Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ԳԼՈՒԽ 9

Արդյո՞ք ապրում ենք «վերջին օրերում»

Արդյո՞ք ապրում ենք «վերջին օրերում»
  • Ինչպիսի՞ իրադարձություններ են նախագուշակվել Աստվածաշնչում մեր օրերի համար

  • Ըստ Աստվածաշնչի՝ ինչպիսի՞ն պետք է լինեն մարդիկ «վերջին օրերում»

  • Ի՞նչ քաջալերական բաներ են նախագուշակված Աստվածաշնչում «վերջին օրերի» համար

1. Որտեղի՞ց կարող ենք իմանալ ապագայի մասին։

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՈՎ նորությունները դիտելիս հավանաբար մտածում ես, թե ուր է ընթանում այս աշխարհը։ Ողբերգական դեպքերն այնքան անսպասելի են լինում, որ ոչ ոք չի կարող նախապես իմանալ, թե վաղվա օրը ինչ կբերի իր հետ (Հակոբոս 4։14)։ Մինչդեռ Եհովան գիտի, թե ինչ է սպասում մեզ ապագայում (Եսայիա 46։10)։ Դեռ շատ վաղուց Աստվածաշունչը նախագուշակել է ոչ միայն մեր օրերում տեղի ունեցող աղետալի դեպքերի մասին, այլև այն հիանալի իրադարձությունների, որոնք կատարվելու են մոտ ապագայում։

2, 3. Ի՞նչ հարցրին աշակերտները Հիսուսին, և նա ի՞նչ պատասխանեց։

2 Հիսուս Քրիստոսը խոսեց Աստծու Թագավորության մասին, որը վերջ է դնելու ամբարշտությանը և երկիրը վերածելու է դրախտի (Ղուկաս 4։43)։ Մարդիկ ուզում էին իմանալ, թե երբ է գալու այդ Թագավորությունը։ Այդ պատճառով էլ Հիսուսի աշակերտները հարցրին նրան. «Ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը» (Մատթեոս 24։3)։ Հիսուսը պատասխանեց, որ միայն Եհովա Աստված ճշգրտորեն գիտի, թե երբ է գալու վերջը (Մատթեոս 24։36)։ Սակայն նա նախապես հայտնեց, թե ինչ էր տեղի ունենալու նախքան այն ժամանակը, երբ Թագավորությունը իսկական խաղաղություն ու ապահովություն  բերեր մարդկությանը։ Այն, ինչ Հիսուսն ասաց, այժմ կատարվում է։

3 Սակայն նախքան վերջին օրերի հետ կապված ապացույցներն ուսումնասիրելը համառոտ քննենք, թե ինչ պատերազմ տեղի ունեցավ երկնքում՝ անտեսանելի երկնային ոլորտում, որը ոչ մի մարդ չտեսավ։ Դա իր ազդեցությունը թողեց մեզ վրա։

ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԵՐԿՆՔՈՒՄ

4, 5. ա) Ի՞նչ տեղի ունեցավ երկնքում, երբ Հիսուսը Թագավոր դարձավ։ բ) Համաձայն Հայտնություն 12։12-ի՝ ի՞նչ հետևանքներ էր ունենալու երկնքում տեղի ունեցած պատերազմը։

4 Նախորդ գլխից մենք սովորեցինք, որ Հիսուս Քրիստոսը 1914թ.-ին երկնքում դարձավ Թագավոր (կարդա՛  Դանիել 7։13, 14)։ Թագավոր դառնալուն պես նա գործի անցավ։ «Պատերազմ բռնկվեց երկնքում,— ասում է Աստվածաշունչը,— Միքայելը [Հիսուսը] և նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի [Բանսարկու Սատանայի] դեմ, և վիշապն ու նրա հրեշտակներն էլ պատերազմեցին»։ * Սատանան և նրա ամբարիշտ հրեշտակները՝ դևերը, պարտվեցին այդ պատերազմում և երկնքից նետվեցին երկրի վրա։ Աստծու հավատարիմ ոգեղեն որդիները ուրախացան, որ Սատանան և նրա դևերը այլևս երկնքում չեն։ Մարդկանց համար, սակայն, դա ուրախության պատճառ չէր լինելու։ Աստվածաշունչն ասում է. «Վա՜յ երկրին.... որովհետև Բանսարկուն ցած է իջել ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12։7, 9, 12

