Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ԳԼՈՒԽ 8

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։
  • Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը Աստծու Թագավորության մասին

  • Ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը

  • Ե՞րբ է Թագավորությունը իրագործելու Աստծու կամքը երկրի վրա

1. Ո՞ր հանրաճանաչ աղոթքն ենք քննելու։

ԱՄԲՈՂՋ աշխարհում միլիոնավոր մարդկանց ծանոթ է այն աղոթքը, որը շատերն անվանում են «Հայր մեր», կամ՝ «Տերունական աղոթք»։ Խոսքը այն հանրաճանաչ աղոթքի մասին է, որը Հիսուսը որպես օրինակ տվեց։ Այդ աղոթքը խոր իմաստ ունի։ Ուստի դրա առաջին երեք մասերի վերլուծությունը կօգնի քեզ ավելի շատ բան իմանալու, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում։

2. Ի՞նչ երեք բաների մասին Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին աղոթել։

2 Այս տիպար աղոթքի սկզբում Հիսուսը հորդորում է իր ունկնդիրներին. «Ուստի այսպես աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը։ Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9–13)։ Ի՞նչ են նշանակում աղոթքի առաջին երեք խնդրանքները։

3. Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Աստծու Թագավորության մասին։

3 Մենք արդեն շատ բան ենք իմացել Եհովա Աստծու անվան մասին։ Եվ որոշ չափով տեղեկացել ենք, թե որն է նրա կամքը, ինչ է արել մարդկանց համար և դեռ ինչ է անելու։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ սովորեցրեց աղոթել՝ «թող գա քո թագավորությունը»։ Ի՞նչ է Աստծու Թագավորությունը, ինչպե՞ս է այն սրբացնելու Աստծու անունը և իրագործելու նրա կամքը։

 ԻՆՉ Է ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

4. Ի՞նչ է Աստծու Թագավորությունը, և ո՞վ է այդ Թագավորության Թագավորը։

4 Աստծու Թագավորությունը Եհովայի կողմից հաստատված կառավարություն է և ունի ընտրված Թագավոր։ Ո՞վ է այդ Թագավորը. Հիսուս Քրիստոսը։ Որպես Թագավոր՝ Հիսուսը բոլոր մարդկային կառավարիչներից հզոր է, հետևաբար կոչվում է «թագավորների Թագավոր և տերերի Տեր» (1 Տիմոթեոս 6։15)։ Նա զորություն ունի ավելի շատ բարիքներ անելու, քան ցանկացած մարդկային կառավարիչ, նույնիսկ լավագույն կառավարիչը։

5. Որտեղի՞ց է իշխելու Աստծու Թագավորությունը և ինչի՞ վրա։

5 Որտեղի՞ց է կառավարելու Աստծու Թագավորությունը։ Իսկ որտե՞ղ է Հիսուսը։ Հավանաբար հիշում ես, որ Հիսուսին տանջանքի ցցի վրա սպանեցին, որից հետո նա հարություն առավ։ Դրանից որոշ ժամանակ անց նա համբարձվեց երկինք (Գործեր 2։33)։ Ուստի Աստծու Թագավորությունը երկնքում է։ Ահա թե ինչու է Աստվածաշունչն այն անվանում «երկնային թագավորություն» (2 Տիմոթեոս 4։18)։ Ու թեև Աստծու Թագավորությունը երկնքում է, այն իշխելու է ամբողջ երկրի վրա (կարդա՛  Հայտնություն 11։15

6, 7. Ի՞նչն է Հիսուսին որպես Թագավոր առանձնահատուկ դարձնում։

6 Իսկ ինչո՞վ է Հիսուսը որպես Թագավոր առանձնահատուկ։ Նախ նրանով, որ երբեք չի մահանալու։ Համեմատելով Հիսուսին մարդկային թագավորների հետ՝ Աստվածաշունչը նշում է, որ միայն ինքը «ունի անմահություն» և «անհասանելի լույսի մեջ է բնակվում» (1 Տիմոթեոս 6։16)։ Դա նշանակում է, որ նրա բոլոր գործերը մնայուն կլինեն։ Իսկ ապագայում նա մեծամեծ ու բարի գործեր է անելու։

