Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Երբ մահանում է քո սիրելիներից մեկը

Հաստատուն հույս մահացածների համար

Հաստատուն հույս մահացածների համար

«ՄԱՅՐՍ 1981 թ.–ին մահացավ քաղցկեղից,— գրում է քսանհինգամյա մի կին։— Ես ու եղբայրս շատ ծանր տարանք նրա մահը։ Այդ ժամանակ ես 17 տարեկան էի, իսկ եղբայրս՝ 11։ Մորս շատ էի կարոտում։ Քանի որ ինձ ասել էին, թե նա երկնքում է, ուզում էի ինքնասպանություն գործել նրա կողքին լինելու համար։ Մայրս իմ լավագույն ընկերն էր»։

Որքան անարդարացի է, որ մահն իշխանություն ունի խլելու է մեր սիրելիներին։ Եվ եթե նման բան է պատահում, անտանելի է թվում այն միտքը, որ երբեք չենք կարողանա խոսել ու ծիծաղել մեր հարազատի հետ, ինչպես նաև վայելել նրա ընկերակցությունը։ Այդ ցավը չի անհետանում, անգամ երբ մեզ ասում են, թե նա երկնքում է։

Սակայն Աստվածաշունչը բոլորովին այլ հույս է տալիս։ Ինչպես արդեն նշել ենք, Սուրբ Գրությունները հայտնում են, որ մոտ ապագայում նորից կհանդիպենք մեր մահացած հարազատներին։ Դա տեղի կունենա ոչ թե որևէ անհայտ երկնային ոլորտում, այլ այստեղ՝ երկրի վրա՝ խաղաղ և արդար պայմաններում։ Այդ ժամանակ մարդիկ կունենան կատարյալ առողջություն ու այլևս չեն մահանա։ Ոմանք թերևս ասեն. «Դա ընդամենը հեքիաթ է»։

Ինչպե՞ս կարելի է համոզվել, որ այդ ամենն իրականում հեքիաթ չէ։ Որպեսզի կարողանանք հավատալ այս խոստմանը, հարկավոր է վստահ լինել, որ խոստացողը ունի այն իրականացնելու և՛ ցանկություն, և՛ հնարավորություն։ Իսկ ո՞վ է խոստանում, որ մահացածները կյանքի կվերադառնան։

Նման խոստում տվեց Հիսուս Քրիստոսը մ. թ. 31 թ. գարնանը։ Նա ասաց. «Ինչպէս որ Հայրը մեռելներին յարուցանում է եւ կենդանի անում, այնպէս էլ Որդին, որոնց որ կամենում է, կենդանի է անում։ Սորա վերայ մի զարմանաք. որովհետեւ ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա [Հիսուսի] ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան» (Յովհաննէս 5։21, 28, 29)։ Այո՛, միլիոնավոր մարդիկ, որոնք ներկայումս մահացած են, կրկին կապրեն այս երկրի վրա։ Նրանք հնարավորություն կունենան հավիտյան բնակվելու խաղաղ դրախտային պայմաններում (Ղուկաս 23։43, ՆԱ; Յովհաննէս 3։16; 17։3; Սաղմոս 37։29; Մատթէոս 5։5)։ Եթե  Հիսուսը նման խոստում է տալիս, ուրեմն տրամաբանական է եզրակացնել, որ նա ցանկանում է իրականացնել այն։ Սակայն արդյո՞ք նա ի զորու է դա անելու։

Վերոհիշյալ խոսքերն ասելուց մոտ երկու տարի անց Հիսուսը հրաշալի կերպով ցույց տվեց, որ ոչ միայն ցանկություն ունի մարդկանց հարություն տալու, այլև զորություն։

«Ղազարոս, դուրս եկ»

