Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ԳԼՈՒԽ 1

Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին

Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին
  •  Աստված հոգ տանո՞ւմ է քո մասին

  • Ինչպիսի՞ն է Աստված, նա անուն ունի՞

  • Հնարավո՞ր է մտերմանալ Աստծու հետ

1, 2. Ինչո՞ւ է հարցեր տալը օգտակար։

ՆԿԱՏԵ՞Լ ես, թե որքան շատ են երեխաները սիրում հարցեր տալ։ Նրանք սկսում են հարցեր տալ, երբ խոսել են սովորում։ Հետաքրքրասիրությամբ լի, լայն բացված աչքերով նրանք քեզ են նայում ու հարցնում. «Ինչո՞ւ է երկինքը կապույտ։ Ո՞վ է թռչուններին երգել սովորեցրել։ Ինչո՞ւ ցերեկը աստղեր չկան»։ Դու փորձում ես պատասխանել, սակայն միշտ չէ, որ դա քեզ հաջողվում է։ Նույնիսկ քո ամենալավ պատասխանից հետո նրանք հարցնում են. «Իսկ ինչո՞ւ»։

2 Սակայն մարդիկ միայն փոքր տարիքում չէ, որ հարցեր են տալիս։ Մեծանալուն զուգընթաց նրանք շարունակում են հարցեր տալ։ Հարցեր են տալիս, որպեսզի կյանքում ճիշտ ուղին գտնեն և իմանան, թե որ վտանգներից պետք է խուսափեն։ Հարցեր են տալիս նաև, որպեսզի բավարարեն իրենց հետաքրքրասիրությունը։ Բայց շատերը ժամանակի ընթացքում դադարում են հարցեր տալուց և նույնիսկ ամենակարևոր հարցերի պատասխանները փնտրելուց։

3. Ինչո՞ւ շատերն այլևս չեն ձգտում փնտրել ամենակարևոր հարցերի պատասխանները։

 3 Մի պահ խորհիր այս գրքի կազմի վրա տրված հարցի, ինչպես նաև 3-րդ և 6-րդ էջերում կամ  այս գլխի սկզբում նշված հարցերի շուրջ։ Դրանք միայն մի քանիսն են այն կարևոր հարցերից, որոնք կարող են ծագել մարդու մտքում։ Սակայն շատ մարդիկ այլևս չեն ձգտում փնտրել դրանց պատասխանները։ Ո՞րն է պատճառը։ Արդյոք Աստվածաշունչը պատասխանո՞ւմ է այդ հարցերին։ Ոմանք մտածում են, թե շատ դժվար է հասկանալ Աստվածաշունչը։ Ոմանք էլ ամաչում կամ անհարմար են զգում նման հարցեր տալուց։ Մյուսներն էլ այն կարծիքին են, որ այդպիսի հարցերը լավ կլինի թողնել կրոնական առաջնորդներին և վարդապետներին։ Իսկ դո՞ւ ինչ ես կարծում։

4, 5. Որո՞նք են այն կարևոր հարցերից մի քանիսը, որ թերևս հետաքրքրեն մեզ, և ինչո՞ւ արժե փնտրել դրանց պատասխանները։

4 Հավանաբար քեզ հետաքրքրում են կյանքին վերաբերող կարևոր հարցերի պատասխանները։ Անկասկած, երբեմն մտածում ես. «Ո՞րն է կյանքի իմաստը։ Արդյոք սա՞ է ամբողջ կյանքը։ Ինչպիսի՞ն է Աստված իրականում»։ Լավ է, որ նման հարցեր ունես, և շատ կարևոր է, որ շարունակես փնտրել, մինչև գտնես դրանց գոհացուցիչ, ճիշտ պատասխանները։ Հանրահռչակ ուսուցիչ Հիսուս Քրիստոսը ասել է. «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև» (Մատթեոս 7։7

5 Եթե «շարունակես փնտրել» այդ կարևոր հարցերի պատասխանները, մեծապես կօրհնվես (Առակներ 2։1–5)։ Ինչ էլ որ ասած լինեն քեզ մարդիկ, իրականում պատասխաններ գոյություն ունեն, և դու կարող ես գտնել դրանք Աստվածաշնչում. այդ պատասխանները հասկանալը այդքան էլ դժվար չէ։ Դրանք քեզ կտան հույս և ուրախություն, նաև կօգնեն գոհացուցիչ կյանքով ապրելու նույնիսկ հիմա։ Սակայն նախևառաջ քննենք մի հարց, որն այսօր շատերին է անհանգստացնում։

