Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ԳԼՈՒԽ 7

Հույս, որ կարող ենք ունենալ մահացածների համար

Հույս, որ կարող ենք ունենալ մահացածների համար
  • Որտեղի՞ց գիտենք, որ հարություն է լինելու

  • Ցանկանո՞ւմ է արդյոք Եհովան հարություն տալ մահացածներին

  • Ովքե՞ր են հարություն առնելու

1-3. Ի՞նչ թշնամի է հետապնդում բոլորիս, և ի՞նչ մխիթարական հույս է տալիս Աստվածաշունչը։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ փախչում ես անողոք թշնամուց։ Նա քեզանից ուժեղ է և շատ ավելի արագ է վազում։ Դու լավ գիտես, որ նա շատ դաժան է, քանի որ տեսել ես, թե ինչպես է սպանում քո ընկերներին։ Եվ որքան էլ փորձում ես հեռու փախչել նրանից, միևնույնն է, նա ավելի ու ավելի է մոտենում քեզ։ Թվում է, թե իրավիճակն անհույս է։ Հանկարծ մի փրկարար է հայտնվում։ Նա քո թշնամուց ավելի ուժեղ է և խոստանում է օգնել քեզ։ Ինչպիսի՜ թեթևացում։

2 Իրականում քեզ մի այդպիսի թշնամի է հետապնդում։ Նա բոլորիս է հետապնդում։ Ինչպես նախորդ գլխում սովորեցինք, Աստվածաշունչը մահին թշնամի է անվանում։ Մեզանից ոչ ոք չի կարող նրանից հեռու փախչել կամ դիմադրել նրան։ Շատերս ենք տեսել, թե այս թշնամին ինչպես է խլում մեր սիրելիներին։ Բայց Եհովան անհամեմատ ավելի զորեղ է, քան մահը։ Նա սիրառատ Փրկարար է և արդեն ցույց է տվել, որ կարող է հաղթել այդ թշնամուն։ Նա խոստանում է մեկընդմիշտ ոչնչացնել նրան։ Աստվածաշունչն ասում է. «Վերջին թշնամին մահն է, որ պետք է ոչնչացվի» (1 Կորնթացիներ 15։26)։ Ի՜նչ ուրախալի լուր։

3 Նախ մտածենք այն մասին, թե ինչ ենք զգում, երբ մահը խլում է մեր սիրելի մարդկանցից որևէ մեկի կյանքը։ Դա կօգնի գնահատելու այն հույսը, որը մխիթարություն է բերելու մեզ։  Եհովա Աստված խոստանում է, որ մահացածները կրկին ապրելու են (Եսայիա 26։19)։ Նրանք նորից կյանք են ստանալու։ Եվ սա հենց հարության հույսն է։

ԵՐԲ ՄԱՀԱՆՈՒՄ Է ՔՈ ՍԻՐԵԼԻ ՀԱՐԱԶԱՏԸ

4. ա) Մահացածների հանդեպ Հիսուսի վերաբերմունքից ի՞նչ ենք սովորում Եհովայի զգացումների մասին։ բ) Ի՞նչ ընկերներ ձեռք բերեց Հիսուսը։

4 Երբևէ կորցրե՞լ ես քո սիրելիներից որևէ մեկին։ Վիշտը, կսկիծը և անզոր լինելու զգացումը կարող են անտանելի թվալ։ Այդպիսի պահերին մխիթարության համար հարկավոր է դիմել Աստծու Խոսքին (կարդա՛  2 Կորնթացիներ 1։3, 4)։ Աստվածաշունչը օգնում է մեզ հասկանալու, թե ինչպես են Եհովա Աստված և Հիսուսը վերաբերվում մահվանը։ Հիսուսը, որ կատարելապես արտացոլում էր իր Հորը, հասկանում էր, թե ինչ մեծ ցավ է պատճառում սիրելի անհատի կորուստը (Հովհաննես 14։9)։ Երբ Հիսուսը Երուսաղեմում էր, նա պարբերաբար այցելում էր Ղազարոսին և նրա քույրերին՝ Մարիամին ու Մարթային, որոնք ապրում էին մոտակա գյուղում՝ Բեթանիայում։ Նրանք դարձան մտերիմ ընկերներ։ Աստվածաշունչն ասում է. «Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին» (Հովհաննես 11։5)։ Սակայն այնպես պատահեց, որ Ղազարոսը մահացավ։

