Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ԳԼՈՒԽ 4

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
  • Ի՞նչ առանձնահատուկ դեր ունի Հիսուսը

  • Որտեղի՞ց նա եկավ

  • Ինչպիսի՞ անձնավորություն էր Հիսուսը

1, 2. ա) Ինչո՞ւ որևէ հանրահայտ մարդու մասին իմանալը չի նշանակում, որ ճանաչում ես նրան։ բ) Ի՞նչ տեսակետ ունեն շատերը Հիսուսի մասին։

ՃԱՆԱՉՎԱԾ մարդիկ աշխարհում շատ կան։ Նրանցից ոմանք հայտնի են իրենց շրջանում, քաղաքում կամ էլ երկրում, ուրիշներն էլ՝ ողջ աշխարհում։ Սակայն որևէ հանրահայտ մարդու անունն իմանալը չի նշանակում, որ ճանաչում ես նրան կամ գիտես, թե ինչպիսի անձնավորություն է նա։

2 Չնայած որ Հիսուս Քրիստոսը երկրի վրա ապրել է գրեթե 2000 տարի առաջ, այսօր մարդիկ որոշ բաներ գիտեն նրա մասին։ Բայցևայնպես, շատերը չեն իմանում, թե ով է նա իրականում։ Ոմանք ասում են, որ նա պարզապես բարի մարդ է եղել։ Ոմանք էլ պնդում են, որ ընդամենը մարգարե է եղել։ Իսկ ուրիշները համոզված են, որ Հիսուսը Աստված է և պետք է նրան երկրպագել։ Արդյոք դա այդպե՞ս է։

3. Ինչո՞ւ է կարևոր Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին ճանաչելը։

3 Հիսուսի մասին ճշմարտությունն իմանալը կարևոր է քեզ համար։ Ինչո՞ւ։ Քանի որ Աստվածաշունչն ասում է. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Այո՛, Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին իսկապես ճանաչելը կարող է մեզ առաջնորդել հավիտենական կյանքի դրախտային երկրի վրա (Հովհաննես  14։6)։ Բացի այդ, Հիսուսը մեզ օրինակ է թողել, թե ինչպես ապրենք և ինչպես վերաբերվենք ուրիշներին (Հովհաննես 13։34, 35)։ Այս գրքի 1-ին գլխում մենք իմացանք ճշմարտությունը Աստծու մասին։ Իսկ այժմ քննենք, թե Հիսուս Քրիստոսի մասին ինչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը։

ԽՈՍՏԱՑՅԱԼ ՄԵՍԻԱՆ

4. Ի՞նչ են նշանակում «Մեսիա» և «Քրիստոս» բառերը։

4 Հիսուսի ծնվելուց դեռ շատ տարիներ առաջ Աստվածաշունչը նախագուշակել էր մի անձնավորության մասին, որին Աստված ուղարկելու էր որպես Մեսիա, կամ՝ Քրիստոս։  Երկու բառերն էլ՝ «Մեսիա» (եբրայերեն) և «Քրիստոս» (հունարեն), նշանակում են «Օծյալ»։ Այդ անձնավորությունը պետք է օծվեր, այսինքն՝ Աստծու կողմից մի առանձնահատուկ նշանակում ստանար։ Այս գրքի հետագա գլուխներում մենք ավելի շատ բան կիմանանք Աստծու խոստումների իրականացման մեջ Մեսիայի ունեցած կարևոր դերի մասին։ Կիմանանք նաև, թե Հիսուսի շնորհիվ ինչ օրհնություններ կարող ենք ստանալ նույնիսկ հիմա։ Սակայն նախքան նրա ծնվելը շատերին էր հետաքրքրում, թե ով էր լինելու Մեսիան։

