Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Երբ մահանում է քո սիրելիներից մեկը

Ինչպե՞ս կարող են օգնել ուրիշները

Ինչպե՞ս կարող են օգնել ուրիշները

«ԵԹԵ որևէ բանով կարող եմ օգտակար լինել, անպայման տեղյակ պահիր ինձ»։ Մեզանից շատերն են այսպիսի խոսքեր ասում հարազատ կորցրած իրենց ընկերոջը կամ բարեկամին։ Եվ այդ խոսքերն անկեղծ են։ Մենք պատրաստ ենք անել ցանկացած բան՝ նրան օգնելու համար։ Բայց արդյո՞ք նա երբևէ կդիմի մեր օգնությանը։ Ամենայն հավանականությամբ, ո՛չ։ Պարզ է, որ առաջին քայլը մենք պետք է անենք, եթե անկեղծորեն ուզում ենք օգնել ու մխիթարել վշտահար մարդուն։

Աստվածաշնչյան մի առակում ասվում է. «Յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ» (Առակաց 15։23; 25։11)։ Անշուշտ, իմաստություն է հարկավոր, որպեսզի մարդն իմանա, թե ինչ արժե ասել, և ինչ չարժե ասել, ինչ պետք է անել, և ինչ չպետք է անել։ Ահա մի քանի աստվածաշնչյան խորհուրդներ, որ օգնել են հարազատ կորցրած մարդկանց։

Ինչ պետք է անել

Լսեք։ «Շուտ [եղեք] լսելու համար»,— ասվում է Յակոբոս 1։19–ում։ Լսելը վշտահար մարդուն օգնելու լավագույն ձևերից մեկն է։ Սգավոր անհատը սովորաբար կարիք է զգում խոսելու հանգուցյալի, նրա մահվան պատճառը դարձած պատահարի կամ հիվանդության, ինչպես նաև իր զգացմունքների մասին։ Ուստի հարցրեք նրան. «Ցանկանո՞ւմ ես զրուցել այդ մասին»։ Թույլ տվեք, որ նա որոշի։ Ահա թե ինչ է պատմում մի երիտասարդ՝ հիշելով իր հոր մահը. «Ես մեծ թեթևություն էի զգում, երբ ուրիշները հարցնում էին, թե ինչ է պատահել, և հետո անկեղծորեն լսում էին»։ Համբերությամբ և կարեկցանքով լսեք նրան ու մի կարծեք, թե անպայման պետք է որևէ պատասխան տաք կամ լուծում առաջարկեք։ Թույլ տվեք, որ նա մինչև վերջ արտահայտվի։

Սփոփեք։ Հավաստիացրեք հարազատ կորցրած անհատին, որ նա իր ուժերի ներածին չափով արել է ամեն ինչ (կամ ասեք այնպիսի բաներ, որոնք համապատասխանում են իրականությանը և քաջալերական են)։ Վստահեցրեք նրան, որ իր զգացումները՝ տխրության, զայրույթի, մեղավորության և այլն, միանգամայն բնական են։ Պատմեք ձեզ ծանոթ այնպիսի մարդկանց մասին, որոնք նման վիճակում կարողացել են վերագտնել իրենց։ Այդպիսի ‘վայելուչ խոսքերը’ «բժշկութիւն [են] ոսկորներին» (Առակաց 16։24; 1։1–33

Եղեք նրա կողքին։ Վշտահար մարդու կողքին եղեք ոչ միայն առաջին մի քանի օրերի ընթացքում, երբ նրա ընկերներն ու հարազատները դեռ չեն հեռացել, այլ մի քանի ամիս, երբ մյուսներն արդեն վերադարձած կլինեն իրենց առօրյա կյանքին։ Դրանով ցույց տված կլինեք, որ ‘սիրող բարեկամ’ եք և պատրաստ եք ձեր ընկերոջ կողքին լինել ‘նեղության օրը’ (Առակաց 17։17)։ «Մեր ընկերները  հոգ էին տանում, որ երեկոյան երկար ժամանակ մենակ չմնայինք,— պատմում է Թերեզան, որի երեխան մահացել էր ավտովթարից։— Այդպես նրանք լրացնում էին այն դատարկությունը, որ զգում էինք մեր սրտի խորքում»։ Բացի այդ, տարեդարձները՝ ամուսնության թե մահվան, կարող են ծանր հիշողություններ արթնացնել մարդու մեջ տարիներ շարունակ։ Ինչո՞ւ օրացույցում չնշեք այդ ամսաթվերը, որպեսզի անհրաժեշտության դեպքում այդ օրերին լինեք սգավոր մարդու կողքին և քաջալերեք նրան։

