Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 22

Հրաշք՝ Կարմիր ծովի մոտ

Հրաշք՝ Կարմիր ծովի մոտ

Հենց որ փարավոնը լսեց, որ իսրայելացիները հեռացել են Եգիպտոսից, ափսոսաց, որ բաց է թողել նրանց։ Նա իր զինվորներին հրամայեց. «Պատրաստե՛ք իմ բոլոր մարտական կառքերը, որ հետապնդենք նրանց։ Մենք չպետք է թույլ տայինք, որ նրանք գնային»։ Փարավոնն ու նրա զորքը իսրայելացիների հետևից ընկան։

Եհովան իր ժողովրդին ցերեկը առաջնորդում էր ամպի սյունով, իսկ գիշերը՝ կրակե սյունով։ Նա տարավ նրանց մինչև Կարմիր ծով և ասաց, որ այնտեղ ճամբար դնեն։

Հետո իսրայելացիները տեսան, որ փարավոնն ու նրա զորքը հետապնդում են իրենց։ Նրանք հայտնվել էին ծուղակի մեջ. մի կողմից ծովն էր, մյուս կողմից՝ եգիպտական զորքը։ Ժողովուրդը աղաղակեց ու ասաց Մովսեսին. «Մենք մեռնելու ենք։ Դու չպետք է մեզ հանեիր Եգիպտոսից»։ Սակայն Մովսեսը պատասխանեց. «Մի՛ վախեցեք։ Սպասե՛ք ու տեսե՛ք, թե ինչպես է Եհովան փրկելու մեզ»։ Տեսնո՞ւմ ես, թե որքան էր Մովսեսը վստահում Եհովային։

Եհովան իսրայելացիներին ասաց, որ հավաքեն ճամբարն ու ճանապարհ ընկնեն։ Այդ գիշեր նա ամպը կանգնեցրեց եգիպտացիների ու իսրայելացիների միջև։ Եգիպտացիների կողմը խավար էր, իսկ իսրայելացիների կողմը լուսավոր էր։

Աստված Մովսեսին ասաց, որ ձեռքը մեկնի ծովի վրա։ Եհովան այնպես արեց, որ ամբողջ գիշեր ուժգին քամի փչի։ Ծովի ջրերը  երկու մասի բաժանվեցին, և ծովի մեջտեղում ճանապարհ բացվեց։ Միլիոնավոր իսրայելացիներ չոր հատակի վրայով անցան մյուս ափ։ Նրանց երկու կողմերում ջրերը պատի պես էին դարձել։

Փարավոնի զորքը գնաց իսրայելացիների հետևից ու ծով մտավ։ Սակայն այդ ժամանակ Եհովան զորքին խուճապի մեջ գցեց։ Նրանց կառքերի անիվները դուրս եկան։ Զինվորները սկսեցին գոռալ. «Եկեք փախչենք այստեղից։ Եհովան է պատերազմում իսրայելացիների փոխարեն»։

Եհովան Մովսեսին ասաց. «Ձեռքդ մեկնիր ծովի վրա»։ Երբ Մովսեսը ձեռքը մեկնեց, ջրերը անմիջապես հետ դարձան ու ծածկեցին եգիպտական զորքին։ Փարավոնն ու նրա բոլոր մարդիկ մահացան։ Նրանցից մեկն անգամ չմնաց։

Իսկ ծովի մյուս ափն անցած ժողովուրդը սկսեց գովաբանել Աստծուն ու երգել. «Երգեք Եհովային, քանի որ նա փառքով փառավորված է։ Նա ձին իր հեծյալի հետ ծովը նետեց»։ Կանայք պարում էին ու դափ նվագում։ Բոլորը երջանիկ էին։ Այժմ նրանք իսկապես ազատ էին։

«Այնպես որ քաջությամբ ենք լցված և ասում ենք. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը»» (Եբրայեցիներ 13։6)