Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ԳԼՈՒԽ 17

Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով

Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
  • Ինչո՞ւ պետք է աղոթենք Աստծուն

  • Ի՞նչ պետք է անենք, որ Աստված լսի մեր աղոթքները

  • Ինչպե՞ս է Աստված պատասխանում մեր աղոթքներին

«Երկինքն ու երկիրը Ստեղծողը» պատրաստ է լսելու մեր աղոթքները

1, 2. Ինչո՞ւ է աղոթքը մեծ առանձնաշնորհում, և ինչո՞ւ է կարևոր իմանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը աղոթքի մասին։

ԱՆԾԱՅՐԱԾԻՐ տիեզերքի հետ համեմատած՝ Երկիր մոլորակը չափազանց փոքր է։ Իրականում, Եհովայի՝ «երկինքն ու երկիրը Ստեղծողի» համար բոլոր ազգերը դույլի միջի ջրի կաթիլի պես են (Սաղմոս 115։15; Եսայիա 40։15)։ Այնուհանդերձ Աստվածաշունչն ասում է. «Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին, բոլոր նրանց, ովքեր ճշմարտությամբ են կանչում իրեն։ Նա կկատարի իրենից վախեցողների փափագը, կլսի նրանց օգնության կանչը» (Սաղմոս 145։18, 19)։ Մի պահ պատկերացրու. ամենակարող Ստեղծիչը մոտ է ու լսում է մեզ, եթե «ճշմարտությամբ ենք կանչում նրան»։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է մոտենալ Աստծուն աղոթքի միջոցով։

2 Սակայն եթե ուզում ենք, որ Եհովան լսի մեր աղոթքները, պետք է աղոթենք նրան այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել, եթե չգիտենք, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը աղոթքի մասին։ Քանի որ աղոթքն օգնում է մեզ մոտենալու Եհովային, շատ կարևոր է իմանալ, թե ինչ է ասում այդ մասին Սուրբ Գիրքը։

ԻՆՉՈՒ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՂՈԹԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

3. Ո՞րն է Եհովային աղոթելու կարևոր պատճառներից մեկը։

3 Եհովային աղոթելու կարևոր պատճառներից մեկն այն է,  որ ինքն է հրավիրում մեզ դա անելու։ Նրա Խոսքը հորդորում է մեզ. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Անկասկած, մենք չենք ցանկանա մերժել տիեզերքի Գերիշխանի այս ջերմ հրավերը։

4. Ինչպե՞ս է կանոնավոր աղոթքը ամրացնում մեր փոխհարաբերությունները Եհովայի հետ։

4 Կա ևս մի պատճառ, թե ինչու պետք է աղոթենք Եհովային. կանոնավոր աղոթքի շնորհիվ ամրանում են նրա հետ մեր փոխհարաբերությունները։ Օրինակ՝ իսկական ընկերները չեն շփվում միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիք ունեն։ Ընդհակառակը՝ նրանք միշտ են հետաքրքրվում միմյանցով, և նրանց ընկերությունը գնալով ամրանում է, երբ անկեղծորեն արտահայտում են իրենց մտքերը, մտահոգություններն ու զգացումները։ Պարագան նույնն է նաև Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերություններում։ Այս գրքի օգնությամբ դու շատ բան ես իմացել, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը Եհովայի և նրա նպատակների մասին։ Դու արդեն գիտես, որ նա իրական անձնավորություն է։ Աղոթքը քեզ  հնարավորություն է տալիս քո մտքերը և ամենախոր զգացումները արտահայտելու քո երկնային Հորը։ Այն կօգնի քեզ մոտենալու Եհովային (Հակոբոս 4։8

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

5. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան ոչ բոլոր աղոթքներն է լսում։

5 Արդյո՞ք Եհովան բոլոր աղոթքներն է լսում։ Ուշադրություն դարձրու, թե ինչ ասաց նա Եսայիա մարգարեի օրերում ապրող ըմբոստ իսրայելացիներին. «Երբ դուք տարածում եք ձեր ձեռքի ափերը, ես փակում եմ իմ աչքերը։ Թեև շատ աղոթքներ եք անում, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արյունով» (Եսայիա 1։15)։ Փաստորեն, որոշ արարքներ կարող են պատճառ լինել, որ Աստված չլսի մեր աղոթքները։ Ուրեմն որպեսզի Աստծուն հաճելի լինեն մեր աղոթքները, հարկավոր է հետևել որոշ հիմնական պահանջների։

