Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ԳԼՈՒԽ 3

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
  • Ո՞րն է Աստծու նպատակը մարդկության առնչությամբ

  • Ինչո՞ւմ մեղադրվեց Աստված

  • Ինչպիսի՞ն կլինի կյանքը երկրի վրա ապագայում

1. Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ։

ԵՐԿՐԻ առնչությամբ Աստված հրաշալի նպատակ ունի։ Եհովան ուզում է, որ այն բնակեցված լինի երջանիկ ու առողջ մարդկանցով։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «Եդեմում մի պարտեզ տնկեց» և ապա «աճեցրեց ամեն ծառ՝ աչքերի համար ցանկալի ու լավ պտուղներ ունեցող»։ Այնուհետև նա ստեղծեց առաջին տղամարդուն և կնոջը՝ Ադամին ու Եվային, բնակեցրեց նրանց այդ չքնաղ տան մեջ և պատվիրեց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան» (Ծննդոց 1։28; 2։8, 9, 15)։ Աստծու նպատակն էր, որ մարդիկ երեխաներ ունենային, իրենց դրախտային տան սահմաններն ընդարձակեին ամբողջ երկրով մեկ և հոգ տանեին կենդանիներին։

2. ա) Որտեղի՞ց գիտենք, որ երկրի առնչությամբ Աստծու նպատակը կիրականանա։ բ) Ըստ Աստվածաշնչի՝ ինչպիսի՞ մարդիկ են հավիտյան ապրելու։

2 Ի՞նչ ես կարծում, երբևէ իրականություն կդառնա՞ Եհովա Աստծու նպատակը։ Մարդիկ կբնակվե՞ն դրախտ երկրի վրա։ «Ես ասել եմ ու կկատարեմ»,— խոստանում է Աստված (Եսայիա 46։9–11; 55։11)։ Այո՛, Եհովան կիրականացնի իր բոլոր նպատակները։ Նա ասում է, որ «[երկիրը] զուր տեղը չարարեց, այլ բնակվելու համար ստեղծեց այն» (Եսայիա  45։18)։ Ինչպիսի՞ մարդիկ են ապրելու երկրի վրա և որքա՞ն երկար։ Աստվածաշունչը պատասխանում է. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29; Հայտնություն 21։3, 4

3. Այսօր ի՞նչ պայմաններ են տիրում երկրի վրա, և դա ի՞նչ հարցեր է առաջ բերում։

3 Աստծու այս նպատակը դեռ չի իրականացել։ Մարդիկ հիվանդանում ու մահանում են, պատերազմում են ու սպանում իրար։ Ինչ խոսք, Աստծու նպատակը չէր, որ եկիրն այսպիսին լիներ։ Այդ դեպքում ի՞նչ պատահեց։ Ինչո՞ւ այն չիրականացավ։ Ոչ մի պատմական գիրք չի կարող պատասխանել այս հարցերին, քանի որ պատճառը այն դեպքերն էին, որոնք տեղի ունեցան երկնքում։

ԻՆՉՊԵ՞Ս ԱՌԱՋ ԵԿԱՎ ԹՇՆԱՄԻՆ

4, 5. ա) Իրականում ո՞վ խոսեց Եվայի հետ օձի միջոցով։ բ) Ինչպե՞ս կարող է ազնիվ և պարկեշտ անձնավորությունը գող դառնալ։

4 Աստվածաշնչի առաջին գիրքը հայտնում է Աստծու հակառակորդի մասին, որն ըմբոստացավ նրա դեմ Եդեմի պարտեզում։ Այս հակառակորդը նկարագրվում է որպես «օձ», բայց նա իրականում օձ չէ։ Աստվածաշնչի վերջին գիրքը այդ անձնավորությանը անվանում է «Բանսարկու և Սատանա.... որ մոլորեցնում է ողջ երկիրը», ինչպես նաև «առաջին օձ» (Ծննդոց 3։1; Հայտնություն 12։9)։ Այս հզոր ոգեղեն արարածը, որը հրեշտակ էր, օձին օգտագործեց Եվայի հետ խոսելու համար այնպես, ինչպես որ տիկնիկավարն է մեծ վարպետությամբ խաղացնում տիկնիկին, որ թվում է, թե խաղատիկնիկն է խոսում։ Անկասկած, նա ներկա էր, երբ Աստված երկիրը պատրաստում էր մարդկանց համար (Հոբ 38։4, 7

