«ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ անցել է Անգլիայում,— պատմում է իր հարազատին կորցրած մի անձնավորություն։— Դեռ վաղ տարիքից ինձ սովորեցրել են, որ զգացմունքներս չարտահայտեմ ուրիշների առջև։ Պարզ հիշում եմ, որ երբ որևէ բան էր պատահում, և ուզում էի լաց լինել, հայրս՝ զինվորական մի մարդ, ատամները կրճտացնելով, ասում էր. «Ձայնդ չլսե՛մ»։ Մայրս մեզանից ոչ մեկին երբեք կրծքին չէր սեղմում ու չէր համբուրում (մենք չորս երեխա էինք)։ Երբ 56 տարեկան էի, հայրս մահացավ։ Ես շատ մեծ ցավ ապրեցի։ Սակայն սկզբնական շրջանում չէի կարողանում լաց լինել»։

Որոշ երկրներում մարդիկ ազատորեն արտահայտում են իրենց զգացմունքները։ Նրանց տխրությունը և ուրախությունը պարզ երևում են բոլորին։ Մինչդեռ աշխարհի այլ մասերում, ինչպես օրինակ՝ Եվրոպայի հյուսիսում ու Բրիտանիայում, մարդկանց և հատկապես տղամարդկանց փոքրուց սովորեցնում են թաքցնել իրենց զգացմունքներն ու զսպել հույզերը։ Բայց մի՞թե սխալ է արտահայտել սրտի ցավը, երբ որևէ հարազատ է մահանում։ Ի՞նչ է այս կապակցությամբ ասում Աստվածաշունչը։

Աստվածաշնչյան օրինակներ վիշտն արտահայտելու վերաբերյալ

Աստվածաշունչը գրի են առել Միջերկրական ծովի արևելյան կողմում ապրող եբրայեցի տղամարդիկ։ Այդ վայրերում ընդունված է, որ մարդիկ բացահայտորեն դրսևորեն իրենց հույզերը։ Ուստի Սուրբ Գրություններում բազմիցս պատմվում է այնպիսի անհատների մասին, ովքեր ազատորեն արտահայտել են իրենց վիշտը։ Օրինակ՝ Դավիթ թագավորը սգաց իր սպանված որդու՝ Ամնոնի մահը, նույնիսկ «շատ մեծ լացով լաց եղա[վ]» (Բ Թագաւորաց 13։28–39)։ Դավիթը ողբաց անգամ իր դավադիր որդու՝ Աբիսողոմի մահվան համար, մինչդեռ վերջինս նրա ձեռքից թագավորությունը խլելու փորձ էր կատարել։ Աստվածաշնչում կարդում ենք. «[Դավիթ] թագաւորը խռովեցաւ ու վեր գնաց դռան վերնատունը եւ լաց եղաւ, եւ այսպէս էր ասում գնալով. Որդիս Աբիսողոմ, որդիս, որդիս Աբիսողոմ. երանի թէ ես մեռնէի քեզ տեղ, ով Աբիսողոմ որդիս, որդիս» (Բ Թագաւորաց 18։33)։ Դավթի պես կվարվեր ցանկացած հայր։ Այն, որ ծնողը ցանկանում է մահանալ իր զավակի փոխարեն, շատ բնական է։ Անընդունելի է թվում, որ երեխան վախճանվի ծնողից առաջ։

Իսկ ինչպե՞ս վարվեց Հիսուսը, երբ իր ընկեր Ղազարոսը մահացավ։ Վերջինիս գերեզմանի մոտ նա արտասվեց (Յովհաննէս 11։30–38)։ Ավելի ուշ, երբ մահացավ Հիսուսը, Մարիամ Մագդաղենացին լաց եղավ նրա գերեզմանի մոտ (Յովհաննէս 20։11–16)։ Ինչ խոսք, ունենալով հարության հույսը՝ քրիստոնյան այլևս անմխիթար վիճակում չէ, ինչպես  այն անհատները, որոնց պատկերացումները մահացածների վերաբերյալ սուրբգրային հիմնավորում չունեն։ Բայց քանի որ ճշմարիտ քրիստոնյաները սովորական մարդիկ են, նրանք, հարության հանդեպ հույս ունենալով հանդերձ, սգում են հարազատի մահը (Ա Թեսաղոնիկեցիս 4։12, 13

