Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ՀԱՎԵԼՎԱԾ

«Հոգի» և «ոգի». ի՞նչ են նշանակում այս բառերն իրականում

«Հոգի» և «ոգի». ի՞նչ են նշանակում այս բառերն իրականում

ԵՐԲ լսում ես «հոգի» և «ոգի» բառերը, միտքդ ի՞նչ է գալիս։ Շատերի կարծիքով՝ այս բառերը նշանակում են մեր մեջ գոյություն ունեցող անմահ և անտեսանելի մի բան։ Նրանք հավատում են, որ մահվան ժամանակ այն թողնում է մարմինը և շարունակում իր գոյությունը մեկ ուրիշ տեղ։ Այս համոզմունքն այնքան մեծ տարածում է գտել աշխարհում, որ շատերը զարմանում են՝ իմանալով, որ Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում։ Այդ դեպքում ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը հոգու և ոգու մասին։

ԻՆՉ ԻՄԱՍՏՈՎ Է «ՀՈԳԻ» ԲԱՌԸ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ

Նախ տեսնենք, թե ինչ է հոգին։ Հավանաբար հիշում ես, որ Աստվածաշունչը հիմնականում գրվել է եբրայերենով և հունարենով։ Հոգու մասին նշելիս Աստվածաշունչը գրողները օգտագործել են եբրայերեն «նեֆեշ» և հունարեն «փսիխե» բառերը։ Այս երկու բառերը Աստվածաշնչում հանդիպում են ավելի քան 800 անգամ և «Նոր աշխարհ» թարգմանության մեջ հետևողականորեն թարգմանվել են «հոգի»։ Երբ ուսումնասիրում ենք, թե որ դեպքերում է Աստվածաշնչում օգտագործվում «հոգի» բառը, ակնհայտ է դառնում, որ այն հիմնականում վերաբերում է՝  1) մարդկանց, 2) կենդանիներին և 3) մարդու կամ կենդանու կյանքին։ Քննենք մի քանի համարներ, որոնցում այս բառն օգտագործվում է այս երեք իմաստներով։

Մարդիկ։ «Նոյի օրերում.... մի քանի մարդ, այսինքն՝ ութ հոգի, ապահով անցան ջրերի միջով» (1 Պետրոս 3։20)։ Պարզ է, որ այս համարում «հոգի» բառը վերաբերում է մարդկանց՝ Նոյին, նրա կնոջը, երեք որդիներին ու նրանց կանանց։ Իսկ Ելք 16։16-ում խոսվում է մանանա հավաքելու վերաբերյալ իսրայելացիներին տրված հրահանգների մասին։ Նրանց ասվել էր. «Ձեզնից յուրաքանչյուրը թող հավաքի.... իր վրանում եղող հոգիների թվով»։ Այս խոսքերից երևում է, որ ամեն մեկը պետք է մանանա հավաքեր ըստ իր ընտանիքի անդամների թվի։ Մարդկանց առնչությամբ «հոգի» բառի կիրառության վերաբերյալ աստվածաշնչյան այլ օրինակներ կարող ես գտնել Ծննդոց 46։18, Հեսու 11։11, Եսայիա 53։10, Գործեր 27։37 և Հռոմեացիներ 13։1 (ծնթ.) համարներում։

Կենդանիներ։ Աստվածաշնչում արարչագործության մասին արձանագրության մեջ կարդում ենք. «Աստված ասաց. «Թող ջրերը ծփան շատ կենդանի հոգիներով, և թող թռչուններ թռչեն երկրի վրայով՝ երկնքի տարածությունով.... Թող երկիրը կենդանի հոգիներ տա՝ ըստ իրենց տեսակի՝ ընտանի կենդանիներ, երկրի գազաններ՝ ըստ իրենց տեսակի, և ուրիշ կենդանիներ»։ Եվ այդպես եղավ» (Ծննդոց 1։20, 24)։ Այս համարներում ձկները, ընտանի և վայրի կենդանիները՝ բոլորն էլ «հոգիներ» են։ Թռչունները և կենդանիները «հոգիներ» են կոչվում Ծննդոց 9։10, Ղևտական 11։46 և Թվեր 31։28 համարներում։

Մարդու կյանքը։ Որոշ դեպքերում «հոգին» նշանակում է մարդու կյանքը։ Եհովան ասաց Մովսեսին. «Քո հոգին հետապնդողները մեռել են» (Ելք 4։19)։ Ի՞նչ էր պետք Մովսեսի թշնամիներին. Մովսեսի կյանքը։ Նրանք ուզում էին սպանել նրան։ Իսկ այդ դեպքից տարիներ առաջ, երբ Ռաքելը ծնում էր իր որդի Բենիամինին, «նրա հոգին դուրս էր գալիս (քանի որ նա մահանում էր)» (Ծննդոց 35։16–19)։ Այդ ժամանակ Ռաքելը կորցրեց իր կյանքը։ Ուշադրություն դարձրու նաև Հիսուսի խոսքերին. «Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր հոգին տալիս է իր ոչխարների համար» (Հովհաննես 10։11)։ Հիսուսը տվեց իր հոգին, այսինքն՝ կյանքը, հանուն մարդկանց։ Հստակ է, որ Աստվածաշնչի այս համարներում «հոգի» բառը վերաբերում է մարդու կյանքին։ Նման  օրինակներ կարող ես գտնել նաև 1 Թագավորներ 17։17–23, Մատթեոս 10։39, Հովհաննես 15։13 և Գործեր 20։10 (ծնթ.) համարներում։

