Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչպե՞ս է կյանքն առաջացել

Կենդանի մոլորակ

Կենդանի մոլորակ

Երկրի վրա կյանք չէր լինի, եթե չլինեին այն մի շարք «երջանիկ պատահականությունները», որոնք մինչև 20–րդ դարը դեռևս անհայտ էին կամ լիովին հասկանալի չէին մարդկանց։ Քննենք դրանցից մի քանիսը։

  • Ծիր կաթին գալակտիկայում և Արեգակնային համակարգում Երկրի տեղը, ինչպես նաև նրա ուղեծիրը, առանցքի թեքությունը, պտույտի արագությունը և «անսովոր» չափեր ունեցող Լուսինը։

  • Մագնիսական դաշտը և մթնոլորտը, որոնք ծառայում են որպես երկշերտ զրահ։

  • Բնական փուլերը, որոնց միջոցով համալրվում և մաքրվում են օդի և ջրի պաշարները։

Այս թեմաներից յուրաքանչյուրին ծանոթանալիս հարցրեք ինքներդ ձեզ. «Երկրագունդն իր բոլոր առանձնահատկություններով պատահականությա՞ն, թե՞ նպատակային գործունեության արդյունք է»։

 Երկրագնդի իդեալական «հասցեն»

Երկիրը չէր կարող ավելի հարմար վայր գտնել կյանքի գոյությունն ապահովելու համար

Որպեսզի նամակը գտնի հասցեատիրոջը, ծրարի վրա պետք է նշված լինի հասցեն՝ երկիրը, քաղաքը, փողոցը։ Եկեք գրենք մեր մոլորակի հասցեն։ Ծիր կաթին գալակտիկան անվանենք «երկիր», Արեգակնային համակարգը (Արևը և նրա շուրջ պտտվող մոլորակները)՝ «քաղաք», իսկ երկրագնդի ուղեծիրը՝ «փողոց»։

Մեր «քաղաքը», կամ՝ Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր կաթին գալակտիկայի՝ «կյանքի համար բարենպաստ գոտի» կոչվող տարածքում, որը ոչ շատ մոտ է կենտրոնին, ոչ էլ շատ հեռու է կենտրոնից։ Այս տարածքում կա քիմիական էլեմենտների ճիշտ այնքան խտություն, որքան անհրաժեշտ է կյանքի պահպանման համար։ Մինչդեռ Գալակտիկայի սահմանների մոտ այդ էլեմենտները չափազանց քիչ են, իսկ կենտրոնում մահաբեր ճառագայթները և այլ վտանգավոր գործոններն են շատ, որոնք անհնար են դարձնում կյանքի գոյությունը։ Աստղագիտության և ֆիզիկայի զարգացման շնորհիվ գիտնականները պարզել են, թե ինչ հարմար տեղ է գտել Երկիրը ողջ տիեզերքում, և դա ապշեցրել է նրանց։ «Մենք ապրում ենք ամենալավ տարածքում»,— նշում է «Սայենթիֆիք ամերիքըն» հանդեսը1։

Իդեալական «փողոց»։ Պակաս իդեալական չէ նաև Արեգակնային համակարգ «քաղաքի» այն «փողոցը», որտեղ գտնվում է Երկիրը։ Մեր մոլորակը Արեգակից հեռու է 150 միլիոն կիլոմետր։ Այդ պատճառով երկրագունդը ո՛չ սառչում է, ո՛չ էլ չափից շատ տաքանում, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում կյանքի գոյության համար։ Դեռ ավելին, ուղեծիրը գրեթե շրջանաձև է։ Դրա շնորհիվ երկրի և արևի միջև հեռավորությունը համարյա թե չի փոխվում ամբողջ տարի։

Ինչ վերաբերում է Արեգակին, ապա այն ասես իդեալական չափեր ունեցող մի հզոր էլեկտրակայան է, որն աշխատում է առանց դադարի և անհրաժեշտ քանակի էներգիա է արտադրում։ Իզուր չէ, որ Արեգակին կոչել են «յուրահատուկ աստղ»2։