5. Ինչո՞ւմ էին համոզված Հիսուսի աշակերտները։

5 Մ.թ. 1-ին դարում Հիսուս Նազովրեցու աշակերտները լիովին համոզված էին, որ նա է խոստացյալ Մեսիան (Հովհաննես 1։41)։ Նրա աշակերտներից մեկը՝ Սիմոն Պետրոսը, առանց վարանելու ասաց Հիսուսին. «Դու ես Քրիստոսը» (Մատթեոս 16։16)։ Սակայն ինչո՞ւ էին աշակերտները համոզված, որ Հիսուսը իսկապես խոստացյալ Մեսիան է, և ինչպե՞ս կարող ենք մենք համոզված լինել դրանում։

6. Օրինակով բացատրիր, թե ինչպես է Եհովան օգնել հավատարիմ մարդկանց ճանաչելու Մեսիային։

6 Հիսուսից առաջ ապրած Աստծու մարգարեները բազմաթիվ մանրամասնություններ էին նախագուշակել Մեսիայի մասին։ Այդ մանրամասնությունների շնորհիվ մարդիկ կարող էին ճանաչել նրան։ Բերենք մի օրինակ. ենթադրենք՝ քեզ խնդրում են գնալ օդանավակայան՝ դիմավորելու մեկին, ում երբևէ չես տեսել։ Մի՞թե օգտակար չէր լինի, եթե այդ մարդու մասին մի քանի մանրամասնություններ ասեին քեզ։ Նմանապես Եհովան իր մարգարեների միջոցով Աստվածաշնչում մանրակրկիտ կերպով նկարագրել է, թե ինչ պետք է աներ Մեսիան և ինչ դժվարություններ պիտի կրեր։ Այս մարգարեությունների կատարումը կօգներ հավատարիմ մարդկանց անմիջապես ճանաչելու Մեսիային։

7. Բեր Հիսուսի վրա կատարված մարգարեություններից երկու օրինակ։

7 Քննենք ընդամենը երկու օրինակ։ Առաջին՝ խոստացյալ Մեսիայի ծնվելուց ավելի քան 700 տարի առաջ Միքիա մարգարեն կանխագուշակեց, որ նա ծնվելու էր Հուդայի տարածքում գտնվող Բեթլեհեմ փոքր քաղաքում (Միքիա 5։2 Իսկ որտե՞ղ ծնվեց Հիսուսը։ Հենց այդ քաղաքում (Մատթեոս 2։1, 3–9)։ Երկրորդ՝ շատ դարեր առաջ Դանիել 9։25-ում արձանագրված մարգարեությունը մատնանշում էր մ.թ. 29 թվականը՝ կոնկրետ այն տարին, երբ Մեսիան պետք է հայտնվեր։ * Այս և ուրիշ մարգարեությունների կատարումը ապացուցում է, որ խոստացյալ Մեսիան Հիսուս Քրիստոսն էր։

Իր մկրտության ժամանակ Հիսուսը դարձավ Մեսիա, կամ՝ Քրիստոս

8, 9. Ինչպե՞ս մկրտության ժամանակ պարզ դարձավ, որ Հիսուսն է Մեսիան։

8 Այն, որ Հիսուսն է Մեսիան, ավելի պարզ դարձավ մ.թ. 29 թ. ավարտին։ Դա այն տարին էր, երբ նա գնաց Հովհաննես Մկրտչի մոտ՝ Հորդանան գետում մկրտվելու։ Եհովան Հովհաննեսին նշան էր խոստացել, որի միջոցով վերջինս կկարողանար ճանաչել Մեսիային։ Հովհաննեսը այդ նշանը տեսավ Հիսուսի մկրտության ժամանակ։ Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչ տեղի ունեցավ այդ պահին. «Մկրտվելուց հետո Հիսուսը իսկույն դուրս եկավ ջրից, և ահա երկինքը բացվեց, ու նա տեսավ Աստծու ոգին աղավնու նման նրա վրա իջնելիս։ Եվ մի ձայն լսվեց երկնքից, որ ասում էր. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ»» (Մատթեոս 3։16, 17)։ Տեղի ունեցածը տեսնելուց և այս խոսքերը լսելուց հետո Հովհաննեսի մտքում կասկածի նշույլ անգամ չմնաց, որ Հիսուսը Աստծու կողմից է ուղարկված (Հովհաննես 1։32–34)։ Այն պահին, երբ Աստծու ոգին, կամ՝ գործուն ուժը, թափվեց Հիսուսի վրա, նա դարձավ Մեսիա, կամ՝ Քրիստոս, այսինքն՝ մեկը, ով դառնալու էր Առաջնորդ և Թագավոր (Եսայիա 55։4