7 Ուշադրություն դարձրու Հիսուսի վերաբերյալ Աստվածաշնչի հետևյալ մարգարեությանը. «Նրա վրա Եհովայի ոգին կլինի՝ իմաստության ու հասկացողության ոգին, խորհրդի ու զորության ոգին, գիտության ու Եհովայի հանդեպ վախի ոգին։ Նա ուրախություն կգտնի Եհովայի հանդեպ վախի մեջ։ Նա չի դատի միայն իր աչքի տեսածով և չի հանդիմանի զուտ իր ականջի լսածով։ Խեղճերին արդարությամբ կդատի և հօգուտ  երկրի հեզերի արդարամտությամբ հանդիմանություն կանի» (Եսայիա 11։2–4)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Հիսուսը արդար և կարեկից Թագավոր է լինելու։ Կցանկանայի՞ր, որ քո Թագավորը այդպիսի անձնավորություն լիներ։

8. Ովքե՞ր են թագավորելու Հիսուսի հետ։

8 Հիսուսը մենակ չի կառավարելու, նա թագավորակիցներ է ունենալու։ Դա են ցույց տալիս Տիմոթեոսին ուղղված Պողոս առաքյալի խոսքերը. «Եթե շարունակում ենք տոկալ, միասին կթագավորենք» (2 Տիմոթեոս 2։12)։ Այո՛, Պողոսը, Տիմոթեոսը և ուրիշ հավատարիմ մարդիկ, որոնք ընտրված են Աստծու կողմից, Հիսուսի հետ կթագավորեն երկնային Թագավորության մեջ։ Քանի՞ հոգի կունենան այդ առանձնաշնորհումը։

9. Քանի՞ հոգի են թագավորելու Հիսուսի հետ, և ե՞րբ է Աստված սկսել նրանց ընտրել։

9 Ինչպես նշվեց 7-րդ գլխում, Հովհաննես առաքյալին մի տեսիլք տրվեց, որում նա հետևյալը տեսավ. «Գառը [Հիսուս Քրիստոսը] կանգնած էր Սիոն լեռան վրա [երկնքում նրա թագավորական դիրքը] ու նրա հետ հարյուր քառասունչորս հազար հոգի, որոնց ճակատներին գրված էր նրա անունը և իր Հոր անունը»։ Ովքե՞ր են այս 144000 անհատները։ Հովհաննեսը պատասխանում է. «Նրանք են, որ հետևում են Գառանը, ուր էլ որ նա գնա։ Նրանք գնվեցին մարդկանց միջից որպես առաջին պտուղներ Աստծու և Գառան համար» (Հայտնություն 14։1, 4)։ Այո՛, Հիսուս Քրիստոսի այս հավատարիմ հետևորդները ընտրվել են նրա հետ երկնքում կառավարելու համար։ Երկնային կյանքի հարություն ստանալուց հետո նրանք Հիսուսի հետ «կթագավորեն երկրի վրա» (Հայտնություն 5։10)։ Առաքյալների օրերից ի վեր Աստված ընտրում է հավատարիմ քրիստոնյաների, որպեսզի ամբողջացնի 144000-ը։

10. Ինչո՞ւ է մարդկության վրա իշխելու նպատակով Հիսուսի և 144 000 անհատների ընտրությունը Աստծու կողմից սիրո դրսևորում։

10 Այն, որ Աստված մարդկության վրա իշխելու նպատակով ընտրեց Հիսուսին և 144000 անհատների, նրա կողմից սիրո դրսևորում է։ Ինչո՞ւ։ Նախ՝ Հիսուսը լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել մարդ և տառապանքներ կրել։ Պողոս առաքյալն ասում է, որ Հիսուսը այնպիսի անձնավորություն չէ, «որը չի  կարող ցավակից լինել մեր թուլություններին, այլ մի այնպիսին, որը մեզ նման փորձվել է բոլոր առումներով, բայց մնացել է առանց մեղքի» (Եբրայեցիներ 4։15; 5։8)։ Եվ երկրորդ՝ նրա իշխանակիցները նույնպես տառապանքներ են կրել ու տոկացել։ Նրանք նաև պայքարել են անկատարության և տարբեր հիվանդությունների դեմ։ Ուրեմն նրանք անկասկած կհասկանան մարդկանց բոլոր խնդիրները։

ԻՆՉ Է ԱՆԵԼՈՒ ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

11. Ինչո՞ւ Հիսուսը հորդորեց իր աշակերտներին աղոթել, որ Աստծու կամքը կատարվի երկնքում։