5 Իսկ ո՞վ ստեղծեց Սատանային, չէ՞ որ Եհովայի ստեղծած բոլոր արարածները կատարյալ են։ Նրա հզոր ոգեղեն որդիներից մեկը ինքն իրեն դարձրեց Բանսարկու և Սատանա։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ հնարավոր է, որ ազնիվ ու պարկեշտ անհատը դառնա գող։ Նա կարող է թույլ տալ, որ իր սրտում  սխալ ցանկություն առաջանա։ Եթե շարունակի մտածել այդ մասին, սխալ ցանկությունը կսաստկանա։ Իսկ հետո, երբ առիթ ստեղծվի, նա կիրագործի իր այդ ցանկությունը (կարդա՛  Հակոբոս 1։13–15

6. Ինչպե՞ս Աստծու հզոր ոգեղեն որդին դարձավ Բանսարկու Սատանա։

6 Հենց այդպես եղավ Բանսարկու Սատանայի պարագայում։ Ամենայն հավանականությամբ նա լսեց, երբ Աստված պատվիրեց Ադամին ու Եվային երեխաներ ունենալ և երկիրը լցնել իրենց սերունդներով (Ծննդոց 1։27, 28)։ Ակներևաբար Սատանան այսպես մտածեց. «Չէ՞ որ բոլոր մարդիկ Աստծուն երկրպագելու փոխարեն կարող են ինձ երկրպագել»։ Այդպես սխալ ցանկությունը սկսեց խոր արմատներ գցել նրա սրտում, և նա, զրպարտելով Աստծուն, խաբեց Եվային (կարդա՛  Ծննդոց 3։1–5)։ Արդյունքում նա դարձավ Բանսարկու, այսինքն՝ զրպարտիչ, և Սատանա, որը նշանակում է հակառակորդ։

7. ա) Ինչո՞ւ Ադամն ու Եվան մահացան։ բ) Ինչո՞ւ են Ադամի բոլոր սերունդները ծերանում և մահանում։

7 Ստի և խաբեության դիմելով՝ Բանսարկու Սատանան դրդեց Ադամին ու Եվային անհնազանդ գտնվելու Աստծուն (Ծննդոց 2։17; 3։6)։ Արդյունքում նրանք մահացան. անհնազանդության պատճառով նրանց պատահեց այն, ինչ Աստված նախապես զգուշացրել էր (Ծննդոց 3։17–19)։ Քանի որ մեղք գործելուց հետո Ադամը դարձավ անկատար, նրա բոլոր սերունդները մեղք ժառանգեցին նրանից (կարդա՛  Հռոմեացիներ 5։12)։ Փորձենք տեղի ունեցածը պատկերացնել օրինակով։ Եթե կաթսան փոս ունի, ի՞նչ տեսք կունենան այդ կաթսայի մեջ թխած հացերը։ Ամեն մի հաց կունենա այդ փոսի թողած հետքը։ Նույն կերպով էլ յուրաքանչյուր մարդ ժառանգել է Ադամի անկատարության թողած «հետքը»։ Դա է պատճառը, որ բոլորը ծերանում են ու մահանում (Հռոմեացիներ 3։23

8, 9. ա) Ի՞նչ մեղադրանք ներկայացրեց Սատանան Եհովային։ բ) Ինչո՞ւ Աստված անմիջապես չվերացրեց ապստամբներին։

8 Երբ Սատանան Ադամին ու Եվային դրդեց Աստծու դեմ  մեղք գործելու, իրականում դրդեց ըմբոստության։ Նա հարցականի տակ դրեց Եհովայի իշխելու կերպը։ Սատանան կարծես ասում էր. «Աստված վատ ղեկավար է։ Նա ստեր է խոսում և իր հպատակներից լավ բաներ է թաքցնում։ Մարդիկ կարիք չունեն, որ Աստված իրենց ղեկավարի։ Նրանք իրենք կարող են որոշել, թե ինչն է լավ, և ինչը՝ վատ։ Իմ ղեկավարության ներքո նրանք ավելի լավ կյանքով կապրեն»։ Ինչպե՞ս կվերաբերվեր Աստված այս մեղադրանքին։  Ոմանք կարծում են, որ նա պարզապես պետք է մահապատժի ենթարկեր ապստամբներին։ Բայց դրանով պատասխան կտրվե՞ր Սատանայի բարձրացրած հարցին։ Կփաստվե՞ր, որ Եհովայի ղեկավարման ձևը ճիշտ է։

