Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ԳԼՈՒԽ 19

Մնա Աստծու սիրո մեջ

Մնա Աստծու սիրո մեջ
  • Ի՞նչ է նշանակում սիրել Աստծուն

  • Ինչպե՞ս կարող ես մնալ Աստծու սիրո մեջ

  • Ինչպե՞ս է Եհովան վարձատրելու նրանց, ովքեր մնում են իր սիրո մեջ

Եհովան կդառնա՞ քո ապաստանը այս փոթորկալից ժամանակներում

1, 2. Որտե՞ղ կարող ենք այսօր ապաստան գտնել։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ փոթորկալից օր է, և դու քայլում ես փողոցով։ Երկինքը գնալով մռայլվում է։ Հանկարծ փայլատակում է կայծակը, ամպերը ահեղ որոտում են, վրա է տալիս տեղատարափ անձրևը։ Դու արագացնում ես քայլերդ և հուսահատ որոնում մի վայր, որտեղ հնարավոր կլինի պատսպարվել։ Ճանապարհին մի ապահով տեղ ես նկատում։ Այնտեղ չոր է ու տաք։ Որքա՜ն ես ուրախանում, որ գտել ես այդ ապաստանը։

2 Մենք ապրում ենք փոթորկալից ժամանակներում։ Աշխարհի վիճակը գնալով վատթարանում է։ Սակայն գոյություն ունի մի ապաստան, որտեղ կարող ենք պաշտպանություն գտնել։ Ի՞նչ ապաստան է դա։ Աստվածաշունչն ասում է. «Ես կասեմ Եհովային. «Դո՛ւ ես իմ ապավենը և իմ ամրոցը, իմ Աստվածը, որին ես պիտի վստահեմ»» (Սաղմոս 91։2

3. Ինչպե՞ս Եհովան կդառնա մեր ապաստանը։

3 Եհովան՝ տիեզերքի Արարիչն ու Գերիշխանը, կարող է ապաստան լինել և պաշտպանել մեզ։ Ոչ ոք և ոչինչ չի կարող գերազանցել նրա  զորությունը։ Նույնիսկ եթե մեզ վնաս հասցնեն, Եհովան կվերացնի դրա բոլոր հետևանքները։ Բայց ինչպե՞ս Եհովան կդառնա մեր ապաստանը։ Մենք պետք է վստահենք նրան։ Ավելին, Աստծու Խոսքը խրախուսում է մեզ. «Մնացեք Աստծու սիրո մեջ» (Հուդա 21)։ Այո՛, մենք պետք է մնանք Աստծու սիրո մեջ՝ ջերմ կապվածություն ունենալով մեր երկնային Հոր հետ։ Այդ դեպքում նա կդառնա մեր ապաստանը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք այդպիսի ջերմ կապ հաստատել նրա հետ։

ՏԵՍ ԱՍՏԾՈՒ ՍԵՐԸ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔԻՐ

4, 5. Ի՞նչ կերպերով է Եհովան ցուցաբերում իր սերը մեր հանդեպ։

4 Աստծու սիրո մեջ մնալու համար մենք պետք է հասկանանք, թե ինչպես է նա սեր ցուցաբերում մեր հանդեպ։ Խորհիր աստվածաշնչյան այն ուսմունքների մասին, որոնք սովորել ես այս գրքի օգնությամբ։ Մեր Ստեղծիչը՝ Եհովան, տվել է մեզ մի հիանալի բնակարան՝ Երկիր մոլորակը, ապահովել է առատ ուտելիքով, ջրով, բնական ռեսուրսներով։ Նա ստեղծել է զարմանահրաշ կենդանական և բուսական աշխարհ՝ լի հեքիաթային տեսարաններով։ Լինելով Աստվածաշնչի Հեղինակը՝ Եհովան հայտնել է մեզ իր անունը և բացահայտել իր անձնավորությունը։ Ավելին, նա երկիր է ուղարկել իր միածին Որդուն՝ թույլ տալով, որ վերջինս չարչարանքներ կրի ու մահանա մեզ համար (Հովհաննես 3։16)։ Իսկ ի՞նչ է նշանակում նրա տված փրկանքը մեզ համար. այն հիասքանչ ապագայի հույս է տալիս։

