Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 26

Տասներկու հետախույզները

Տասներկու հետախույզները

Իսրայելացիները հեռացան Սինա լեռան մոտից ու անցնելով Փառան անապատով՝ եկան Կադես կոչվող վայրը։ Այնտեղ Եհովան Մովսեսին ասաց. «12 մարդ ուղարկիր՝ յուրաքանչյուր ցեղից մի հոգու, որպեսզի հետախուզեն Քանանի երկիրը, որը իսրայելացիներին եմ տալու»։ Ուստի Մովսեսը 12 մարդ ընտրեց և ասաց. «Գնացեք Քանան ու տեսեք, թե այդ երկիրը լա՞վն է, հողը բերրի՞ է։ Տեսեք, թե ինչպիսի մարդիկ են ապրում այնտեղ՝ ուժե՞ղ են, թե՞ թույլ, վրաններո՞ւմ են բնակվում, թե՞ քաղաքներում»։ Այդպիսով՝ 12 հետախույզները, որոնց թվում էին Հեսուն ու Քաղեբը, գնացին Քանան։

40 օր հետո հետախույզները վերադարձան ու իրենց հետ բերեցին թուզ, նուռ և խաղող։ Նրանք ասացին Մովսեսին. «Դա լավ երկիր է, բայց այնտեղ բնակվող մարդիկ ուժեղ են, և քաղաքները բարձր պարիսպներ ունեն»։ Այդ ժամանակ Քաղեբն ասաց. «Մենք կարող ենք հաղթել նրանց։ Եկեք անմիջապես գնանք այդ երկիր»։ Գիտե՞ս, թե ինչու Քաղեբը այդպիսի խոսքեր ասաց. նա և Հեսուն վստահում էին Եհովային։ Սակայն մյուս տասը հետախույզները պատասխանեցին. «Ո՛չ։ Այնտեղի մարդիկ աժդահաներ են, ասես հսկաներ լինեն։ Նրանց կողքին մենք մորեխների պես ենք»։

Իսրայելացիները վախեցան։ Նրանք սկսեցին տրտնջալ և իրար ասել. «Եկեք մեզ համար ուրիշ առաջնորդ ընտրենք ու վերադառնանք Եգիպտոս։ Ինչո՞ւ գնանք այդ երկիր ու սպանվենք»։  Իսկ Հեսուն և Քաղեբը պատասխանեցին. «Եհովայի հանդեպ անհնազանդ մի՛ եղեք ու մի՛ վախեցեք։ Եհովան կպաշտպանի մեզ»։ Բայց իսրայելացիները չլսեցին նրանց։ Նրանք նույնիսկ ուզում էին սպանել Հեսուին ու Քաղեբին։

Ի՞նչ արեց Եհովան։ Նա Մովսեսին ասաց. «Այդքան բան արեցի իսրայելացիների համար, բայց նրանք շարունակում են չլսել ինձ։ Այդ պատճառով նրանք 40 տարի կմնան այս անապատում և այստեղ էլ կմեռնեն։ Միայն նրանց երեխաները, ինչպես նաև Հեսուն ու Քաղեբը կապրեն այն երկրում, որը խոստացել եմ տալ նրանց»։

«Ինչո՞ւ եք վախեցած, թերահավատնե՛ր» (Մատթեոս 8։26)