Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ընդօրինակեք նրանց հավատը

 ԳԼՈՒԽ 15

Նա պաշտպանեց Աստծու ժողովրդին

Նա պաշտպանեց Աստծու ժողովրդին

1-3. ա) Ինչո՞ւ էր Եսթերի սիրտը վախով լցված, երբ գնում էր «մեծ արքայի»՝ իր ամուսնու մոտ։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

ԵՍԹԵՐԸ գնում էր դեպի Շուշան ամրոցի գավիթ։ Նրա սրտում վախ կար, բայց նա փորձում էր անխռով մնալ, ինչն այդքան էլ հեշտ չէր։ Այստեղ ամեն ինչ այնպես էր արված, որ յուրաքանչյուր մարդ հստակ պատկերացներ, թե որքան զորեղ է ամրոցի տերը, որն իրեն անվանում էր «մեծ արքա»։ Ամենուրեք ջնարակյա աղյուսե գունավոր բարձրաքանդակներ էին՝ թևավոր ցլեր, նետաձիգներ ու առյուծներ, մատնեքավոր՝ երկայնակի ակոսիկներ ունեցող սյուներ, վիթխարի արձաններ։ Ամրոցի դիրքը նույնպես տպավորիչ էր. այն թիկնել էր ձյունապատ Զագրոս լեռների հարևանությամբ ընկած վիթխարի սարավանդներին և նայում էր Կերքա գետի զուլալ ջրերին։ Եսթերը գնում էր «մեծ արքայի»՝ իր ամուսնու մոտ։

2 Ո՞վ էր Եսթերի ամուսինը։ Ասուերոս թագավորը։ Թերևս չգտնվեր մեկ հրեա աղջիկ, որ իր ապագա ամուսնուն պատկերացներ այնպիսին, ինչպիսին որ Ասուերոսն էր *։ Ասուերոսին ամենևին էլ չէին հետաքրքրում այնպիսի ամուսինների օրինակներ, ովքեր հաշվի են առել իրենց կանանց կարծիքը, օրինակ՝ Աբրահամը, որը խոնարհաբար հնազանդվեց Աստծուն, երբ նա ասաց, որ լսի իր կնոջը՝ Սառային (Ծննդ. 21։12)։ Թագավորը Եսթերի Աստծու՝ Եհովայի կամ նրա Օրենքի մասին քիչ բան գիտեր կամ ընդհանրապես ոչինչ չգիտեր։ Սակայն լավ գիտեր պարսից օրենքները, որոնցից մեկն արգելում էր հենց այն, ինչ Եսթերը մտադիր էր անել։ Իսկ ի՞նչ էր արգելում այդ օրենքը։ Եթե որևէ մեկը, առանց թագավորի կողմից կանչվելու, հայտնվեր նրա առջև, պիտի մահապատժի ենթարկվեր։ Եսթերին թագավորը չէր կանչել, բայց նա, միևնույնն է, նրա մոտ էր գնում։ Նրան թվում էր, թե ինքը գնում է մահվանն ընդառաջ (կարդա՛ Եսթեր 4։11; 5։1

3 Ինչո՞ւ էր նա իր կյանքը վտանգի ենթարկում։ Ի՞նչ կարող ենք սովորել այս զարմանալի կնոջ հավատից։ Այս հարցերին անդրադառնալուց  առաջ նախ տեսնենք, թե ինչպես եղավ, որ Եսթերը դարձավ Պարսկաստանի թագուհի։

Ո՞վ էր Եսթերը

4. Ո՞վ էր Եսթերը, և ինչպե՞ս նա հայտնվեց իր զարմիկ Մուրթքեի տանը։

4 Եսթերը որբ էր։ Մենք շատ քիչ բան գիտենք նրա ծնողների մասին։ Նրանք իրենց աղջկա անունը դրել էին Ադասսա։ Այս եբրայերեն բառը նշանակում է «մրտենի», որը գեղեցիկ, սպիտակ ծաղիկներ ունեցող թուփ է։ Երբ Եսթերի ծնողները մահացան, նրա բարեկամներից մեկը՝ Մուրթքեն, որ բարեսիրտ մարդ էր, երեխային վերցրեց իր հոգածության տակ։ Մուրթքեն ու Եսթերը զարմիկներ էին, բայց Մուրթքեն բավական մեծ էր նրանից։ Նա Եսթերին բերեց իր հարկի տակ և իր դստեր պես հոգ տարավ նրան (Եսթ. 2։5–7, 15

