերպությունը հրավիրում է քեզ ընդլայնելու ծառայությունդ, օրինակ, տեղափոխվելու այնպիսի տարածք, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Կամ հնարավոր է՝ կարիք լինի քարոզչական նոր մեթոդներ օգտագործել, որոնք քեզ ծանոթ չեն կամ էլ անսովոր են քեզ համար։ Այդ մասին աղոթքով խորհրդածելուց հետո կարող ես մտածել Աբրահամի օրինակի շուրջ՝ ինչպես նա իր կնոջ՝ Սառայի հետ թողեց Ուր քաղաքի հարմարավետ կյանքը և Եհովան առատորեն վարձատրեց նրանց։ Եթե վարվես այնպես, ինչպես նրանք են վարվել, կտեսնես, որ ավելի լավ ես ճանաչում նրանց։

12 Եթե քեզ ինչ-որ մեկը վատ է վերաբերվել և դու վհատվել ես ու չես ուզում գնալ ժողով, մտածիր Աննայի օրինակի մասին, որը թույլ չտվեց, որ Փենանան իր վատ վերաբերմունքով ազդի իր ու Եհովայի միջև փոխհարաբերությունների վրա։ Դա կօգնի քեզ ճիշտ որոշում կայացնելու և Աննայի կերպարը հարազատ կդառնա քեզ։ Եթե թերարժեքության զգացումով  ես լցված, կարող ես մտածել Եղիայի օրինակի շուրջ, թե ինչպես դժվարին իրավիճակում Եհովան մխիթարեց նրան։ Իսկ պատանիները, որոնք ճնշումների են ենթարկվում դպրոցում իրենց հասակակիցների կողմից, կարող են ընդօրինակել Սամուելին՝ կարդալով, թե ինչպես նա արձագանքեց խորանում ծառայող Հեղիի որդիների վատ վարքին։

13. Արդյո՞ք մեր հավատը պակաս արժեքավոր է դառնում, երբ ընդօրինակում ենք ուրիշների հավատը։ Բացատրի՛ր։

13 Արդյո՞ք երբ ընդօրինակում ենք ուրիշների հավատը, մեր հավատը պակաս արժեքավոր է դառնում Եհովայի աչքում։ Ո՛չ։ Հիշի՛ր, Եհովայի Խոսքը հորդորում է մեզ ընդօրինակել հավատարիմ մարդկանց (1 Կորնթ. 4։16; 11։1; 2 Թեսաղ. 3։7, 9)։ Այս գրքում կուսումնասիրենք որոշ հավատարիմ ծառաների օրինակներ, որոնք իրենց հերթին ընդօրինակել են իրենցից առաջ ապրած հավատարիմ մարդկանց։ Օրինակ՝ 17-րդ գլխում խոսվում է Մարիամի մասին, որը մեջբերեց Աննայի խոսքերը։ Անկասկած, նա Աննային համարում էր ընդօրինակման արժանի ծառա։ Արդյո՞ք դա ցույց է տալիս, որ Մարիամի հավատը պակաս արժեքավոր էր։ Բոլորովի՛ն։ Աննայի օրինակը օգնեց Մարիամին կերտելու իր հավատը, որպեսզի նա լավ անուն ձեռք բերի Եհովա Աստծու մոտ։

14, 15. Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գիրքը, և ինչպե՞ս կարող ենք լավագույնս օգտագործել այն։

14 Այս ձեռնարկը կօգնի քեզ կերտելու քո հավատը։ Գրքի գլուխներում տեղ գտած պատմությունները վերցված են «Դիտարանի» 2008–2013թթ.-ի թողարկումներից՝ «Ընդօրինակեք նրանց հավատը» խորագրից։ Յուրաքանչյուր գլխում կան հարցեր, որոնք կօգնեն քննարկելու և կիրառելու նյութը։ Գիրքը հարուստ է գունագեղ նոր նկարներով, իսկ հին նկարները ավելի մեծ չափս ունեն։ Օգտակար կարող են լինել նաև ժամանակագրական սանդղակները և քարտեզները։ «Ընդօրինակեք նրանց հավատը» գիրքը նախատեսված է անձնական, ընտանեկան, ինչպես նաև ժողովում ուսումնասիրության համար։ Բազմաթիվ ընտանիքներ կարող են մեծ օգուտներ քաղել պարզապես ընթերցելով այն։

15 Մինչ ձգտում ես մտերմանալ քո երկնային Հոր՝ Եհովայի հետ, թող որ այս գիրքը օգնի քեզ ընդօրինակելու անցյալում ապրած նրա հավատարիմ ծառաներին և ավելացնելու հավատդ։