5 Մենք ապագայի հույս ունենք նաև այն պատճառով, որ Եհովան երկնային մի կառավարություն է հաստատել՝ Մեսիական Թագավորությունը։ Շուտով այն վերջ կդնի բոլոր տառապանքներին ու Երկիր մոլորակը դրախտի կվերածի։ Միայն պատկերացրու. մենք կարող ենք դրախտում հավիտյան ապրել խաղաղ ու երջանիկ կյանքով (Սաղմոս 37։29)։ Սակայն արդեն այսօր Աստված մեզ առաջնորդություն է տալիս, թե ինչպես կարող ենք ապրել լավագույն կյանքով։ Նա տվել է նաև աղոթելու՝ իր հետ ազատորեն խոսելու առանձնաշնորհումը։ Սրանք միայն մի քանիսն են այն կերպերից, որոնց միջոցով Եհովան սեր է ցուցաբերում ողջ մարդկության և անհատապես քո հանդեպ։

6. Ինչպե՞ս կարող ես արձագանքել Եհովայի սիրուն։

 6 Հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս պետք է արձագանքեմ Եհովայի սիրուն»։ Հավանաբար շատերը կասեն. «Ես էլ նրան պետք է սիրեմ»։ Իսկ դո՞ւ ինչ կպատասխանես։ Հիսուսն ասաց, թե որն է ամենամեծ պատվիրանը. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթեոս 22։37)։ Իրականում, դու Եհովա Աստծուն սիրելու շատ պատճառներ ունես։ Բայց բավակա՞ն է արդյոք միայն զգալ, որ սիրում ես նրան։

7. Բավակա՞ն է արդյոք Աստծու հանդեպ միայն սիրո զգացում ունենալ։ Բացատրիր օրինակով։

7 Ինչպես Աստվածաշունչն է նշում, Աստծու հանդեպ սերը զգացմունքից ավելին է։ Ու թեև սիրո զգացումը կարևոր է, սակայն դա իսկական սիրո սկիզբն է միայն։ Օրինակ՝ խնձորի կորիզից խնձորենի է աճում։ Բայց եթե ցանկանաս խնձոր ուտել, գոհ կլինե՞ս, եթե միայն խնձորի կորիզ ունենաս։ Դժվար թե։ Նմանապես, Եհովա Աստծու նկատմամբ միայն սիրո զգացումը բավարար չէ։ Աստվածաշունչը ասում է. «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5։3)։ Աստծու հանդեպ մեր սերը պետք է պտուղ տա, այսինքն՝ դրսևորվի գործերով (կարդա՛  Մատթեոս 7։16–20

8, 9. Ինչպե՞ս կարող ենք սեր և գնահատանք դրսևորել Աստծու հանդեպ։

8 Մենք ցույց ենք տալիս մեր սերը Աստծու հանդեպ, երբ պահում ենք նրա պատվիրանները և կիրառում նրա սկզբունքները։ Դա բոլորովին էլ դժվար չէ։ Եհովայի օրենքները ծանր չեն, դրանք օգնում են մեզ ապրելու հաճելի, երջանիկ և բավականություն պատճառող կյանքով (Եսայիա 48։17, 18)։ Ապրելով Եհովայի տված առաջնորդության համաձայն՝ մենք ցույց ենք տալիս մեր երկնային Հորը, որ գնահատում ենք այն ամենը, ինչ նա արել է մեզ համար։ Ցավոք, այսօր աշխարհում քչերն են այդպիսի գնահատանք ցույց տալիս։ Մենք չենք ցանկանում  Հիսուսի օրերում ապրած մարդկանց նման անշնորհակալ լինել։ Մի անգամ, երբ Հիսուսը բուժեց տասը բորոտների, նրանցից միայն մեկը հետ դարձավ՝ շնորհակալություն հայտնելու (Ղուկաս 17։12–17)։ Անկասկած, մենք ուզում ենք նման լինել այն մեկին, ով երախտագետ էր։