Հուզիչ իրավիճակ էր։ Ղազարոսը լուրջ հիվանդ էր։ Նրա երկու քույրերը՝ Մարիամն ու Մարթան, շտապեցին այդ մասին լուր ուղարկել Հիսուսին, որն այդ ժամանակ Հորդանան գետի մյուս կողմում էր. «Տէր, ահա նա՝ որին դու սիրում ես՝ հիւանդացել է» (Յովհաննէս 11։3)։ Նրանք գիտեին, որ Հիսուսը սիրում էր Ղազարոսին։ Մի՞թե նա չէր ցանկանա տեսնել իր հիվանդ ընկերոջը։ Սակայն հետաքրքիր է, որ Բեթանիա ուղևորվելու փոխարեն՝ Հիսուսը երկու օր սպասեց (Յովհաննէս 11։5, 6

Որոշ ժամանակ անց Ղազարոսը մահացավ։ Հիսուսը գիտեր այդ մասին և մտադիր էր այդ առիթով քայլեր ձեռնարկել։ Մինչև նա հասավ Բեթանիա, իր սիրելի ընկերոջ մահից արդեն անցել էր չորս օր (Յովհաննէս 11։17, 39)։ Կարո՞ղ էր արդյոք Հիսուսը կյանքի վերադարձնել մեկին, որն այդքան ժամանակ մահացած էր։

Լսելով Հիսուսի գալստյան մասին՝ Մարթան, որը գործունյա կին էր, վազեց նրան ընդառաջ (Ղուկաս 10։38–42)։ Կնոջ վիշտը տեսնելով՝ Հիսուսը հուսադրեց նրան. «Քո եղբայրը յարութիւն կ’առնէ»։ Իսկ երբ Մարթան արտահայտեց իր հավատը ապագայում տեղի ունենալիք հարության նկատմամբ, Հիսուսը պարզ ասաց. «Ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի» (Յովհաննէս 11։20–25

Հասնելով գերեզմանին՝ Հիսուսը պատվիրեց, որ մուտքի քարը հեռացնեն։ Ապա բարձրաձայն աղոթելուց հետո կանչեց. «Ղազարոս, դուրս եկ» (Յովհաննէս 11։38–43

 Բոլոր ներկաները իրենց աչքերը հառեցին դեպի գերեզմանը։ Խավարի միջից երևաց մի կերպարանք։ Նրա ոտքերն ու ձեռքերը կապված էին պատանով, իսկ երեսը՝ վարշամակով։ Հիսուսն ասաց. «Արձակեցէք դորան, եւ թողէք գնայ»։ Պատանն ընկավ գետնին։ Եվ ահա կանգնած էր Ղազարոսը, որ մահացել էր չո՛րս օր առաջ (Յովհաննէս 11։38–44

Իրո՞ք դա տեղի է ունեցել

Հովհաննեսի Ավետարանում Ղազարոսի հարությունը ներկայացվում է որպես իրական փաստ։ Այդ պատմությունը չափազանց վառ և մանրամասն է նկարագրված, որ այլաբանություն համարվի։ Հարցականի տակ դնել այդ իրադարձությունը նշանակում է կասկածի ենթարկել Աստվածաշնչի բոլոր հրաշքները, այդ թվում նաև Հիսուս Քրիստոսի հարությունը։ Իսկ Հիսուսի հարությունը ժխտել նշանակում է ընդհանրապես հերքել քրիստոնեական հավատը (Ա Կորնթացիս 15։13–15

Եթե ընդունում եք Աստծու գոյությունը, ապա դժվար թե չկարողանաք հավատալ հարությանը։ Այս բանում կարելի է համոզվել հետևյալ օրինակով։ Մարդը կարող է տեսագրել իր կտակը, այնպես որ իր մահից հետո բարեկամներն ու ընկերները կարող են տեսնել ու լսել, թե ինչպես է հարկավոր բաժանել նրա ունեցվածքը։ Հարյուր տարի առաջ այսպիսի բանն ուղղակի աներևակայելի կլիներ։ Նույնիսկ այսօր աշխարհի հեռավոր անկյուններում ապրող շատ անհատներ պատկերացում անգամ չունեն տեսագրման մասին և կարող են դա հրաշք համարել։ Եթե մարդն ի վիճակի է օգտագործել Արարչի կողմից հաստատված բնության օրենքները՝ որևէ մեկի ձայնը կամ պատկերը վերականգնելու համար, մի՞թե Արարիչը չի կարող ավելին անել։ Տրամաբանական չէ՞ արդյոք եզրակացնել, որ կյանք ստեղծողը ի զորու է նաև վերստեղծել այն։