9 Աստվածաշնչյան մարգարեությունների կատարումից, ինչպես նաև Եհովա Աստծու տված վկայությունից հստակ երևում է, որ Հիսուսն է խոստացյալ Մեսիան։ Աստվածաշունչը պատասխանում է ևս երկու կարևոր հարցերի՝ որտեղի՞ց եկավ Հիսուսը, և ինչպիսի՞ անձնավորություն էր նա։

 ՈՐՏԵՂԻ՞Ց ԵԿԱՎ ՀԻՍՈՒՍԸ

10. Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը Հիսուսի մինչմարդկային կյանքի մասին։

10 Աստվածաշունչը սովորեցնում է, որ նախքան երկիր գալը Հիսուսը ապրել է երկնքում։ Միքիա մարգարեն կանխագուշակեց, որ Մեսիան ծնվելու է Բեթլեհեմում, և որ նրա ծագումը «վաղեմի ժամանակներից է» (Միքիա 5։2)։ Բազմաթիվ առիթներով Հիսուսն ինքը ասաց, որ երկրի վրա ծնվելուց առաջ ապրել է երկնքում (կարդա՛  Հովհաննես 3։13; 6։38, 62; 17։4, 5)։ Որպես երկնային ոգեղեն արարած՝ Հիսուսը յուրահատուկ փոխհարաբերություններ է ունեցել Եհովա Աստծու հետ։

11. Ինչպե՞ս է Աստվածաշունչը ցույց տալիս, որ Հիսուսը Եհովայի ամենասիրելի Որդին է։

11 Հիսուսը Եհովայի ամենասիրելի Որդին է։ Նա կոչվում է «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը», քանի որ Աստծու առաջին ստեղծագործությունն է * (Կողոսացիներ 1։15)։ Այս Որդին յուրահատուկ է նրանով, որ Աստծու «միածին Որդին» է (Հովհաննես 3։16)։ Դա նշանակում է, որ Հիսուսը միակն է, որ ստեղծվել է անմիջականորեն Աստծու կողմից։ Նա միակ անձնավորությունն է, որի միջոցով Աստված ստեղծել է մնացած բոլոր բաները (Կողոսացիներ 1։16)։ Հիսուսը կոչվում է նաև «Խոսքը» (Հովհաննես 1։14)։ Դա նշանակում է, որ նա Աստծու անունից էր խոսում՝ հաղորդելով պատգամներ և տալով հրահանգներ իր Հոր մյուս որդիներին՝ թե՛ հրեշտակներին, թե՛ մարդկանց։

12. Որտեղի՞ց գիտենք, որ անդրանիկ Որդին հավասար չէ Աստծուն։

12 Արդյոք անդրանիկ Որդին հավասա՞ր է Աստծուն, ինչպես ոմանք են կարծում։ Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում։ Ինչպես տեսանք նախորդ պարբերության մեջ, Որդին ստեղծված է։ Ակնհայտ է, ուրեմն, որ Հիսուսը սկիզբ է ունեցել, մինչդեռ Եհովա Աստված ո՛չ սկիզբ ունի, ո՛չ էլ վերջ (Սաղմոս 90։2)։ Միածին Որդու մտքով անգամ չի անցել  հավասարվել իր Հորը։ Աստվածաշունչը հստակ սովորեցնում է, որ Հայրը մեծ է Որդուց (կարդա՛  Հովհաննես 14։28; 1 Կորնթացիներ 11։3)։ Միայն Եհովան է «Ամենակարող Աստվածը» (Ծննդոց 17։1)։ Հետևաբար նրան հավասար մեկը չկա։ *