5, 6. ա) Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը՝ տեսնելով Ղազարոսի հարազատների ու ընկերների վիշտը։ բ) Այն, որ Հիսուսը ցավ զգաց, ինչո՞ւ է մխիթարական մեզ համար։

5 Ի՞նչ զգաց Հիսուսը, երբ կորցրեց իր ընկերոջը։ Աստվածաշունչը մեզ հայտնում է, որ Հիսուսը գնաց Ղազարոսի հարազատների ու ընկերների մոտ, որոնք սգում էին նրա մահը։ Նրանց վիշտը տեսնելով՝ Հիսուսը «հառաչեց, հուզվեց», և նրա «աչքերից արցունքներ հոսեցին» (Հովհաննես 11։33, 35)։ Մի՞թե սա նշանակում է, որ նա հույս չուներ։ Ո՛չ։ Իրականում նա գիտեր, որ շուտով մի հրաշալի բան է տեղի ունենալու (Հովհաննես 11։3, 4)։ Այնուհանդերձ, նա զգաց, թե ինչ մեծ ցավ ու վիշտ է պատճառում մահը։

6 Այն, որ Հիսուսը ցավ զգաց, որոշ առումով մխիթարական է մեզ համար։ Դա ցույց է տալիս, որ Հիսուսը և իր Հայրը ատում են մահը։ Բայց Եհովա Աստված կարող է հաղթել այդ թշնամուն։ Տեսնենք, թե նա ինչ լիազորություն տվեց իր Որդուն։

 «ՂԱԶԱՐՈ՛Ս, ԴՈ՛ՒՐՍ ԱՐԻ»

7, 8. Մարդկային տեսանկյունից՝ ինչո՞ւ էր Ղազարոսի վիճակը անհույս, սակայն ի՞նչ արեց Հիսուսը։

7 Ղազարոսը թաղվել էր քարայրում։ Հիսուսը խնդրեց, որ քարայրի մուտքը փակող քարը մի կողմ տանեն։ Մարթան առարկեց, քանի որ արդեն չորս օր էր անցել, և Ղազարոսի մարմինը պետք է որ հոտած լիներ (Հովհաննես 11։39)։ Մարդկային տեսանկյունից՝ չկար և ոչ մի հույս։

Ղազարոսի հարությունը մեծ ուրախություն պատճառեց մարդկանց (Հովհաննես 11։38–44)

8 Քարը մի կողմ տարան, և Հիսուսը բարձր ձայնով կանչեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»։ Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո։ «Մահացածը դուրս եկավ» (Հովհաննես 11։43, 44)։ Կարո՞ղ ես պատկերացնել այնտեղ գտնվող մարդկանց ցնծությունը։ Ղազարոսի քույրերը, բարեկամները, ընկերներն ու հարևանները՝ բոլորը գիտեին, որ նա մահացել էր։ Բայց հիմա ահա նույն սիրելի Ղազարոսը կանգնած է նրանց առաջ։ Այս ամենն այնքա՜ն անհավատալի էր թվում։ Անկասկած, շատերը ուրախությունից գրկախառնվեցին Ղազարոսի հետ։ Ինչպիսի՜ հաղթանակ մահվան դեմ։

Եղիան հարություն տվեց այրի կնոջ որդուն (1 Թագավորներ 17։17–24)

9, 10. ա) Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ իր զորությամբ չէ Ղազարոսին հարություն տալու։ բ) Ինչո՞վ է օգտակար հարության մասին աստվածաշնչյան պատմությունները կարդալը։

