Նոյը, նրա ընտանիքը և կենդանիները տապան մտան։ Եհովան փակեց տապանի դուռը, և անձրև սկսվեց։ Այնքան շատ անձրև եկավ, որ տապանը սկսեց լողալ ջրերի վրա։ Ի վերջո ջուրը ծածկեց ողջ երկիրը։ Ոչ մի չար մարդ չմտավ տապան. բոլորը մահացան։ Բայց Նոյը և նրա ընտանիքը տապանի ներսում ապահով էին։ Պատկերացրու՝ որքա՜ն ուրախ էին նրանք, որ հնազանդվել էին Եհովային։

Անձրևը եկավ 40 օր և 40 գիշեր, ապա դադարեց։ Կամաց-կամաց ջրերը պակասեցին, և տապանը նստեց լեռների վրա։ Բայց ամենուրեք դեռ շատ ջուր կար, այդ պատճառով Նոյն ու նրա ընտանիքը չէին կարող դուրս գալ տապանից։

Ջրերը քիչ-քիչ չորացան։ Նոյն իր ընտանիքի հետ ավելի քան մեկ տարի մնաց տապանի մեջ։ Դրանից հետո Եհովան ասաց նրանց, որ կարող են դուրս գալ տապանից։ Նրանք անչափ ուրախ էին, որ Եհովան փրկել էր իրենց, և շնորհակալություն հայտնելու համար ընծա բերեցին նրան։

Եհովային հաճելի էր այդ ընծան։ Նա խոստացավ, որ էլ երբեք երկիրը չի կործանի ջրհեղեղով։ Եվ ի նշան այդ խոստման՝ այնպես արեց, որ երկնքում առաջին անգամ ծիածան հայտնվի։ Իսկ դու ծիածան տեսե՞լ ես։

Հետո Եհովան Նոյին ու նրա ընտանիքին ասաց, որ երեխաներ ունենան և երկիրը լցնեն մարդկանցով։

«[Մարդիկ] ուշադրություն չդարձրին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին» (Մատթեոս 24։39)