Իդեալական «հարևանուհի»։ Ի՞նչ եք կարծում, ո՞վ կարող էր լինել Երկրի ամենալավ «հարևանուհին»։ Իհարկե Լուսինը։ Լուսնի տրամագիծը Երկրի տրամագծի մեկ քառորդից փոքր–ինչ մեծ է։ Արժե նշել նաև, որ մեր  Արեգակնային համակարգում գտնվող մյուս բնական արբանյակները իրենց հյուրընկալ մոլորակների հետ համեմատած ավելի փոքր են, քան մեր «հարևանուհին»՝ Երկրի հետ համեմատած։ Արդյոք դա պատահականությո՞ւն է։ Դժվար թե։

Լուսնի շնորհիվ տեղի է ունենում մակընթացություն և տեղատվություն, որը կենսական նշանակություն ունի Երկրի էկոլոգիայի համար։ Այն նաև նպաստում է Երկրի առանցքի կայուն դիրքին։ Եթե մեր «հարևանուհին» իդեալական չափեր չունենար, Երկիր մոլորակը գնդակի պես կպտտվեր տարբեր կողմերի վրա, ինչը կհանգեցներ կլիմայական, սեզոնային և այլ փոփոխությունների ու աղետալի հետևանքների։

Երկրի իդեալական թեքությունը և պտույտը։ Երկրի առանցքի թեքությունը 23,4 աստիճան է։ Այս առանձնահատկության շնորհիվ գոյություն ունեն կլիմայական տարբեր գոտիներ, ինչպես նաև պահպանվում են եղանակների հերթափոխը և ջերմաստիճանի տատանումների կայուն միջակայքը։ «Երկրի առանցքն ունի հենց այն թեքությունը, որն անհրաժեշտ է կյանքի գոյության համար»,— նշվում է գիտական մի գրքում3(Rare Earth— Why Complex Life Is Uncommon in the Universe)։

Իդեալական է նաև ցերեկվա և գիշերվա տևողությունը։ Եթե երկրագունդը դանդաղ պտտվեր, օրվա տևողությունն ավելի երկար կլիներ, ինչի պատճառով ցերեկվա ընթացքում ջերմաստիճանը չափազանց կբարձրանար, իսկ գիշերվա ընթացքում չափազանց կիջներ։ Սակայն եթե ավելի արագ պտտվեր, օրվա տևողությունը կկարճանար, գուցե այն տևեր մի քանի ժամ, ու դրա հետևանքով անընդհատ փոթորիկներ և այլ աղետներ կլինեին։

Երկշերտ զրահ

Տիեզերքը վտանգավոր գոտի է, ուր թափառում են մահացու ճառագայթներ և երկնաքարեր։ Այդուհանդերձ, մեր կապույտ մոլորակը հանգիստ անցնում է իր ուղին՝ արհամարհելով այդ վտանգները։ Ինչո՞ւ։ Երկիրն ունի երկշերտ զրահ՝ մագնիսական դաշտ և անզուգական մթնոլորտ։

Երկրի անտեսանելի մագնիսական զրահը

Երկրի մագնիսական դաշտը։ Երկրի միջուկը, որի մեջ հրահեղուկ երկաթ է պտտվում, հսկայական մագնիսական դաշտ է ստեղծում։ Այդ հզոր մագնիսական դաշտը տարածվում է տիեզերքում։ Այս զրահը պաշտպանում է մեզ տիեզերքից եկող ճառագայթներից և Արևի վրա տեղի ունեցող ակտիվ երևույթների վնասակար ազդեցությունից։ Դրանք են՝ արեգակնային քամին (լիցքավորված մասնիկների անընդմեջ առաքվող հոսք), արեգակնային բռնկումները (երբ անջատվում է այնքան էներգիա, որքան միլիարդավոր ջրածնային ռումբերի պայթյունից), և արևապսակում տեղի ունեցող պայթյունները, որոնց ժամանակ միլիարդավոր տոննաներով մատերիա է արտանետվում տիեզերք։ Ի դեպ արեգակնային բռնկումների և ժայթքումների հետևանքով է, որ մենք կարող ենք զմայլվել հյուսիսափայլով. մի գեղեցիկ երևույթ, որի ժամանակ մթնոլորտի վերին շերտում՝ մագնիսական բևեռներից ոչ հեռու՝ մութ երկնակամարում, երևում  են բազմերանգ լույսերի ցոլքեր։ Այս գեղեցիկ տեսարանը մեզ կրկին անգամ հիշեցնում է Երկրի պաշտպանական զրահի՝ մագնիսական դաշտի գոյության մասին։

