Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ՀԱՎԵԼՎԱԾ

Ո՞վ է Միքայել հրեշտակապետը

Ո՞վ է Միքայել հրեշտակապետը

ՄԻՔԱՅԵԼ անունով ոգեղեն էակը մի քանի անգամ է հիշատակվում Աստվածաշնչում։ Սակայն Աստվածաշնչի բոլոր այն հատվածներում, որտեղ խոսվում է նրա մասին, նա ինչ-որ կարևոր գործ է անում։ Օրինակ՝ «Դանիել» գրքում արձանագրված է, որ Միքայելը պայքարում է ամբարիշտ հրեշտակների դեմ, Հուդայի նամակում նշվում է, որ նա վիճում է Սատանայի հետ, իսկ «Հայտնություն» գրքում ասվում է, որ պատերազմ է մղում Բանսարկուի և նրա դևերի դեմ։ Պաշտպանելով Եհովայի իշխանությունը և պատերազմելով Աստծու թշնամիների դեմ՝ Միքայելը գործում է իր անվան նշանակության համաձայն՝ «ո՞վ է Աստծու նման»։ Սակայն ո՞վ է Միքայելը։

Երբեմն մարդիկ մեկից ավելի անուններ են ունենում։ Օրինակ՝ Հակոբ նահապետը հայտնի էր նաև Իսրայել անունով, իսկ Պետրոս առաքյալը՝ Սիմոն անունով (Ծննդոց 49։1, 2; Մատթեոս 10։2)։ Նույն ձևով էլ Աստվածաշնչում նշվում է, որ Միքայելը Հիսուս Քրիստոսի մեկ ուրիշ անունն է, որ նա ունեցել է երկնքում երկրի վրա ապրելուց առաջ և երկինք վերադառնալուց հետո։ Այժմ տեսնենք, թե, ըստ Աստվածաշնչի, ինչ հիմնավոր պատճառներ կան այդպիսի եզրակացություն անելու համար։

Հրեշտակապետ։ Աստծու Խոսքում Միքայելի մասին խոսվում է որպես «հրեշտակապետի» (Հուդա 9)։ Այս բառը նշանակում է գլխավոր հրեշտակ։ «Հրեշտակապետ» բառը Աստվածաշնչում օգտագործվում է միայն եզակի թվով և երբեք չի օգտագործվում հոգնակի թվով։ Հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսի մասին 1 Թեսաղոնիկեցիներ 4։16-ում ասվում է. «Տերն ինքը երկնքից կիջնի՝ հրեշտակապետի ձայնով հրամաններ տալով»։ Հիսուսի ձայնը  այստեղ նկարագրվում է որպես հրեշտակապետի ձայն։ Ուստի այս համարը հստակ ցույց է տալիս, որ Հիսուսն է Միքայել հրեշտակապետը։

Զորքերի Առաջնորդ։ Աստվածաշունչը նշում է նաև, որ «Միքայելը և նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ.... ու նրա հրեշտակներ[ի դեմ]» (Հայտնություն 12։7)։ Այստեղից եզրակացնում ենք, որ Միքայելը հավատարիմ հրեշտակներից բաղկացած զորքերի Առաջնորդն է։ «Հայտնություն» գրքում Հիսուսը նույնպես նկարագրվում է որպես հավատարիմ հրեշտակների զորքերի Առաջնորդ (Հայտնություն 19։14–16)։ Իսկ Պողոս առաքյալը կոնկրետ նշում է «Տեր Հիսուսի» և նրա «զորավոր հրեշտակների» մասին (2 Թեսաղոնիկեցիներ 1։7)։ Այսպիսով՝ Աստվածաշունչը խոսում է թե՛ Միքայելի և «նրա հրեշտակների», թե՛ Հիսուսի և «նրա հրեշտակների» մասին (Մատթեոս 13։41; 16։27; 24։31; 1 Պետրոս 3։22)։ Եվ քանի որ Աստծու Խոսքում ոչ մի տեղ չի ասվում, որ երկնքում կա հավատարիմ հրեշտակների երկու զորք՝ մեկը Միքայելի առաջնորդության ներքո, իսկ մյուսը՝ Հիսուսի, ուրեմն տրամաբանական է եզրակացնել, որ Միքայելը նույն ինքը Հիսուս Քրիստոսն է հրեշտակապետի դերում։ *

^ պարբ. 1 Լրացուցիչ տեղեկություններ այն մասին, որ Միքայելը նույնպես Աստծու Որդու անունն է, կարելի է գտնել «Աստվածաշնչի ըմբռնում» հանրագիտարանի «Միքայել» հոդվածում (անգլ., հ. 2, էջ 393)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։