ԱՍՏՎԱԾ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՎ ՔԱՐՍԻ՞ՐՏ Է

6. Ինչո՞ւ են շատերը մտածում, որ Աստված անտարբեր է մարդկանց տառապանքի նկատմամբ։

6 Շատերն այսպես են մտածում. «Եթե Աստված անտարբեր  չլիներ, աշխարհն այսպիսին չէր լինի»։ Նայելով մեր շուրջը՝ տեսնում ենք մի աշխարհ, որը ողողված է պատերազմներով, ատելությամբ ու թշվառությամբ։ Մարդիկ հիվանդանում են, տառապում, մահանում։ Այդ պատճառով շատերն ասում են. «Եթե Աստված հոգ է տանում մեզ և մտածում է մեր խնդիրների մասին, այդ դեպքում ինչո՞ւ այնպես չի անում, որ նման բաներ տեղի չունենան»։

7. ա) Ինչպե՞ս են կրոնական առաջնորդները մարդկանց հավատացնում, թե Աստված քարսիրտ է։ բ) Մեզ պատահած դժբախտությունների մասին ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում։

7 Ցավալին այն է, որ երբեմն կրոնական առաջնորդները մարդկանց հավատացնում են, թե Աստված քարսիրտ է։ Երբ դժբախտություն է պատահում, նրանք ասում են. «Դա Աստծու կամքն էր»։ Արդյունքում՝ պատահած բոլոր դժբախտությունների համար Աստծուն են մեղադրում։ Արդյոք սա՞ է ճշմարտությունը Աստծու մասին։ Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում։ Հակոբոս 1։13-ը պատասխանում է. «Փորձության մեջ լինելիս թող ոչ ոք չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում»։ Ուստի Աստված երբեք չի կարող լինել մեր շուրջը տիրող չարության պատճառը (կարդա՛  Հոբ 34։10–12)։ Թեև նա թույլ է տալիս, որ վատ բաներ տեղի ունենան, սակայն մեծ տարբերություն կա մի բան թույլ տալու և դրա պատճառը լինելու միջև։

8, 9. ա) Օրինակով բացատրիր, թե ինչ տարբերություն կա մի բան թույլ տալու և դրա պատճառը լինելու միջև։ բ) Ինչո՞ւ անարդար կլինի մեղադրել Աստծուն, որ նա թույլ է տվել մարդկանց սխալ ուղիով գնալ։

8 Պատկերացնենք օրինակով. մի իմաստուն և սիրող հայր չափահաս որդի ունի, որը հայրական տանն է ապրում։ Սակայն մի օր որդին ըմբոստանում է ու որոշում հեռանալ տնից։ Հայրը չի կանգնեցնում նրան։ Որդին կյանքի սխալ ուղի է բռնում և փորձանքների մեջ է ընկնում։ Մի՞թե հայրն է որդու դժբախտությունների պատճառը։ Ո՛չ (Ղուկաս 15։11–13)։ Նույն ձևով էլ Աստված չկանգնեցրեց մարդկանց, երբ նրանք սխալ ուղի ընտրեցին, բայց դա չի նշանակում, որ Աստված է նրանց դժբախտությունների պատճառը։ Հետևաբար, անարդար  կլինի մարդկանց տառապանքների համար Աստծուն մեղադրել։

9 Աստված հիմնավոր պատճառներ ունի թույլ տալու, որ մարդիկ սխալ ուղիով գնան։ Իմաստուն և զորեղ Արարիչը պարտավոր չէ բացատրություններ տալու, սակայն սիրուց մղված՝ նա բացատրում է այդպես վարվելու պատճառները։ Դրանց մասին կիմանանք 11-րդ գլխում։ Համոզված եղիր, որ մեր տառապանքի պատճառը Աստված չէ։ Ընդհակառակը՝ նա խոստանում է, որ կազատի մեզ բոլոր նեղություններից (Եսայիա 33։2

10. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստված կվերացնի չարության բոլոր հետևանքները։

10 Աստված սուրբ է (Եսայիա 6։3)։ Դա նշանակում է, որ նա անբիծ է ու մաքուր։ Նրա մեջ չարության հետք անգամ չկա։ Ուստի մենք կարող ենք լիովին վստահել նրան։ Սակայն նույնը չենք կարող ասել մարդկանց մասին, քանի որ նրանք կարող են ապականվել։ Նույնիսկ իշխանություն ունեցող ամենաազնիվ մարդը ի զորու չէ վերացնելու չար մարդկանց պատճառած վնասները։ Իսկ Աստված ամենազոր է։ Նա կարող է վերացնել չարության հետևանքները և անպայման կանի դա։ Երբ Աստված սկսի գործել, այնպես կանի, որ չարությունն ընդմիշտ վերանա (կարդա՛  Սաղմոս 37։9–11