Մուրթքեն բոլոր հիմքերն ուներ հպարտանալու Եսթերով

5, 6. ա) Ինչպե՞ս է Մուրթքեն մեծացրել Եսթերին։ բ) Ինչպիսի՞ն էր Մուրթքեի և Եսթերի կյանքը Շուշանում։

5 Մուրթքեն ու Եսթերը, որոնք հրեա գերիներ էին, ապրում էին Պարսկաստանի մայրաքաղաք Շուշանում։ Հավանաբար տեղացիները արհամարհանքով էին վերաբերվում նրանց կրոնին և Օրենքին, որին նրանք ջանում էին հետևել։ Ինչևէ, Մուրթքեն Եսթերին պատմում էր Եհովայի՝ այն ողորմած Աստծու մասին, որն իր ժողովրդին բազում անգամներ ազատել էր նեղություններից (Ղևտ. 26։44, 45)։ Այդ հոգևոր զրույցները ավելի էին ամրացնում Եսթերի ու Մուրթքեի միջև կապը։

6 Ըստ ամենայնի, Մուրթքեն պալատական էր Շուշան ամրոցում. նա թագավորի մյուս ծառաների հետ նստում էր արքունական դարպասի մոտ (Եսթ. 2։19, 21; 3։3)։ Թե ինչպես է Եսթերը անցկացրել իր մանկության տարիները, մենք կարող ենք միայն ենթադրել, սակայն կարելի է համոզված ասել, որ նա սիրով հոգ էր տանում իր զարմիկի մասին և կատարում տան գործերը։ Նրանք հավանաբար ապրել են քաղաքի աղքատ թաղամասում՝ գետի մյուս կողմում։ Կարելի է պատկերացնել, թե աղջիկն ինչպես էր հաճույքով գնում քաղաքի շուկա, որտեղ ոսկերիչները, արծաթագործները և վաճառականները ցուցադրում և գովում էին իրենց ապրանքները։ Եսթերի մտքով անգամ չէր անցնում, որ մի օր այդ բոլոր շքեղությունները սովորական բան են դառնալու  իր համար. նա գաղափար անգամ չուներ, թե ինչ է իրեն սպասում։

«Բարեկազմ էր ու գեղեցիկ»

7. Ինչո՞ւ Վաշթին զրկվեց թագուհի լինելուց, և ի՞նչ քայլեր ձեռնարկեց թագավորը։

7 Մի օր Շուշանում լուրեր տարածվեցին, թե թագավորի տանը իրարանցում է ընկել։ Ասուերոս թագավորը մեծ խնջույք էր կազմակերպել. ներկա էին ազնվատոհմ մարդիկ, սնունդը առատ էր, գինին՝ լիքը։ Եվ ահա թագավորը որոշեց իր մոտ կանչել իր գեղեցիկ թագուհուն՝ Վաշթիին, որը կանանց հետ առանձին էր խնջույք անում։ Բայց թագուհին չուզեց գալ։ Նվաստացած ու զայրացած թագավորը հարցրեց իր խորհրդականներին, թե ինչպես պետք է պատժել Վաշթիին։ Արդյունքում Վաշթին զրկվեց թագուհի լինելուց։ Թագավորի ծառաները սկսեցին ամբողջ երկրով մեկ փնտրել երիտասարդ գեղեցիկ կույսերի, որոնց միջից թագավորը ընտրելու էր նոր թագուհի (Եսթ. 1։1–2։4

