Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 18

Վառվող թուփը

Վառվող թուփը

Մովսեսը Մադիանում ապրեց 40 տարի։ Նա ամուսնացավ ու երեխաներ ունեցավ։ Մի օր, երբ Մովսեսը Սինա լեռան մոտ հովվում էր ոչխարների հոտը, զարմանալի բան տեսավ. մի փշոտ թուփ բռնկվել էր կրակով, բայց չէր այրվում։ Երբ Մովսեսը մոտեցավ, որ տեսնի, թե ինչու այն չի այրվում, մի ձայն լսեց թփի միջից. «Մովսե՛ս, մոտ մի՛ արի։ Սանդալներդ հանիր ոտքերիցդ, որովհետև դու կանգնած ես սուրբ հողի վրա»։ Եհովան էր խոսում նրա հետ հրեշտակի միջոցով։

Մովսեսը վախեցավ ու ծածկեց երեսը։ Աստված ասաց. «Ես տեսա իսրայելացիների կրած չարչարանքները։ Ես կփրկեմ նրանց եգիպտացիների ձեռքից ու կտանեմ մի լավ երկիր։ Դո՛ւ Եգիպտոսից կհանես իմ ժողովրդին»։ Պատկերացնո՞ւմ ես, թե այդ խոսքերը որքան զարմացրին Մովսեսին։

Մովսեսը հարցրեց. «Երբ ժողովուրդը հարցնի, թե ով է ինձ ուղարկել, ի՞նչ ասեմ նրանց»։ Աստված էլ պատասխանեց. «Ասա նրանց, որ Եհովան է քեզ ուղարկել՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը»։ Այդ ժամանակ Մովսեսն ասաց. «Իսկ եթե նրանք չլսե՞ն ինձ»։ Եհովան Մովսեսին ցույց տվեց, որ կօգնի նրան։ Նա ասաց նրան, որ իր փայտը գետին գցի։ Մովսեսը փայտը գետին գցեց, և այն օձ դարձավ։ Իսկ երբ Մովսեսը օձի պոչից բռնեց, այն նորից փայտ դարձավ։ Եհովան ասաց. «Երբ այս նշանը ցույց տաս, նրանք կհավատան, որ ես եմ քեզ ուղարկել»։

Մովսեսն ասաց. «Բայց ես լավ չեմ խոսում»։ Այդ ժամանակ Եհովան նրան խոստացավ. «Ես կսովորեցնեմ քեզ, թե ինչ պետք է ասես, և կուղարկեմ քո եղբայր Ահարոնին, որ օգնի քեզ»։ Իմանալով, որ Եհովան իր հետ է՝ Մովսեսն իր կնոջ ու որդիների հետ վերադարձավ Եգիպտոս։

«Մի՛ մտահոգվեք, թե ինչպես կամ ինչ եք խոսելու, քանի որ այդ ժամին կտրվի ձեզ այն, ինչ որ պետք է խոսեք» (Մատթեոս 10։19)