Շարունակելով ավելի խորը ուսումնասիրել Աստծու Խոսքը՝ դու կհամոզվես, որ ամբողջ Աստվածաշնչում ոչ մի տեղ «անմահ» կամ «հավիտենական» բառերը չեն վերաբերում հոգուն։ Ընդհակառակը՝ այնտեղ նշվում է, որ հոգին մահկանացու է (Եզեկիել 18։4, 20)։ Ուստի Աստվածաշունչը մահացած մարդուն պարզապես անվանում է «մեռած հոգի» (Ղևտական 21։11

ԻՆՉ Է «ՈԳԻՆ»

Այժմ տեսնենք, թե ինչ իմաստով է «ոգի» բառը օգտագործվում Աստվածաշնչում։ Ոմանք կարծում են, թե «ոգին» «հոգի» բառի հոմանիշն է և նույն նշանակությունն ունի։ Սակայն դա այդպես չէ։ Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, որ այդ բառերը տարբեր իմաստներ ունեն։ Ուրեմն ի՞նչ է «ոգին»։

Աստվածաշունչը գրողները «ոգի» բառի համար օգտագործել են եբրայերեն «ռուախ» և հունարեն «պնևմա» բառերը։ Սուրբ Գիրքն ինքը բացատրում է, թե ինչ նշանակություն ունեն այս բառերը։ Օրինակ՝ Սաղմոս 104։29-ում գրված է. «Երբ [դու, Եհո՛վա,] վերցնում ես նրանց ոգին [ռուախ], նրանք մեռնում են և իրենց հողին են վերադառնում»։ Իսկ Հակոբոս 2։26-ում ասվում է, որ «մարմինն առանց ոգու [պնևմա] մեռած է»։ Այս համարներում «ոգի» բառը վերաբերում է այն բանին, ինչը կյանք է տալիս մարմնին։ Առանց ոգու մարմինը մեռած է։ Այդ պատճառով էլ Աստվածաշնչում «ռուախ» բառը թարգմանված է ոչ միայն որպես «ոգի», այլև որպես «ուժ», կամ՝ «կյանքի ուժ»։ Օրինակ՝ Նոյին Եհովան ասաց. «Ես երկրի վրա ջրհեղեղ եմ բերելու, որ կործանեմ երկնքի տակ եղող ամեն մարմին, որի մեջ կյանքի ուժ [ռուախ] կա» (Ծննդոց 6։17; 7։15, 22)։ Այսպիսով՝ ոգին այն անտեսանելի ուժն է (կյանքի կայծը), որը կենդանություն է տալիս բոլոր արարածներին։

Հոգին և ոգին տարբեր բաներ են։ Օրինակ՝ ինչպես որ ռադիոն առանց էլեկտրականության չի կարող աշխատել, այնպես էլ մարմինը չի կարող առանց ոգու կենդանի լինել։ Երբ ռադիոյի մեջ մարտկոցներ ենք դնում և միացնում, մարտկոցներում կուտակված էներգիան ռադիոյին, այսպես ասած, կյանք է տալիս։ Սակայն երբ հանում ենք մարտկոցները, ռադիոն «մեռնում» է։  Նույնը տեղի է ունենում հոսանքով աշխատող ռադիոյի հետ, երբ անջատում ենք հոսանքից։ Ոգին այն ուժն է, որը կյանք է տալիս մարմնին։ Ինչպես էլեկտրական հոսանքը, այնպես էլ ոգին զգացմունքներ չունի և չի կարող մտածել։ Այն ուժ է և ոչ թե անձ։ Մարմինն առանց ոգու, այսինքն՝ կյանքի ուժի, ինչպես նշեց սաղմոսերգուն, «մեռնում է և իր հողին է վերադառնում»։

Խոսելով մահվան մասին՝ Ժողովող 12։7-ը նշում է. «Փոշին [մարմինը] կվերադառնա դեպի հողը, որտեղ որ եղել էր, և ոգին կվերադառնա ճշմարիտ Աստծու մոտ, որը նա տվել էր»։ Երբ ոգին, կամ՝ կյանքի ուժը, մարմնից դուրս է գալիս, մարմինը մահանում է և վերադառնում այնտեղ, որտեղից առաջ է եկել, այսինքն՝ հողին։ Նույն ձևով էլ կյանքի ուժն է վերադառնում այնտեղ, որտեղից եկել է՝ Աստծու մոտ (Հոբ 34։14, 15; Սաղմոս 36։9)։ Բայց դա չի նշանակում, թե կյանքի ուժը երկինք է գնում, այլ նշանակում է, որ միայն Եհովա Աստված կարող է մահացածին կյանք տալ։ Այլ կերպ ասած՝ մարդու կյանքը գտնվում է Աստծու ձեռքերում։ Միայն Աստծու ուժի շնորհիվ է, որ ոգին, կամ՝ կյանքի ուժը, կարող է հետ դառնալ, որպեսզի անհատը նորից կյանք ստանա։

Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Աստված կյանքի է վերադարձնելու բոլոր նրանց, ովքեր «գերեզմաններում են» (Հովհաննես 5։28, 29)։ Հարության ժամանակ Եհովան նոր մարմին կտա մահացած մարդուն և նրան կյանքի կբերի՝ տալով ոգի, կամ՝ կյանքի ուժ։ Ի՜նչ հրաշալի օրեր են մեզ սպասում։

Եթե ցանկանում ես ավելի շատ բան իմանալ այն մասին, թե Աստվածաշնչում «հոգի» և «ոգի» բառերը ինչ իմաստով են օգտագործվում, ապա արժեքավոր տեղեկություններ կարող ես գտնել «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո» գրքույկում և «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գրքում (անգլ., էջ 375–384, ռուս., էջ 131–135 և 139–144)։ Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։