Եթե տեսնում եք, որ օգնության կարիք կա, մի սպասեք, որ ձեզ խնդրեն, այլ համապատասխան քայլեր ձեռնարկեք

Գործնական օգնություն ցույց տվեք։ Չկա՞ն արդյոք այնպիսի գործեր, որ հարկավոր է անել նրանց փոխարեն։ Միգուցե անհրաժեշտ է հոգ տանել երեխաներին կամ գիշերելու տեղ գտնել նրան այցի եկած ընկերների ու բարեկամների համար։ Եթե հարազատի կորստյան վերքը դեռ թարմ է, մարդը սովորաբար ի վիճակի չէ կողմնորոշվելու, թե ինքը ինչ անի։ Առավել ևս ի վիճակի չէ ասելու, թե ուրիշներն ինչով կարող են աջակցել իրեն։ Ուստի եթե նկատում եք, որ ինչ–որ հարցում դուք իսկապես կարող եք օգնել, մի սպասեք, որ ձեզ խնդրեն այդ մասին։ Առաջին քայլը ինքներդ արեք (Ա Կորնթացիս 10։24; Ա Յովհաննէս 3։17, 18)։ Մի կին, որը կորցրել էր իր ամուսնուն, հիշում է. «Շատերն ասում էին. «Եթե որևէ բանով կարող եմ օգնել, տեղյակ պահիր ինձ»։ Սակայն ընկերուհիներիցս մեկը ոչինչ չասաց, այլ լուռ մտավ ննջասենյակ, բացեց անկողինն ու սկսեց փոխել սպիտակեղենը, որը ամուսնուս մահից հետո չէի փոխել։ Մյուս ընկերուհիս վերցրեց ջրով լի մի դույլ, խոզանակ, մաքրող նյութեր ու լվաց գորգը, որի վրա ամուսինս փսխել էր։ Մի քանի շաբաթ անց մեր ժողովի երեցներից մեկը աշխատանքային հագուստով եկավ մեր տուն՝ բերելով իր գործիքները։ «Տանն անպայման որևէ բան նորոգելու կարիք կլինի։ Ցույց չե՞ս տա»։ Որքա՜ն շնորհակալ էի նրանից։ Այդ երեցը նորոգեց տեղահան եղած մեր դուռը, ինչպես նաև էլեկտրական մի սարք» (Յակոբոս 1։27

Եղեք հյուրասեր։ «Հիւրասիրութիւնը մի մոռանաք»,— ասում է Աստվածաշունչը (Եբրայեցիս 13։2)։ Հյուրասիրություն պետք է ցուցաբերել հատկապես վշտահար մարդկանց հանդեպ։ Փոխանակ ասելու՝ երբ կուզես, կարող ես գալ մեր տուն,  կոնկրետ օր և ժամ պայմանավորվեք։ Եթե նա մերժի, հեշտությամբ մի հանձնվեք։ Հնարավոր է՝ հարկ լինի մի փոքր խրախուսել այդ մարդուն։ Միգուցե նա ձեր առաջարկը մերժել է այն պատճառով, որ վախենում է կորցնել ինքնատիրապետումը ուրիշների ներկայությամբ։ Կամ գուցե ինքն իրեն մեղավոր զգա, որ լավ ժամանակ է անցկացնում իր հարազատին կորցնելուց հետո։ Հիշեք Լիդիայի հյուրասիրությունը, որի մասին խոսվում է Աստվածաշնչում։ Ղուկասը, որին նա իր տուն էր հրավիրել, գրում է. «[Լիդիան] ստիպելով տարաւ մեզ» (Գործք 16։15, ԱԱ

Եղեք համբերատար և խորաթափանց։ Թող ձեզ չզարմացնեն վշտահար մարդու խոսքերը, որոնք նա թերևս ասի սկզբնական շրջանում։ Հիշեք, որ նա գուցե զայրանա կամ մեղավոր զգա իրեն։ Եթե նա ձեզ վրա թափի իր բարկությունը, համբերատար և խորաթափանց եղեք, որ չբորբոքվեք։ «Ուրեմն հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն» (Կողոսացիս 3։12, 13

Նամակ գրեք։ Շատերը հաճախ կարևորություն չեն տալիս մխիթարական նամակ կամ ցավակցական բացիկ գրելուն։ Իսկ ո՞րն է դրա առավելությունը։ Սինդին, որի մայրը մահացել է քաղցկեղից, պատասխանում է. «Ընկերներիցս մեկը մի գեղեցիկ նամակ ուղարկեց, որն անչափ մխիթարեց ինձ. ես հնարավորություն ունեի կրկին ու կրկին ընթերցել այն»։ Իրականում, շատ բառեր պետք չեն։ Կարևոր է, որ դրանք բխեն ձեր սրտից (Եբրայեցիս 13։22)։ Նամակից կարող է երևալ, որ մահացած մարդը նշանակություն ունի ձեզ համար, որ դուք հիշում եք նրան, և որ նրա մահը մեծ ցավ է պատճառել ձեզ։