9 Արդարության նկատմամբ Եհովայի կատարյալ տեսակետը թույլ չտվեց, որ նա անմիջապես վերացներ ապստամբներին։ Նա որոշեց, որ ժամանակ է հարկավոր՝ գոհացուցիչ պատասխան տալու Սատանայի բարձրացրած հարցին և ապացուցելու, որ նա ստախոս է։ Ուստի Աստված վճռեց թույլ տալ մարդկանց, որ Սատանայի ազդեցության ներքո մի որոշ ժամանակ իրենք ղեկավարեն իրենց։ Թե ինչու Եհովան այդպես վարվեց, և թե ինչու նա թույլ տվեց, որ այդքան ժամանակ անցնի, մինչև որ լուծվեն այդ հարցերը, կքննենք այս գրքի 11-րդ գլխում։ Այժմ մտածենք հետևյալ հարցերի շուրջ. ճի՞շտ վարվեցին արդյոք Ադամն ու Եվան՝ հավատալով Սատանային, որը բացարձակապես ոչ մի լավ բան չէր արել իրենց համար։ Հիմքեր ունեի՞ն նրանք հավատալու, թե Եհովա Աստված, որ իրենց տվել էր ամեն ինչ, դաժան ստախոս է։ Իսկ դո՞ւ ինչպես կվարվեիր։

10. Ինչպե՞ս կարող ես պատասխան տալ Սատանայի բարձրացրած հարցին։

10 Լավ կլինի խորհել վերոհիշյալ հարցերի շուրջ, քանի որ մեզանից յուրաքանչյուրը կանգնած է ընտրության առաջ։ Դիրք բռնելով Եհովայի կողմը և ընդունելով նրան որպես քո Ղեկավարի՝ դու պատասխան կտաս Սատանայի բարձրացրած հարցին և կփաստես, որ նա ստախոս է (Սաղմոս 73։28; կարդա՛  Առակներ 27։11)։ Ցավոք, աշխարհում ապրող միլիարդավոր մարդկանցից միայն քչերն են այդպես վարվում։ Ուրեմն ի՞նչ է ստացվում. Սատանա՞ն է ղեկավարում այս աշխարհը։ Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում։

Ո՞Վ Է ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԸ

Սատանան Հիսուսին կառաջարկե՞ր աշխարհի բոլոր թագավորությունները, եթե դրանց վրա իշխանություն չունենար

11, 12. ա) Ինչպե՞ս է Հիսուսի փորձությունը ցույց տալիս, որ Սատանան է այս աշխարհի իշխանը։ բ) Ուրիշ ի՞նչ փաստեր կան, որ Սատանան է աշխարհի իշխանը։

11 Հիսուսը գիտեր, որ Սատանան է այս աշխարհի իշխանը։  Մի անգամ Հիսուսին փորձելիս Սատանան հրաշքով ցույց տվեց «աշխարհի բոլոր թագավորությունները»։ Ապա խոստացավ. «Այս բոլորը քեզ կտամ, եթե ընկնես ու երկրպագություն անես ինձ» (Մատթեոս 4։8, 9; Ղուկաս 4։5, 6)։ Մտածիր. Սատանան Հիսուսին կառաջարկե՞ր մի բան, ինչը իրեն չէր պատկանում։ Հիսուսը չհերքեց, որ աշխարհի բոլոր կառավարությունները նրա իշխանության տակ են։