8. ա) Ինչո՞ւ էր Մուրթքեն անհանգստանում Եսթերի համար։ բ) Ինչպիսի՞ն է Աստվածաշնչի տեսակետը գեղեցկության վերաբերյալ (տե՛ս նաև Առակներ 31։30-ը)։

8 Կարելի է պատկերացնել, թե ինչպես էր Մուրթքեն ժամանակ առ ժամանակ գորովալից նայում Եսթերին։ Նրա հոգում միախառնվել էին հպարտությունն ու անհանգստությունը. աղջիկն արդեն մեծացել-հասունացել էր, դարձել գեղեցկուհի։ Եսթերի մասին կարդում ենք. «Երիտասարդ կինը բարեկազմ էր ու գեղեցիկ» (Եսթ. 2։7)։ Ինչ խոսք, արտաքին գեղեցկությունը աչք է շոյում։ Բայց դրան պետք է ուղեկցեն իմաստությունն ու խոնարհությունը, այլապես մարդու սրտում կարող են առաջանալ փառասիրություն, հպարտություն և այլ բացասական հատկություններ (կարդա՛ Առակներ 11։22)։ Շատերս ենք համոզվել դրանում։ Ինչպիսի՞ն կլիներ Եսթերը։ Ժամանակը ցույց կտար։

9. ա) Ի՞նչ տեղի ունեցավ, երբ թագավորի ծառաները նկատեցին Եսթերին, և ինչու էր Մուրթքեի ու Եսթերի բաժանումը ծանր։ բ) Ինչո՞ւ Մուրթքեն Եսթերին թույլ տվեց ամուսնանալ այլադավան մարդու հետ (ընդգրկիր շրջանակը

9 Թագավորի ծառաները նկատեցին Եսթերի գեղեցկությունը և նրան տարան պալատ (Եսթ. 2։8)։ Աղջկա և Մուրթքեի բաժանումը հավանաբար ծանր էր. Եսթերը Մուրթքեի դուստրն էր դարձել, Մուրթքեն՝ նրա հայրը։ Մուրթքեն, անշուշտ, չէր ցանկանա, որ դուստրը ամուսնանար այլադավան մարդու հետ, անգամ եթե այդ մարդը թագավոր լիներ, բայց իրավիճակը դուրս էր նրա վերահսկողությունից *։ Երբ Եսթերը դեռ Մուրթքեի տանն էր, հավանաբար մեծ ուշադրությամբ լսում էր նրա տված անգին խորհուրդները։ Այժմ Շուշան ամրոց տանող ճանապարհին նրան մի հարց էր տանջում՝ ի՞նչ կլինի իր հետ։

 «Եսթերը հաճություն էր գտնում բոլոր իրեն տեսնողների աչքում»

10, 11. ա) Ի՞նչ ազդեցություն կարող էր ունենալ Եսթերի վրա իր նոր ապրելակերպը։ բ) Ինչպե՞ս էր Մուրթքեն ցույց տալիս, որ անհանգստանում է Եսթերի համար։

10 Եսթերը հայտնվեց իր համար մի նոր և օտար աշխարհում։ Նա այն «շատ երիտասարդ կանանց» թվում էր, որոնց հավաքել էին Պարսկաստանի հեռավոր ու մոտ վայրերից, և որոնց սովորույթները, լեզուն և մտածելակերպը պետք է որ տարբեր լինեին։ Կանանց հանձնել էին Հեգե անունով պալատականի վերահսկողությանը։ Նրանք պետք է մեկ տարի շարունակ կոսմետիկ պրոցեդուրաներ անցնեին, որոնք ներառում էին բուրումնավետ յուղերով մերսումներ (Եսթ. 2։8, 12)։ Այդպիսի կյանքը հեշտությամբ կարող էր դրդել այդ երիտասարդ կանանց ամբողջությամբ տարվելու իրենց արտաքինով, իրար հետ մրցակցելու, ձգտելու փառքի ու ճանաչման։ Իսկ ինչպե՞ս կվարվեր Եսթերը։