13. Ի՞նչ նկատի ունի Աստվածաշունչը, երբ Որդուն կոչում է «անտեսանելի Աստծու պատկեր»։

13 Եհովան և իր անդրանիկ Որդին շատ վաղուց՝ դեռ երկրի և աստղազարդ երկնքի արարումից առաջ, միլիարդավոր տարիներ մտերիմ փոխհարաբերություններ են ունեցել։ Որքա՜ն շատ էին նրանք սիրում իրար (Հովհաննես 3։35; 14։31)։ Հիսուսը անչափ նման էր իր Հորը։ Դա է պատճառը, որ Աստվածաշունչը նրան անվանում է «անտեսանելի Աստծու պատկեր» (Կողոսացիներ 1։15)։ Ճիշտ ինչպես որդին կարող է տարբեր առումներով շատ նման լինել իր հորը, այնպես էլ այս երկնային Որդին, նման լինելով Հորը, արտացոլեց նրա հատկություններն ու բնավորության գծերը։

14. Ինչպե՞ս Եհովայի միածին Որդին ծնվեց որպես մարդ։

14 Եհովայի միածին Որդին հոժարակամորեն թողեց երկինքը և եկավ երկիր՝ ապրելու որպես մարդ։ Թերևս հարցնես. «Ինչպե՞ս է հնարավոր, որ ոգեղեն էակը ծնվի որպես մարդ»։ Դա իրականացնելու համար Եհովան հրաշք գործեց։ Նա իր անդրանիկ Որդու կյանքը երկնքից փոխադրեց Մարիամ անունով մի հրեա կույս աղջկա արգանդը։ Վերջինս ոչ մի տղամարդու հետ սեռական հարաբերություն չէր ունեցել։ Այսպիսով՝ Մարիամը ծնունդ տվեց մի կատարյալ որդու և անվանեց նրան Հիսուս (Ղուկաս 1։30–35

ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՀԻՍՈՒՍԸ

15. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Հիսուսի միջոցով հնարավոր է ավելի լավ ճանաչել Եհովային։

15 Այն, թե ինչ էր ասում և ինչպիսի գործեր էր անում Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ, օգնում է մեզ լավ ճանաչելու նրան։ Բացի այդ, Հիսուսի միջոցով մենք կարող ենք ավելի լավ ճանաչել Եհովային։ Ինչո՞ւ։ Քանի որ նա կատարելապես  արտացոլում է իր Հորը։ Դա է պատճառը, որ Հիսուսն իր աշակերտներից մեկին ասաց. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհաննես 14։9)։ Աստվածաշնչի չորս գրքերը, որոնք հայտնի են որպես Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարաններ, մեզ շատ բան են պատմում Հիսուս Քրիստոսի կյանքի, գործունեության և հատկությունների մասին։

16. Ինչի՞ մասին էր Հիսուսը հիմնականում սովորեցնում, և ո՞վ էր դրա հեղինակը։

16 Հիսուսը հայտնի էր որպես Ուսուցիչ (Հովհաննես 1։38; 13։13)։ Ի՞նչ էր նա սովորեցնում։ Հիմնականում նա քարոզում էր Աստծու Թագավորության բարի լուրը, այն, որ այդ երկնային կառավարությունը պիտի ղեկավարի ամբողջ երկիրը և անթիվ օրհնություններ բերի հնազանդ մարդկությանը (Մատթեոս 4։23)։ Ո՞ւմ բարի լուրն էր դա։ Հիսուսն ասաց. «Ինչ որ սովորեցնում եմ, իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է», այսինքն՝ Եհովա Աստծու (Հովհաննես 7։16)։ Հիսուսը գիտեր, որ իր Հայրը ցանկանում է, որ մարդիկ լսեն Թագավորության բարի լուրը։ 8-րդ գլխում ավելի շատ բան կիմանանք Աստծու Թագավորության մասին և թե ինչ է այն իրագործելու։