12 Ինչ խոսք, Եհովան է Ամենակարող Աստվածը և այս զարմանահրաշ տիեզերքի Արարիչը (Հայտնություն 4։11)։ Բայց Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ Եհովան կամ Հիսուս Քրիստոսն է այս աշխարհի իշխանը։ Ընդհակառակը՝ Հիսուսը նշեց, որ Սատանան է «այս աշխարհի իշխանը» (Հովհաննես 12։31; 14։30; 16։11)։ Աստվածաշունչը Բանսարկու Սատանային նույնիսկ անվանում է «այս աշխարհի աստվածը» (2 Կորնթացիներ 4։3, 4)։ Աստծու այս թշնամու մասին Հովհաննես առաքյալը գրում է. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19

ԻՆՉՊԵ՞Ս Է ՎԵՐԱՆԱԼՈՒ ՍԱՏԱՆԱՅԻ ԱՇԽԱՐՀԸ

13. Ինչո՞ւ նոր աշխարհի կարիք կա։

13 Տարեցտարի աշխարհում տիրող իրավիճակն ավելի է վատանում։ Կյանքը լի է վտանգներով. մարդիկ դառնում են պատերազմների, անարդար քաղաքական գործիչների, կեղծավոր կրոնական առաջնորդների և կարծրասիրտ հանցագործների զոհը։ Աշխարհը բարեփոխել հնարավոր չէ։ Աստվածաշունչը հայտնում է, որ մոտ է այն ժամանակը, երբ Աստված Արմագեդոն պատերազմի ժամանակ կոչնչացնի այս ամբարիշտ աշխարհը և կփոխարինի արդար նոր աշխարհով (Հայտնություն 16։14–16

14. Ո՞ւմ է Աստված ընտրել իր Թագավորության Ղեկավար, և ի՞նչ էր այդ մասին նախագուշակված։

14 Եհովա Աստված Հիսուս Քրիստոսին ընտրել է որպես իր երկնային Թագավորության Ղեկավար։ Դեռ շատ վաղուց Աստվածաշունչը նախագուշակել էր. «Մեզ համար մի երեխա  ծնվեց, մեզ մի որդի տրվեց։ Իշխանությունը նրա ուսերին կլինի։ Նա կկոչվի.... Խաղաղության Իշխան.... Նրա իշխանությունը մինչև հեռուները կտարածվի, և խաղաղությանը վերջ չի լինի» (Եսայիա 9։6, 7)։ Այդ Թագավորության մասին էր, որ Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին աղոթել. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։ Այս գրքի հետագա գլուխներից մենք կիմանանք, թե ինչպես է Աստծու Թագավորությունը շուտով վերացնելու աշխարհի բոլոր կառավարությունները և փոխարինելու դրանց (կարդա՛  Դանիել 2։44)։ Հետո Աստծու Թագավորությունը երկրի վրա դրախտ է հաստատելու։

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՏ Է

15. Ի՞նչ է «նոր երկիրը»։

15 Աստվածաշունչը մեզ վստահեցնում է. «Նրա [Աստծու] խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու» (2 Պետրոս 3։13; Եսայիա 65։17)։ Երբ Աստվածաշունչը խոսում է երկրի մասին, երբեմն նկատի ունի երկրի վրա ապրող մարդկանց (Ծննդոց 11։1)։ Ուստի արդար «նոր երկիրը» այն մարդկանց հասարակությունն է, որոնք ունեն Աստծու հավանությունը։

16. Ի՞նչ պարգև է Աստված խոստանում, և ի՞նչ պետք է անենք, որ ստանանք այն։

16 Հիսուսը խոստացավ, որ գալիք նոր աշխարհում Աստծու հավանությունն ունեցողները կստանան «հավիտենական կյանքի» պարգևը (Մարկոս 10։30)։ Բացիր քո Աստվածաշնչում Հովհաննես 3։16 և 17։3 համարները ու կարդա Հիսուսի խոսքերն այն մասին, թե ինչ է մեզ անհրաժեշտ հավիտենական կյանք ստանալու համար։ Այժմ Աստվածաշնչից կիմանանք, թե ինչ օրհնություններ են վայելելու նրանք, ովքեր ապրելու են երկրային Դրախտում։

17, 18. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ երկրի վրա ամենուրեք խաղաղություն և ապահովություն կլինի։