6. Ո՞ր հիմնական պահանջին պետք է հետևենք, որ Աստված լսի մեր աղոթքները, և ինչպե՞ս պետք է դա փաստենք։

6 Հիմնական պահանջներից մեկը հավատ ունենալն է (կարդա՛  Մարկոս 11։24)։ Պողոս առաքյալը գրում է. «Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է նրան, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբրայեցիներ 11։6)։ Իսկական հավատը ավելին է, քան պարզապես այն բանի գիտակցումը, որ Աստված կա և լսում ու պատասխանում է մեր աղոթքներին։ Հավատը գործերով է փաստվում։ Մենք պետք է մեր ամենօրյա ապրելակերպով փաստենք, որ հավատ ունենք (Հակոբոս 2։26

7. ա) Ինչո՞ւ պետք է հարգալից լինենք, երբ աղոթում ենք Եհովային։ բ) Ի՞նչը ցույց կտա, որ աղոթելիս խոնարհ ենք ու անկեղծ։

7 Եհովան նաև ցանկանում է, որ մենք աղոթենք նրան խոնարհ և անկեղծ սրտով։ Մի՞թե չպետք է խոնարհություն դրսևորենք Աստծու հետ խոսելիս։ Սովորաբար երբ մարդկանց հնարավորություն է տրվում երկրի նախագահի հետ խոսելու, նրանք դա հարգանքով են անում՝ հաշվի առնելով նրա բարձր դիրքը։ Ուրեմն որքա՜ն ավելի մեծ պետք է լինի մեր հարգանքը, երբ աղոթքի միջոցով խոսում ենք Եհովայի  հետ (Սաղմոս 138։6)։ Չէ՞ որ նա «Ամենակարող Աստվածն» է (Ծննդոց 17։1)։ Երբ աղոթում ենք Աստծուն, մեր խոսելաձևը պետք է ցույց տա, որ մենք գիտակցում ենք նրա նկատմամբ ունեցած մեր ցածր դիրքը։ Այսպիսի խոնարհությունը մեզ կմղի անկեղծորեն և սրտանց դիմելու նրան՝ խուսափելով անընդհատ կրկնվող խոսքերից և անգիր արված աղոթքներից (Մատթեոս 6։7, 8

8. Ինչպե՞ս կարող ենք գործել մեր աղոթքների համաձայն։

8 Որպեսզի Աստված լսի մեզ, նաև պետք է գործենք մեր աղոթքների համաձայն։ Եհովան ակնկալում է, որ ամեն ինչ կանենք մեր աղոթքին համապատասխան վարվելու համար։ Օրինակ՝ եթե աղոթքում խնդրում ես՝ «տուր մեզ այսօր մեր օրվա հացը», նշանակում է, որ եթե աշխատանք ես գտել, որը սրտովդ չէ, սակայն չի հակասում աստվածաշնչյան սկզբունքներին և դու կարող ես անել, պետք է ջանասիրությամբ անես այն (Մատթեոս 6։11; 2 Թեսաղոնիկեցիներ 3։10)։ Իսկ եթե աղոթում ես որևէ մարմնական թուլություն հաղթահարելու համար, պետք է խուսափես այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են փորձության մեջ գցել քեզ (Կողոսացիներ 3։5)։ Սակայն աղոթքի վերաբերյալ այս հիմնական պահանջներից բացի, կան նաև հարցեր, որոնց պատասխաններն անհրաժեշտ է իմանալ։

ԱՂՈԹՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

9. Ո՞ւմ պետք է աղոթենք և ո՞ւմ միջոցով։

9 Ո՞ւմ պետք է աղոթենք։ Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց հետևյալ կերպ աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես» (Մատթեոս 6։9)։ Մեր աղոթքները պետք է ուղղված լինեն միմիայն Եհովա Աստծուն։ Սակայն Եհովան ուզում է, որ մենք ընդունենք նաև իր միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի դերը։ Ինչպես սովորեցինք 5-րդ գլխում, Հիսուսը եկավ երկիր՝ իր կյանքը տալու որպես փրկանք, որպեսզի ազատի մեզ մեղքից ու մահից (Հովհաննես 3։16; Հռոմեացիներ 5։12)։ Նա նշանակված է որպես Քահանայապետ ու Դատավոր (Հովհաննես 5։22; Եբրայեցիներ 6։20)։ Այդ պատճառով էլ Աստվածաշունչը պատվիրում է մեզ Աստծուն աղոթել Հիսուսի միջոցով։  Հիսուսն իր մասին ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։ Ուստի որպեսզի Աստված լսի մեր աղոթքները, մենք պետք է աղոթենք միայն Եհովային նրա Որդու միջոցով։