9 Հիսուսը երբևէ չասաց, որ իր զորությամբ է արել այդ հրաշքը։ Նախքան Ղազարոսին գերեզմանից դուրս կանչելը իր աղոթքի մեջ նա հստակ ցույց տվեց, որ Եհովան է այդ զորության Աղբյուրը (կարդա՛  Հովհաննես 11։41, 42)։ Սա միակ դեպքը չէ, որ Եհովան նման կերպով օգտագործեց իր զորությունը։ Ղազարոսի հարությունը ընդամենը մեկն է հարության այն ինը դեպքերից, որոնք արձանագրված են Աստծու Խոսքում։ * Այդ պատմությունները կարդալը և ուսումնասիրելը ուրախությամբ է լցնում մեր սիրտը։ Դրանք ցույց են տալիս, որ Աստված կողմնապահ չէ, որովհետև հարություն առնողների մեջ եղել են թե՛ մեծ, թե՛ փոքր, թե՛ կին, թե՛ տղամարդ, թե՛ իսրայելացի և թե՛ այլազգի։ Ցնծության ինչպիսի՜ տեսարաններ են նկարագրված այդ  պատմություններում։ Օրինակ՝ երբ Հիսուսը հարություն տվեց մի փոքր աղջկա, նրա ծնողները «մեծ ցնծություն ապրեցին» (Մարկոս 5։42)։ Եհովան նրանց այնպիսի ուրախություն էր պարգևել, որը նրանք երբեք չէին մոռանա։

Պետրոս առաքյալը հարություն տվեց Տաբիթա անունով մի քրիստոնյա կնոջ (Գործեր 9։36–42)

10 Իհարկե, այն մարդիկ, ում հարություն տվեց Հիսուսը, հետագայում նորից մահացան։ Բայց մի՞թե դա նշանակում է, որ անիմաստ էր նրանց հարություն տալը։ Բոլորովի՛ն։ Աստվածաշնչյան այդ պատմությունները կարևոր ճշմարտություններ են հաստատում ու մեզ հույս պարգևում։

ՍՈՎՈՐԻՐ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

11. Ինչպե՞ս է Ղազարոսի հարության պատմությունը փաստում, որ Ժողովող 9։5-ում գրվածը ճշմարտություն է։

11 Աստվածաշունչը սովորեցնում է, որ «մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5)։ Նրանք կենդանի չեն, անգիտակից վիճակում են։ Ղազարոսի պատմությունը հենց սա է հաստատում։ Կյանքի վերադառնալով՝ արդյո՞ք Ղազարոսը երկնային կյանքի մասին պատմեց մարդկանց, թե՞ վախեցրեց նրանց դժոխքի մասին սարսափազդու պատմություններով։ Նա ո՛չ մեկն արեց, ո՛չ էլ մյուսը։ Աստվածաշնչում չկան Ղազարոսի կողմից ասված նման խոսքեր։ Այն չորս օրերի ընթացքում, երբ նա մահացած էր, ոչ մի բան չէր գիտակցում։ Ղազարոսը պարզապես քնած էր մահվան քնով (Հովհաննես 11։11

12. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Ղազարոսի հարությունը իրականում տեղի է ունեցել։

12 Ղազարոսի պատմությունը նաև փաստում է, որ հարությունը ոչ թե առասպել է, այլ իրականություն։ Ղազարոսը հարություն առավ բազմաթիվ ականատեսների առաջ։ Նույնիսկ Հիսուսին ատող կրոնական առաջնորդները չկարողացան ժխտել կատարված հրաշքը։ Փոխարենը՝ նրանք ասացին. «Ի՞նչ պիտի անենք։ Այս մարդը բազում հրաշքներ է անում» (Հովհաննես 11։47)։ Շատերը գնացին տեսնելու հարություն առած Ղազարոսին, և արդյունքում ավելի շատ մարդիկ հավատացին Հիսուսին։ Նրանք գիտակցում էին, որ Ղազարոսը կենդանի ապացույցն է այն բանի, որ Հիսուսն Աստծու կողմից է ուղարկված։ Եվ դա  այնքան ակնհայտ էր, որ կարծրասիրտ հրեա կրոնական առաջնորդներից մի քանիսը որոշեցին սպանել թե՛ Հիսուսին, թե՛ Ղազարոսին (Հովհաննես 11։53; 12։9–11