Լաց լինե՞լ, թե՞ լաց չլինել

Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերում ապրող մարդկանց մասին։ Միգուցե դուք դժվարանում եք արտահայտել ձեր զգացմունքները կամ ամաչում եք դրանից։ Ի՞նչ խորհուրդ են տալիս ժամանակակից հոգեբանները։ Նրանց կարծիքները հաճախ փաստում են Աստվածաշնչի հնագույն խորհուրդների իմաստությունը։ Հոգեբաններն ասում են, որ մենք պետք է արտահայտենք մեր վիշտը և ոչ թե զսպենք այն։ Սա հիշեցնում է հնում ապրած հավատարիմ մարդկանց, ինչպես օրինակ՝ Հոբին, Դավթին ու Երեմիային, որոնց ապրումների մասին կարելի է կարդալ Աստվածաշնչում։ Նրանք, անշուշտ, չեն զսպել իրենց հույզերը։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ խոհեմ չի լինի մեկուսանալ ուրիշներից (Առակաց 18։1, ՆԱ)։ Ինչ խոսք, տարբեր երկրներում մարդիկ  տարբեր կերպ են արտահայտում իրենց վիշտը։ Այս հարցում մեծ դեր կարող են խաղալ նաև տվյալ վայրում տարածված կրոնական պատկերացումները։ *

Իսկ եթե ուզում եք լա՞ց լինել։ Լացը մարդուն բնորոշ բան է։ Այս առիթով կարող ենք ևս մեկ անգամ հիշատակել Ղազարոսի մահը, երբ Հիսուսը «հոգովը խռովեց եւ.... արտասուեց» (Յովհաննէս 11։33, 35)։ Նրա օրինակը ցույց է տալիս, որ հարազատ կորցնելու դեպքում լացելը միանգամայն բնական է։

Երբ հարազատ է մահանում, տխրությունն ու արցունքները միանգամայն բնական են

Սա կարելի է փաստել հետևյալ օրինակով։ Աննայի փոքրիկ երեխան՝ Ռեյչլը, հանկարծակի մահացավ։ «Զարմանալին այն է,— պատմում է նրա ամուսինը,— որ թաղման ժամանակ լաց եղան բոլորը, բացի ինձնից ու Աննայից»։ «Այո՛,— համաձայնվում է Աննան,— սակայն մի անգամ ես լաց եղա երկուսիս փոխարեն։ Դա տեղի ունեցավ նրա մահից մի քանի շաբաթ անց, երբ մի օր ես, ի վերջո, տանը մենակ մնացի։ Լաց եղա ամբողջ օրը և թեթևացում զգացի։ Ես փոքրիկիս մահը ողբալու կարիք ունեի։ Կարծում եմ՝ հարազատի մահը սգացող մարդը անպայման պետք է լաց լինի, և չարժե տարհամոզել նրան։ Թեև ուրիշները մեխանիկորեն ասում են՝ մի լացիր, սակայն այդ խորհուրդն իրականում օգտակար չէ»։

Ինչպես են ոմանք արձագանքում

Ինչպե՞ս է հարազատի կորուստը անդրադառնում ոմանց վրա։ Ահա Խուանիտայի օրինակը։ Նա լավ գիտի, թե ինչ է նշանակում երեխա կորցնել։ Խուանիտան հինգ վիժումներ էր ունեցել։ Վեցերորդ հղիության ընթացքում նա ավտովթարի էր ենթարկվել և ընկել հիվանդանոց։ Միանգամայն հասկանալի է, որ Խուանիտան անհանգստանալու պատճառներ ուներ։ Երկու շաբաթ անց նրա մոտ սկսվեցին երկունքի ցավերը, սակայն վաղաժամ։ Լույս աշխարհ եկավ փոքրիկ Վանեսան, որն ընդամենը 0,9 կիլոգրամ էր։ «Ես ցնծության մեջ էի,— հիշում է Խուանիտան։— Վերջապե՛ս մայր էի դարձել»։

Բայց նրա երջանկությունը երկար չտևեց։ Չորս օր հետո Վանեսան մահացավ։ Խուանիտան պատմում է. «Սրտիս խորքում դատարկություն էի զգում։ Կարծես զրկված լինեի մայրանալու իրավունքից։  Ես ինձ լիարժեք մարդ չէի համարում։ Երբ տուն վերադարձա ու մտա այն սենյակը, որը պատրաստել էինք Վանեսայի համար, և տեսա այն փոքրիկ շապիկները, որ նրա համար գնել էի, երկինքը փուլ եկավ գլխիս։ Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում ես կրկին ու կրկին հիշում էի նրա ծնունդը։ Ոչ ոքի չէի ուզում տեսնել»։