Աղոթեք նրա հետ։ Չպետք է թերագնահատել աղոթքի նշանակությունը։ Կարևոր է աղոթել թե՛ վշտահար մարդու հետ և թե՛ նրա համար։ Աստվածաշունչն ասում է. «Շատ զօրաւոր է արդարի աղօթքը» (Յակոբոս 5։16)։ Լսելով, թե ինչպես եք աղոթքի մեջ խնդրում իր մասին՝ վշտահարը կարող է ձերբազատվել բացասական զգացումներից, ինչպես օրինակ՝ մեղավորության զգացումից (Յակոբոս 5։13–15

Ինչ չպետք է անել

Ձեր ներկայությունը հիվանդանոցում կարող է քաջալերական լինել

Մի խուսափեք նրանից զուտ այն պատճառով, որ չգիտեք, թե ինչ ասեք կամ անեք։ Միգուցե մտածենք. «Վստահ եմ, որ նա հիմա կցանկանա մենակ մնալ»։ Բայց հնարավոր է՝ մենք իրականում նրանից հեռու ենք մնում այն պատճառով, որ վախենում ենք որևէ սխալ բան ասել կամ անել։ Սակայն առանց իր ընկերների, բարեկամների և հավատակիցների՝ վշտահար անհատը իրեն միայնակ կզգա, և դա կսաստկացնի իր սրտի ցավը։ Հիշեք, որ բարի վերաբերմունք կարելի է ցուցաբերել ամենապարզ խոսքերով ու գործերով (Եփեսացիս 4։32)։ Ձեր ներկայությունն արդեն իսկ կարող է քաջալերական լինել (Գործք 28։15)։ Թերեզան, հիշելով իր դստեր մահվան օրը, պատմում է. «Մեկ ժամվա ընթացքում հիվանդանոցի սպասասրահը լցվեց մեր ընկերներով. բոլոր երեցներն ու նրանց կանայք այնտեղ էին։ Կանանցից ոմանք նույնիսկ չէին հասցրել հարդարել իրենց մազերը։ Ոմանք էլ իրենց տնային հագուստներով էին։ Պարզապես թողել էին ամեն ինչ ու եկել։ Շատերն ասում էին, թե խոսքեր չեն գտնում մեզ մխիթարելու։ Բայց դա կարևոր չէր. կարևորն այն էր, որ նրանք եկել էին»։

Մի ստիպեք նրանց, որ դադարեն վշտանալ։ «Դե լավ, լավ, էլ մի լացիր»,— թերևս ասենք։ Սակայն շատ ավելի լավ կլինի թույլ տալ, որ մարդը հանգիստ արտասվի։ Հիշելով իր ամուսնու մահը՝ Քեթրինն ասում է. «Հարկավոր է թույլ տալ, որ վշտահարը արտահայտի իր զգացմունքները և դուրս հանի վիշտն իր սրտից»։ Մի փորձեք թելադրել ուրիշներին, թե ինչպես արտահայտեն  իրենց ցավը։ Եվ մի կարծեք, որ ձեր զգացմունքները թաքցնելով՝ կխնայեք ուրիշներինը։ Աստվածաշնչում գրված է. «Լացողների հետ լացէք» (Հռովմայեցիս 12։15

Հապճեպորեն խորհուրդ մի տվեք վշտահարին ձերբազատվել հանգուցյալի հագուստներից և այլ իրերից, մինչև նա պատրաստ չլինի դա անել։ Գուցե մտածենք, թե սգավորի համար լավ կլինի ձերբազատվել հիշողություններ արթնացնող առարկաներից, որոնք կարող են թարմացնել նրա սրտի վերքը։ Սակայն ոչ միշտ է կիրառելի «աչքից հեռու՝ սրտից հեռու» ասացվածքը։ Թերևս ժամանակ պահանջվի, մինչև վշտահարը համակերպվի իր կորստի հետ։ Հիշենք, թե ինչ ապրումներ ունեցավ նահապետ Հակոբը, երբ նրան հավաստիացրեցին, որ իր կրտսեր որդուն՝ Հովսեփին, հոշոտել է մի վայրի գազան։ Երբ Հակոբին ցույց տվեցին Հովսեփի արնաշաղախ հագուստը, նա «իր որդու համար շատ օրեր սուգ արաւ։ Եւ նորա բոլոր որդիները եւ նորա բոլոր աղջկերքը վեր կացան  նորան մխիթարելու, բայց նա մերժում էր մխիթարուիլը» (Ծննդոց 37։31–35