 11 Նրա մասին ոչ ոք այնպես չէր անհանգստանում, ինչպես Մուրթքեն։ Աստվածաշնչում կարդում ենք, որ նա ամեն օր գնում էր կանանց տան մոտ՝ ջանալով որևէ բան իմանալ Եսթերի մասին (Եսթ. 2։11)։ Մուրթքեին կցկտուր տեղեկություններ էին հայտնում հավանաբար պալատի որոշ ծառաներ։ Այդ լուրերը, անկասկած, նրա սիրտը լցնում էին հայրական հպարտությամբ։ Ինչո՞ւ։

12, 13. ա) Ի՞նչ տպավորություն էր թողնում Եսթերը իր շրջապատի մարդկանց վրա։ բ) Ինչպե՞ս Եսթերը շարունակեց հնազանդվել Մուրթքեին։

12 Եսթերն այնքան էր տպավորել Հեգեին, որ վերջինս մեծ բարությամբ էր վերաբերվում նրան։ Հեգեն նրան տվել էր յոթ աղախիններ, ինչպես նաև կանանց տան լավագույն տեղը։ Ավելին, «Եսթերը հաճություն էր գտնում բոլոր իրեն տեսնողների աչքում» (Եսթ. 2։9, 15)։ Մի՞թե բոլորը տպավորվել էին միայն նրա գեղեցկությամբ։ Ո՛չ։

Եսթերը գիտեր, որ խոնարհությունն ու իմաստությունը արտաքին տեսքից ավելի կարևոր են

13 Օրինակ՝ Եսթեր 2։10-ում գրված է. «Եսթերն իր ժողովրդի և  ազգականների մասին ոչ ոքի չպատմեց, քանի որ Մուրթքեն պատվիրել էր նրան չպատմել այդ մասին»։ Մուրթքեն նրան ասել էր, որ խոհեմ լինի և ուրիշներին չասի իր հրեական ծագման մասին, որովհետև գիտեր, որ պալատում կանխակալ կարծիքներ կան հրեաների վերաբերյալ։ Որքա՜ն ուրախ էր Մուրթքեն, որ Եսթերը, չլինելով իր կողքին, շարունակում էր իմաստություն և հնազանդություն դրսևորել։

14. Ինչպե՞ս կարող են այսօր երիտասարդները ընդօրինակել Եսթերին։

14 Այսօր երիտասարդները, հետևելով Եսթերի օրինակին, կարող են ուրախացնել իրենց ծնողների սիրտը։ Երբ իրենց ծնողներից հեռու են, նույնիսկ երբ գտնվում են թեթևամիտ, անբարո կամ չար մարդկանց միջավայրում, նրանք, այնուամենայնիվ, կարող են դիմադրել վատ ազդեցությանը և անել այն, ինչ ճիշտ է։ Երբ պատանիներն այդպես են վարվում, Եսթերի պես՝ ուրախացնում են իրենց երկնային Հոր սիրտը (կարդա՛ Առակներ 27։11

15, 16. ա) Ինչպե՞ս Եսթերը շահեց թագավորի սիրտը։ բ) Ինչո՞ւ Եսթերի համար հեշտ չէր հարմարվել իր կյանքում տեղի ունեցած փոփոխությանը։

15 Երբ եկավ Եսթերի հերթը, որ մտնի թագավորի մոտ, նրան հնարավորություն տրվեց օգտվելու ցանկացած բանից, ինչը իրեն կարող էր ավելի գրավիչ տեսք տալ։ Բայց նա համեստորեն ոչինչ չխնդրեց, բացի նրանից, ինչ առաջարկել էր Հեգեն (Եսթ. 2։15)։ Եսթերը հավանաբար հասկացել էր, որ միայն գեղեցկությամբ չի շահի թագավորի սիրտը. նա գիտեր՝ համեստությունն ու խոնարհությունը հազվագյուտ բաներ էին արքայական պալատում։ Գուցե նա սխալվո՞ւմ էր։