ԻՆՉ Է ԶԳՈՒՄ ԱՍՏՎԱԾ, ԵՐԲ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՆՔ ԲԱԽՎՈՒՄ

11. ա) Ինչպե՞ս է Աստված վերաբերվում անարդարությանը։ բ) Ի՞նչ է զգում Աստված՝ տեսնելով մարդկանց տառապանքը։

11 Ինչպե՞ս է Աստված վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում աշխարհում։ Ի՞նչ է նա զգում՝ տեսնելով, թե ինչ դժվարությունների ես բախվում կյանքում։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված «սիրում է արդարությունը» (Սաղմոս 37։28)։ Նա անտարբեր չէ անարդարության նկատմամբ։ Ավելին, նա ատում է անիրավությունը՝ իր բոլոր դրսևորումներով։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «ցավ զգաց իր սրտում», երբ տեսավ, որ չարությունը ողողել է աշխարհը (Ծննդոց 6։5, 6)։ Աստված չի փոխվել (Մաղաքիա 3։6)։ Նա  շարունակում է ատել չարը և ցավ է զգում, երբ տեսնում է մարդկանց տառապանքը։ Ուստի Աստվածաշունչը հորդորում է. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (կարդա՛  1 Պետրոս 5։7

Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովան տիեզերքի Արարիչն է

12, 13. ա) Ինչո՞ւ է մարդը օժտված սիրելու ունակությամբ, և ինչպե՞ս է սերն ազդում աշխարհում տիրող անարդարության հանդեպ մեր վերաբերմունքի վրա։ բ) Ինչո՞ւ կարող ես համոզված լինել, որ Աստված քայլեր կձեռնարկի վերացնելու անարդարությունը։

12 Ինչո՞ւ ենք համոզված, որ Աստված ցավ է զգում՝ տեսնելով մարդկանց տառապանքը։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդը ստեղծված է Աստծու պատկերով (Ծննդոց 1։26)։ Մենք լավ հատկություններ ունենք, քանի որ Աստված ինքը լավ հատկություններ ունի։ Մի՞թե չես մտահոգվում, երբ տեսնում ես, թե ինչպես են անմեղ մարդիկ տառապում։ Եթե դա քեզ ցավ է պատճառում, ապա համոզված եղիր, որ Աստծուն ավելի մեծ ցավ է պատճառում։

13 Մարդու սքանչելի հատկություններից մեկը սերն է։ Դա Աստծու գլխավոր հատկությունն է։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8, 16)։ Մենք սիրում ենք, քանի որ Աստված է սիրում։ Մի՞թե սերը չէր մղի քեզ վերջ դնելու աշխարհում տիրող տառապանքին ու անարդարությանը։ Եթե զորություն ունենայիր, դա չէի՞ր անի։ Իհա՛րկե կանեիր։ Ուրեմն կարող ես համոզված լինել, որ Աստված անպայման վերջ կդնի տառապանքին ու անարդարությանը։ Այս գրքի 4-րդ և 5-րդ էջերում հիշատակված խոստումները սոսկ երազանքներ կամ անհիմն հույսեր չեն։ Աստծու խոստումները անպատճառ կիրականանան։ Սակայն որպեսզի հավատաս այդ խոստումներին, դու պետք է լավ ճանաչես այն Աստծուն, ով տվել է այդ խոստումները։

 ԱՍՏՎԱԾ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ՃԱՆԱՉԵՆՔ ԻՐԵՆ

Երբ ծանոթանում ես ինչ-որ մեկի հետ, չե՞ս ասում նրան քո անունը։ Աստվածաշնչի միջոցով Աստված հայտնում է մեզ իր անունը

14. Ի՞նչ է Աստծու անունը, և ինչո՞ւ մենք պետք է գործածենք այն։

14 Երբ ծանոթանում ես ինչ-որ մեկի հետ, ի՞նչ ես անում։ Չե՞ս ասում նրան քո անունը։ Իսկ Աստված անուն ունի՞։ Բազմաթիվ կրոններ սովորեցնում են, որ նրա անունը «Աստված» է կամ «Տեր», սակայն դրանք անձնանուններ չեն։ Դրանք լոկ տիտղոսներ են, ինչպես «թագավոր» և «նախագահ» բառերը։ Աստվածաշունչը ասում է, որ Աստված շատ տիտղոսներ ունի, որոնց թվին են պատկանում նաև «Աստված» և «Տեր» տիտղոսները։ Բայց Աստվածաշունչը սովորեցնում է նաև, որ  Աստված ունի անուն՝ Եհովա։ Սաղմոս 83։18-ում ասվում է. «Դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա»։ Եթե քո Աստվածաշնչում չկա այդ անունը, կարդա «Աստծու անվան գործածությունն ու նշանակությունը» հավելվածը՝ իմանալու համար պատճառը։ Աստվածաշնչի բնագրերում Աստծու անունը հանդիպում է մի քանի հազար անգամ։ Ուրեմն Եհովան ուզում է, որ դու իմանաս իր անունը և գործածես այն։ Նա Աստվածաշնչի միջոցով հայտնում է մեզ իր անունը։

