Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 20

Հաջորդ վեց պատուհասները

Հաջորդ վեց պատուհասները

Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ, որ նրան հայտնեն Աստծու այս խոսքերը. «Եթե բաց չթողնես իմ ժողովրդին, ես երկրի վրա խայթող ճանճեր կուղարկեմ»։ Ճանճերը մտան թե՛ հարուստ, թե՛ աղքատ եգիպտացիների տները։ Ամբողջ երկիրը խայթող ճանճերով լցվեց։ Բայց Գեսեմ երկրում, որտեղ ապրում էին իսրայելացիները, ճանճեր չկային։ Չորրորդ պատուհասից սկսած՝ վնաս էին կրում միայն եգիպտացիները։ Փարավոնը Մովսեսին ու Ահարոնին աղաչեց. «Խնդրեք Եհովային, որ հեռացնի այս ճանճերին։ Եվ ես թույլ կտամ, որ ձեր ժողովուրդը գնա»։ Բայց երբ Եհովան խայթող ճանճերին հեռացրեց երկրից, նա միտքը փոխեց։ Փարավոնն, ի վերջո, դաս քաղելո՞ւ էր։

Եհովան ասաց. «Եթե փարավոնը թույլ չտա իմ ժողովրդին գնալ, եգիպտացիների անասունները կհիվանդանան ու կսատկեն»։ Հաջորդ օրը անասունները սկսեցին սատկել։ Բայց իսրայելացիների անասունները չսատկեցին։ Սակայն դրանից հետո էլ փարավոնը համառորեն թույլ չտվեց ժողովրդին գնալ։

Հետո Եհովան ասաց Մովսեսին, որ գնա փարավոնի մոտ և մոխիր շաղ տա դեպի երկինք։ Մոխիրը դարձավ փոշի և նստեց բոլոր եգիպտացիների վրա։ Փոշու պատճառով եգիպտացիների և նրանց կենդանիների վրա թարախոտ ու ցավոտ բշտիկներ առաջացան։ Բայց այդ ժամանակ էլ փարավոնը չցանկացավ բաց թողնել իսրայելացիներին։

Եհովան նորից Մովսեսին ուղարկեց փարավոնի մոտ, որ նրան ասի. «Դու դեռ չե՞ս ուզում բաց թողնել  իմ ժողովրդին։ Այդ դեպքում վաղը կարկուտ կգա երկրի վրա»։ Հաջորդ օրը Եհովան կարկուտ, որոտ և կրակ ուղարկեց երկրի վրա։ Եգիպտոսում այդքան ուժեղ կարկուտ երբեք չէր եղել։ Բացի Գեսեմ երկրից՝ ամեն տեղ ծառերն ու բերքը վնասվեցին։ Փարավոնն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Խնդրեք Եհովային, որ դադարեցնի այս ամենը։ Իսկ հետո կարող եք գնալ»։ Բայց հենց որ կարկուտն ու անձրևը դադարեցին, փարավոնը միտքը փոխեց։

Հետո Մովսեսն ասաց. «Հիմա մորեխները կուտեն այն բույսերը, որոնք մնացել են կարկուտից հետո»։ Միլիոնավոր մորեխներ կերան այն ամենը, ինչ մնացել էր դաշտերում և ծառերի վրա։ Փարավոնը Մովսեսին ու Ահարոնին խնդրեց. «Աղաչեք Եհովային, որ հեռացնի այս մորեխներին»։ Բայց նույնիսկ երբ Եհովան հեռացրեց մորեխներին, փարավոնը շարունակեց համառ լինել։

Եհովան ասաց Մովսեսին. «Ձեռքդ բարձրացրու դեպի երկինք»։ Եվ երբ Մովսեսը ձեռքը բարձրացրեց, ամբողջ երկինքը անմիջապես մթնեց։ Երեք օր եգիպտացիները ոչինչ չէին կարողանում տեսնել։ Միայն իսրայելացիների տներում լույս կար։

Փարավոնն ասաց Մովսեսին. «Դու և քո ժողովուրդը կարող եք գնալ։ Բայց ձեր անասուններին թողեք այստեղ»։ Մովսեսը պատասխանեց. «Մեր անասուններին պետք է մեզ հետ վերցնենք, որպեսզի դրանք մեր Աստծուն զոհ մատուցենք»։ Փարավոնը շատ բարկացավ։ Նա գոռաց. «Հեռացի՛ր այստեղից։ Եթե ես նորից քեզ տեսնեմ, կսպանեմ»։

«Դուք կրկին կտեսնեք արդարի ու ամբարշտի տարբերությունը, Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը» (Մաղաքիա 3։18)