17 Չարությունը, պատերազմները, հանցագործությունը  և բռնությունը ընդմիշտ կվերանան։ «Ամբարիշտն այլևս չի լինի.... Սակայն հեզերը կժառանգեն երկիրը» (Սաղմոս 37։10, 11)։ Երկրի վրա խաղաղություն կտիրի, որովհետև Աստված «կդադարեցնի պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9; Եսայիա 2։4)։ Իսկ հետո «արդարը կծաղկի, և խաղաղության առատություն կլինի, մինչև որ լուսինը էլ չլինի», այսինքն՝ հավիտյան (Սաղմոս 72։7

18 Եհովային երկրպագողները ապահով կապրեն։ Աստվածաշնչյան ժամանակներում քանի դեռ իսրայելացիները հնազանդվում էին Աստծուն, ապահով էին (Ղևտական 25։18, 19)։ Ի՜նչ հրաշալի կլինի այդպիսի ապահովություն վայելել գալիք Դրախտում (կարդա՛  Եսայիա 32։18; Միքիա 4։4

19. Որտեղի՞ց գիտենք, որ նոր աշխարհում սննդի առատություն է լինելու։

19 Սննդի պակաս չի լինի։ «Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա»,— գրում է սաղմոսերգուն (Սաղմոս 72։16)։ Աստված կօրհնի իր արդար ծառաներին, և «երկիրն իր պտուղը կտա» (Սաղմոս 67։6

20. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ ամբողջ երկիրը դրախտ կդառնա։

20 Ամբողջ երկիրը դրախտ կդառնա։ Մարդու կողմից ապականված երկիրը կդառնա գեղեցիկ տներով և պարտեզներով սքանչելի մի վայր (կարդա՛  Եսայիա 65։21–24; Հայտնություն 11։18)։ Ժամանակի ընթացքում երկրի բնակեցված տարածքները աստիճանաբար կընդարձակվեն, և ամբողջ երկիրը կդառնա նույնքան գեղեցիկ ու պտղաբեր, որքան Եդեմի պարտեզն էր։ Աստված կբացի իր ձեռքը ու կգոհացնի ամեն կենդանի արարածի փափագը (Սաղմոս 145։16

21. Ի՞նչն է ցույց տալիս, որ մարդկանց և կենդանիների միջև խաղաղություն է լինելու։

21 Մարդկանց և կենդանիների միջև խաղաղություն կլինի։ Վայրի և ընտանի կենդանիները կարածեն մեկտեղ։ Նույնիսկ փոքրիկ երեխան չի վախենա գազաններից (կարդա՛  Եսայիա 11։6–9; 65։25

22. Ի՞նչ է լինելու հիվանդություններին։

 22 Հիվանդություններ չեն լինի։ Որպես Աստծու երկնային Թագավորության Ղեկավար՝ Հիսուսը կբուժի անհամեմատ ավելի շատ մարդկանց, քան բուժեց այն ժամանակ, երբ երկրի վրա էր (Մատթեոս 9։35; Մարկոս 1։40–42; Հովհաննես 5։5–9)։ Այդ ժամանակ «ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24; 35։5, 6

23. Ի՞նչ ուրախություն ենք ապրելու նոր աշխարհում։

23 Մեր մահացած սիրելիները հարություն կառնեն և հնարավորություն կունենան հավիտյան ապրելու։ Մահվան քնի մեջ եղող բոլոր մարդիկ, ովքեր գտնվում են Աստծու հիշողության մեջ, կյանքի կբերվեն։ Իրականում, «թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24։15; կարդա՛  Հովհաննես 5։28, 29

24. Ի՞նչ ես զգում, երբ մտածում ես երկրային Դրախտում ապրելու մասին։

24 Ի՜նչ հիասքանչ ապագա է սպասում այն մարդկանց, ովքեր ցանկանում են սովորել մեր Մեծ Արարչի՝ Եհովա Աստծու մասին և ծառայել նրան։ Հիսուսը գալիք երկրային Դրախտը նկատի ուներ, երբ իր կողքին մահապատժի դատապարտված հանցագործին խոստացավ. «Դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։43)։ Կարևոր է ավելի շատ սովորել Հիսուս Քրիստոսի մասին, որի միջոցով հնարավոր կդառնան բոլոր այս օրհնությունները։