16 Կարդում ենք. «Թագավորը Եսթերին սիրեց բոլոր կանանցից առավել, քանի որ նա բոլոր կույսերից ավելի շատ հաճություն գտավ նրա աչքում, և նա սիրառատ բարություն ցուցաբերեց նրա հանդեպ։ Թագավորը նրա գլխին դրեց արքայական գլխածածկը և Վաշթիի փոխարեն նրան թագուհի դարձրեց» (Եսթ. 2։17)։ Այս հրեա խոնարհ աղջկա համար պետք է որ դժվար լիներ հարմարվել իր կյանքում տեղի ունեցած փոփոխությանը. այժմ նա թագուհի էր, այն ժամանակվա ամենահզոր տիրակալի կինը։ Եվ ի՞նչ, Եսթերի սիրտը լցվե՞ց հպարտությամբ։ Բոլորովի՛ն։

17. ա) Ինչպե՞ս Եսթերը շարունակեց հնազանդ մնալ Մուրթքեին։ բ) Ինչո՞ւ է Եսթերի օրինակը արդիական մեր օրերի համար։

17 Եսթերը շարունակեց հնազանդ մնալ Մուրթքեին։ Նա իր հրեա լինելը գաղտնի պահեց։ Իսկ երբ Մուրթքեն բացահայտեց Ասուերոսի դեմ դավադրությունը, Եսթերը նրա նախազգուշացումը փոխանցեց թագավորին, և դավադրությունը կազմակերպողներին մահապատժի ենթարկեցին (Եսթ. 2։20–23)։ Այն, որ Եսթերը ուներ խոնարհ, հնազանդ ոգի, վկայում էր Աստծու հանդեպ նրա ունեցած հավատի մասին։ Որքա՜ն արդիական է Եսթերի օրինակը մեր օրերի համար, երբ հնազանդությունը գրեթե չի համարվում արժանիք, իսկ  անհնազանդությունն ու ըմբոստությունը նորմալ բաներ են։ Բայց այն մարդիկ, ովքեր ամուր հավատ ունեն, Եսթերի պես բարձր են գնահատում հնազանդությունը։

Եսթերի հավատը փորձվում է

18. ա) Ինչո՞ւ էր Մուրթքեն հրաժարվում Համանի առաջ խոնարհվելուց (տե՛ս նաև ծանոթագրությունը)։ բ) Ինչպե՞ս են այսօր շատերը հետևում Մուրթքեի օրինակին։

18 Ասուերոսը Համան անունով մի մարդու մեծ պատվի արժանացրեց՝ նրան նշանակելով առաջին իշխան։ Համանը նաև թագավորի գլխավոր խորհրդականն էր, երկրորդ մարդը ամբողջ կայսրությունում։ Ասուերոսը նույնիսկ հրաման արձակեց, որ բոլոր նրանք, ովքեր տեսնեն Համանին, խոնարհվեն նրա առաջ (Եսթ. 3։1–4)։ Մուրթքեն չէր կարող կատարել այդ հրամանը։ Նա գիտեր, որ պետք է թագավորին հնազանդվի, բայց ոչ Աստծուն տհաճություն պատճառելու գնով։ Նկատենք, որ Համանը Ագագյան էր։ Սա ակներևաբար նշանակում է, որ նա ամաղեկացիների թագավոր Ագագի հետնորդներից էր, որին Աստծու մարգարե Սամուելը ժամանակին մահապատժի էր ենթարկել (1 Սամ. 15։33)։ Ամաղեկացիները այնքան չար էին, որ ի վերջո դարձան Եհովայի և Իսրայելի թշնամին։ Որպես ժողովուրդ՝ ամաղեկացիները Աստծու կողմից դատապարտված էին ոչնչացման * (2 Օրենք 25։19)։ Ուստի ինչպե՞ս կարող էր Աստծուն հավատարիմ հրեան խոնարհվել ամաղեկացու առաջ։ Մուրթքեն վճռել էր չխոնարհվել, և հաստատ մնաց իր որոշման մեջ։ Մինչ օրս հավատարիմ տղամարդիկ ու կանայք, վտանգելով իրենց կյանքը, հետևում են Գործեր 5։29-ում գրված սկզբունքին. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց»։