10. Ինչո՞ւ աղոթելիս չի պահանջվում հատուկ դիրք ընդունել։

10 Հարկավո՞ր է արդյոք աղոթելիս հատուկ դիրք ընդունել։ Ո՛չ։ Եհովան չի պահանջում, որ հատուկ դիրքով աղոթենք իրեն։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք կարող ենք աղոթել տարբեր դիրքերով՝ նստած, խոնարհված, ծնկի եկած, կանգնած (1 Տարեգրություն 17։16; Նեեմիա 8։6; Դանիել 6։10; Մարկոս 11։25)։ Իրականում, ոչ թե մարդկանց համար նկատելի հատուկ դիրքն է կարևոր, այլ սրտի ճիշտ տրամադրվածությունը։ Առօրյա գործերի ժամանակ կամ անսպասելի իրավիճակներում, անկախ այն բանից, թե որտեղ ենք գտնվում, մենք կարող ենք մտքում աղոթել Աստծուն։ Եհովան լսում է այդպիսի աղոթքները, նույնիսկ եթե ուրիշները չեն նկատում, որ մենք աղոթում ենք (Նեեմիա 2։1–6

11. Ինչի՞ մասին կարող ենք աղոթել։

11 Ինչի՞ մասին կարող ենք աղոթել։ Աստվածաշունչն ասում է. «Ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, [Եհովան] լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։ Հետևաբար մենք կարող ենք աղոթել ցանկացած բանի մասին, ինչը ներդաշնակ է Աստծու կամքին։ Իսկ Աստված ուզո՞ւմ է, որ աղոթենք իրեն մեր անձնական խնդիրների մասին։ Իհա՛րկե։ Ինչպես արդեն իմացանք, Եհովային աղոթելը շատ նման է մտերիմ ընկերոջ հետ զրուցելուն։ Մենք կարող ենք անկեղծորեն մեր սիրտը դատարկել Աստծու առաջ (Սաղմոս 62։8)։ Լավ կլինի նաև խնդրել սուրբ ոգին, քանի որ այն կօգնի մեզ անելու այն, ինչ ճիշտ է (Ղուկաս 11։13)։ Իմաստուն որոշումներ կայացնելու համար մենք կարող ենք առաջնորդություն խնդրել, ինչպես նաև ուժ՝ դժվարություններին տոկալու համար (Հակոբոս 1։5)։ Իսկ եթե մեղք գործենք, պետք է Հիսուսի քավիչ զոհի հիման վրա ներում խնդրենք (Եփեսացիներ 1։3, 7)։ Սակայն մենք չպետք է միայն անձնական խնդիրների մասին աղոթենք։ Կարևոր է նաև աղոթել ուրիշների համար՝  մեր ընտանիքի անդամների, ինչպես նաև հավատակիցների համար (Գործեր 12։5; Կողոսացիներ 4։12

12. Ինչի՞ մասին պետք է նախևառաջ աղոթենք։

12 Աղոթելիս պետք է կարևորություն տալ Եհովա Աստծուն վերաբերող հարցերին։ Մենք շատ պատճառներ ունենք սրտանց փառաբանելու և շնորհակալություն հայտնելու Աստծուն նրա արած ամեն բարիքի համար (1 Տարեգրություն 29։10–13Մատթեոս 6։9–13-ում գրված տիպար աղոթքում Հիսուսը սովորեցրեց աղոթել Աստծու անվան սրբացման համար (կարդա՛)։ Այնուհետև նշեց, որ գա Աստծու Թագավորությունը և նրա կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Եվ հետո միայն Հիսուսը ուշադրություն դարձրեց անձնական հարցերին։ Երբ մենք էլ մեր աղոթքներում առաջնահերթությունը տալիս ենք Աստծուն վերաբերող հարցերին, ցույց ենք տալիս, որ միայն մեր մասին չէ, որ մտածում ենք։

13. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը այն մասին, թե որքան երկար պետք է լինեն աղոթքները։

13 Որքա՞ն երկար պետք է լինեն մեր աղոթքները։ Աստվածաշունչը չի նշում, թե որքան երկար պետք է լինեն մեր անձնական կամ հանրորեն ասվող աղոթքները։ Այդ աղոթքները կարող են լինել կարճ, օրինակ՝ ճաշից առաջ, և երկար, ինչպես անձնական աղոթքները, որոնց ժամանակ Եհովայի առաջ բացում ենք մեր սիրտը (1 Սամուել 1։12, 15)։ Սակայն Հիսուսը դատապարտեց ինքնահավան այն անհատներին, որոնք ուրիշների առջև ցուցադրաբար երկար աղոթքներ էին անում (Ղուկաս 20։46, 47)։ Նման աղոթքները չեն տպավորում Եհովային։ Կարևորն այն է, որ դրանք սրտից բխեն։ Ուստի այն, թե որքան երկար կլինի մեր աղոթքը, կախված է մեր կարիքներից և հանգամանքներից։

Ինչ իրավիճակում էլ աղոթես, Եհովան կլսի քո աղոթքը

14. Ի՞նչ է նշանակում «անդադար աղոթել», և ինչո՞վ է դա մխիթարական։

14 Որքա՞ն հաճախ պետք է աղոթենք։ Աստվածաշունչը հորդորում է մեզ «շարունակ աղոթք անել», «աղոթքում հարատևել» և «անդադար աղոթել» (Մատթեոս 26։41; Հռոմեացիներ 12։12; 1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։ Իհարկե դա չի  նշանակում, որ ամեն վայրկյան պետք է աղոթենք Եհովային։ Աստվածաշունչը խրախուսում է կանոնավորաբար աղոթել՝ շարունակ շնորհակալություն հայտնելով Եհովային իր բարության համար և նրանից առաջնորդություն, մխիթարություն և ուժ խնդրելով։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ Աստված սահմաններ չի դնում, թե որքան երկար կամ որքան հաճախ պետք է խոսենք իր հետ։ Եթե մենք գնահատում ենք աղոթելու առանձնաշնորհումը, ապա մեր երկնային Հոր հետ խոսելու համար հնարավորություն կստեղծենք։

15. Ինչո՞ւ պետք է անձնական կամ հանրորեն ասված աղոթքների վերջում «ամեն» ասենք։

15 Ինչո՞ւ պետք է աղոթքի վերջում «ամեն» ասենք։ «Ամեն» բառը նշանակում է «անշուշտ» կամ «թող այդպես լինի»։ Սուրբգրային օրինակները ցույց են տալիս, որ տեղին է անձնական և հանրորեն ասված աղոթքների վերջում ասել «ամեն» (1 Տարեգրություն 16։36; Սաղմոս 41։13)։ Անձնական աղոթքների վերջում «ամեն» ասելով՝ մենք հաստատում ենք, որ մեր խոսքերը անկեղծ են։ Իսկ երբ մեկ ուրիշի կողմից ասված աղոթքի վերջում ենք մտքում կամ բարձրաձայն «ամեն» ասում, դրանով ցույց ենք տալիս, որ համաձայն ենք այդ աղոթքում ասված խոսքերին (1 Կորնթացիներ 14։16

ԻՆՉՊԵՍ Է ԱՍՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԻՆ

16. Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։

16 Եհովան պատասխանո՞ւմ է աղոթքներին։ Իհա՛րկե։ Մենք բոլոր հիմքերն ունենք վստահ լինելու, որ «աղոթքներ Լսողը» պատասխանում է միլիոնավոր մարդկանց անկեղծ աղոթքներին (Սաղմոս 65։2)։ Սակայն նա անում է դա տարբեր կերպերով։

17. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան աղոթքներին պատասխանում է հրեշտակների և իր երկրային ծառաների միջոցով։

