Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ԳԼՈՒԽ 15

Աստծուն ընդունելի երկրպագությունը

Աստծուն ընդունելի երկրպագությունը
  • Բոլո՞ր կրոններն են ընդունելի Աստծուն

  • Ինչպե՞ս կարող ենք բնորոշել ճշմարիտ կրոնը

  • Ովքե՞ր են Աստծու ճշմարիտ երկրպագուներն այսօր

1. Ի՞նչ օգուտներ կստանանք, եթե Աստծուն ճիշտ ձևով երկրպագենք։

ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ խորապես հետաքրքրված է մեզանով և ցանկանում է, որ մենք օգուտներ ստանանք իր տված սիրառատ առաջնորդությունից։ Եթե մենք նրան ճիշտ ձևով երկրպագենք, կլինենք երջանիկ և կյանքում կխուսափենք բազում խնդիրներից։ Մենք նաև կստանանք Աստծու օրհնությունները և աջակցությունը (Եսայիա 48։17)։ Սակայն այսօր գոյություն ունեն հարյուրավոր կրոններ, որոնք պնդում են, թե ճշմարտությունն են սովորեցնում Աստծու մասին։ Մինչդեռ այն ամենը, ինչ նրանք սովորեցնում են Աստծու և նրա պահանջների մասին, խիստ տարբերվում են իրարից։

2. Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե որն է Եհովային երկրպագելու ճիշտ ձևը, և ո՞ր օրինակն է օգնում մեզ դա հասկանալու։

2 Այդ դեպքում ինչպե՞ս կարող ես իմանալ, թե որն է Եհովային երկրպագելու ճիշտ ձևը։ Դրա համար կարիք չկա ուսումնասիրելու բոլոր կրոնները և համեմատելու նրանց ուսմունքները։ Հարկավոր է միայն սովորել, թե ճշմարիտ երկրպագության վերաբերյալ ինչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը։ Բերենք մի օրինակ. շատ երկրներում լուրջ խնդիր է թղթադրամների կեղծումը։ Եթե կեղծ թղթադրամներ բնորոշելը քո աշխատանքը լիներ, ինչպե՞ս կվարվեիր։ Մի՞թե մանրամասնորեն կուսումնասիրեիր դրանցից յուրաքանչյուրը։ Դժվար թե։ Դրա փոխարեն՝ ժամանակդ արդյունավետ կօգտագործեիր, եթե լավ ուսումնասիրեիր իսկական թղթադրամը։ Եվ երբ արդեն իմանայիր, թե ինչ տեսք ունի իսկականը, հեշտությամբ  կբնորոշեիր կեղծը։ Նմանապես, երբ իմանանք, թե որն է ճշմարիտ կրոնը, հեշտությամբ կկարողանանք բնորոշել կեղծ կրոնները։

3. Ըստ Հիսուսի՝ ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք արժանանալ Աստծու հավանությանը։

3 Շատ կարևոր է Եհովային երկրպագել այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Շատերը կարծում են, թե բոլոր կրոններն էլ ընդունելի են Աստծուն։ Մինչդեռ Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում։ Բավարար չէ, երբ անհատը ասում է, թե ինքը քրիստոնյա է։ Հիսուսն ասաց. «Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է»։ Ուստի, որպեսզի Աստծու հավանությանն արժանանանք, պետք է իմանանք, թե Աստված ինչ է մեզանից ակնկալում, և անենք դա։ Այն անհատներին, ովքեր չեն կատարում Աստծու կամքը, Հիսուսը անվանեց «անօրենություն գործողներ» (Մատթեոս 7։21–23)։ Կեղծ թղթադրամի նման՝ կեղծ կրոնը ոչ մի արժեք չունի։ Իրականում այն նույնիսկ վտանգավոր է։

4. Ի՞նչ երկու ճանապարհների մասին խոսեց Հիսուսը, և ո՞ւր են դրանք տանում։

4 Եհովա Աստված յուրաքանչյուր մարդու հավիտենական կյանք ստանալու հնարավորություն է տալիս։ Սակայն որպեսզի հավիտյան ապրենք երկրային Դրախտում, պետք է երկրպագենք Աստծուն ճիշտ ձևով և ապրենք նրան ընդունելի կերպով։ Ցավոք, շատերը հրաժարվում են այդպես վարվելուց։ Դա էր պատճառը, որ Հիսուսն ասաց. «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է և ընդարձակ այն ճանապարհը, որը դեպի կործանում է տանում, և շատերն են դրանով գնացողները, մինչդեռ նեղ է այն դուռը և նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները» (Մատթեոս 7։13, 14)։ Ճշմարիտ կրոնը առաջնորդում է հավիտենական կյանքի, իսկ կեղծ կրոնը՝ կործանման։ Սակայն Եհովա Աստված չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, և դրա համար էլ բոլորին հնարավորություն է տալիս ճանաչելու իրեն (2 Պետրոս 3։9)։ Հետևաբար, այն, թե ինչ ձևով ենք Աստծուն երկրպագում, մեզ համար կարող է նշանակել կա՛մ կյանք, կա՛մ մահ։

 ԻՆՉՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ՃՇՄԱՐԻՏ ԿՐՈՆԸ

5. Ինչպե՞ս կարող ենք ճանաչել ճշմարիտ կրոնը դավանողներին։

5 Ինչպե՞ս կարող ենք գտնել դեպի կյանք տանող ճանապարհը։ Հիսուսը բացատրեց, որ ճշմարիտ կրոնը կարելի է ճանաչել նրանով, թե ինչ ապրելակերպ ունեն այն դավանողները։ Նա ասաց. «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց.... ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ ամեն փտած ծառ անպետք պտուղ է տալիս» (Մատթեոս 7։16, 17)։ Այլ խոսքով ասած՝ ճշմարիտ կրոնը դավանողներին հնարավոր է ճանաչել նրանց համոզմունքներով ու վարքով։ Թեև նրանք անկատար են և սխալներ են գործում, սակայն որպես ամբողջական խումբ՝ ձգտում են կատարել Աստծու կամքը։ Քննենք վեց առանձնահատկություն, որոնց շնորհիվ կարող ենք ճանաչել ճշմարիտ կրոնը դավանողներին։

6, 7. Ո՞րն է Աստծու ծառաների տեսակետը Աստվածաշնչի վերաբերյալ, և ի՞նչ օրինակ է Հիսուսը այդ հարցում։

6 Աստծու ծառաներն իրենց ուսուցանածը հիմնում են Աստվածաշնչի վրա։ Աստվածաշունչն ասում է. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Իր հավատակիցներին Պողոս առաքյալը գրեց. «Երբ Աստծու խոսքը մեզանից լսեցիք, ընդունեցիք այն ոչ թե որպես մարդկանց խոսք, այլ, ինչպես որ ճշմարտապես կա, որպես Աստծու խոսք» (1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ Ուստի ճշմարիտ կրոնի համոզմունքներն ու գործերը հիմնված չեն մարդկային գաղափարների կամ ավանդույթների վրա, այլ հիմնված են Աստծու ներշնչված Խոսքի վրա։

7 Այս հարցում լավ օրինակ է Հիսուս Քրիստոսը, որն իր ուսուցանածը հիմնում էր Աստծու Խոսքի վրա։ Եհովային ուղղված աղոթքում նա ասաց. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։ Հիսուսը հավատ ցուցաբերեց Աստծու Խոսքի հանդեպ, և այն ամենը, ինչ նա սովորեցնում էր, ներդաշնակ էր Սուրբ Գրքին։ Նա հաճախ էր ասում՝ «գրված է» և ապա մեջբերում տվյալ համարը (Մատթեոս 4։4, 7, 10)։ Նույնպես էլ մեր օրերում Աստծու ծառաները իրենց գաղափարները չէ, որ սովորեցնում են մարդկանց։ Նրանք համոզված են, որ  Աստվածաշունչը Աստծու Խոսքն է, և իրենց ուսուցանածը հիմնում են դրա վրա։

8. Ի՞նչ է ներառում Աստծուն երկրպագելը։

8 Նրանք, ովքեր դավանում են ճշմարիտ կրոնը, երկրպագում են միմիայն Եհովային և ճանաչեցնում են նրա անունը։ Հիսուսն ասաց. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես» (Մատթեոս 4։10)։ Այդ իսկ պատճառով Աստծու ծառաները Եհովայից բացի ուրիշ ոչ ոքի չեն երկրպագում։ Իսկ ի՞նչ է ներառում Աստծուն երկրպագելը. մարդկանց հայտնել նրա անունը և այն, թե ինչպիսի անձնավորություն է նա։ Սաղմոս 83։18-ում ասվում է. «Դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա»։ Աստծուն մարդկանց ճանաչեցնելու հարցում հիանալի օրինակ է Հիսուսը։ Իր աղոթքում նա ասաց. «Ես քո անունը հայտնի դարձրի այն մարդկանց, որ դու աշխարհից տվեցիր ինձ» (Հովհաննես 17։6)։ Այսօր Աստծու ճշմարիտ երկրպագուները, հետևելով Հիսուսի օրինակին, մարդկանց սովորեցնում են Աստծու անվան, նրա նպատակների ու հատկությունների մասին։