15. Ի՞նչ է ցույց տալիս Եհովա անունը։

15 Աստված իր համար մի այնպիսի անուն է ընտրել, որը խոր իմաստ է կրում։ Եհովա անունը ցույց է տալիս, որ նա կարող է իրականացնել իր բոլոր խոստումներն ու նպատակները։ * Աստծու անունը անզուգական է, եզակի։ Այն պատկանում է  միմիայն իրեն։ Եհովան անզուգական է բազմաթիվ առումներով։

16, 17. Ի՞նչ ենք իմանում Եհովայի մասին հետևյալ տիտղոսներից՝ ա) «Ամենակարող», բ) «հավիտենության Թագավոր», գ) «Արարիչ»։

16 Ինչպես տեսանք, Սաղմոս 83։18-ում Եհովայի մասին ասվում է. «Դու միակ Բարձրյալն ես»։ Նաև միայն Եհովան է կոչվում «Ամենակարող»։ Հայտնություն 15։3-ում կարդում ենք. «Մեծ և սքանչելի են քո գործերը, Եհո՛վա Աստված՝ Ամենակարո՛ղ։ Արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, հավիտենությա՛ն Թագավոր»։ «Ամենակարող» տիտղոսը ցույց է տալիս, որ Եհովան ամենազորեղ անձնավորությունն է։ Նրա զորությունը անգերազանցելի է, գերագույն։ Իսկ «հավիտենության Թագավոր» տիտղոսը հիշեցնում է մեզ, որ Եհովան անզուգական է ևս մեկ իմաստով։ Նա միակ անձնավորությունն է, որ միշտ գոյություն է ունեցել։ Սաղմոս 90։2-ն ասում է. «Հավիտենից մինչև հավիտյան դո՛ւ ես Աստված»։ Մի՞թե սա ակնածանք չի ներշնչում։

17 Եհովան անզուգական է նաև նրանով, որ նա Արարիչն է։ Հայտնություն 4։11-ում կարդում ենք. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին»։ Ամեն բան՝ անտեսանելի ոգեղեն արարածները, գիշերվա աստղազարդ երկինքը, մրգատու ծառերը, օվկիանոսներում ու գետերում լողացող ձկները, Եհովայի ձեռքի գործն է։

ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ՄՏԵՐՄԱՆԱԼ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

18. Ինչո՞ւ է ոմանց թվում, որ հնարավոր չէ մտերմանալ Աստծու հետ, սակայն ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը։

18 Կարդալով Եհովայի վեհության մասին՝ ոմանք իրենց աննշան են զգում ու մտածում են, որ Աստված անհասանելի է, և իրենք երբեք չեն կարողանա մտերմանալ նրա հետ։ Արդյոք ճի՞շտ է այդպես մտածելը։ Աստվածաշունչը հակառակն է սովորեցնում։ Այն Եհովայի մասին ասում է, որ «իրականում նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։27)։ Աստվածաշունչը մեզ նույնիսկ հորդորում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8

19. ա) Ինչպե՞ս կարող ես մտերմանալ Աստծու հետ, և դա քեզ ի՞նչ օրհնություն կբերի։ բ) Աստծու հատկություններից որո՞նք են քեզ ավելի շատ դուր գալիս։

 19 Ինչպե՞ս կարող ես մոտենալ Աստծուն, այսինքն՝ մտերմանալ նրա հետ։ Շարունակիր անել այն, ինչ այժմ անում ես՝ սովորիր Աստծու մասին։ Հիսուսն ասաց. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Այո՛, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովայի և Հիսուսի մասին սովորելը առաջնորդում է «հավիտենական կյանքի»։ Ինչպես արդեն նշվեց, «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։16)։ Սիրուց բացի, Եհովան ունի նաև այլ հրաշալի հատկություններ։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է, որ Եհովան «ողորմած ու գթառատ Աստված է, բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի» (Ելք 34։6)։ Նա «բարի է ու ներելու պատրաստ» (Սաղմոս 86։5)։ Աստված համբերատար է (2 Պետրոս 3։9)։ Նա նվիրված է (Հայտնություն 15։4)։ Աստվածաշունչը կարդալով՝ կտեսնես, թե ինչպես է Եհովան ցուցաբերել իր սքանչելի հատկությունները։