9 Որո՞նք են Եհովայի պատվիրանները, որ պետք է պահենք։ Որոշների մասին արդեն խոսել ենք այս գրքում, այժմ կրկնենք դրանցից մի քանիսը։ Աստծու պատվիրանները պահելը կօգնի մեզ մնալու նրա սիրո մեջ։

ԱՎԵԼԻ ՄՏԵՐՄԱՑԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

10. Ինչո՞ւ է կարևոր Եհովային ճանաչելը։

10 Եհովային ճանաչելը կարևոր է նրա հետ մտերմանալու համար։ Դա մի ընթացք է, որը երբեք չպետք է դադարի։ Օրինակ՝ եթե սառնամանիքին դրսում կրակի մոտ տաքանալիս լինեիր, կթողնեի՞ր, որ կրակը թուլանա և հանգչի։ Ո՛չ։ Դու անընդհատ փայտ կգցեիր կրակի մեջ, որպեսզի այն շարունակեր վառ մնալ։ Չէ՞ որ քո կյանքն է դրանից կախված։ Ինչպես որ փայտն է վառ պահում կրակը, այնպես  էլ «Աստծու մասին գիտելիքներն» են բոցավառում մեր սերը Եհովայի նկատմամբ (Առակներ 2։1–5

Որպեսզի Եհովայի հանդեպ սիրո կրակը վառ պահես, պետք է շարունակ այնտեղ «փայտ» գցես

11. Հիսուսի խոսքերն ի՞նչ ազդեցություն թողեցին նրա աշակերտների վրա։

11 Հիսուսը ցանկանում էր, որ իր աշակերտները Եհովայի և Նրա անգին Խոսքի հանդեպ սերը կրակի պես վառ պահեն։ Հարություն առնելուց հետո նա իր աշակերտներից երկուսին բացատրեց Եբրայերեն Գրություններում արձանագրված իր մասին մի քանի մարգարեություններ, որոնք կատարվել էին։ Ինչպե՞ս դա ազդեց նրանց վրա։ Որոշ ժամանակ անց նրանք ասացին. «Մի՞թե չէին վառվում մեր սրտերը, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ և բացատրում Սուրբ Գրքերը» (Ղուկաս 24։32

12, 13. ա) Ինչպե՞ս են այսօր շատերը վերաբերվում Աստծուն և նրա Խոսքին։ բ) Ինչպե՞ս կարող ենք թույլ չտալ, որ Աստծու հանդեպ մեր սերը սառչի։

12 Երբ առաջին անգամ հասկացար, թե ինչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը, թերևս զգացիր, որ սիրտդ բոցավառվում է ուրախությունից և լցվում ոգևորությամբ ու Աստծու հանդեպ սիրով։ Շատերն են ունեցել նման զգացումներ։ Իսկ հիմա կարևոր է պահպանել ու ավելի խորացնել այդ սերը։ Մենք չենք ուզում հետևել այսօրվա աշխարհին։ Հիսուսը կանխագուշակել էր. «Շատ-շատերի սերը կսառչի» (Մատթեոս 24։12)։ Ինչպե՞ս կարող ես թույլ չտալ, որ Եհովայի և Աստվածաշնչի ճշմարտության հանդեպ ունեցած քո սերը սառչի։