19. Ի՞նչ էր մտադրվել անել Համանը, և ինչպե՞ս համոզեց թագավորին իրականացնելու իր մտադրությունը։

19 Համանը կատաղեց։ Նա որոշեց սպանել Մուրթքեին։ Բայց դա նրա համար քիչ էր։ Այդ չար մարդը մտադիր էր վերացնել Մուրթքեի ողջ ժողովրդին։ Համանը խոսեց թագավորի հետ՝ ամենագորշ գույներով նկարագրելով հրեաներին։ Առանց անուններ նշելու՝ նա ակնարկեց, թե նրանք ոչնչություն են, և որ այդ ժողովուրդը «ցրված է ժողովուրդների մեջ ու առանձնացած է»։ Ավելին, Համանն ասաց, թե նրանք չեն ենթարկվում թագավորի օրենքներին, ուրեմն վտանգավոր են երկրի համար։ Նա խոստացավ հսկայական գումար տալ թագավորի գանձարանին՝ կայսրության բոլոր հրեաներին ոչնչացնելու հետ կապված ծախսերը փակելու համար *։ Ասուերոսը Համանին  տվեց իր կնքամատանին, որով վերջինս կարող էր կնքել ցանկացած հրաման, որ նա կուզենար տալ (Եսթ. 3։5–10

20, 21. ա) Ինչպե՞ս արձագանքեցին Համանի հրամանին Պարսկական կայսրությունում բնակվող հրեաները, այդ թվում նաև Մուրթքեն։ բ) Ի՞նչ խնդրեց Մուրթքեն Եսթերից։

20 Սուրհանդակները հեծան իրենց ձիերը, և ամեն մեկը սլացավ մի ուղղությամբ՝ դեպի վիթխարի կայսրության բոլոր կողմերը՝ տանելով հրեաների մահվան վճռի հրամանը։ Այդ չարագույժ լուրը հասնելու էր նաև հեռավոր Երուսաղեմ, որտեղ բաբելոնյան գերությունից վերադարձած հրեաները մեծ պայքարով ջանում էին վերակառուցել քաղաքը, որը նույնիսկ պարիսպներ չուներ։ Պատկերացրու հրեաների վիճակը, երբ նրանք լսեցին այդ լուրը։ Մուրթքեն, իմանալով սարսափելի լուրը, անհանգստացավ Երուսաղեմի հրեաների, ինչպես նաև Շուշանում ապրող իր ընկերների ու հարազատների համար։ Վշտահար՝ նա «պատռեց իր հանդերձները, քուրձ հագավ, իր վրա մոխիր ցանեց, գնաց քաղաքի մեջտեղը և սկսեց բարձրաձայն ու դառնագին լաց լինել»։ Իսկ Համանը նստեց թագավորի հետ խմելու։ Նրան չէր հետաքրքրում, թե ինչ մեծ վիշտ է պատճառել հրեաներին (կարդա՛ Եսթեր 3։12–4։1

21 Մուրթքեն շատ լավ հասկանում էր, որ պետք է գործի անցնի։ Բայց ի՞նչ կարող էր անել նա։ Եսթերը, լսելով նրա վշտի մասին,  հանդերձներ ուղարկեց նրան, բայց Մուրթքեն հրաժարվեց մխիթարվելուց։ Հնարավոր է՝ այս հրեան երկար մտածել էր, թե ինչու է իր Աստված Եհովան թույլ տվել, որ իրենից տանեն իր սիրելի Եսթերին և դարձնեն հեթանոս արքայի թագուհի։ Բայց հիմա ամեն ինչ կարծես պարզվում էր։ Մուրթքեն լուր ուղարկեց թագուհուն՝ աղաչելով նրան բարեխոսել թագավորին և պաշտպանել իր ժողովրդին (Եսթ. 4։4–8

22. Ինչո՞ւ էր Եսթերը վախենում թագավորի մոտ ներկայանալուց (տե՛ս նաև ծանոթագրությունը)։