13. Ի՞նչ հիմքեր ունենք հավատալու, որ Եհովան կարող է մահացած մարդկանց կյանքի բերել։

13 Արդյոք անհեթե՞թ է ընդունել, որ հարությունն իրականություն է։ Ո՛չ։ Հիսուսը սովորեցրեց, որ մի գեղեցիկ օր «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են», հարություն կառնեն (Հովհաննես 5։28)։ Եհովան ամեն տեսակ կյանքի Արարիչն է։ Մի՞թե դժվար է հավատալ, որ նա կարող է վերստին ստեղծել մարդուն։ Ինչ խոսք, այս հարցում շատ բան կախված է Եհովայի հիշողությունից։ Կարո՞ղ է արդյոք նա հիշել մեր մահացած սիրելիներին։ Տիեզերքը ողողված է անթիվ-անհամար աստղերով, բայց Եհովան նրանցից յուրաքանչյուրին անունով է կանչում (Եսայիա 40։26)։ Հետևաբար, Եհովա Աստված կարող է հիշել մեր մահացած հարազատներին իրենց բոլոր առանձնահատկություններով հանդերձ և կյանքի բերել նրանց։

14, 15. Ի՞նչ են ցույց տալիս Հոբի խոսքերը։

14 Եհովան ցանկանո՞ւմ է հարություն տալ մահացածներին։ Աստվածաշունչն ասում է, որ նա մեծ ցանկություն ունի հարություն տալու նրանց։ Այս առումով հավատարիմ Հոբը հարց տվեց. «Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի»։ Հոբը խոսում էր գերեզմանում սպասելու մասին այնքան ժամանակ, մինչև որ Աստված նորից հիշեր նրան։ Այնուհետև նա ասաց Եհովային. «Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ, և դու կկարոտես քո ձեռքի գործին» (Հոբ 14։13–15

15 Մի պահ մտածիր. Եհովան փափագում է մահացածներին կյանքի բերել։ Մի՞թե մեր սրտերը ուրախությամբ չեն լցվում, երբ իմանում ենք, որ նա նման ցանկություն ունի։ Իսկ ովքե՞ր են հարություն առնելու և որտե՞ղ։

«ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՐ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՆ»

16. Ինչպիսի՞ պայմաններում են ապրելու հարություն առած մարդիկ։

16 Աստվածաշնչյան արձանագրությունները շատ բան են հայտնում ապագայում սպասվող հարության մասին։ Անցյալում մարդիկ հարություն առան երկրի վրա և կրկին միացան իրենց  սիրելի հարազատներին։ Նույնը տեղի կունենա նաև ապագայում սպասվող հարության ժամանակ, սակայն ավելի մեծ մասշտաբով։ Ինչպես սովորեցինք 3-րդ գլխում, Աստծու նպատակն է, որ ամբողջ երկիրը դրախտի վերածվի։ Դա նշանակում է, որ մահացածները հարություն կառնեն այն ժամանակ, երբ երկրի վրա այլևս չեն լինի պատերազմներ, հանցագործություն և հիվանդություններ։ Նրանք հնարավորություն կունենան հավիտյան ապրելու երկրի վրա խաղաղ ու երջանիկ պայմաններում։