13 Շարունակիր ճանաչել Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին (Հովհաննես 17։3)։ Խորհրդածիր այն ամենի շուրջ, ինչ կարդում ես Աստծու Խոսքից, և հարցրու ինքդ քեզ. «Այս հատվածից ի՞նչ եմ սովորում Եհովա Աստծու մասին։ Ինչպե՞ս են այս համարները օգնում ինձ ամբողջ սրտով, մտքով և հոգով սիրելու Աստծուն» (կարդա՛  1 Տիմոթեոս 4։15)։ Նման խորհրդածությունը վառ կպահի Եհովայի հանդեպ ունեցած քո սերը։

14. Ինչպե՞ս է աղոթքն օգնում մեզ վառ պահելու Եհովայի հանդեպ մեր սերը։

14 Դու կարող ես Եհովայի հանդեպ քո սերը վառ պահել նաև կանոնավորաբար նրան աղոթելով (1 Թեսաղոնիկեցիներ  5։17)։ Այս գրքի 17-րդ գլխից մենք իմացանք, որ աղոթքը Աստծու կողմից տրված թանկարժեք պարգև է։ Ինչպես որ բաց հաղորդակցությունը մտերմացնում է մարդկանց, այնպես էլ կանոնավորաբար աղոթելը նպաստում է Եհովայի հետ ամուր և ջերմ փոխհարաբերություններ ունենալուն։ Շատ կարևոր է, որ մեր աղոթքները չլինեն կրկնվող, մեխանիկորեն ասված անիմաստ խոսքեր, որոնք զգացմունքներ չեն արտահայտում։ Մենք պետք է խոսենք Եհովայի հետ այնպես, ինչպես երեխան՝ իր սիրառատ հոր հետ։ Իհարկե, մենք պետք է դա անենք հարգանքով, սակայն միևնույն ժամանակ անկաշկանդ, անկեղծորեն և սրտանց (Սաղմոս 62։8)։ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը և սրտաբուխ աղոթքները մեր երկրպագության կարևոր մասն են կազմում և օգնում են մեզ մնալու Աստծու սիրո մեջ։

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԻՐ՝ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՎ ԵՀՈՎԱՅԻՆ

15, 16. Ինչո՞ւ է քարոզչական գործը առանձնաշնորհում և գանձ։

15 Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը և աղոթքը մեր երկրպագության այն մասն են, որոնք առնչվում են մեր և Եհովայի միջև փոխհարաբերություններին։ Այժմ քննենք մեր երկրպագության մաս կազմող այն գործերից մեկը, որը կատարում ենք հրապարակորեն, երբ մեր հավատալիքների մասին պատմում ենք ուրիշներին։ Իսկ դու պատմո՞ւմ ես ուրիշներին աստվածաշնչյան ճշմարտությունների մասին։ Դա մեծ պատիվ է մեզ համար (Ղուկաս 1։74)։ Երբ մարդկանց հայտնում ենք Եհովա Աստծու մասին ճշմարտությունները՝ Աստծու Թագավորության բարի լուրը, կատարում ենք մի կարևոր հանձնարարություն, որը տրված է բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին (կարդա՛  Մատթեոս 24։14; 28։19, 20

16 Պողոս առաքյալն իր ծառայությունը թանկ էր համարում. նա այն գանձ անվանեց (2 Կորնթացիներ 4։7)։ Մարդկանց հետ Եհովա Աստծու և նրա նպատակների մասին խոսելը լավագույն գործն է, որ կարող ես անել։ Դա մի ծառայություն է, որը մատուցում ենք ամենալավ Տիրոջը, և այն մեծ օրհնություններ է բերում։ Մասնակցելով ծառայությանը՝ դու կարող ես օգնել անկեղծ սիրտ ունեցող մարդկանց մոտենալու մեր երկնային  Հորը և կանգնելու հավիտենական կյանքի ճանապարհին։ Ուրիշ ի՞նչ գործ կարող է այսքան մեծ բավականություն պատճառել։ Երբ վկայություն տաս Եհովայի և նրա Խոսքի մասին, քո հավատը կմեծանա և նրա հանդեպ սերը կամրանա։ Եհովան մեծապես գնահատում է քո ջանքերը (Եբրայեցիներ 6։10 Քարոզչական ծառայությունը կօգնի քեզ մնալու Աստծու սիրո մեջ (կարդա՛  1 Կորնթացիներ 15։58