17 Մեր աղոթքներին Եհովան պատասխանում է, օրինակ, հրեշտակների և իր երկրային ծառաների միջոցով (Եբրայեցիներ 1։13, 14)։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ աղոթել են Աստծուն նրա Խոսքը հասկանալու համար և  կարճ ժամանակ անց հանդիպել են նրա ծառաներին։ Այսպիսի դեպքերը փաստում են, որ Թագավորության քարոզչության գործը հրեշտակների առաջնորդությամբ է կատարվում (Հայտնություն 14։6)։ Երբ մենք կարիքի մեջ ենք, Եհովան գուցե մղի մեր հավատակիցներից որևէ մեկին, որ նա օգնության ձեռք մեկնի մեզ (Առակներ 12։25; Հակոբոս 2։16

Եհովան կարող է պատասխանել մեր աղոթքներին՝ մղելով հավատակիցներին օգնության ձեռք մեկնելու մեզ

18. Ինչպե՞ս է Եհովան պատասխանում աղոթքներին իր Խոսքի և սուրբ ոգու միջոցով։

18 Եհովա Աստված աղոթքներին պատասխանում է նաև  իր Խոսքի՝ Աստվածաշնչի, և սուրբ ոգու միջոցով։ Երբ փորձություններին դիմանալու համար Աստծուց օգնություն ենք խնդրում, նա կարող է պատասխանել մեր աղոթքներին՝ տալով առաջնորդություն ու զորություն իր սուրբ ոգու միջոցով (2 Կորնթացիներ 4։7)։ Հաճախ մեր աղոթքների պատասխանը գտնում ենք Աստվածաշնչում, որի միջոցով Եհովան օգնում է իմաստուն որոշումներ կայացնելու։ Աստծու Խոսքի անձնական ուսումնասիրության ժամանակ կամ աստվածաշնչյան հրատարակություններն ընթերցելիս, ինչպիսին, օրինակ, այս գիրքն է, կհանդիպենք այնպիսի մտքերի, որոնք անհրաժեշտ են մեզ համար։ Նման մտքեր կարող ենք լսել նաև քրիստոնեական հանդիպումների ժամանակ կամ հոգատար երեցի հետ զրուցելիս (Գաղատացիներ 6։1

19. Ի՞նչ պետք է հիշենք, երբ թվում է, թե երբեմն մեր աղոթքները մնում են անպատասխան։

19 Եթե մեզ թվում է, թե Եհովան ուշացնում է մեր աղոթքների պատասխանը, չի նշանակում, որ նա ի վիճակի չէ պատասխանելու դրանց։ Հիշենք, որ Եհովան պատասխանում է աղոթքներին այն ժամանակ, երբ ճիշտ է համարում, և համաձայն իր կամքի։ Նա մեզնից լավ գիտի, թե ինչի կարիք ունենք և ինչպես հոգալ մեր կարիքները։ Հաճախ նա թույլ է տալիս, որ մենք շարունակ խնդրենք, փնտրենք և թակենք (Ղուկաս 11։5–10)։ Մեր հաստատակամությունը ցույց կտա, որ  մեր խնդրանքը կարևոր է մեզ համար և մենք իսկապես հավատում ենք, որ նա կպատասխանի դրան։ Հնարավոր է նաև, որ Եհովան մեր աղոթքին պատասխանի ոչ այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։ Օրինակ՝ երբ աղոթում ենք, որ Աստված ազատի մեզ փորձությունից, նա գուցե պատասխանի ոչ թե փորձությունը վերացնելով, այլ ուժ տալով, որ կարողանանք դիմանալ (կարդա՛  Փիլիպպեցիներ 4։13

20. Ինչո՞ւ պետք է թանկ գնահատենք Աստծուն աղոթելու մեծ առանձնաշնորհումը։

20 Որքա՜ն շնորհակալ պետք է լինենք, որ անծայրածիր տիեզերքի Արարիչը մոտ է բոլոր այն անհատներին, ովքեր ճշմարտությամբ են կանչում իրեն (կարդա՛  Սաղմոս 145։18)։ Թանկ գնահատիր աղոթքի մեծ առանձնաշնորհումը՝ կանոնավորաբար աղոթելով Աստծուն։ Եթե այդպես վարվես, ավելի կմտերմանաս Եհովայի՝ աղոթքներ Լսողի հետ։

Իմացիր ավելին

Իսկապե՞ս կարող ես «մոտենալ Աստծուն»

Եհովա Աստված՝ երկնքի ու երկրի Արարիչը, հրավեր ու խոստում է տալիս մեզ։