Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Բարի լուր Աստծուց

 Դաս 8

Ինչո՞ւ է Աստված թույլատրում չարությունն ու տառապանքը

Ինչո՞ւ է Աստված թույլատրում չարությունն ու տառապանքը

Աստված թույլատրում է մարդկային իշխանությունը այնքան ժամանակ, մինչև ապացուցվի, որ մարդիկ չեն կարող լուծել իրենց խնդիրները

1. Ինչպե՞ս սկիզբ առավ չարությունը։

Չարությունը երկրի վրա սկիզբ առավ այն ժամանակ, երբ Սատանան ասաց առաջին սուտը։ Սկզբում նա կատարյալ հրեշտակ էր, բայց «ճշմարտության մեջ հաստատ չմնաց» (Հովհաննես 8։44)։ Նա թույլ տվեց, որ իր մեջ ցանկություն զարգանա ստանալու այն երկրպագությունը, որը իրավամբ պատկանում է միայն Աստծուն։ Սատանան խաբեց առաջին կնոջը՝ Եվային՝ համոզելով, որ Աստծու փոխարեն իրեն հնազանդվի։ Աստծուն անհնազանդ գտնվելու հարցում Ադամը միացավ Եվային։ Նրա այդ որոշումը դուռ բացեց տառապանքի ու մահվան առաջ։ Կարդա՛ Ծննդոց 3։1–6, 19։

Երբ Սատանան դրդեց Եվային չհնազանդվելու Աստծուն, նա սկիզբ դրեց մի ապստամբության, որն ուղղված էր Աստծու գերիշխանության, այսինքն՝ Բարձրյալի դիրքի դեմ։ Մարդկանց մեծամասնությունը միացել է Սատանային՝ մերժելով Աստծուն որպես իրենց Ղեկավարի։ Այդպիսով Սատանան դարձավ «այս աշխարհի իշխանը»։ Կարդա՛ Հովհաննես 14։30; 1 Հովհաննես 5։19։

2. Աստծու ստեղծագործությունը թերի՞ էր։

Աստծու բոլոր գործերը կատարյալ են։ Նրա ստեղծագործությունները՝ մարդիկ և հրեշտակները, ստեղծված են իրեն կատարելապես հնազանդվելու կարողությամբ (2 Օրենք 32։4, 5)։ Աստված մեզ ընտրության ազատություն է տվել՝ անել բարին կամ չարը։ Այս ազատությունը հնարավորություն է տալիս մեզ դրսևորելու մեր սերը Աստծու հանդեպ։ Կարդա՛ Հակոբոս 1։13–15; 1 Հովհաննես 5։3։

3. Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը։

Ժամանակավորապես Եհովան թույլատրում է իր գերիշխանության դեմ ուղղված ըմբոստությունը։ Ինչո՞ւ։ Ցույց տալու համար, որ մարդկային ոչ մի կառավարություն չի կարող երջանկություն բերել մարդկանց (Ժողովող 7։29; 8։9)։ Մարդկության պատմության 6000 տարիները դա են փաստում։ Մարդկային ղեկավարներին  չի հաջողվել վերացնել պատերազմը, ոճրագործությունը, անարդարությունը կամ հիվանդությունները։ Կարդա՛ Երեմիա 10։23; Հռոմեացիներ 9։17։

Ի տարբերություն մարդկային իշխանության՝ Աստծու իշխանությունը օգուտներ կբերի նրանց, ովքեր կընդունեն այն (Եսայիա 48։17, 18)։ Շուտով Եհովան վերջ կդնի բոլոր մարդկային կառավարություններին։ Միայն այն մարդիկ կժառանգեն երկիրը, ովքեր ցանկանում են, որ Աստված ղեկավարի իրենց (Եսայիա 11։9Կարդա՛ Դանիել 2։44։

Մեր ընտրությունը ցույց է տալիս, թե արդյոք ուզում ենք, որ Աստված Ղեկավարի մեզ

4. Ի՞նչ անելու հնարավորություն է տալիս մեզ Աստծու համբերությունը։

Սատանան պնդում էր, թե ոչ մեկը չի ցանկանա անշահախնդիր սիրուց մղված ծառայել Եհովային։ Ուզո՞ւմ ես հերքել այս սուտը։ Դու դա կարո՛ղ ես անել։ Աստծու համբերությունը թույլ է տալիս, որ յուրաքանչյուրս ցույց տա՝ Աստծո՞ւ, թե՞ մարդկային կառավարության կողմնակիցն է։ Մենք մեր ապրելակերպով ենք ցույց տալիս մեր ընտրությունը։ Կարդա՛ Հոբ 1։8–12; Առակներ 27։11։

5. Ինչպե՞ս կարող ենք Աստծուն ընտրել որպես Ղեկավարի։

Մենք կարող ենք ընտրել Աստծուն, եթե ուսումնասիրենք Սուրբ Գիրքը և ճիշտ երկրպագություն մատուցենք նրան (Հովհաննես 4։23)։ Մենք կարող ենք մերժել Սատանային՝ հեռու մնալով քաղաքականությունից և պատերազմներից, ինչպես Հիսուսն արեց։ Կարդա՛ Հովհաննես 17։14։

Սատանան օգտագործում է իր իշխանությունը՝ խրախուսելու համար անբարոյությունն ու վնասակար սովորությունները։ Երբ մերժում ենք այս սովորությունները, մեր ընկերներից և հարազատներից ոմանք գուցե ծաղրում կամ հալածում են մեզ (1 Պետրոս 4։3, 4)։ Մենք կանգնած ենք ընտրության առաջ. կհնազանդվե՞նք Աստծու իմաստուն ու սիրառատ օրենքներին և կընկերակցե՞նք նրան սիրող մարդկանց հետ, թե ոչ։ Եթե ճիշտ որոշում կայացնենք, կապացուցենք, որ Սատանայի պնդումը, թե ճնշումների ենթարկվելիս ոչ ոք չի վարվի Աստծու կամքի համաձայն, սուտ է։ Կարդա՛ 1 Կորնթացիներ 6։9, 10; 15։33։

Մարդկանց հանդեպ Աստծու սերը երաշխիք է, որ տառապանքին ու չարությանը վերջ կդրվի։ Նրանք, ովքեր փաստում են, որ հավատում են դրան, հավիտյան կվայելեն կյանքը երկրի վրա։ Կարդա՛ Հովհաննես 3։16։

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը

Շատերը կարծում են, թե Աստված է մեղավոր մարդկանց կրած տառապանքի համար։ Իսկ դու ի՞նչ ես կարծում։ Տես, թե Աստված տառապանքը թույլատրելու ինչ պատճառներ ունի։