Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 50

Եհովան պաշտպանում է Հովսափատին

Եհովան պաշտպանում է Հովսափատին

Հուդայի Հովսափատ թագավորը երկրից վերացրեց Բահաղի զոհասեղաններն ու կուռքերը։ Նա ուզում էր, որ ժողովուրդն իմանա Եհովայի օրենքները։ Ուստի իշխաններին ու ղևտացիներին հրաման տվեց, որ Հուդայի բոլոր քաղաքներում ժողովրդին սովորեցնեն Եհովայի օրենքները։

Հուդայի շուրջ գտնվող ազգերը վախենում էին նրա դեմ պատերազմելուց, քանի որ գիտեին, որ Եհովան իր ժողովրդի հետ է։ Նրանք նույնիսկ նվերներ էին բերում Հովսափատ թագավորին։ Բայց հետո մովաբացիները, ամմոնացիներն ու Սեիրի շրջանի բնակիչները գնացին Հուդայի դեմ պատերազմելու։ Հովսափատը հասկանում էր, որ Եհովայի օգնության կարիքն ունի։ Այդ պատճառով բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին հավաքեց Երուսաղեմում և բոլորի առաջ աղոթեց. «Եհո՛վա, առանց քեզ մենք չենք կարող հաղթել։ Խնդրում ենք, ասա մեզ, թե ինչ անենք»։

Եհովան պատասխանեց նրա աղոթքին և ասաց. «Մի՛ վախեցեք։ Ես կօգնեմ ձեզ։ Վե՛ր կացեք, կանգնե՛ք ու տեսե՛ք, թե ես ինչպես եմ ձեզ փրկելու»։ Իսկ ինչպե՞ս Եհովան փրկեց նրանց։

Հաջորդ առավոտ Հովսափատն ընտրեց երգիչների ու նրանց ասաց, որ քայլեն զորքի առջևից։ Նրանք Երուսաղեմից քայլեցին մինչև մարտի դաշտ, որը Թեկուե կոչվող վայրում էր։

Երբ երգիչները սկսեցին բարձր ձայնով ուրախ երգել ու փառաբանել Եհովային, Եհովան պատերազմեց իր ժողովրդի համար։ Նա այնպես արեց, որ ամմոնացիներն ու մովաբացիները խառնաշփոթի մեջ ընկնեն, հարձակվեն իրար վրա ու սկսեն իրար սպանել։ Ոչ ոք ողջ չմնաց։ Եհովան պաշտպանեց Հուդայի ժողովրդին, զինվորներին ու քահանաներին։ Շրջակա բոլոր ազգերը լսեցին, թե Եհովան ինչ էր արել, և հասկացան, որ նա շարունակում է պաշտպանել իր ժողովրդին։ Իսկ ինչպե՞ս է Եհովան պաշտպանում և փրկում իր ժողովրդին։ Տարբեր կերպերով։ Նա կարիք չունի, որ մարդիկ օգնեն իրեն։

«Դուք չեք պատերազմելու։ Վե՛ր կացեք, կանգնե՛ք ու տեսե՛ք, թե Եհովան ինչպես է ձեզ փրկում» (2 Տարեգրություն 20։17)