5 Ուշադրություն դարձրու, թե ինչ հետևանքներ էր ունենալու այդ պատերազմը։ Իր կատաղի բարկությամբ Սատանան «վայեր» էր բերելու երկրի վրա ապրող մարդկանց վրա։ Ինչպես դեռ կտեսնենք, այժմ մենք ապրում ենք այդ «վայերի» ժամանակաշրջանում։ Սակայն դա տևելու է համեմատաբար կարճ՝ միայն «քիչ ժամանակ»։ Եվ Սատանան քաջ գիտակցում է դա։ Աստվածաշունչն այդ ժամանակահատվածն անվանում է «վերջին օրեր» (2 Տիմոթեոս 3։1)։ Որքա՜ն ուրախ պետք է լինենք, որ Աստված շուտով վերացնելու է Բանսարկուի ազդեցությունը  երկրի վրայից։ Այժմ քննենք Աստվածաշնչի կանխագուշակած իրադարձություններից մի քանիսը, որոնք արդեն կատարվում են։ Դրանք ապացուցում են, որ մենք ապրում ենք վերջին օրերում, և որ Աստծու Թագավորությունը շուտով հավիտենական օրհնություններ է բերելու բոլոր նրանց, ովքեր սիրում են Եհովային։ Սակայն նախ քննենք Հիսուսի կանխագուշակած իրադարձություններից չորսը, որոնք տեղի էին ունենալու մեր ժամանակներում։

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6, 7. Ինչպե՞ս են մեր օրերում կատարվում պատերազմների և սովերի մասին Հիսուսի խոսքերը։

6 «Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ» (Մատթեոս 24։7)։ Միայն անցած հարյուրամյակում պատերազմների ժամանակ միլիոնավոր մարդիկ են մահացել։ Բրիտանացի մի պատմաբան գրում է. «Ամբողջ պատմության մեջ 20-րդ դարը եղել է ամենաարյունահեղ դարը.... Այն գրեթե անդադար պատերազմների դար է եղել, քանի որ ընդամենը մի քանի շատ կարճ ժամանակահատվածներ են եղել, երբ երկրագնդի ոչ մի վայրում պատերազմ տեղի չի ունեցել»։ Մի տեղեկագրության մեջ ասվում է. «[20-րդ] դարում պատերազմների ընթացքում երեք անգամ ավելի շատ մարդ է զոհվել, քան մ.թ. առաջին դարից մինչև 20-րդ դարը տեղի ունեցած բոլոր պատերազմների ժամանակ» (Worldwatch Institute)։ 1914թ.-ից  ի վեր միայն պատերազմների պատճառով ավելի քան 100 միլիոն մարդ է մահացել։ Միլիոնավոր մարդիկ մեծ ցավ ու վիշտ են ապրել՝ կորցնելով իրենց հարազատներին պատերազմում։ Գուցե դու էլ ես այդ ցավը զգացել։

7 «Սովեր.... կլինեն» (Մատթեոս 24։7)։ Ըստ հետազոտությունների՝ վերջին 30 տարիների ընթացքում սննդի արդյունաբերության մեջ մեծ աճ է տեղի ունեցել։ Այդուհանդերձ, սովերը շարունակվում են, քանի որ շատ մարդիկ բավականաչափ փող չունեն, որ սնունդ գնեն կամ բերք ստանալու համար հողակտոր ձեռք բերեն։ Զարգացող երկրներում ավելի քան մեկ միլիարդ մարդ ստիպված է ապրել օրական մեկ ամերիկյան դոլարով կամ նույնիսկ ավելի քիչ գումարով։ Այդ մարդկանց մեծամասնությունը տառապում է քրոնիկական թերսնումից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով՝ թերսնման պատճառով տարեկան ավելի քան 5 միլիոն երեխա է մահանում։