17. Ինչո՞ւ է քարոզչական ծառայությունն այսօր հրատապ։

17 Կարևոր է հիշել, որ Թագավորության լուրի քարոզչությունը հրատապ է։ Աստվածաշունչն ասում է. «Խոսքը քարոզիր, արա այն հրատապության զգացումով» (2 Տիմոթեոս 4։2)։ Ինչո՞ւ է այսօր դա այդքան հրատապ։ Աստծու Խոսքն ասում է. «Մոտ է Եհովայի մեծ օրը, մոտ է ու շատ շտապում է» (Սոփոնիա 1։14)։ Արագորեն մոտենում է այն ժամանակը, երբ Եհովան վերջ կդնի այս չար աշխարհին։ Ուստի մարդկանց պետք է զգուշացնել այդ մասին։ Նրանք պետք է իմանան, որ հիմա է ժամանակը ընդունելու Եհովային որպես իրենց Գերիշխանի։ Վերջը չի ուշանա (Ամբակում 2։3

18. Ինչո՞ւ պետք է Եհովային երկրպագենք ճշմարիտ քրիստոնյաների հետ։

18 Եհովան ուզում է, որ մենք ճշմարիտ քրիստոնյաների հետ երկրպագենք իրեն։ Աստծու Խոսքն ասում է. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է» (Եբրայեցիներ 10։24, 25)։ Քրիստոնեական հանդիպումներին մեր հավատակիցների հետ հավաքվելը հիանալի հնարավորություն է տալիս մեզ փառաբանելու և երկրպագելու մեր շատ սիրելի Աստծուն։ Այդ հանդիպումների ժամանակ մենք նաև հոգևորապես կերտում ու քաջալերում ենք իրար։

19. Ինչպե՞ս կարող ենք քրիստոնեական ժողովում ամրացնել մեր սիրո կապերը։

19 Շփվելով Եհովայի երկրպագուների հետ՝ մենք ամրացնում ենք ժողովում ունեցած մեր սիրո կապը և մտերմանում ենք հավատակիցների հետ։ Կարևոր է դրական հատկություններ փնտրել միմյանց մեջ, ինչպես որ Եհովան է լավը փնտրում մեր մեջ։ Պետք չէ կատարելություն ակնկալել հավատակիցներից։ Հիշիր, որ բոլորն էլ հոգևոր աճի տարբեր փուլերում են գտնվում, և մեզանից յուրաքանչյուրը հակված է սխալներ գործելու (կարդա՛  Կողոսացիներ 3։13)։ Ձգտիր մտերմություն անել այն  անհատների հետ, ովքեր շատ են սիրում Եհովային, և կտեսնես, որ հոգևորապես աճում ես։ Երկրպագելով Եհովային քո հոգևոր եղբայրների և քույրերի հետ՝ դու կկարողանաս մնալ Աստծու սիրո մեջ։ Իսկ ինչպե՞ս է Եհովան վարձատրելու նրանց, ովքեր հավատարմորեն երկրպագում են իրեն և մնում իր սիրո մեջ։

ՁԳՏԻՐ ՀԱՍՆԵԼ «ԻՍԿԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ»

20, 21. Ի՞նչ է «իսկական կյանքը», և ինչո՞ւ է դա հրաշալի հույս մեզ համար։

20 Եհովան իր հավատարիմ ծառաներին վարձատրելու է կյանքով։ Բայց ինչպիսի՞ կյանքով։ Մի՞թե մենք այսօր չենք ապրում։ Պատասխանը պարզ է. բոլորս էլ շնչում ենք, ուտում և խմում, ուրեմն, ինչ խոսք, ապրում ենք։ Կյանքի երջանիկ պահերին գուցե նույնիսկ ասում ենք. «Ա՛յ սա է կյանքը»։ Մինչդեռ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ իրականում ոչ ոք իսկական կյանքով չի ապրում։