Ղազարոսի հետ տեղի ունեցած հրաշքը ամրապնդում է մեր հավատը Հիսուսի, ինչպես նաև հարության նկատմամբ (Յովհաննէս 11։41, 42; 12։9–11, 17–19)։ Բացի դրանից, այս հուզիչ դեպքը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Եհովան և իր Որդին մեծ ցանկություն ունեն հարություն տալու մահացածներին։

‘Աստված կկարոտի’

Ղազարոսի մահը խորապես հուզեց Հիսուսին։ Սա ցույց է տալիս, որ նա ջերմ զգացմունքներ ունի մարդկանց հանդեպ։ Աստծու Որդին շատ է ցանկանում հարություն տալ մահացածներին։ Մենք կարդում ենք. «Երբոր Մարիամ այն տեղ եկաւ, ուր Յիսուսն էր, եւ տեսաւ նորան, նորա ոտներն ընկաւ եւ ասեց նորան. Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ։ Յիսուսն էլ երբոր նորան տեսաւ որ լաց էր լինում, եւ նորա հետ եկած Հրէաներն էլ՝ որ լաց էին լինում, իր հոգովը խռովեց եւ յուզուեց։ Եւ ասեց. Ո՞ւր դրիք նորան. նորան ասեցին. Տէր, եկ եւ տես։ Յիսուսը արտասուեց։ Հրէաներն ասում էին. Տես ի՜նչպէս էր սիրում նորան» (Յովհաննէս 11։32–36

Հիսուսի սրտաբուխ կարեկցանքն այստեղ ներկայացվում է երեք բառերով՝ «խռովեց», «յուզուեց» և «արտասուեց»։ Այս սրտաշարժ տեսարանը նկարագրող բնագրային բառերը ցույց են տալիս, որ Հիսուսի վրա մեծապես ազդել էին իր թանկագին ընկերոջ՝ Ղազարոսի մահը և Մարթայի վիշտը։ Հիսուսն այնքան էր հուզվել, որ նրա աչքերը լցվել էին արցունքներով։ *

Ուշագրավ է, որ Հիսուսը նախկինում արդեն հարություն էր տվել երկու հոգու և մտադիր էր նույն բանն անել Ղազարոսի համար (Յովհաննէս 11։11, 23, 25)։ Բայց նա, միևնույն է, «արտասվեց»։  Այստեղից երևում է, որ մարդկանց կյանքի վերադարձնելը սոսկ մեխանիկական գործ չէր նրա համար։ Հիսուսի ջերմ զգացմունքները, որոնք ի հայտ եկան այս առիթով, հստակորեն ցույց են տալիս, որ նա մեծ փափագ ունի վերացնելու մահն ու նրա վնասաբեր հետևանքները։

Ղազարոսի հարության ժամանակ արտահայտելով իր ջերմ զգացմունքները՝ Հիսուսը ցույց տվեց, որ խորապես ցանկանում է մեկընդմիշտ վերացնել մահը

Եվ քանի որ Հիսուսը Եհովա Աստծու ‘էության նկարագիրն’ է, ամեն հիմքերն ունենք նույնը ակնկալելու մեր երկնային Հորից (Եբրայեցիս 1։3)։ Այն մասին, որ Եհովան կամենում է հարություն տալ մարդկանց, հավատարիմ Հոբն ասաց. «Եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կ’կենդանանայ....Դու մէկ կանչէիր, եւ ես քեզ պատասխան տայի, եւ դու կ’հաճէիր [«կկարոտեիր», ՆԱ] քո ձեռքի գործին» (Յոբ 14։14, 15)։ «Կկարոտեիր» թարգմանված բնագրային բառը այստեղ ընդգծում է հարություն տալու այն մեծ փափագը, որ ունի Աստված (Ծննդոց 31։30; Սաղմոս 84։2)։ Պարզ է, ուրեմն, որ Եհովան կարոտով սպասում է հարությանը։