17. Որտե՞ղ էր Հիսուսը սովորեցնում և ինչո՞ւ դրա համար ջանք չէր խնայում։

17 Որտե՞ղ էր Հիսուսը սովորեցնում։ Ամենուրեք, որտեղ կարելի էր հանդիպել մարդկանց՝ քաղաքներում, գյուղերում, շուկաներում, տներում։ Հիսուսը չէր սպասում, որ մարդիկ իր մոտ գան։ Նա ինքն էր գնում նրանց մոտ (Մարկոս 6։56; Ղուկաս 19։5, 6)։ Իսկ ինչո՞ւ էր Հիսուսն այդքան ջանք գործադրում ու ժամանակ տրամադրում քարոզելու և ուսուցանելու գործին։ Դա Աստծու կամքն էր։ Հիսուսը միշտ անում էր այն, ինչ հաճելի էր իր Հորը (Հովհաննես 8։28, 29)։ Կար ևս մեկ պատճառ. նա խղճում էր մարդկանց (կարդա՛  Մատթեոս 9։35, 36)։ Նրանք արհամարհված էին կրոնական առաջնորդների կողմից՝ այն անհատների, ովքեր պետք է սովորեցնեին ժողովրդին ճշմարտությունը Աստծու և նրա նպատակների մասին։ Հիսուսը գիտեր, որ մարդիկ կարիք ունեն լսելու Թագավորության բարի լուրը։

18. Հիսուսի ո՞ր հատկությունն է հատկապես գրավում քեզ։

 18 Հիսուսը ջերմ ու խոր զգացմունքներ ուներ մարդկանց հանդեպ։ Նա բարի էր և մատչելի։ Նույնիսկ երեխաներն էին իրենց լավ զգում նրա կողքին (Մարկոս 10։13–16)։ Հիսուսը անկողմնակալ էր։ Նա ատում էր խարդախությունն ու անարդարությունը (Մատթեոս 21։12, 13)։ Թեպետ իր օրերում կանայք շատ քիչ հարգանք էին վայելում և գրեթե իրավունքներ չունեին, Հիսուսը նրանց արժանապատվությամբ էր վերաբերվում (Հովհաննես 4։9, 27)։ Նա խոնարհ անձնավորություն էր։ Մի առիթով Հիսուսը նույնիսկ լվաց իր առաքյալների ոտքերը՝ մի բան, որը սովորաբար կատարում էր տան ծառան։

Հիսուսը քարոզում էր մարդկանց ամենուրեք

19. Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ Հիսուսը ուշադիր էր մարդկանց կարիքների նկատմամբ։

19 Հիսուսը նաև ուշադիր էր մարդկանց կարիքների նկատմամբ։ Դա հատկապես երևում էր այն ժամանակ, երբ նա Աստծու սուրբ ոգու զորությամբ բուժումներ էր կատարում (Մատթեոս 14։14)։ Օրինակ՝ մի անգամ բոր հիվանդությամբ տառապող մի մարդ եկավ նրա մոտ ու ասաց. «Եթե միայն  ուզենաս, կարող ես մաքրել ինձ»։ Հիսուսն ասես զգաց այդ մարդու ցավն ու տառապանքը։ Կարեկցանքից մղված՝ նա իր ձեռքը մեկնեց ու դիպավ նրան՝ ասելով. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր»։ Եվ բորոտը առողջացավ (Մարկոս 1։40–42)։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ զգաց այդ մարդը։