Մի՛ ասեք. «Ոչինչ, ուրիշ երեխա կունենաք»։ Մի մայր, որը երեխա էր կորցրել, հիշում է. «Ես շատ էի զայրանում, երբ ինձ ասում էին՝ դու դեռ ուրիշ երեխաներ կունենաս»։ Թերևս մարդիկ բարի միտումներով ասեն այդ խոսքերը, սակայն վշտահար ծնողին դրանք կարող են ‘սրի պես խոցոտել’ (Առակաց 12։18)։ Մի զավակը երբեք չի կարող փոխարինել մյուսին։ Ինչո՞ւ։ Քանի որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է։

Կարիք չկա խուսափել մահացածի անունը տալուց։ Մի մայր նշում է. «Շատերը չէին խոսում որդուս՝ Ջիմի մասին, նույնիսկ չէին հիշատակում նրա անունը։ Անկեղծ ասած՝ ես մի փոքր վիրավորվում էի դրանից»։ Այնպես որ, մի փոխեք թեման, երբ խոսք է բացվում մահացածի վերաբերյալ։ Հարցրեք վշտահարին, թե արդյոք ուզում է խոսել իր սիրելի հանգուցյալի մասին (Յոբ 1։18, 19; 10։1)։ Սգավոր մարդիկ սովորաբար շատ են գնահատում, երբ ընկերները հիշում են հանգուցյալի դրական հատկությունները (Գործք 9։36–39

Մի՛ շտապեք ասել. «Գուցե բարին էլ դա էր»։ Փորձելով մահվան մեջ բարի բան տեսնել՝ չեք մխիթարի վհատվածին (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, ՆԱ)։ Մի երիտասարդ կին իր մոր մահվան առնչությամբ պատմում է. «Ոմանք ասում էին՝ նա այլևս չի տանջվում, կամ՝ գոնե հիմա հանգստացավ։ Սակայն ինձ բոլորովին դուր չէին գալիս այդ խոսքերը»։ Նման արտահայտությունները կարող են այնպիսի միտք ներշնչել վշտահարին, թե չարժե սգալ, կամ թե նրա դժբախտությունը այնքան էլ մեծ չէ։ Մինչդեռ նա գուցե մեծ տխրություն է ապրում, քանի որ շատ է կարոտում իր մահացած հարազատին։

Թերևս տեղին չլինի ասել. «Ես լավ գիտեմ, թե դու ինչ ես զգում»։ Վստա՞հ եք, որ այդպես է։ Մի՞թե կարող եք մինչև վերջ զգալ, թե ինչ է նշանակում, օրինակ, երեխա կորցնել, եթե նման բանի երբեք չեք բախվել։ Եվ եթե նույնիսկ բախվել եք, ապա հիշեք, որ ամեն մարդ յուրովի է տանում վիշտը (Երեմիայի Ողբերը 1։12)։ Մյուս կողմից՝ թերևս օգտակար լինի պատմել, թե ինչպես եք դուք համակերպվել ձեր կորստի հետ։ Մի կին, որի դուստրը սպանվել էր, կարողացավ մխիթարություն գտնել՝ զրուցելով մեկ ուրիշ կնոջ հետ։ Վերջինս պատմել էր, թե իր դստեր մահվանից հետո ինչպես էր կարողացել վերադառնալ նորմալ կյանքի։ «Այդ կինը չսկսեց իր պատմությունը հետևյալ խոսքերով. «Գիտեմ, թե ինչ ես զգում»։ Նա պարզապես պատմեց, թե ինչ էր ապրել ինքը և թողեց, որ իմ հետևություններն անեմ»։

Վշտահար մարդուն օգնելու համար կարեկցանք, խորաթափանցություն և մեծ սեր է հարկավոր։ Մի սպասեք, որ առաջինը նա ձեզ մոտենա։ Տեղին չէ միայն հարցնել. «Որևէ բանով կարո՞ղ եմ օգնել»։ Ինքներդ գտեք այդ «որևէ բանը» և համապատասխան քայլեր ձեռնարկեք։

Սակայն դեռ անպատասխան են մնացել հետևյալ հարցերը. ի՞նչ կարելի է ասել հարության հույսի մասին, որ տալիս է Աստվածաշունչը։ Ի՞նչ է դա նշանակում ձեզ, ինչպես նաև ձեր մահացած հարազատի համար։ Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ այդ խոստումը կիրականանա։