9, 10. Ի՞նչ կերպերով են ճշմարիտ քրիստոնյաները սեր ցուցաբերում իրար հանդեպ։

9 Աստծու ծառաները անկեղծ, անկողմնակալ սեր են ցուցաբերում իրար հանդեպ։ Հիսուսն ասաց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։35)։ Առաջին դարի քրիստոնյաները հենց այսպիսի սեր էին ցուցաբերում իրար հանդեպ։ Նման սերը օգնում է հաղթահարելու ռասայական, տնտեսական և ազգային բոլոր խոչընդոտները և միավորում է եղբայրության անբաժանելի կապով (կարդա՛  Կողոսացիներ 3։14)։ Կեղծ կրոնի անդամները չունեն այդպիսի եղբայրություն։ Որտեղի՞ց գիտենք։ Դա ակնհայտ է, քանի որ նրանք ազգային և էթնիկական բախումների ժամանակ սպանում են իրար։ Իսկ ճշմարիտ քրիստոնյաները զենք չեն վերցնում ու չեն սպանում իրենց եղբայրներին կամ ուրիշներին։ Աստվածաշունչն ասում է. «Սրանով են ակնհայտ Աստծու զավակները և Բանսարկուի զավակները. ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում.... մենք պետք է սեր ունենանք իրար հանդեպ և չլինենք  Կայենի պես, որը Չարից էր և սպանեց իր եղբորը» (1 Հովհաննես 3։10–12; 4։20, 21

10 Սակայն անկեղծ սեր ունենալը ավելին է, քան պարզապես ուրիշներին չսպանելը։ Ճշմարիտ քրիստոնյաները անշահախնդրորեն օգտագործում են իրենց ժամանակը, կորովը և միջոցները՝ իրար օգնելու և քաջալերելու համար (Եբրայեցիներ 10։24, 25)։ Նեղությունների ժամանակ նրանք օգնության ձեռք են մեկնում իրար և ազնվությամբ են վարվում ուրիշների հետ։ Նրանք կիրառում են աստվածաշնչյան հետևյալ խորհուրդը՝ «բարին անենք բոլորի հանդեպ» (Գաղատացիներ 6։10

11. Ինչո՞ւ է կարևոր ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Աստծու կողմից տրված փրկության միակ միջոցի։

11 Ճշմարիտ քրիստոնյաները ընդունում են Հիսուս Քրիստոսին որպես Աստծու կողմից տրված փրկության միակ միջոցի։ Աստվածաշունչն ասում է. «Ուրիշ որևէ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ ուրիշ անուն, որով կարողանանք փրկվել» (Գործեր 4։12)։ Ինչպես սովորեցինք 5-րդ գլխում, Հիսուսն իր կյանքը որպես փրկանք տվեց հնազանդ մարդկանց համար (Մատթեոս 20։28)։ Բացի այդ, Աստված նրան նշանակել է երկնային Թագավորության Թագավոր, որն իշխելու է ողջ երկրի վրա։ Ուստի Աստված պահանջում է, որ մենք հնազանդվենք Հիսուսին և մեր կյանքում կիրառենք նրա ուսուցանածը, որպեսզի հավիտենական կյանք ստանանք։ Աստվածաշունչն ասում է. «Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի։ Իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանքը չի տեսնի, այլ Աստծու զայրույթը մնում է նրա վրա» (Հովհաննես 3։36