8, 9. Ո՞ր տվյալներն են ցույց տալիս, որ երկրաշարժերի և համաճարակների մասին Հիսուսի մարգարեությունները կատարվում են։

8 «Մեծ երկրաշարժեր կլինեն» (Ղուկաս 21։11)։ Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության հետազոտությունների՝ ամեն տարի սպասվում են միջին թվով 19 մեծ երկրաշարժեր, այնքան ուժեղ, որ կարող են վնասել շենքերը և ճեղքել գետինը (U.S. Geological Survey)։ Դեռ ավելին, ամեն տարի տեղի են ունենում այնպիսի երկրաշարժեր, որոնք իրենց  ուժգնությամբ ամբողջովին փլատակների են վերածում բազմաթիվ շինություններ։ Առկա տվյալների համաձայն՝ 1900թ.-ից այս կողմ երկրաշարժերը խլել են 2 միլիոնից ավել մարդու կյանք։ Մի աղբյուրում նշվում է. «Տեխնոլոգիայի զարգացումը շատ քիչ բան է կարողացել անել մահվան դեպքերը նվազեցնելու համար»։

9 «Համաճարակներ կլինեն» (Ղուկաս 21։11)։ Չնայած բժշկության բնագավառում ձեռք բերված նվաճումներին՝ հին ու նոր հիվանդությունները շարունակում են պատուհասի նման հարվածել մարդկությանը։ Մի տեղեկագրության մեջ նշվում է, որ 20 հայտնի հիվանդություններ, որոնց թվին են պատկանում տուբերկուլյոզը, մալարիան ու խոլերան, սովորական բան են դարձել վերջին տասնամյակներում, և գնալով ավելի ու ավելի է դժվարանում դեղորայքի միջոցով որոշ հիվանդություններ բուժելը։ Իրականությունն այն է, որ առնվազն 30 նոր հիվանդություններ են ի հայտ եկել, որոնցից մի քանիսը անբուժելի են և մահացու։

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՄԱՐԴԻԿ

10. 2 Տիմոթեոս 3։1–5-ում նկարագրված ո՞ր հատկություններն ես տեսնում այսօր մարդկանց մեջ։

10 Աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից բացի, Աստվածաշունչը հայտնում է, որ վերջին օրերում մարդիկ փոխվելու են։ Պողոս առաքյալը նկարագրում է, թե նրանք, ընդհանուր առմամբ, ինչպիսին պիտի լինեին։ Նրա խոսքերում կարդում ենք. «Վերջին օրերին  չափազանց դժվար ժամանակներ են լինելու» (կարդա՛  2 Տիմոթեոս 3։1–5)։ Պողոս առաքյալը գրում է, որ մարդիկ կլինեն՝

  • անձնասեր

  • փողասեր

  • ծնողներին անհնազանդ

  • անհավատարիմ

  • բնական կապվածություն չունեցող

  • ինքնատիրապետում չունեցող

  • դաժան

  • ավելի հաճոյասեր, քան աստվածասեր

  • Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանքով, բայց նրա զորությունը ուրացող

11. Ըստ Սաղմոս 92։7-ի՝ ի՞նչ կլինի ամբարիշտների հետ։

11 Քո շուրջն ապրող մարդիկ արդյոք այդպիսին չե՞ն։ Նման հատկություններ ունեցող մարդիկ ամենուրեք են։ Դա ցույց է տալիս, որ Աստված շուտով գործի է անցնելու, քանի որ Աստվածաշունչն ասում է. «Թեև ամբարիշտները խոտի նման բուսնում են, և չարիք գործողները՝ ծաղկում, միևնույնն է, նրանք հավերժ պիտի կործանվեն» (Սաղմոս 92։7

ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12, 13. Ինչպե՞ս են «ճշմարիտ գիտելիքները» շատացել «վերջի ժամանակում»։