Հյուսիսափայլ

Երկրի մթնոլորտը։ Տարբեր գազերից բաղկացած երկրագնդի այս «վերմակը» ոչ միայն մեզ ապահովում է անհրաժեշտ օդով, այլև լրացուցիչ պաշտպանություն է հանդիսանում։ Մթնոլորտի վերին շերտը (ստրատոսֆերա) կազմված է թթվածնի մի տեսակից՝ օզոնից, որը կլանում է Արեգակի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթների 99 տոկոսը՝ պաշտպանելով կյանքի տարբեր տեսակների գոյությունը՝ մարդուց մինչև պլանկտոն։ Վերջինս ապահովում է թթվածնի անհրաժեշտ քանակի մեծ մասը։ Ուշագրավ է նաև այն, որ ստրատոսֆերայում օզոնի քանակությունը կայուն չէ. որքան մեծանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումը, այնքան ավելանում է օզոնի քանակությունը և հակառակը։ Իրոք որ օզոնային շերտը իսկական պաշտպանություն է։

Մթնոլորտը պաշտպանում է մեզ երկնաքարերից

Ավելին, մթնոլորտը պաշտպանում է մեզ ավազահատիկից մինչև հսկա ժայռաբեկորի չափեր ունեցող միլիոնավոր ասուպների ամենօրյա ռմբակոծությունից։ Բարեբախտաբար, դրանց մեծ մասը այրվում է մթնոլորտում և պայծառ լույս է արձակում։ Դրանք այն «ընկնող աստղերն» են, որոնք տեսանելի են պարզկա գիշերով։ Այդուհանդերձ, այս զրահը չի խոչընդոտում, որ կյանքի համար անհրաժեշտ ճառագայթները՝ լույսն ու ջերմությունը, ներթափանցեն երկիր։ Մթնոլորտը նաև նպաստում է, որ ցերեկը ջերմությունը տարածվի ողջ մոլորակում։ Իսկ գիշերը վերմակի պես ծածկում է երկիրը, որպեսզի այն շուտ չսառչի։

Երկրի մթնոլորտը և մագնիսական դաշտը աներևակայելի հնարամտության արդյունք են, որոնք լիովին չեն ուսումնասիրվել մարդու կողմից։ Սակայն մեր մոլորակն ունի ևս մի զարմանալի առանձնահատկություն՝ բնական փուլեր, որոնց շնորհիվ երկրի վրա պահպանվում է կյանքը։

Արդյոք պատահակա՞ն է, որ մեր մոլորակը պատված է երկշերտ զրահով

 Բնական փուլեր

Պատկերացրեք մի տուն, որտեղ չկա թարմ օդ, ջրի մատակարարումը դադարեցվել է, կոյուղին չի աշխատում, աղբն էլ չի թափվում։ Կհամաձայնվեք, որ այդ տանն ապրելը անհնար կլիներ։ Մեր մոլորակը որոշ առումով նման է այսպիսի մի տան, որը դրսից՝ տիեզերքից, թարմ օդ և մաքուր ջուր չի ստանում և ոչ էլ իր աղբն է դուրս հանում։ Այդ դեպքում ինչպե՞ս է երկիրը մաքուր մնում և շարունակում կյանքի համար բարենպաստ պայմաններ ապահովել։ Գաղտնիքը բնական փուլերն են, օրինակ, ջրի, ածխածնի, թթվածնի և ազոտի շրջափուլերը։