Եհովան ուզում է, որ դու վայելես «իսկական կյանքը». կձգտե՞ս հասնել դրան

21 Աստծու Խոսքը հորդորում է մեզ «ամուր կառչել իսկական կյանքից» (1 Տիմոթեոս 6։19)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ ապագայում «իսկական կյանք» կունենանք։ Երբ կատարյալ դառնանք, մենք կապրենք լիարժեք կյանքով՝ այնպիսի կյանքով, որն Աստված ի սկզբանե նախատեսել էր մեզ համար։ Երբ երկրային դրախտում ունենանք կատարյալ առողջություն, խաղաղություն և երջանկություն, վերջապես կվայելենք իսկական՝ հավիտենական կյանքը (1 Տիմոթեոս 6։12)։ Մի՞թե սա հրաշալի հույս չէ։

22. Ինչպե՞ս կարող ես «ամուր կառչել իսկական կյանքից»։

22 Իսկ ինչպե՞ս կարող ենք «ամուր կառչել իսկական կյանքից»։ Պողոս առաքյալը հորդորում է քրիստոնյաներին «բարին գործել» և «հարուստ լինել բարի գործերով» (1 Տիմոթեոս 6։18)։ Այս համարը պարզ ցույց է տալիս, որ շատ բան կախված է նրանից, թե կկիրառենք արդյոք այն, ինչ սովորում ենք Աստվածաշնչից։ Սակայն մի՞թե Պողոսն ուզում էր ասել, որ մենք բարի գործեր անելով վաստակում ենք «իսկական կյանքը»։ Ո՛չ, քանի որ այդ հրաշալի հեռանկարը իրականություն է դառնալու Աստծու «անզուգական բարության» շնորհիվ (Հռոմեացիներ  5։15)։ Եհովան փափագում է վարձատրել նրանց, ովքեր հավատարմորեն ծառայում են իրեն։ Նա ուզում է, որ դու «իսկական կյանքով» ապրես։ Այո՛, բոլոր նրանց, ովքեր մնում են Աստծու սիրո մեջ, երջանիկ ու խաղաղ հավիտենական կյանք է սպասում։

23. Ինչո՞ւ է կարևոր մնալ Աստծու սիրո մեջ։

23 Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարցնի. «Երկրպագո՞ւմ եմ Աստծուն այնպես, ինչպես նա է սովորեցնում Աստվածաշնչի միջոցով»։ Եթե ամեն օր մեր գործերով ցույց տանք դա, ապա կարող ենք ասել, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, և վստահ լինել, որ Եհովան մեր ապաստանն է։ Նա այս աշխարհի փոթորկալից վերջին օրերում կպաշտպանի իր հավատարիմ ծառաներին։ Եհովան ապահով կհասցնի մեզ նոր աշխարհ, որն անչափ մոտ է։ Որքա՜ն մեծ կլինի մեր ցնծությունը, երբ մեր աչքերով տեսնենք այդ ամենը։ Եվ որքա՜ն ուրախ ու երջանիկ կլինենք, որ ժամանակին ճիշտ ընտրություն ենք արել։ Եթե հիմա որոշես մնալ Աստծու սիրո մեջ, ապա ողջ հավիտենության ընթացքում կվայելես «իսկական կյանքը», ինչպես որ Եհովան էր նախատեսել։

Իմացիր ավելին

Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը

Աստվածաշունչ ուսումնասիրելով միլիոնավոր մարդիկ գտնում են կյանքի կարևոր հարցերի պատասխանները։ Կուզե՞ս միանալ նրանց։