Արդյոք կարելի՞ է ասել, որ նա ընկել էր ծայրահեղության մեջ։ Միգուցե ուրիշներին դժվար լինի հասկանալ նրա զգացմունքները։ Սակայն նրանք, ովքեր եղել են Խուանիտայի վիճակում, ասում են, որ իրենց փոքրիկի մահը ողբացել են այնպես, ինչպես կողբային մեծի մահը։ Ծնողը սկսում է սիրել իր երեխային նրա ծնվելուց դեռ շատ ժամանակ առաջ։ Մոր ու մանկան միջև հատուկ կապ է ստեղծվում։ Եվ երբ պտուղը մահանում է, մայրն այնպիսի զգացում է ունենում, թե մահացել է արդեն ձևավորված մի անհատ։ Հենց սա է, որ ուրիշները պետք է հասկանան։

Զայրույթ և մեղավորության զգացում

Մի մայր, որի վեցամյա որդին հանկարծամահ էր եղել սրտի բնածին արատի պատճառով, ասում է. «Ես տարբեր ապրումներ ունեցա. ոչինչ չէի զգում, չէի հավատում տեղի ունեցածին, մեղադրում էի ինքս ինձ ու զայրանում ամուսնուս, ինչպես նաև բժշկի վրա, որ չէին հասկացել, թե որքան ծանր է որդուս վիճակը»։

Վշտի արտահայտման մեկ ուրիշ ձև է զայրույթը։ Մարդը կարող է զայրանալ բժիշկների ու բուժաշխատողների վրա՝ մտածելով, թե նրանք չեն արել ամեն ինչ՝ մահացածին փրկելու համար։ Կամ էլ նա կարող է զայրանալ իր ընկերների ու բարեկամների վրա, որոնք, իր կարծիքով, սխալ են խոսում և ճիշտ չեն վարվում։ Ոմանք զայրանում են մահացածի վրա, որ նա հոգ չի տարել իր առողջության մասին։ Ստելան ասում է. «Հիշում եմ, որ զայրացած էի ամուսնուս վրա։ Ես գիտեի, որ ամեն բան կարող էր այլ կերպ դասավորվել։ Ամուսինս, ինչ խոսք, շատ հիվանդ էր, բայց նա լուրջ չէր վերաբերվում բժշկի նախազգուշացումներին»։ Մարդը հանգուցյալի վրա կարող է զայրանալ նաև այն պատճառով, որ վերջինս պարտականությունների ավելորդ բեռ է թողել իր ուսերին։

Զայրույթը կարող է ոմանց մեջ մեղավորության զգացում առաջ բերել. նրանք սկսում են դատապարտել իրենց այն բանի համար, որ զայրանում են հանգուցյալի վրա։ Ոմանք էլ իրենց են մեղադրում հարազատի մահվան մեջ։ Նրանք կարծում են, որ եթե այդ մարդուն ստիպեին ավելի շուտ դիմել բժշկի, գնալ ուրիշ բժշկի մոտ կամ ավելի լավ հոգ տանել իր առողջության մասին, ապա վերջինս չէր մահանա։

Երեխայի մահը սոսկալի հարված է. անկեղծորեն արտահայտելով ձեր կարեկցանքը՝ օգնած կլինեք ծնողներին

 Կան մարդիկ, որոնց մեջ մեղավորության զգացումը ավելի ծայրահեղ ձևով է դրսևորվում, հատկապես եթե իրենց հարազատը մահանում է անսպասելիորեն։ Նրանք սկսում են հիշել այն դեպքերը, երբ զայրացել են հանգուցյալի վրա կամ վիճել վերջինիս հետ։ Նաև իրենց թվում է, թե մահացածի համար չեն արել այն ամենը, ինչ պետք է անեին։

Սովորաբար մայրերը բավականին երկար են տանում իրենց վիշտը, և դա հաստատում է մասնագետների կարծիքն այն մասին, որ երեխայի մահը անջնջելի հետք է թողնում ծնողների, հատկապես մոր կյանքում։

Երբ կորցնում ես կողակցիդ

Կողակցի մահը բոլորովին այլ ցավ է մարդու համար, հատկապես եթե նա շատ մտերիմ է եղել իր կյանքի ընկերոջ հետ։ Դրանով վերջ է դրվում նրանց համատեղ կյանքին՝ ուղևորություններին, աշխատանքին, ժամանցին և փոխհարաբերություններին։

Յունիսը, որի ամուսինը հանկարծամահ էր եղել սրտամկանի ինֆարկտից, պատմում է. «Առաջին շաբաթվա ընթացքում սիրտս քարացել էր, ասես կորցրել էի մտածելու և գործելու ունակությունս։ Ես կորցրել էի անգամ համի ու հոտառության զգացումը։ Գիտակցությունս տեղն էր, սակայն կարծես լինեի  մշուշի մեջ։ Քանի որ վերակենդանացման բաժնում ամուսնուս կողքին էի և տեսել էի, թե ինչպես են բժիշկները զանազան միջոցներով փորձում փրկել նրան, չէի ժխտում իրողությունը, ինչպես որ սովորաբար անում են իմ վիճակում գտնվող մարդիկ։ Այնուամենայնիվ, ծայրաստիճան հուսալքված էի։ Ասես իմ աչքերի առջև մի մեքենա էր գլորվում անդունդը, իսկ ես անզոր էի որևէ բան փոխելու»։