Ջրի շրջապտույտը։ Ջուրը կենսական հեղուկ է։ Ոչ մի մարդ մի քանի օրից ավել չի կարող ապրել առանց ջրի։ Ջրի շրջապտույտը նպաստում է, որ ամբողջ մոլորակն ունենա թարմ և մաքուր ջուր։ Այս շրջապտույտը տեղի է ունենում երեք փուլով։ 1. Արևի էներգիան գոլորշիացման պրոցեսի միջոցով ջուրը բարձրացնում է մթնոլորտ։ 2. Մաքրված ջրի գոլորշու խտացումը առաջացնում է ամպեր։ 3. Ամպերն իրենց հերթին առաջացնում են անձրև, կարկուտ, ձյունախառն անձրև կամ ձյուն։ Թափվելով երկրի մակերևույթի վրա՝ ջուրը պատրաստ է նորից գոլորշիանալու և վերադառնալու այնտեղ, որտեղից սկիզբ է առել։ Իսկ որքա՞ն ջուր է շրջապտույտի մեջ մտնում ամեն տարի։ Հաշվարկների համաձայն՝ այնքան, որ ավելի քան 80 սանտիմետր շերտով հնարավոր լիներ հավասարապես ծածկել երկրի մակերևույթը4։

Ածխածնի և թթվածնի շրջապտույտը։ Ինչ խոսք, որպեսզի ապրենք, մենք շնչում ենք թթվածին և արտաշնչում ենք ածխաթթու գազ։ Միլիարդավոր մարդիկ և կենդանիներ անընդհատ կատարում են այս պրոցեսը։ Այդ դեպքում ինչո՞ւ թթվածինը երբեք չի սպառվում, և մթնոլորտը չի լցվում ածխաթթու գազով։ Պատասխանը շատ պարզ է. թթվածինը շրջանառության մեջ է։ 1. Ֆոտոսինթեզ կոչվող հրաշալի պրոցեսի ժամանակ բույսերը կլանում են ածխաթթու գազ, որը մենք արտաշնչում ենք, և արևի էներգիայի միջոցով արտադրում են ածխաջրեր ու թթվածին։ 2. Եվ երբ մենք շնչում ենք թթվածին, շրջանառությունը ամբողջացվում է։ Այսպիսով՝ օրգանական միացությունների և թթվածնի արտադրությունը կատարվում է արդյունավետորեն, անաղմուկ և առանց թափոնների։

 Ազոտի շրջապտույտը։ Երկրի վրա կյանքը կախված է նաև այնպիսի օրգանական միացություններից, ինչպիսիք են սպիտակուցները։ Սպիտակուցի մոլեկուլ արտադրելու համար ազոտ է անհրաժեշտ։ Բարեբախտաբար, մեր մթնոլորտը հարուստ է այս գազով. այն կազմում է օդի մոտավորապես 78 տոկոսը։ Ա. Կայծակը և բակտերիաները ազոտը վերածում են այնպիսի բաղադրիչների, որ բույսերը կարող են կլանել։ Բ. Այնուհետև բույսերը այս բաղադրիչների օգնությամբ օրգանական մոլեկուլներ են պատրաստում։ Կենդանիները ազոտ ստանում են բույսերից։ Գ. Երբ բույսը կամ կենդանին մահանում է, բակտերիաների ազդեցության տակ նրանց մարմինը քայքայվում է։ Փտման այս պրոցեսի շնորհիվ արտազատված ազոտը նորից անցնում է հողի և մթնոլորտի մեջ՝ այդպիսով ամբողջացնելով շրջապտույտը։

Իդեալական վերամշակում

Գիտատեխնիկական առաջընթացի հետևանքով ամեն տարի տոննաներով թունավոր նյութեր են արտադրվում, որոնք հնարավոր չէ վերամշակել։ Մինչդեռ զարմանալի քիմիական պրոցեսների շնորհիվ մեր մոլորակն ամբողջությամբ վերամշակում է իր բոլոր «թափոնները»։

Ձեր կարծիքով՝ որտեղի՞ց երկրին այս կարողությունը։ Կրոնագիտական աշխատությունների հեղինակ Մայքլ Քորին ասում է. «Եթե Երկրի էկոհամակարգը իսկապես առաջ եկած լիներ պատահականորեն, ապա շրջակա միջավայրի նման կատարյալ ներդաշնակության հասնելը անհնար կլիներ»5։ Համամի՞տ եք նրա եզրահանգմանը։

Իմացիր ավելին

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

Ինչպես է առաջացել կյանքը։ Երկու հարցեր, որոնց պատասխաններն արժե գտնել

Ինքներդ քննեք, թե արդյոք կյանքի ծագման վերաբերյալ էվոլյուցիոն տեսության տված պատասխանները գոհացուցիչ են։