17. Ովքե՞ր են հարություն առնելու։

17 Ովքե՞ր են հարություն առնելու։ Հիսուսն ասաց, որ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29)։ Նույն միտքն է շեշտում նաև Հայտնություն 20։13-ը. «Ծովն իր միջի մահացածներին տվեց, և մահն ու գերեզմանը իրենց միջի մահացածներին տվեցին»։ «Գերեզման» թարգմանված հունարեն «հադես» բառը նշանակում է մարդկության ընդհանուր գերեզման (տե՛ս «Ի՞նչ են շեոլը և հադեսը»հավելվածը)։ Այս համընդհանուր գերեզմանը դատարկվելու է, և այնտեղ գտնվող միլիարդավոր մարդիկ կրկին կենդանանալու են։ Պողոս առաքյալն ասաց. «Թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24։15)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։

Մահացածները հարություն կառնեն դրախտում և կմիանան իրենց սիրելի հարազատներին

18. Ովքե՞ր են մտնում «արդարների» մեջ, որոնք պետք է հարություն առնեն, և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ հույսը քեզ վրա։

18 Կարդալով Աստվածաշունչը՝ մենք իմանում ենք, որ «արդարների» մեջ են մտնում այն մարդիկ, ովքեր ապրել են մինչև Հիսուսի երկիր գալը։ Նրանց թվում են Նոյը, Աբրահամը, Սառան, Մովսեսը, Հռութը, Եսթերը և շատ ուրիշներ։ Մեծ հավատ ունեցող այս տղամարդկանցից ու կանանցից շատերի մասին կարող ենք կարդալ «Եբրայեցիներ» նամակի 11-րդ գլխում։ «Արդարների» մեջ են մտնում նաև Եհովայի այն ծառաները, որոնք մահացել են մեր օրերում։ Շնորհիվ հարության հույսի մենք կարող ենք ձերբազատվել մահվան հանդեպ ունեցած վախից (Եբրայեցիներ 2։15

19. Ովքե՞ր են «անարդարները», և ի՞նչ հնարավորություն է տալու նրանց Եհովան։

19 Իսկ ի՞նչ է պատահելու այն մարդկանց, ովքեր չեն ծառայել  ու չեն հնազանդվել Եհովային այն պատճառով, որ ոչինչ չեն իմացել նրա մասին։ Այդ միլիարդավոր «անարդար» մարդիկ մոռացության չեն մատնվի։ Նրանք նույնպես հարություն կառնեն։ Իսկ հետո նրանց ժամանակ կտրվի, որպեսզի սովորեն ճշմարիտ Աստծու մասին ու ծառայեն նրան։ Մահացածները հարություն կառնեն հազար տարվա ընթացքում և հնարավորություն կունենան միանալու հավատարիմ մարդկանց։ Հրաշալի ժամանակներ կլինեն։ Այդ ժամանակաշրջանը Աստվածաշունչը կոչում է Դատաստանի օր։ *

20. Ի՞նչ է գեհենը, և ովքե՞ր են ընկնում այնտեղ։

20 Նշանակո՞ւմ է արդյոք, որ բացարձակապես բոլոր մարդիկ են հարություն առնելու։ Ո՛չ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մահացած մարդկանցից ոմանք գտնվում են «գեհենում» (Ղուկաս 12։5)։ Գեհենը հին Երուսաղեմի պարիսպներից դուրս գտնվող աղբանոց էր, որտեղ այրում էին աղբը և դիեր։ Այնտեղ նետում էին այն մարդկանց մարմինները, ում հրեաները անարժան էին համարում պատշաճ կերպով թաղվելու և հարության համար։ Այդ պատճառով էլ գեհենը հավիտենական կործանման շատ հարմար խորհրդանիշ է։ Թեև Հիսուսը դատելու է ողջերին ու մահացածներին, սակայն Գլխավոր Դատավորը Եհովան է (Գործեր 10։42)։ Նա երբեք հարություն չի տա այն անհատներին, որոնց դատում է որպես ամբարիշտների, և որոնք չեն ցանկանում փոխվել։

ԵՐԿՆԱՅԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

21, 22. ա) Ուրիշ ի՞նչ հարության մասին է խոսում Աստվածաշունչը։ բ) Ո՞վ է առաջին անձնավորությունը, որ հարություն ստացավ որպես ոգեղեն էակ։