22 Եսթերի սիրտը նվաղեց, երբ լսեց այդ լուրը։ Սա նրա հավատի ամենամեծ փորձությունն էր։ Նա վախեցած էր, և դա չթաքցրեց Մուրթքեին տված պատասխանում։ Եսթերը հիշեցրեց նրան թագավորի օրենքը։ Առանց կանչվելու՝ Ասուերոսի մոտ ներկայանալը մահ էր նշանակում։ Նա կարող էր կենդանի մնալ միայն այն դեպքում, եթե թագավորը նրան մեկներ իր ոսկե գավազանը։ Մի՞թե Եսթերը հիմքեր ուներ ակնկալելու, որ թագավորը ողորմած կլինի իր հանդեպ, մանավանդ որ շատ լավ գիտեր, թե ինչ եղավ, երբ Վաշթին հրաժարվեց ներկայանալ թագավորին։ Նա ասաց Մուրթքեին, որ թագավորն արդեն 30 օր է, ինչ չի կանչել իրեն։ Սա թերևս հիմք էր տալիս թագուհուն մտածելու, որ նա կորցրել է թագավորի բարեհաճությունը * (Եսթ. 4։9–11

23. ա) Ի՞նչ ասաց Մուրթքեն՝ Եսթերի հավատը ամրացնելու համար։ բ) Ինչո՞ւ արժե ընդօրինակել Մուրթքեին։

23 Մուրթքեն վճռական պատասխան ուղարկեց Եսթերին՝ նրա հավատը ամրացնելու համար։ Նա հավաստիացրեց, որ եթե թագուհին ոչինչ չանի, հրեաների փրկությունը մեկ ուրիշ տեղից կգա։ Բայց ինչպե՞ս կարող էր թագուհին փրկվել, երբ հալածանքը մեծ թափ ստանար։ Այդպես Մուրթքեն ցույց տվեց իր խոր հավատը Եհովայի հանդեպ, ով երբեք թույլ չի տա, որ իր ժողովուրդը ոչնչացվի և իր խոստումները չկատարվեն (Հեսու 23։14)։ Մուրթքեն Եսթերին  ասաց. «Ո՞վ գիտի, գուցե հենց այս ժամանակի համար ես դու թագուհի դարձել» (Եսթ. 4։12–14)։ Մուրթքեն լիովին վստահում էր իր Աստծուն՝ Եհովային։ Իսկ մե՞նք (Առակ. 3։5, 6

Հավատը մահվան հանդեպ վախից ավելի ուժեղ է

24. Ինչպե՞ս Եսթերը հավատ և քաջություն դրսևորեց։

24 Հասավ որոշում կայացնելու պահը։ Եսթերը Մուրթքեին ասաց, որ իր հայրենակիցները իր հետ երեք օր ծոմ պահեն։ Իսկ վերջում ավելացրեց. «Եթե մեռնելու եմ, թող մեռնեմ» (Եսթ. 4։15–17)։ Սրանք այնպիսի խոսքեր են, որոնք մինչ օրս վկայում են այդ փխրուն կնոջ մեծ հավատի ու քաջության մասին։ Այդ երեք օրերին նա թերևս ավելի ջերմեռանդորեն էր աղոթում Եհովային. հավանաբար իր ողջ կյանքում այդպես չէր աղոթել։ Վերջապես, եկավ վճռորոշ պահը։ Նա հագավ լավագույն հագուստը՝ ամեն ինչ անելով, որ ստանա թագավորի բարեհաճությունը, և գնաց։

Եսթերը վտանգի ենթարկեց իր կյանքը՝ Աստծու ժողովրդին պաշտպանելու համար

25. Նկարագրիր, թե ինչպես Եսթերը գնաց ներկայանալու թագավորի առաջ։

25 Եսթերը քայլերն ուղղեց դեպի պալատի գավիթ։ Մենք կարող ենք միայն պատկերացնել, թե որքան էր անհանգստանում և եռանդագին աղոթում Աստծուն։ Թագուհին մտավ գավիթ, որտեղ կարող էր տեսնել գահին բազմած արքային։ Եսթերը փորձում էր նրա դեմքի արտահայտությունից հասկանալ, թե ինչ տրամադրություն ունի։ Եթե նա պետք է սպասեր, ապա դա մի ամբողջ հավիտենություն կթվար։ Սակայն ամուսինը տեսավ իր կնոջը։ Նա, անշուշտ, զարմացավ, բայց հետո նրա դեմքը պայծառացավ. Ասուերոսը մեկնեց իր ոսկե գավազանը (Եսթ. 5։1, 2

26. Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաները քաջություն դրսևորելու կարիք ունեն, և ինչո՞ւ թագավորին ներկայանալը Եսթերի համար գործի սկիզբն էր միայն։

26 Թագավորը չմերժեց Եսթերին։ Այս հրեա կինը հավատարիմ մնաց Աստծուն և պաշտպանեց իր ժողովրդին։ Եսթերը հավատի գեղեցիկ օրինակ է Աստծու բոլոր ծառաների համար։ Ճշմարիտ քրիստոնյաները թանկ են գնահատում նման օրինակները։ Հիսուսն ասաց, որ իր հետևորդները տարբերվելու էին մյուսներից նրանով, որ անձնուրաց սեր էին դրսևորելու իրար հանդեպ (կարդա՛ Հովհաննես 13։34, 35)։ Այդպիսի սեր դրսևորելու համար մեզ նույնպես քաջություն է հարկավոր։ Բայց այն, որ Եսթերը ներկայացավ թագավորին, դեռ վերջը չէր։ Նրա անելիքը նոր էր սկսվում։ Ինչպե՞ս էր Եսթերը համոզելու թագավորին, որ նրա սիրելի խորհրդական Համանը նենգ դավադիր է։ Ինչպե՞ս էր նա փրկելու իր ժողովրդին։ Այս հարցերը կքննարկենք հաջորդ գլխում։

^ պարբ. 2 Շատերի կարծիքով՝ Ասուերոսը Քսերքսես I-ն է, որը Պարսկաստանի թագավորն էր մ.թ.ա. 5-րդ դարի սկզբներին։

^ պարբ. 9 Տե՛ս «Հարցեր Եսթերի մասին» շրջանակը 16-րդ գլխում։

^ պարբ. 18 Համանը, հնարավոր է, վերջին ամաղեկացիներից էր, որովհետև նրանց «մնացորդը» վերացել էր դեռևս Եզեկիա թագավորի օրերում (1 Տար. 4։43

^ պարբ. 19 Համանը 10000 տաղանդ արծաթ տվեց, որն այսօրվա հաշվարկով կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար։ Եթե Ասուերոսը Քսերքսես I-ն էր, ուրեմն Համանի առաջարկած գումարը շատ ավելի գրավիչ էր, քանի որ նրան մեծ գումարներ էին անհրաժեշտ հույների դեմ պատերազմ մղելու համար, ինչը նա վաղուց էր ծրագրել։ Այդ պատերազմը նրա համար աղետալի ավարտ ունեցավ։

^ պարբ. 22 Քսերքսես I-ը հայտնի էր իր փոփոխամտությամբ ու դաժանությամբ։ Հույն պատմիչ Հերոդոտոսը արձանագրել է որոշ դրվագներ Քսերքսեսի՝ Հունաստանի դեմ մղած պատերազմից։ Թագավորը պատվիրել էր նավերով պոնտոնային կամուրջ կառուցել Հելեսպոնտոսի նեղուցում։ Երբ փոթորիկը քանդեց կամուրջը, Քսերքսեսը հրամայեց գլխատել ինժեներներին և նույնիսկ կարգադրեց «պատժել» Հելեսպոնտոսին՝ նրա ջրերը մտրակահարելով և բարձրաձայն անիծելով։ Նույն պատերազմի ընթացքում, երբ մի հարուստ մարդ աղաչեց նրան իր որդուն ազատել բանակից, Քսերքսեսը այդ տղային երկու կես արեց և մարմինը ի ցույց հանեց իբրև նախազգուշացում։