12 Ճիշտ ինչպես Աստվածաշունչն էր կանխագուշակել, վերջին օրերը լի են  «վայերով»։ Նման անհանգիստ աշխարհում, սակայն, Եհովայի ժողովրդի մեջ տեղի են ունենում քաջալերական իրադարձություններ։

13 «Ճշմարիտ գիտելիքները կշատանան»,— մարգարեացվել է Աստվածաշնչի «Դանիել» գրքում։ Ե՞րբ պետք է դա տեղի ունենար։ «Վերջի ժամանակում» (Դանիել 12։4)։ Հատկապես 1914թ.-ից սկսած՝ Եհովան բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն ցանկացել են ծառայել իրեն, օգնել է հասկանալու Աստվածաշունչը։ Նրանք անգին ճշմարտություններ են իմացել Աստծու անվան և նպատակի, Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի, մահացածների վիճակի ու հարության մասին։ Ավելին, Եհովայի երկրպագուները սովորել են ապրել այնպիսի կյանքով, որը օգուտներ է բերում իրենց և միևնույն ժամանակ փառաբանում է Աստծուն։ Նրանք նաև հստակ հասկացողություն են ձեռք բերել այն մասին, թե ինչ դեր ունի Աստծու Թագավորությունը և թե ինչ է իրագործելու երկրի վրա։ Ի՞նչ անելու են մղում նրանց այս գիտելիքները։ Պատասխանը կապված է մեկ ուրիշ մարգարեության հետ, որը նույնպես կատարվում է վերջին օրերում։

«Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ» (Մատթեոս 24։14)

14. Ի՞նչ մասշտաբների է հասնում Թագավորության բարի լուրի քարոզչությունը, և ովքե՞ր են այն իրականացնում։

14 «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ»,— մարգարեացավ Հիսուսը «աշխարհի վախճանի» մասին (կարդա՛  Մատթեոս 24։3, 14)։ Ներկայումս ամբողջ աշխարհում՝ 230-ից ավելի երկրներում, հարյուրավոր լեզուներով քարոզվում է բարի լուրը՝ այն, թե ինչ է Աստծու Թագավորությունը, ինչ է անելու և ինչ օրհնություններ է բերելու։ Միլիոնավոր Եհովայի վկաներ նախանձախնդրությամբ քարոզում են այդ լուրը։ Նրանք «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից» են (Հայտնություն 7։9)։ Վկաները Աստվածաշնչի տնային անվճար ուսումնասիրություններ են անցկացնում միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում իրականում։ Այս մարգարեության կատարումն իրոք ապշեցուցիչ է, քանի որ Հիսուսն ասաց, որ ճշմարիտ քրիստոնյաները պիտի «բոլոր մարդկանց կողմից ատված» լինեն (Ղուկաս 21։17

 ԻՆՉՊԵ՞Ս ԿՎԱՐՎԵՍ

15. ա) Հավատո՞ւմ ես, որ մենք ապրում ենք վերջին օրերում. ինչո՞ւ ես այդպես պատասխանում։ բ) Ի՞նչ է նշանակելու «վերջը» նրանց համար, ովքեր հակառակվում են Եհովային, և նրանց համար, ովքեր հնազանդվում են նրա իշխանությանը։

15 Հաշվի առնելով այն, որ այսքան շատ աստվածաշնչյան մարգարեություններ են կատարվում մեր օրերում՝ արդյոք համաձայն չե՞ս, որ ապրում ենք վերջին օրերում։ Երբ բարի լուրը քարոզվի այնքան ժամանակ, որքան Եհովան հարմար կգտնի, դրանից հետո անպայման կգա «վերջը» (Մատթեոս 24։14)։ «Վերջը» այն ժամանակն է, երբ Աստված երկիրը մաքրելու է անօրենությունից և կործանելու է բոլոր նրանց, ովքեր հակառակվում են իրեն։ Այս ամենը Եհովան իրականացնելու է Հիսուսի ու զորավոր հրեշտակների միջոցով (2 Թեսաղոնիկեցիներ 1։6–9)։ Սատանան և նրա դևերը այլևս չեն մոլորեցնի ազգերին։ Աստծու Թագավորությունը առատ օրհնություններ կբերի բոլոր նրանց, ովքեր հնազանդվում են նրա արդար իշխանությանը (Հայտնություն 20։1–3; 21։3–5