21 Աստվածաշունչը մեզ տեղեկացնում է նաև մեկ ուրիշ հարության մասին, որի ժամանակ անհատը կյանք է ստանում երկնքում որպես ոգեղեն արարած։ Այսպիսի հարության միայն մեկ օրինակ է արձանագրված Աստվածաշնչում՝ Հիսուս Քրիստոսի հարության օրինակը։

22 Երբ Հիսուսին սպանեցին, Եհովան թույլ չտվեց, որ իր հավատարիմ Որդին մնա գերեզմանում (Սաղմոս 16։10; Գործեր  13։34, 35)։ Աստված հարություն տվեց նրան, բայց ոչ որպես մարդ։ Պետրոս առաքյալը բացատրում է, որ Քրիստոսը «մահվան մատնվեց մարմնով, բայց կենդանացավ ոգով» (1 Պետրոս 3։18)։ Դա իրոք մեծ հրաշք էր։ Հիսուսը կրկին կենդանի էր, բայց այս անգամ որպես հզոր ոգեղեն անձնավորություն (կարդա՛  1 Կորնթացիներ 15։3–6)։ Նա առաջինն էր, որ այդպիսի փառավոր հարություն ստացավ, սակայն վերջինը չէր (Հովհաննես 3։13

23, 24. Ովքե՞ր են «փոքր հոտի» անդամները, և քանի՞ հոգուց են բաղկացած։

23 Իմանալով, որ շուտով երկինք է վերադառնալու՝ Հիսուսն իր հավատարիմ հետևորդներին ասաց, որ գնում է՝ երկնքում նրանց համար «տեղ պատրաստելու» (Հովհաննես 14։2)։ Երկնային կյանքի հույս ունեցողներին Հիսուսը «փոքր հոտ» անվանեց (Ղուկաս 12։32)։ Քանի՞ հոգուց էր բաղկացած լինելու հավատարիմ քրիստոնյաների այդ փոքր խումբը։ Հայտնություն 14։1-ում Հովհաննես առաքյալը գրում է. «Ես տեսա, ահա Գառը [Հիսուս Քրիստոսը] կանգնած էր Սիոն լեռան վրա ու նրա հետ հարյուր քառասունչորս հազար հոգի, որոնց ճակատներին գրված էր նրա անունը և իր Հոր անունը»։

24 144 000 անհատները, որոնց թվում էին նաև Հիսուսի հավատարիմ առաքյալները, պետք է երկնային հարություն ստանային։ Ե՞րբ էր լինելու նրանց հարությունը։ Պողոս առաքյալը նշեց, որ այն տեղի էր ունենալու Քրիստոսի ներկայության ժամանակ (1 Կորնթացիներ 15։23)։ Ինչպես դեռ կիմանանք 9-րդ գլխից, այժմ մենք ապրում ենք հենց այդ ժամանակաշրջանում։ Ուստի 144 000-ի այն անդամները, որոնք դեռ կենդանի են, մահանալուց հետո անմիջապես երկնային կյանքի հարություն են ստանում (1 Կորնթացիներ 15։51–55)։ Իսկ մահացած մարդկանց մեծամասնությունը հարություն է առնելու դրախտ երկրի վրա։

25. Ի՞նչի մասին կիմանանք հաջորդ գլխում։

25 Այո՛, Եհովան բնաջինջ կանի և հավիտյան կվերացնի մեր թշնամուն՝ մահին (կարդա՛  Եսայիա 25։8)։ Սակայն թերևս հարցնես. «Երկնային հարություն ստացածները ի՞նչ պիտի անեն երկնքում»։ Նրանք թագավորներ են լինելու Աստծու երկնային Թագավորության մեջ։ Իսկ այդ Թագավորության մասին կիմանանք հաջորդ գլխում։

^ պարբ. 19 Դատաստանի օրվա վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե ինչի հիման վրա են մարդիկ դատվելու, կարդա՛ «Ի՞նչ է Դատաստանի օրը» հավելվածում։