Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 82

Հիսուսն իր աշակերտներին սովորեցնում է՝ ինչպես աղոթել

Հիսուսն իր աշակերտներին սովորեցնում է՝ ինչպես աղոթել

Ինչ որ անում էին փարիսեցիները, մարդկանց տպավորելու համար էին անում։ Նրանք բարի գործ էին անում միայն այն բանի համար, որ ուրիշները նկատեին դա։ Նրանք աղոթում էին մարդաշատ վայրերում, որպեսզի բոլորը տեսնեին իրենց։ Փարիսեցիները անգիր էին անում երկար աղոթքներ և կրկնում էին դրանք ժողովարաններում ու փողոցների անկյուններում, որպեսզի ուրիշները լսեին։ Այդ պատճառով ժողովուրդը զարմացավ, երբ Հիսուսն ասաց. «Մի՛ աղոթեք փարիսեցիների նման։ Նրանք կարծում են, թե կտպավորեն Աստծուն իրենց շատ խոսքերով, բայց դա այդպես չէ։ Աղոթքը անձնական բան է, և այն ուղղված է Եհովային։ Երբ աղոթում եք, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ ասեք։ Եհովան ուզում է, որ իրեն անկեղծորեն պատմեք ձեր զգացմունքների մասին։

 Ուստի այսպես աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը։ Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»»։ Հիսուսը մարդկանց նաև ասաց, որ պետք է աղոթեն օրվա կերակուրի, իրենց մեղքերի ներման, ինչպես նաև անձնական ուրիշ հարցերի համար։

Հիսուսն ասաց. «Երբեք մի՛ դադարեք աղոթելուց։ Շարունակեք խնդրել ձեր Հորը՝ Եհովային, որ բարիքներ տա ձեզ։ Ամեն ծնող ուզում է բարիքներ տալ իր երեխային։ Եթե ձեր որդին հաց խնդրի, մի՞թե նրան քար կտաք։ Կամ եթե ձուկ խնդրի, մի՞թե օձ կտաք նրան»։

Այնուհետև Հիսուսը բացատրեց, թե ինչ էր ուզում սովորեցնել՝ ասելով. «Եթե դուք գիտեք բարիքներ տալ ձեր երեխաներին, ուրեմն որքա՜ն ավելի ձեր Հայրը՝ Եհովան, սուրբ ոգին կտա ձեզ»։ Ապա ավելացրեց. «Դուք միայն պետք է խնդրեք նրան»։ Իսկ դու այդպես անո՞ւմ ես։ Ինչի՞ մասին ես դու աղոթում։

«Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև» (Մատթեոս 7։7)