12. Ի՞նչ է նշանակում չլինել աշխարհի մի մասը։

12 Ճշմարիտ երկրպագուները աշխարհի մի մասը չեն։ Երբ Հիսուսը կանգնած էր հռոմեացի կառավարիչ Պիղատոսի առաջ, ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ» (Հովհաննես 18։36)։ Անկախ այն բանից, թե որ երկրում են ապրում ճշմարիտ քրիստոնյաները, նրանք Հիսուսի երկնային Թագավորության հպատակներն են և այդ պատճառով էլ չեզոք դիրք են բռնում աշխարհի քաղաքական գործերում։ Նրանք մասնակցություն չեն ունենում քաղաքական ընդհարումներում։ Միևնույն ժամանակ Եհովայի ծառաները չեն  խանգարում, երբ ուրիշները որոշում են որևէ կուսակցության միանալ, թեկնածություն առաջադրել կամ քվեարկել։ Չնայած նրանք չեն մասնակցում քաղաքականությանը, այնուամենայնիվ օրինապահ քաղաքացիներ են։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստծու Խոսքը պատվիրում է «հպատակվել վերին իշխանություններին» (Հռոմեացիներ 13։1)։ Սակայն երբ պետության պահանջները հակասում են Աստծու օրենքներին, ճշմարիտ երկրպագուները հետևում են առաքյալների օրինակին, որոնք ասացին. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործեր 5։29; Մարկոս 12։17

13. Ի՞նչ է Աստծու Թագավորությունը Հիսուսի ճշմարիտ հետևորդների համար, և ի՞նչ գործ են նրանք կատարում։

 13 Հիսուսի ճշմարիտ հետևորդները քարոզում են, որ մարդկության միակ հույսը Աստծու Թագավորությունն է։ Հիսուսը կանխագուշակեց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։ Նրանք մարդկանց չեն խրախուսում հույս դնել մարդկային կառավարիչների վրա։ Փոխարենը՝ քարոզում են, որ մարդկության խնդիրների միակ լուծումը Աստծու երկնային Թագավորությունն է (Սաղմոս 146։3)։ Հիսուսը մեզ սովորեցրեց աղոթել այդ Թագավորության մասին՝ ասելով. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։ Աստծու Խոսքը նախագուշակել է, որ այդ Թագավորությունը «փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր [ներկայիս] թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան» (Դանիել 2։44; Հայտնություն 16։14; 19։19–21

14. Ըստ քեզ՝ ո՞ր կրոնն է համապատասխանում ճշմարիտ երկրպագության պահանջներին։

14 Հաշվի առնելով նշված վեց առանձնահատկությունները՝ հարցրու ինքդ քեզ. «Ո՞ր կրոնն է մարդկանց հայտնում Աստծու անունը և իր ուսմունքները հիմնում Աստվածաշնչի վրա։ Ո՞ր կրոնն է, որ սեր է ցուցաբերում, հավատ է ընծայում Հիսուսին, այս աշխարհի մաս չի կազմում և հռչակում է, որ Աստծու Թագավորությունն է մարդկության միակ հույսը։ Գոյություն ունեցող բազմաթիվ կրոններից ո՞րն է համապատասխանում այս բոլոր պահանջներին»։ Բոլոր փաստերը վկայում են, որ դա Եհովայի վկաների կրոնն է (կարդա՛  Եսայիա 43։10–12

ԻՆՉՊԵ՞Ս ԿՎԱՐՎԵՍ ԴՈՒ

15. Աստծու գոյությանը հավատալուց բացի, ուրիշ ի՞նչ է պահանջվում։

15 Աստծուն հաճեցնելու համար բավական չէ միայն նրան հավատալը։ Աստվածաշունչն ասում է, որ նույնիսկ դևերն են հավատում Աստծու գոյությանը (Հակոբոս 2։19)։ Սակայն նրանք չեն կատարում Աստծու կամքը և չունեն նրա հավանությունը։ Հետևաբար, որպեսզի ստանանք Աստծու հավանությունը, ոչ միայն պետք է հավատանք, որ նա գոյություն ունի, այլև  կատարենք նրա կամքը։ Նաև պետք է դուրս գանք կեղծ կրոնից և ընդունենք ճշմարիտ երկրպագությունը։

16. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի դադարենք կեղծ երկրպագության մեջ մասնակցություն ունենալուց։

16 Պողոս առաքյալը ցույց տվեց, որ մենք չպետք է մասնակցություն ունենանք կեղծ երկրպագության մեջ։ Նա գրեց. ««Դո՛ւրս եկեք նրանց միջից ու զատվեցե՛ք,— ասում է Եհովան,— և այլևս անմաքուր բանի մի՛ դիպեք», «և ես կընդունեմ ձեզ»» (2 Կորնթացիներ 6։17; Եսայիա 52։11)։ Հետևաբար ճշմարիտ քրիստոնյաները խուսափում են այն ամենից, ինչը առնչություն ունի կեղծ երկրպագության հետ։

17, 18. Ի՞նչ է «Մեծ Բաբելոնը», և ինչո՞ւ մենք պետք է անհապաղ «դուրս գանք դրա միջից»։