16. Ինչպե՞ս իմաստուն կլինի վարվել։

16 Քանի որ Սատանայի համակարգի վերջը մոտենում է, լավ կլինի՝ ինքներս մեզ հարց տանք. «Ինչպե՞ս պետք է ես վարվեմ»։ Իմաստուն կվարվես, եթե շարունակես ավելի շատ սովորել Եհովայի և նրա պահանջների մասին (Հովհաննես 17։3)։ Ջանադրաբար ուսումնասիրիր Աստծու Խոսքը։ Սովորություն դարձրու կանոնավորաբար ընկերակցել նրանց հետ, ովքեր ձգտում են կատարել Եհովայի կամքը (կարդա՛  Եբրայեցիներ 10։24, 25)։ Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով ճանաչիր Եհովա Աստծուն և քո կյանքում անհրաժեշտ փոփոխություններ կատարիր, որպեսզի ունենաս նրա հավանությունը (Հակոբոս 4։8

17. Ինչո՞ւ է ամբարիշտների համար կործանումը անակնկալ լինելու։

17 Հիսուսը նախագուշակեց, որ մարդկանց մեծամասնությունը անտեսելու է այն ապացույցները, որ մենք վերջին օրերում ենք ապրում։ Ամբարիշտ մարդկանց կործանումը անսպասելի է լինելու։ Գիշերվա գողի նման՝ այդ օրը շատերին է անակնկալի բերելու (կարդա՛  1 Թեսաղոնիկեցիներ 5։2)։ Հիսուսը նախազգուշացրեց. «Ինչպես որ Նոյի օրերում էր, այնպես էլ կլինի մարդու  Որդու ներկայության ժամանակ։ Ինչպես որ այն օրերում՝ ջրհեղեղից առաջ, մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, և ուշադրություն չդարձրին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ» (Մատթեոս 24։37–39

18. Ո՞ր նախազգուշացումը պետք է լրջությամբ ընդունենք։

18 Հիսուսն ասաց. «Ուշադրություն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան շատակերությամբ, հարբեցողությամբ ու կյանքի հոգսերով, և այդ օրը հանկարծակի հասնի ձեզ վրա, ինչպես ծուղակ, որովհետև այն պիտի գա բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի երեսին։ Ուրեմն արթուն եղեք՝ ամեն ժամանակ աղաչանքներ անելով, որպեսզի ձեզ հաջողվի փախչել այն ամենից, ինչ պետք է լինի, և [հավանություն ստացած] կանգնել մարդու Որդու առաջ» (Ղուկաս 21։34–36)։ Մեր կողմից իմաստուն կլինի Հիսուսի խոսքերին լրջությամբ վերաբերվել։ Ինչո՞ւ։ Քանի որ այն անհատները, ովքեր ունեն Եհովա Աստծու և «մարդու Որդու»՝ Հիսուս Քրիստոսի հավանությունը, ունեն նաև Սատանայի համակարգից վերապրելու և մոտալուտ սքանչելի նոր աշխարհում հավիտյան ապրելու հեռանկարը (Հովհաննես 3։16; 2 Պետրոս 3։13

^ պարբ. 4 Այն մասին, որ Միքայելը Հիսուսի մեկ ուրիշ անունն է, տե՛ս «Ո՞վ է Միքայել հրեշտակապետը» հավելվածը։

Իմացիր ավելին

Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը

Աստվածաշունչ ուսումնասիրելով միլիոնավոր մարդիկ գտնում են կյանքի կարևոր հարցերի պատասխանները։ Կուզե՞ս միանալ նրանց։