Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Բարի լուր Աստծուց

 ԴԱՍ 6

Ի՞նչ հույս կա մահացածների համար

Ի՞նչ հույս կա մահացածների համար

1. Ի՞նչ է հայտնում բարի լուրը մահացածների մասին։

Երբ Հիսուսը եկավ Երուսաղեմի մոտ գտնվող Բեթանիա գյուղը, նրա ընկեր Ղազարոսը արդեն չորս օր էր, ինչ մահացել էր։ Հիսուսը գնաց գերեզման, նրան միացան ննջեցյալի քույրերը՝ Մարթան և Մարիամը։ Շատ չանցած՝ մի ամբոխ հավաքվեց։ Կարո՞ղ ես պատկերացնել Մարթայի և Մարիամի ուրախությունը, երբ Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին։ Կարդա՛ Հովհաննես 11։21–24, 38–44։

Մարթային հայտնի էր մահացածների մասին բարի լուրը։ Նա գիտեր, որ Եհովան ապագայում մահացածներին հարություն է տալու, որպեսզի նրանք նորից ապրեն երկրի վրա։ Կարդա՛ Հոբ 14։14, 15։

2. Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները։

Աստված ասաց Ադամին. «Հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս» (ԾՆՆԴՈՑ 3։19)

Մարդիկ ստեղծված են հողի փոշուց (Ծննդոց 2։7; 3։19)։ Մենք ոգիներ չենք, որ ապրում ենք նյութական մարմիններում։ Մենք ֆիզիկական արարածներ ենք և մեզանից ոչինչ չի վերապրում մահից հետո։ Երբ մահանում ենք, մահանում է մեր ուղեղը, և անհետանում են մեր մտքերը։ Դա է պատճառը, որ երբ Ղազարոսը հարություն առավ, ոչինչ չպատմեց, քանի որ մահացածները անգիտակից վիճակում են։ Կարդա՛ Սաղմոս 146։4; Ժողովող 9։5, 6, 10։

Մի՞թե Աստված մահից հետո կրակի մեջ տանջում է մարդկանց։ Աստվածաշունչն ասում է, որ մահացածները անգիտակից վիճակում են, ուստի դժոխքի կրակների մասին ուսմունքը կեղծ է և անարգանք է բերում Աստծու անվանը։ Մարդկանց կրակի մեջ տանջելու գաղափարն անգամ գարշելի է նրան։ Կարդա՛ Երեմիա 7։31։

 3. Կարո՞ղ են մահացածները խոսել մեզ հետ։

Մահացածները ո՛չ կարող են խոսել, ո՛չ էլ լսել (Սաղմոս 115։17)։ Սակայն կան չար հրեշտակներ, ովքեր կարող են խոսել մարդկանց հետ՝ ձևացնելով, թե իրենք մահացած մարդիկ են (2 Պետրոս 2։4)։ Եհովան արգելում է մահացածների հետ հաղորդակցվելու փորձ անելը։ Կարդա՛ 2 Օրենք 18։10, 11։

4. Ովքե՞ր են հարություն առնելու։

Միլիոնավոր մահացած մարդիկ հետ կյանքի կբերվեն երկրի վրա ապրելու համար։ Հարություն կառնեն նույնիսկ նրանք, ովքեր չեն ճանաչել Աստծուն և վատ գործեր են արել։ Կարդա՛ Ղուկաս 23։43; Գործեր 24։15։

Հարություն առածները հնարավորություն կունենան սովորելու Աստծու մասին ճշմարտությունը և հավատ դրսևորելու Հիսուսի հանդեպ՝ հնազանդվելով նրան (Հայտնություն 20։11–13)։ Նրանք, ովքեր կարթնանան մահվան քնից և բարի գործեր կանեն, հնարավորություն կունենան հավիտյան վայելելու կյանքը երկրի վրա։ Կարդա՛ Հովհաննես 5։28, 29։

5. Հարության հույսն ի՞նչ է բացահայտում Եհովայի մասին։

Աստված հարությունը հնարավոր դարձրեց՝ ուղարկելով իր Որդուն մահանալու մեզ համար։ Ուստի սա Եհովայի սիրո և անզուգական բարության դրսևորումն է։ Երբ մահացածները հարություն առնեն, հատկապես ո՞ւմ կուզես տեսնել։ Կարդա՛ Հովհաննես 3։16; Հռոմեացիներ 6։23։