17 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ կեղծ կրոնի բոլոր ձևերը «Մեծ Բաբելոնի» * մասն են կազմում (Հայտնություն 17։5)։ Այս անունը մեզ հիշեցնում է հին Բաբելոն քաղաքը, որտեղ Նոյի օրերի Ջրհեղեղից հետո ծնունդ առավ կեղծ կրոնը։ Ներկայումս կեղծ կրոնում տարածում գտած ուսմունքներն ու արարողությունները շատ վաղուց առաջ են եկել Բաբելոնում։ Օրինակ՝ բաբելոնացիները պաշտում էին երրորդությունների, կամ՝ եռանձնյա աստվածությունների։ Մեր օրերում Երրորդությունը բազմաթիվ կրոնների հիմնական ուսմունքն է։ Սակայն Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, որ գոյություն ունի միայն մեկ ճշմարիտ Աստված՝ Եհովան, և որ Հիսուս Քրիստոսը նրա Որդին է (Հովհաննես 17։3)։ Բաբելոնացիները նաև հավատում էին, թե մարդիկ անմահ հոգի ունեն, որը մահից հետո շարունակում է ապրել և կարող է չարչարվել տանջանքի վայրում։ Նմանապես և այսօր գրեթե բոլոր կրոններում ուսուցանվում է դժոխքի կրակների մեջ տանջվող անմահ հոգու գաղափարը։

18 Քանի որ հին բաբելոնական երկրպագությունը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ, ուստի Մեծ Բաբելոնը ներկայացնում է կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը։ Աստված նախագուշակել է, որ կեղծ կրոնի այս կայսրությունը հանկարծահաս կործանում է ունենալու։ Ահա թե ինչու անչափ կարևոր է,  որ խզես Մեծ Բաբելոնի հետ ունեցած քո բոլոր կապերը։ Եհովա Աստված ուզում է, որ անհապաղ «դուրս գաս դրա միջից», քանի դեռ ժամանակ կա (կարդա՛  Հայտնություն 18։4, 8

Ծառայելով Եհովային նրա ժողովրդի հետ՝ դու շատ ավելին ձեռք կբերես, քան կարող ես կորցնել

19. Ի՞նչ ձեռք կբերես Եհովային ծառայելու շնորհիվ։

19 Ոմանք, իմանալով, որ որոշել ես դուրս գալ կեղծ կրոնից, գուցե խզեն իրենց կապերը քեզ հետ։ Սակայն ծառայելով Եհովային իր ժողովրդի հետ՝ դու շատ ավելին ձեռք կբերես, քան կարող ես կորցնել։ Հիսուսի աշակերտների նման, որոնք շատ բան թողեցին նրան հետևելու համար՝ դու նույնպես կունենաս բազում հոգևոր եղբայրներ ու քույրեր։ Դու մի մեծ՝ բազմամիլիոնանոց համաշխարհային ընտանիքի մաս կկազմես, որի անդամները անկեղծորեն կսիրեն քեզ։ Բացի այդ, քո առջև կբացվի «գալիք աշխարհում» հավիտյան ապրելու հրաշալի հեռանկարը (կարդա՛  Մարկոս 10։28–30)։ Իսկ այն մարդիկ, ովքեր քո համոզմունքների պատճառով երես են թեքել քեզանից, թերևս ժամանակի ընթացքում ցանկանան իմանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը, և իրենք էլ դառնան Եհովայի երկրպագուներ։

20. Ի՞նչ ապագա է սպասում նրանց, ովքեր դավանում են ճշմարիտ կրոնը։

20 Աստվածաշունչը սովորեցնում է, որ շուտով Աստված վերջ կդնի այս չար աշխարհին և կփոխարինի այն արդար նոր աշխարհով՝ իր Թագավորության իշխանության ներքո (2 Պետրոս 3։9, 13)։ Ի՜նչ հրաշալի կլինի կյանքը այնտեղ։ Կլինի միայն մեկ կրոն՝ միայն մեկ ճշմարիտ երկրպագություն։ Մի՞թե իմաստուն չի լինի կատարել ցանկացած անհրաժեշտ փոփոխություն, որպեսզի միանաս Աստծու ճշմարիտ երկրպագուներին հենց այսօր։

^ պարբ. 17 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այն մասին, որ Մեծ Բաբելոնը ներկայացնում է կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը, տե՛ս «Բնորոշել «Մեծ Բաբելոնը»» հավելվածը։