11 Երբ Հիսուսը հորդորեց իր աշակերտներին աղոթել, որ Աստծու Թագավորությունը գա, նաև պատվիրեց աղոթել, որ Աստծու կամքը կատարվի «ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»։ Աստծու կամքը երկնքում հավատարիմ հրեշտակների միջոցով միշտ կատարվել է։ Սակայն, ինչպես սովորեցինք 3-րդ գլխում, հրեշտակներից մեկը դադարեց Աստծու կամքը կատարելուց և դրդեց Ադամին ու Եվային մեղք գործելու։ 10-րդ գլխում մենք ավելի շատ բան կիմանանք, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը այդ ամբարիշտ հրեշտակի մասին, որը հայտնի է որպես Բանսարկու Սատանա։ Սատանային և դևերին, այսինքն՝ այն հրեշտակներին, որոնք հետևեցին նրան, թույլ տրվեց որոշ ժամանակ մնալ երկնքում։ Այդ ընթացքում երկնքում ոչ բոլոր ոգեղեն արարածներն էին կատարում Աստծու կամքը։ Սակայն այդ ամենը փոխվելու էր, երբ Աստծու Թագավորությունը սկսեր իշխել։ Նոր թագադրված Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, պետք է պատերազմեր Սատանայի դեմ (կարդա՛  Հայտնություն 12։7–9

12. Ի՞նչ երկու կարևոր իրադարձություններ են նկարագրված Հայտնություն 12։10-ում։

12 Հաջորդ մարգարեական խոսքերը նկարագրում են, թե ինչ պետք է տեղի ունենար դրանից հետո. «Մի բարձր ձայն լսեցի երկնքում, որ ասում էր. «Հիմա հաստատվեց փրկությունը, զորությունը և մեր Աստծու թագավորությունն ու նրա Քրիստոսի իշխանությունը, որովհետև մեր եղբայրներին մեղադրողը [Սատանան] ցած գցվեց, որ օր ու գիշեր մեղադրում էր  նրանց մեր Աստծու առաջ»» (Հայտնություն 12։10)։ Ուշադրություն դարձրի՞ր, թե ինչ երկու կարևոր իրադարձություններ են հիշատակված այս համարում։ Նախ՝ այն, որ Աստծու Թագավորությունը Հիսուս Քրիստոսի ղեկավարությամբ սկսելու էր իշխել, և որ Սատանան երկնքից նետվելու էր երկրի վրա։

13. Ի՞նչ տեղի ունեցավ երկնքում Սատանայի դուրս նետվելուց հետո։

13 Ինչպես կիմանանք հետո, այդ երկու իրադարձությունները արդեն տեղի են ունեցել։ Իսկ ի՞նչ է եղել արդյունքում։ Աստվածաշունչն ասում է. «Դրա համար ուրախացե՛ք, ո՛վ երկինք, և դո՛ւք, որ բնակվում եք նրանում» (Հայտնություն 12։12)։ Երկնքում հավատարիմ հրեշտակները ուրախանում են, որովհետև Սատանան ու նրա դևերը այլևս այնտեղ չեն. երկնքում մնացել են միայն Եհովային հավատարիմները։ Այնտեղ կատարյալ խաղաղություն և միասնություն է տիրում։ Այժմ Աստծու կամքը կատարվում է երկնքում։

Սատանայի և նրա դևերի երկնքից դուրս նետվելը «վայեր» բերեց երկրի վրա. շուտով այդ «վայերին» վերջ կդրվի

14. Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Սատանան դուրս նետվեց երկնքից։

14 Իսկ ի՞նչ տեղի ունեցավ երկրի վրա։ Աստվածաշունչն ասում է. «Վա՜յ երկրին և ծովին, որովհետև Բանսարկուն ցած է իջել ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12։12)։ Սատանան սաստիկ զայրացած է, քանի որ դուրս է նետվել երկնքից և քիչ ժամանակ ունի։ Իր բարկությամբ նա «վայեր»՝ աղետներ է բերում երկրի վրա։ Հաջորդ գլխում մենք ավելի շատ բան կիմանանք այդ մասին։ Սակայն հնարավոր է՝ քո մեջ հարց առաջանա. «Թագավորության միջոցով ինչպե՞ս է Աստծու կամքը կատարվելու երկրի վրա»։

15. Ո՞րն է Աստծու կամքը երկրի առնչությամբ։

15 Հիշո՞ւմ ես, թե որն է Աստծու կամքը երկրի առնչությամբ։ Մենք այդ մասին իմացանք 3-րդ գլխից։ Եդեմում Աստված հայտնեց, որ իր կամքն է ամբողջ երկիրը դրախտի վերածել, որտեղ հավիտյան ապրելու են արդար մարդիկ։ Սատանան Ադամին ու Եվային դրդեց մեղք գործելու, ինչը ազդեց երկրի հետ կապված Աստծու կամքի իրականացման վրա։ Բայց Եհովայի կամքը չփոխվեց, նրա նպատակը առ այսօր նույնն է մնացել. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն  նրա վրա» (Սաղմոս 37։29)։ Աստծու Թագավորությունը իրականացնելու է այդ նպատակը։ Ինչպե՞ս։

