Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 44

Տաճար՝ Եհովայի համար

Տաճար՝ Եհովայի համար

Այն բանից հետո, երբ Սողոմոնը դարձավ Իսրայելի թագավորը, Եհովան հարցրեց նրան. «Ի՞նչ կուզեիր, որ ես տայի քեզ»։ Սողոմոնը պատասխանեց. «Ես դեռ երիտասարդ եմ և փորձ չունեմ։ Խնդրում եմ, ինձ իմաստություն տուր, որ ղեկավարեմ քո ժողովրդին»։ Եհովան ասաց. «Քանի որ դու իմաստություն խնդրեցիր ինձնից, ես քեզ ամենաիմաստուն մարդը կդարձնեմ երկրի վրա։ Նաև քեզ մեծ հարստություն կտամ։ Ու եթե հնազանդվես ինձ, երկար կյանք կունենաս»։

Սողոմոնը սկսեց կառուցել տաճարը։ Նա այն կառուցում էր մաքուր ոսկուց, արծաթից, փայտից ու քարից։ Հազարավոր հմուտ տղամարդիկ ու կանայք մասնակցում էին տաճարի շինարարությանը։ Յոթ տարի անց շինարարությունն ավարտվեց, և տեղի ունեցավ տաճարի նվիրման հանդիսավոր արարողությունը։ Տաճարում զոհասեղան կար, և դրա վրա զոհեր մատուցեցին Եհովային։ Սողոմոնը ծնկի եկավ զոհասեղանի առջև և աղոթեց. «Ո՜վ Եհովա, այս տաճարը այնքան մեծ ու գեղեցիկ չէ, որ վայել լինի քեզ, բայց, խնդրում եմ, ընդունիր մեր երկրպագությունն ու լսիր մեր աղոթքները»։ Արդյոք Եհովան հավանություն տվե՞ց Սողոմոնի կառուցած տաճարին ու լսե՞ց նրա աղոթքը։ Հենց որ Սողոմոնը վերջացրեց աղոթելը, երկնքից կրակ իջավ և իսպառ այրեց զոհասեղանի վրա եղող զոհերը։ Եհովան հավանություն տվեց տաճարին։ Երբ իսրայելացիները տեսան դա, շատ ուրախացան։

Ողջ Իսրայելում բնակվող մարդիկ և նույնիսկ հեռավոր երկրներում բնակվողները լսել էին Սողոմոն թագավորի իմաստության մասին։ Մարդիկ գալիս էին Սողոմոնի մոտ, որ նա օգներ իրենց հարթելու դժվարությունները։ Անգամ Սաբայի թագուհին եկավ նրա մոտ, որ դժվար հարցերով փորձի նրան։ Երբ նա լսեց Սողոմոնի պատասխանները, ասաց. «Ես չէի հավատում այն ամենին, ինչ մարդիկ պատմում էին ինձ քո մասին։ Բայց հիմա տեսնում եմ, որ դու շատ ավելի իմաստուն ես, քան նրանք ասում էին։ Քո Աստված Եհովան օրհնել է քեզ»։ Իսրայել ազգը բարեկեցիկ կյանքով էր ապրում ու երջանիկ էր։ Սակայն շուտով ամեն բան փոխվելու էր։

«Ահա Սողոմոնից էլ մեծն է այստեղ» (Մատթեոս 12։42)