Իսկ կարո՞ղ ենք հավատալ հարության մասին այս խոստմանը։ Իհա՛րկե։ Եհովան և իր Որդին, անկասկած, թե՛ ցանկություն և թե՛ հնարավորություն ունեն այն իրականացնելու։ Ի՞նչ է դա նշանակում ձեզ համար։ Ձեր առջև հրաշալի հեռանկար է բացվում հանդիպելու ձեր մահացած հարազատներին հենց այստեղ՝ երկրի վրա, սակայն բոլորովին այլ պայմաններում։

Եհովա Աստված, որն առաջին մարդկանց բնակեցրել էր հրաշալի պարտեզում, խոստացել է վերականգնել Դրախտը այս երկրի վրա։ Իր այդ նպատակը նա կիրականացնի երկնային Թագավորության միջոցով, որը գտնվում է ներկայումս մեծ փառքի արժանացած Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի ձեռքերում (Ծննդոց 2։7–9; Մատթէոս 6։10; Ղուկաս 23։42, 43 ՆԱ)։ Վերականգնված Դրախտում մարդկությունը անվերջ կյանք կվայելի՝ զերծ ամեն տեսակ հիվանդություններից ու մահից (Յայտնութիւն 21։1–4; Յոբ 33։25; Եսայիա 35։5–7)։ Նաև կվերանան ատելությունն ու ռասայական խտրականությունը, պատերազմներն ու տնտեսական խնդիրները։ Հենց այդպիսի մաքրված երկրի վրա Եհովա Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով հարություն կտա մահացածներին։

Հարությունը, որը հնարավոր կլինի Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ, երջանկություն կպարգևի բոլոր ազգերին

Ահա այս հեռանկարի հանդեպ է հավատ ընծայում մեր հոդվածի սկզբում հիշատակված քրիստոնյա կինը։ Իր մոր մահվանից մի քանի տարի անց Եհովայի Վկաները օգնեցին իրեն խորությամբ ուսումնասիրելու Աստվածաշունչը։ Նա պատմում է. «Հարության հույսի մասին լսելով՝ ես լաց եղա։ Որքա՜ն հրաշալի է, որ նորից կտեսնեմ մորս»։

Եթե դուք նույնպես փափագում եք կրկին տեսնել ձեր մահացած հարազատին, Եհովայի Վկաները սիրով կօգնեն ձեզ տեղեկանալու, թե ինչպես կարող եք այս հաստատուն հույսը դարձնել ձեր սեփականը։ Այցելեք նրանց Թագավորության սրահը կամ գրեք 32–րդ էջում ներկայացված հասցեներից որևէ մեկով։

^ պարբ. 20 «Խռովվել» թարգմանված բառը հունարեն էմբրիմա՛ոմայ բայի ձևերից մեկն է և նշանակում է «մեծ ցավ զգալ» կամ «խորապես ազդվել»։ Աստվածաշնչի մի վերլուծաբան նշում է. «Այս համատեքստում այն կարող է նշանակել, որ Հիսուսին այնպիսի խորը տխրություն համակեց, որ նրա հոգին ակամայից ալեկոծվեց»։ «Հուզվել» թարգմանված հունարեն տարա՛սսո բառը նշանակում է «վշտանալ»։ Ըստ մի բառարանագրի՝ այն ունի «տխրություն... մեծ ցավ ու թախիծ պատճառելու» իմաստ։ «Արտասվել» թարգմանված հունարեն դակրի՛ո բայը նշանակում է «արցունք թափել», «լուռ լաց լինել»։