16, 17. Ի՞նչ ենք իմանում Դանիել 2։44-ից Աստծու Թագավորության մասին։

16 Ուշադրություն դարձրու Դանիել 2։44-ում գրված մարգարեությանը. «Այն թագավորների օրերում երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու։ Այդ թագավորությունը ուրիշ ժողովրդի չի տրվելու։ Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան»։ Ի՞նչ է սովորեցնում մեզ այս մարգարեությունը Աստծու Թագավորության մասին։

17 Առաջին՝ սովորեցնում է, որ Աստծու Թագավորությունը հաստատվելու է «այն թագավորների օրերում», այսինքն՝ երբ երկրի վրա դեռևս գոյություն են ունենալու այլ թագավորություններ։ Երկրորդ՝ այն ցույց է տալիս, որ Աստծու Թագավորությունը հավիտյան է մնալու, չի նվաճվելու և չի փոխարինվելու մեկ ուրիշ կառավարությամբ։ Եվ երրորդ՝ պատերազմ է լինելու Աստծու Թագավորության և այս աշխարհի թագավորությունների միջև։ Աստծու Թագավորությունը հաղթելու է և լինելու է միակ կառավարությունը, որ իշխելու է մարդկության վրա։ Դրանից հետո մարդիկ կապրեն լավագույն կառավարության ներքո։

18. Ինչպե՞ս է կոչվում Աստծու և այս աշխարհի կառավարությունների միջև տեղի ունենալիք պատերազմը։

18 Աստվածաշունչը մեզ շատ բան է հայտնում Աստծու Թագավորության և այս աշխարհի կառավարությունների միջև տեղի ունենալիք վճռորոշ պատերազմի մասին։ Օրինակ՝ այն սովորեցնում է, որ մինչ այդ պատերազմի սկսվելը չար ոգիները ստեր են տարածելու «ողջ բնակեցված երկրի թագավորներին» խաբելու համար։ Ի՞նչ նպատակով. որպեսզի «հավաքեն նրանց Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմի համար»։ Աշխարհի թագավորները հավաքվելու են «այն վայրում, որը եբրայերեն Հար-Մագեդոն է կոչվում» (Հայտնություն 16։14, 16)։ Այս երկու համարներից իմանում ենք, որ մարդկային կառավարությունների և Աստծու Թագավորության միջև տեղի ունենալիք պատերազմը կոչվում է Հար-Մագեդոն, կամ՝ Արմագեդոն։

19, 20. Ի՞նչն է խանգարում, որ հիմա Աստծու կամքը կատարվի երկրի վրա։

 19 Ի՞նչ է իրագործելու Աստծու Թագավորությունը Արմագեդոն պատերազմի միջոցով։ Մեկ անգամ ևս հիշենք, թե որն է Աստծու կամքը երկրի առնչությամբ։ Եհովա Աստված նպատակադրել էր, որ ամբողջ երկիրը դրախտ լիներ և բնակեցվեր արդար, կատարյալ մարդկանցով, որոնք կծառայեին իրեն։ Ի՞նչն է խանգարում, որ դա հիմա տեղի ունենա։ Խանգարող հանգամանքներից մեկն այն է, որ մենք մեղավոր ենք և հիվանդանում ու մահանում ենք։ Սակայն Հիսուսը մահացավ մեզ համար, որպեսզի մենք կարողանանք հավիտյան ապրել, ինչպես իմացանք այս գրքի 5-րդ գլխից։ Հավանաբար հիշում ես Հովհաննեսի Ավետարանում արձանագրված հետևյալ խոսքերը. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16

20 Մյուս պատճառն այն է, որ բազմաթիվ մարդիկ վատ արարքներ են գործում՝ սուտ են խոսում, խարդախում են և անբարոյությամբ զբաղվում։ Նրանք չեն ուզում Աստծու կամքը կատարել։ Այդպիսի մարդիկ կործանվելու են Աստծու պատերազմի՝ Արմագեդոնի ժամանակ (կարդա՛  Սաղմոս 37։10)։ Պատճառներից մեկն էլ, թե ինչու Աստծու կամքը չի կատարվում երկրի վրա, այն է, որ կառավարությունները մարդկանց չեն խրախուսում դա։ Շատ կառավարություններ թույլ են, դաժան կամ կոռումպացված։ Աստվածաշունչը հստակ ասում է. «Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9