20–22. ա) Այն, որ չենք կարող տեսնել Աստծուն, խանգարո՞ւմ է մեզ մոտենալ նրան։ բ) Ոմանք թերևս ի՞նչ փորձեն քեզ համոզել, սակայն ի՞նչ արժե անել։

20 Աստծուն հնարավոր չէ տեսնել, քանի որ նա ոգեղեն անձնավորություն է և մարդկանց համար անտեսանելի (Հովհաննես 1։18; 4։24; 1 Տիմոթեոս 1։17)։ Սակայն Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով կարող ես ճանաչել նրան որպես իրական անձնավորության։ Ինչպես սաղմոսերգուն է ասում, դու կարող ես «Եհովայի վայելչությունը տեսնել» (Սաղմոս 27։4; Հռոմեացիներ 1։20)։ Որքան լավ ճանաչես Եհովային, այնքան նա ավելի իրական կդառնա քեզ համար։ Դու ավելի շատ կսիրես նրան և կմտերմանաս նրա հետ։

Սիրող հոր օրինակը օգնում է հասկանալու, թե որքան շատ է մեր երկնային Հայրը սիրում մեզ

21 Ժամանակի ընթացքում կհասկանաս, թե ինչու է Աստվածաշունչը Եհովային Հայր անվանում (Մատթեոս 6։9)։ Նա մեզ ոչ միայն կյանք է պարգևել, այլև ցանկանում է, որ ապրենք ամենալավ կյանքով, ինչպես որ յուրաքանչյուր սիրող հայր է ցանկանում իր զավակների համար (Սաղմոս 36։9)։ Աստվածաշունչը  սովորեցնում է նաև, որ մենք կարող ենք դառնալ Եհովայի ընկերը (Հակոբոս 2։23)։ Միայն պատկերացրու. տիեզերքի Արարիչը կարող է լինել քո Ընկերը։

22 Ոմանք թերևս բարի միտումներով ցանկանան համոզել կամ ստիպել քեզ, որ դադարեցնես Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Նրանց գուցե մտահոգի այն, որ հնարավոր է՝ դու փոխես քո կրոնական հայացքները։ Սակայն թույլ մի՛ տուր, որ որևէ մեկը հետ պահի քեզ լավագույն Ընկեր ունենալուց։

23, 24. ա) Ինչո՞ւ պետք չէ ամաչել հարցեր տալուց։ բ) Ո՞ր թեման ենք քննելու հաջորդ գլխում։

23 Ինչ խոսք, հնարավոր չէ ամեն ինչ միանգամից հասկանալ։ Մի՛ ամաչիր օգնության դիմելուց։ Դրա համար գուցե փոքր-ինչ խոնարհություն պահանջվի։ Հիսուսն ասաց, որ երեխաների պես խոնարհ լինենք (Մատթեոս 18։2–4)։ Իսկ երեխաները, ինչպես գիտենք, շատ հարցեր են տալիս։ Աստված ուզում է, որ դու ստանաս քո հարցերի պատասխանները։ Աստվածաշունչը գովեստով է խոսում այն անհատների մասին, ովքեր ցանկություն են ունեցել ճանաչելու Աստծուն։ Այդ մարդիկ ուշադիր քննում էին Սուրբ Գրքերը՝ տեսնելու, թե արդյոք իրենց լսած բաները ճիշտ են (կարդա՛  Գործեր 17։11

24 Եհովա Աստծուն ճանաչելու լավագույն կերպը Աստվածաշունչը ուսումնասիրելն է։ Այն տարբերվում է մնացած բոլոր գրքերից։ Ինչո՞վ։ Հաջորդ գլխում կքննենք այդ թեման։

^ պարբ. 15 Աստծու անվան նշանակության և արտասանության մասին ավելի շատ տեղեկություն կարող ես գտնել «Աստծու անվան գործածությունն ու նշանակությունը» հավելվածում։

Իմացիր ավելին

Աստված անուն ունի՞

Աստծուն կարելի է տարբեր կերպերով կոչել՝ Ամենակարող, Արարիչ, Տեր։ Այս տեսանյութը ընդգծում է, որ Աստծու անունը Աստվածաշնչում հանդիպում է ավելի քան 7 000 անգամ։

Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը

Աստվածաշունչ ուսումնասիրելով միլիոնավոր մարդիկ գտնում են կյանքի կարևոր հարցերի պատասխանները։ Կուզե՞ս միանալ նրանց։