Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ՀԱՎԵԼՎԱԾ

Ի՞նչ է Դատաստանի օրը

Ի՞նչ է Դատաստանի օրը

ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ պատկերացնում Դատաստանի օրը։ Շատերը կարծում են, թե այդ օրը միլիարդավոր հոգիներ մեկ առ մեկ բերվելու են Աստծու գահի առաջ և դատվելու են։ Ոմանք վարձատրվելու են՝ երկնքում դրախտային կյանք ստանալով, իսկ մյուսները դատապարտվելու են հավերժական տանջանքների։ Սակայն Աստվածաշունչը այլ բան է ասում։ Աստծու Խոսքում Դատաստանի օրը նկարագրվում է ոչ թե որպես սարսափազդու, այլ հույսի և վերականգնման ժամանակահատված։

Հայտնություն 20։11, 12-ում Հովհաննես առաքյալը հետևյալ խոսքերով է նկարագրում Դատաստանի օրը. «Տեսա մի մեծ սպիտակ գահ և նրան, որ նստած էր դրա վրա։ Նրա առաջից երկինքն ու երկիրը փախան, և նրանց համար տեղ չեղավ։ Եվ տեսա մահացածներին՝ մեծերին ու փոքրերին՝ կանգնած գահի առաջ, և գրքեր բացվեցին։ Մեկ ուրիշ գիրք էլ բացվեց. դա կյանքի գիրքն էր։ Եվ մահացածները դատվեցին՝ ըստ իրենց գործերի՝ այդ գրքերում գրվածների համաձայն»։ Ո՞վ է գահի վրա նստած Դատավորը։

Ողջ մարդկության Գերագույն Դատավորը Եհովա Աստվածն է։ Չնայած դրան՝ դատելու գործը նա հանձնել է մեկ ուրիշի։ Պողոս առաքյալը գրում է, որ Աստված «մեկ օր է հաստատել, որում նպատակ ունի արդարությամբ դատելու աշխարհը մի մարդու միջոցով, ում նա նշանակեց» (Գործեր 17։31)։ Այդ նշանակված Դատավորը հարություն առած Հիսուս Քրիստոսն է (Հովհաննես 5։22)։ Իսկ ե՞րբ է սկսվելու Դատաստանի օրը և որքա՞ն է տևելու։

 «Հայտնություն» գիրքը ցույց է տալիս, որ Դատաստանի օրը սկսվելու է Արմագեդոն պատերազմից հետո, երբ երկրի վրայից վերանա Սատանայի համակարգը * (Հայտնություն 16։14, 16; 19։19–20։3)։ Արմագեդոն պատերազմից հետո Սատանան և նրա դևերը հազար տարով բանտարկվելու են անդունդում։ Այդ ընթացքում 144000 երկնային ժառանգները դատավորներ են լինելու և «Քրիստոսի հետ թագավորելու են հազար տարի» (Հայտնություն 14։1–3; 20։1–4; Հռոմեացիներ 8։17)։ Հետևաբար Դատաստանի օրը 24 ժամ տևող ժամանակահատված չէ։ Այն տևելու է հազար տարի։

Այդ հազար տարվա ընթացքում Հիսուս Քրիստոսը «դատելու է ողջերին և մեռածներին» (2 Տիմոթեոս 4։1)։ Ողջերը «մեծ բազմության» անդամներն են, որոնք վերապրելու են Արմագեդոն պատերազմից (Հայտնություն 7։9–17)։ Հովհաննես առաքյալը գրում է նաև, որ տեսավ «մահացածներին.... կանգնած գահի առաջ»։ Ինչպես Հիսուսն էր խոստացել, «նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն և դուրս կգան», այսինքն՝ հարություն կառնեն (Հովհաննես 5։28, 29; Գործեր 24։15)։ Իսկ ինչի՞ հիման վրա են դատվելու այդ մարդիկ։

Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ, որ «գրքեր բացվեցին» և «մահացածները դատվեցին՝ ըստ իրենց գործերի՝ այդ գրքերում գրվածների համաձայն» (Հայտնություն 20։12)։ Արդյո՞ք այդ գրքերում արձանագրված են անցյալում կատարած մարդկանց գործերը։ Ո՛չ։ Դատաստանի ժամանակ չեն քննվելու այն գործերը, որոնք մարդիկ արել են մինչև մահանալը։ Որտեղի՞ց գիտենք։ Աստվածաշնչում ասվում է. «Նա, ով մահանում է, ազատվում է մեղքից» (Հռոմեացիներ 6։7)։ Հետևաբար հարություն առած անհատները կյանքը կսկսեն, այսպես ասած, մաքուր էջից։ Ուրեմն այդ գրքերում պետք է որ արձանագրված լինեն Աստծու հետագա պահանջները։ Եվ որպեսզի թե՛ Արմագեդոն պատերազմից վերապրողները և թե՛ հարություն առած մարդիկ հավիտյան ապրեն, պետք է հնազանդվեն Աստծու պահանջներին, այդ թվում նաև այն նոր պահանջներին, որոնց մասին Եհովան կհայտնի հազար տարվա ընթացքում։ Այսպիսով՝ մարդիկ դատվելու են այն բանի հիման վրա, թե ինչպիսի գործեր կանեն Դատաստանի օրվա ընթացքում։

 Դատաստանի օրվա ընթացքում միլիարդավոր մարդկանց առաջին անգամ հնարավորություն կտրվի իմանալու, թե որն է Աստծու կամքը, և դրա համաձայն ապրելու։ Սա նշանակում է, որ կատարվելու է լայնածավալ կրթական աշխատանք։ Երկրի «բնակիչները արդարություն են սովորելու» (Եսայիա 26։9)։ Սակայն բոլորը չէ, որ ցանկանալու են Աստծու կամքը կատարել։ Եսայիա 26։10-ում ասվում է. «Թեև ամբարշտի հանդեպ բարեհաճություն ցուցաբերվի, նա արդարություն չի սովորի. ազնվության երկրում անարդարացիորեն կվարվի և չի տեսնի Եհովայի վեհությունը»։ Դատաստանի օրվա ընթացքում ամբարիշտ մարդիկ մեկընդմիշտ կոչնչացվեն (Եսայիա 65։20

Մինչև Դատաստանի օրվա ավարտը բոլոր փրկվածները լիարժեք կկենդանանան՝ կատարյալ կդառնան (Հայտնություն 20։5)։ Մարդկությունը կվերականգնվի՝ ձեռք կբերի այն կատարյալ վիճակը, որ ունեցել է սկզբում (1 Կորնթացիներ 15։24–28)։ Այնուհետև կլինի վերջնական փորձությունը։ Սատանան ազատ կարձակվի բանտարկությունից, և նրան վերջին անգամ թույլ կտրվի մարդկանց մոլորեցնելու փորձ կատարել (Հայտնություն 20։3, 7–10)։ Նրանք, ովքեր կանցնեն Սատանայի վերջնական փորձությունը, կտեսնեն աստվածաշնչյան հետևյալ խոստման լիարժեք իրականացումը. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29)։ Այո՛, Դատաստանի օրը օրհնություն կլինի բոլոր հավատարիմ մարդկանց համար։

^ պարբ. 1 Արմագեդոն պատերազմի վերաբերյալ տեղեկություններ կարող ես գտնել «Աստվածաշնչի ըմբռնում» հանրագիտարանի «Եհովայի օր» և «Հար-Մագեդոն» հոդվածներում (անգլ., հ. 1, էջ 594, 1037) և «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» գրքում (գլ. 20)։ Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։

 

Իմացիր ավելին

«Աշխարհի վերջ». ի՞նչ է այն նշանակում

Աշխարհի վերջի մասին Աստվածաշնչի տեղեկությունը բարի լուր է