21. Ինչպե՞ս է Թագավորության միջոցով կատարվելու Աստծու կամքը երկրի վրա։

21 Արմագեդոնից հետո մարդկությունը կապրի միայն մեկ կառավարության՝ Աստծու Թագավորության իշխանության ներքո։ Այդ Թագավորության միջոցով կկատարվի Աստծու կամքը, և հրաշալի օրհնություններ կլինեն։ Օրինակ՝ այն կվերացնի Սատանային ու նրա դևերին (Հայտնություն 20։1–3)։ Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ հավատարիմ մարդիկ այլևս չեն հիվանդանա ու չեն մահանա։ Այդ Թագավորության  իշխանության ժամանակ նրանք կկարողանան ապրել հավիտյան (կարդա՛  Հայտնություն 22։1–3)։ Երկիրը դրախտի կվերածվի։ Այսպիսով՝ Թագավորության շնորհիվ Աստծու կամքը կկատարվի երկրի վրա, ու կսրբացվի նրա անունը։ Դա նշանակում է, որ Աստծու Թագավորության ներքո յուրաքանչյուր կենդանի արարած փառք ու պատիվ կբերի Եհովայի անվանը։

ԵՐԲ Է ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՍՏԾՈՒ ԿԱՄՔԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ

22. Որտեղի՞ց գիտենք, որ Աստծու Թագավորությունը չեկավ ո՛չ Հիսուսի՝ երկրի վրա եղած ժամանակ և ո՛չ էլ անմիջապես նրա հարություն առնելուց հետո։

22 Այն ժամանակ, երբ Հիսուսն իր հետևորդներին ասաց, որ աղոթեն՝ «թող գա քո թագավորությունը», հստակ է, որ Թագավորությունը դեռ չէր եկել։ Արդյո՞ք այն եկավ Հիսուսի երկինք համբարձվելուց հետո։ Ո՛չ, քանի որ թե՛ Պետրոս և թե՛ Պողոս առաքյալները գրում են, որ Հիսուսի հարություն առնելուց հետո կատարվեց Սաղմոս 110։1-ում նրա մասին գրված մարգարեությունը. «Սա է Եհովայի խոսքը իմ Տիրոջը. «Նստի՛ր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ համար պատվանդան դնեմ»» (Գործեր 2։32–35; Եբրայեցիներ 10։12, 13)։ Դա նշանակում է, որ որոշ ժամանակ պետք է անցներ։

Թագավորության իշխանության ներքո Աստծու կամքը կկատարվի երկրի վրա, ինչպես որ կատարվում է երկնքում

23. ա) Ե՞րբ սկսեց իշխել Աստծու Թագավորությունը։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։

23 Որքա՞ն ժամանակ պետք է սպասեր Հիսուսը։ 19-րդ և 20-րդ դարերում Աստվածաշունչ ուսումնասիրողների մի խումբ աստիճանաբար հասկացավ, որ սպասելու ժամանակը պետք է վերջանար 1914թ.-ին (տե՛ս «1914 թվական. հատկանշական տարի Աստվածաշնչի մարգարեություններում» հավելվածը)։  Համաշխարհային իրադարձությունները, որոնք սկսեցին կատարվել 1914թ.-ից ի վեր, հաստատում են, որ նրանց հաշվարկները ճշգրիտ էին։ Աստվածաշնչի մարգարեությունների կատարումը ցույց տվեց, որ այդ թվականին Հիսուսը դարձավ Թագավոր, և Աստծու երկնային Թագավորությունը սկսեց իշխել։ Հետևաբար մենք ապրում ենք այն ժամանակահատվածում, երբ Սատանային «քիչ ժամանակ» է մնացել (Հայտնություն 12։12; Սաղմոս 110։2)։ Ուստի կարող ենք համոզվածությամբ ասել, որ շուտով Աստծու Թագավորության միջոցով Աստծու կամքը կկատարվի երկրի վրա։ Մի՞թե սա հիանալի լուր չէ։ Հավատո՞ւմ ես, որ այն իրականություն կդառնա։ Հաջորդ գլուխը կօգնի մեզ համոզված լինելու դրանում։

Իմացիր ավելին

Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը

Աստվածաշունչ ուսումնասիրելով միլիոնավոր մարդիկ գտնում են կյանքի կարևոր հարցերի պատասխանները։ Կուզե՞ս միանալ նրանց։