Արդյոք նա լաց լինո՞ւմ էր։ «Իհարկե, հատկապես երբ կարդում էի ինձ ուղարկված հարյուրավոր ցավակցական նամակները։ Ես լաց էի լինում դրանցից յուրաքանչյուրն ընթերցելիս։ Դրա շնորհիվ ուժ էի գտնում օրս անցկացնելու։ Բայց տանել չէի կարողանում, երբ ինձ անընդհատ հարցնում էին, թե ինչպես եմ։ Պարզ էր, որ շատ վատ էի»։

Ի՞նչը ուժ տվեց Յունիսին։ «Ենթագիտակցաբար որոշել էի, որ պիտի շարունակեմ ապրել,— ասում է նա։— Բայց մինչև օրս էլ ցավ եմ զգում, երբ հիշում եմ, որ կյանքն այդքան սիրող իմ ամուսինը այլևս չի կարող վայելել այն»։

«Թույլ մի տվեք, որ ուրիշները թելադրեն ձեզ»

Մի գրքում տրվում է հետևյալ խորհուրդը. «Թույլ մի տվեք, որ ուրիշները թելադրեն ձեզ, թե ինչ պետք է անեք կամ զգաք։ Տարբեր մարդկանց մոտ վիշտը տարբեր կերպ է արտահայտվում։ Մարդիկ կարող են մտածել (և նույնիսկ ասել), որ չափից շատ կամ էլ սովորականից քիչ եք վշտանում։ Ներեք նրանց ու մոռացեք այդ մասին։ Եթե մտնեք այն կաղապարի մեջ, որ ստեղծում են ուրիշները կամ հասարակությունը, ապա կխոչընդոտեք ձեր էմոցիոնալ առողջության վերականգնումը» («Leavetaking—When and How to Say Goodbye»)։

Ինչ խոսք, յուրաքանչյուր մարդ յուրովի է համակերպվում իրողությանը։ Եվ մենք չենք փորձում այս առումով որևէ նախընտրելի տարբերակ առաջարկել, որը գործնական է բոլոր մարդկանց համար։ Սակայն խիստ վտանգավոր կլինի, եթե մարդը ուժ չգտնի հաշտվելու իրողության հետ։ Այդ դեպքում նրան թերևս պետք գա կարեկից ընկերոջ օգնությունը։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած»։ Ուրեմն մի վարանեք դիմել ուրիշների օգնությանը, խոսել կամ լաց լինել (Առակաց 17։17

Միանգամայն բնական է սգալ հարազատ մարդու կորուստը։ Եվ սարսափելի ոչինչ չի լինի, եթե ուրիշները նկատեն ձեր ապրումները։ Բայց պատասխանի կարիք ունեն հետևյալ հարցերը. «Ինչպե՞ս ուժ գտնեմ ապրելու։ Արդյոք զայրույթն ու մեղավորության զգացումը բնակա՞ն են։ Ինչպե՞ս կարող եմ ձերբազատվել այդ զգացումներից։ Ի՞նչը կօգնի ինձ վերապրելու իմ վիշտը»։ Հաջորդ գլխում կքննարկվեն այս և մի քանի ուրիշ հարցերի պատասխանները։

^ պարբ. 8 Օրինակ՝ Նիգերիայի յորուբա ժողովուրդը հավատում է հոգու վերամարմնավորման գաղափարին։ Ուստի երբ մայրը զավակ է կորցնում, նրանք ողբում են այդ կորուստը, սակայն ոչ երկար ժամանակ։ Նրանց երգերից մեկում ասվում է. «Միայն ջուրն է թափվում, բայց ջրամանը չի կոտրվում»։ Ըստ յորուբաների՝ ջրամանը մայրն է, որը կարող է ծնել մեկ ուրիշ երեխա։ Հնարավոր է, որ վերջինիս մեջ բնակություն հաստատի մահացածի վերամարմնավորված հոգին։ Բայց Եհովայի վկաները չեն հետևում ոչ մի այնպիսի ավանդության, որը բխում է սնապաշտական պատկերացումներից՝ հիմնված հոգու անմահության և վերամարմնավորման կեղծ գաղափարների վրա։ Այդ գաղափարները սուրբգրային որևէ ապացույց չունեն (Ժողովող 9։5, 10; Յակոբոս 5։20