ՀԱՎԱՏԱՐԻՄ՝ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

20, 21. Հիսուսն ինչպե՞ս նվիրվածության ու հնազանդության օրինակ թողեց։

20 Հիսուսը նվիրվածության և հնազանդության հրաշալի օրինակ է մեզ համար։ Նա հավատարիմ մնաց իր երկնային Հորը բոլոր հանգամանքներում՝ չնայած հակառակությանն ու տառապանքին։ Հիսուսը հաստատակամորեն ու հաջողությամբ դիմակայեց Սատանայի փորձություններին (Մատթեոս 4։1–11)։ Նույնիսկ նրա հարազատներից ոմանք չհավատացին նրան և ասացին, թե նա «խելագարվել է» (Մարկոս 3։21)։ Բայց Հիսուսը թույլ չտվեց, որ նրանց վերաբերմունքը ազդի իր վրա, այլ շարունակեց վճռականորեն կատարել Աստծու հանձնարարած գործը։ Չնայած վիրավորանքներին  ու անարգանքին՝ նա միշտ ինքնատիրապետում էր դրսևորում և երբեք չարով չէր հատուցում իր հակառակորդներին (1 Պետրոս 2։21–23

21 Հիսուսը հավատարիմ մնաց մինչև մահ, մինչև դաժան ու տանջալից մահ իր թշնամիների ձեռքով (կարդա՛  Փիլիպպեցիներ 2։8)։ Մի պահ խորհիր, թե նա ինչեր կրեց իր երկրային կյանքի վերջին օրը. ձերբակալվեց, սուտ վկաների կողմից մեղադրվեց, անարդարացիորեն դատապարտվեց, ծաղր ու ծանակի ենթարկվեց, զինվորների կողմից չարաչար տանջվեց։ Ցցին գամված՝ նա վերջին անգամ շունչ քաշեց ու ասաց. «Կատարվե՛ց» (Հովհաննես 19։30)։ Հիսուսի մահից երեք օր անց նրա երկնային Հայրը հարություն տվեց նրան որպես ոգեղեն անձնավորություն (1 Պետրոս 3։18)։ Դրանից մի քանի շաբաթ հետո Հիսուսը վերադարձավ երկինք։ Այնտեղ նա «Աստծու աջ կողմը նստեց» և սպասեց, մինչև որ ստանա թագավորական իշխանությունը (Եբրայեցիներ 10։12, 13

22. Ի՞նչ իրագործեց Հիսուսը՝ հավատարիմ մնալով մինչև մահ։

22 Ի՞նչ իրագործեց Հիսուսը՝ հավատարիմ մնալով մինչև մահ։ Նա իր մահով դրախտ երկրում հավիտյան ապրելու հեռանկար բացեց մեր առջև, որը Եհովայի նպատակն է։ Իսկ թե ինչպես է Հիսուսի մահը դա հնարավոր դարձնում, կիմանանք հաջորդ գլխում։

^ պարբ. 7 Դանիելի այս մարգարեության բացատրությունը տե՛ս «Ինչպես է Դանիելի մարգարեությունը նախագուշակում Մեսիայի գալուստը» հավելվածում։

^ պարբ. 11 Եհովան Ստեղծիչն է, այդ պատճառով Հայր է կոչվում (Եսայիա 64։8)։ Քանի որ Հիսուսը Աստծու կողմից է ստեղծվել, կոչվում է Աստծու Որդի։ Այդ նույն պատճառով մյուս ոգեղեն արարածները և նույնիսկ առաջին մարդ Ադամը կոչվում են Աստծու որդիներ (Հոբ 1։6; Ղուկաս 3։38

^ պարբ. 12 Լրացուցիչ ապացույցների համար, որ անդրանիկ Որդին հավասար չէ Աստծուն, տե՛ս «Ճշմարտությունը Հոր, Որդու և սուրբ ոգու մասին» հավելվածը։