Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Բարի լուր Աստծուց

 Դաս 11

Ինչո՞վ են օգտակար Աստվածաշնչի սկզբունքները

Ինչո՞վ են օգտակար Աստվածաշնչի սկզբունքները

Ինչպե՞ս կարող են աստվածաշնչյան սկզբունքները մղել մեզ նախազգուշական միջոցներ ձեռնարկելու (ՍԱՂՄՈՍ 36։9)

1. Ինչո՞ւ ունենք առաջնորդության կարիք։

Մեր Ստեղծիչը ավելի իմաստուն է, քան մենք։ Սիրող Հոր պես՝ նա հոգ է տանում մեր մասին։ Աստծու նպատակը չէր, որ մենք ապրենք առանց իր առաջնորդության (Երեմիա 10։23)։ Ուստի ինչպես փոքրիկ երեխան իր ծնողների կարիքն ունի, այնպես էլ մենք բոլորս Աստծու կարիքն ունենք (Եսայիա 48։17, 18)։ Աստված մեզ առաջնորդում է աստվածաշնչյան սկզբունքներով, և դա կարելի է պարգև համարել Աստծուց։ Կարդա՛ 2 Տիմոթեոս 3։16։

Եհովայի տված օրենքներն ու սկզբունքները սովորեցնում են, թե ինչպես կարող ենք այսօր ապրել լավագույն կյանքով և ապագայում ստանալ հավիտենական օրհնություններ։ Քանի որ Աստված է մեզ ստեղծել, մենք միայն օգուտներ կքաղենք, եթե երախտագիտությամբ հետևենք նրա տված առաջնորդությանը։ Կարդա՛ Սաղմոս 19։7, 11; Հայտնություն 4։11։

2. Ի՞նչ են աստվածաշնչյան սկզբունքները։

Աստվածաշնչյան սկզբունքները հիմնարար ճշմարտություններ են։ Իսկ օրենքները սահմանված են միայն կոնկրետ իրավիճակների համար (2 Օրենք 22։8)։ Մենք պետք է գործի դնենք մեր խորհելու կարողությունը, որպեսզի հասկանանք, թե որևէ սկզբունք ինչպես կարող ենք կիրառել կոնկրետ իրավիճակում (Առակներ 2։10–12)։ Օրինակ՝ Աստվածաշունչը սովորեցնում է, որ կյանքը պարգև է Աստծուց։ Այս հիմնարար սկզբունքը կարող է առաջնորդել մեզ աշխատանքի վայրում, տանը և ճանապարհին։ Դա մղում է մեզ, որ նախազգուշական միջոցներ ձեռնարկենք։ Կարդա՛ Գործեր 17։28։

3. Որո՞նք են երկու կարևոր սկզբունքները։

Հիսուսը խոսեց երկու սկզբունքի մասին, որոնք առաջնային կարևորություն ունեն։ Առաջինը  հստակ ցույց է տալիս, թե որն է մարդու կյանքի նպատակը. ճանաչել Աստծուն, սիրել և հավատարմորեն ծառայել նրան։ Այս սկզբունքը պետք է հաշվի առնել ցանկացած որոշում կայացնելիս (Առակներ 3։6)։ Նրանք, ովքեր կիրառում են այս սկզբունքը իրենց կյանքում, լավ փոխհարաբերություններ կունենան Աստծու հետ, իսկական երջանկություն կվայելեն և կստանան հավիտենական կյանք։ Կարդա՛ Մատթեոս 22։36–38։

Երկրորդ սկզբունքը կարող է օգնել մեզ խաղաղ փոխհարաբերություններ ունենալու ուրիշների հետ (1 Կորնթացիներ 13։4–7)։ Այս սկզբունքը կիրառել նշանակում է ընդօրինակել այն վերաբերմունքը, որն Աստված է դրսևորում մարդկանց հանդեպ։ Կարդա՛ Մատթեոս 7։12; 22։39, 40։

4. Ինչո՞վ են օգտակար Աստվածաշնչի սկզբունքները։

Աստվածաշնչի սկզբունքները սովորեցնում են ընտանիքի անդամներին, թե ինչպես կարող են սիրով միաբանված լինել (Կողոսացիներ 3։12–14)։ Աստծու Խոսքը նաև պաշտպանում է ընտանիքներին մեկ այլ առաջնորդող սկզբունքով. ամուսնությունը պետք է հարատև լինի։ Կարդա՛ Ծննդոց 2։24։

Աստվածաշնչի սկզբունքներին հետևելով՝ կարող ենք պաշտպանել ինքներս մեզ ֆիզիկապես և զգացապես։ Օրինակ՝ գործատերերը հաճախ նախընտրում են ունենալ այնպիսի աշխատողներ, ովքեր ապրում են աստվածաշնչյան սկզբունքներով՝ ազնիվ են և աշխատասեր (Առակներ 10։4, 26; Եբրայեցիներ 13։18)։ Աստծու Խոսքը նաև սովորեցնում է բավարարվել անհրաժեշտ բաներով և Աստծու հետ ընկերությունը նյութական բաներից վեր դասել։ Կարդա՛ Մատթեոս 6։24, 25, 33; 1 Տիմոթեոս 6։8–10։

Աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել պահպանելու մեր առողջությունը (Առակներ 14։30; 22։24, 25)։ Օրինակ՝ Աստծու օրենքը դատապարտում է հարբեցողությունը, և այդ օրենքին հետևելը պաշտպանում է մեզ մահացու հիվանդություններից ու դժբախտ պատահարներից (Առակներ 23։20)։ Եհովան չի արգելում ալկոհոլային խմիչքների չափավոր օգտագործումը (Սաղմոս 104։15; 1 Կորնթացիներ 6։10)։ Աստծու սկզբունքները օգտակար են նրանով, որ սովորեցնում են հսկել ոչ միայն մեր գործերը, այլև մեր մտքերը (Սաղմոս 119։97–100)։ Սակայն ճշմարիտ քրիստոնյաները հետևում են Աստծու չափանիշներին ոչ միայն այն պատճառով, որ դրանք օգտակար են իրենց համար, այլ քանի որ այդպես վարվելով պատվում են Եհովային։ Կարդա՛ Մատթեոս 5։14–16։

 

Իմացիր ավելին

Ապրիր Աստծուն հաճելի կյանքով

Իրականում հնարավոր է ապրել Եհովային հաճելի կյանքով։ Դու կարող ես դառնալ նրա ընկերը։

Կյանքի վերաբերյալ Աստծու տեսակետը

Ինչպե՞ս է Աստված վերաբերվում արհեստական վիժմանը, արյան փոխներարկմանը և կենդանիների կյանքին։

Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն

Աստվածաշնչյան անվճար դասընթացներ ձեզ հարմար վայրում և հարմար ժամին։