Եհովան Սամուելին ասաց. «Գնա Հեսսեի տուն։ Ես նրա որդիներից մեկին ընտրել եմ, որ լինի Իսրայելի հաջորդ թագավորը»։ Ուստի Սամուելը գնաց Հեսսեի տուն։ Երբ նա տեսավ նրա մեծ որդուն, մտածեց. «Հաստատ այս երիտասարդն է թագավոր լինելու»։ Բայց Եհովան Սամուելին ասաց, որ նրան չի ընտրել, և ավելացրեց. «Ես մարդու սիրտն եմ տեսնում և ոչ թե արտաքինին եմ նայում»։

Հեսսեն Սամուելի մոտ բերեց իր մյուս վեց որդիներին։ Բայց նա ասաց. «Եհովան նրանցից ոչ մեկին չի ընտրել։ Դու ուրիշ որդի չունե՞ս»։ Հեսսեն պատասխանեց. «Ես մի տղա էլ ունեմ՝ ամենափոքրը, որի անունը Դավիթ է։ Նա ոչխարներին է արածեցնում»։ Երբ Դավիթը եկավ, Եհովան Սամուելին ասաց. «Նրան եմ ընտրել»։ Ուստի Սամուելը յուղով օծեց Դավթի գլուխը, որ նա լինի Իսրայելի ապագա թագավորը։

Որոշ ժամանակ անց փղշտացիները պատերազմի դուրս եկան իսրայելացիների դեմ։ Փղշտացիների բանակում մի հսկա զինվոր կար, որի անունը Գողիաթ էր։ Նա ամեն օր ծաղրում էր իսրայելացիներին ու բղավում. «Մի մարդ ուղարկեք ինձ մոտ, որ կռվի իմ դեմ։ Եթե նա հաղթի ինձ, մենք ձեր ծառաները կդառնանք։ Իսկ եթե ես հաղթեմ նրան, ապա դուք մեր ծառաները կդառնաք»։

Մի անգամ Դավիթը գնաց այնտեղ, որտեղ իսրայելացիների զորքն էր։ Նա ուտելիք տարավ իր եղբայրներին, որոնք զինվոր էին։ Այդ ժամանակ Դավիթը լսեց Գողիաթի խոսքերը և ասաց. «Ես կկռվեմ նրա դեմ»։ Բայց Սավուղ թագավորը նրան ասաց. «Դու դեռ  պատանի ես»։ Դավիթն էլ պատասխանեց. «Եհովան կօգնի ինձ»։

Սավուղն իր զինվորական հանդերձները տվեց Դավթին, բայց Դավիթն ասաց. «Սրանց մեջ չեմ կարող կռվել»։ Նա վերցրեց իր պարսատիկը և գնաց գետահովիտ։ Դավիթը հինգ հարթ քար ընտրեց, դրեց պարկի մեջ ու վազեց այնտեղ, որտեղ Գողիաթն էր։ Նրան տեսնելով՝ հսկան բղավեց. «Ինձ մոտ արի, փոքրի՛կ տղա, և ես քո մարմինը երկնքի թռչուններին ու գազաններին կտամ»։ Սակայն Դավիթը չվախեցավ նրանից և ասաց. «Դու ինձ վրա սրով ու նիզակով ես գալիս, բայց ես քեզ վրա գալիս եմ Եհովայի անունով։ Դու ոչ թե մեր դեմ ես կռվում, այլ Աստծու։ Եվ հիմա բոլորը կիմանան, որ Եհովան ո՛չ սրով է փրկում, ո՛չ էլ նիզակով։ Եվ նա ձեզ մեր ձեռքն է տալու»։

Դավիթը պարկից մի քար վերցրեց ու որքան ուժ ուներ, պարսատիկով նետեց և հարվածեց Գողիաթի ճակատին։ Եհովայի օգնությամբ քարը մխրճվեց նրա ճակատի մեջ, և հսկան մեռած գետին ընկավ։ Դա տեսնելով՝ փղշտացիները փախուստի դիմեցին։ Դավթի պես՝ դու է՞լ ես վստահում Եհովային։

«Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար՝ ոչ, որովհետև Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մարկոս 10։27)