Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 79

Հիսուսը բազմաթիվ հրաշքներ է գործում

Հիսուսը բազմաթիվ հրաշքներ է գործում

Հիսուսը երկիր էր եկել, որ հայտներ Աստծու Թագավորության մասին բարի լուրը։ Ցույց տալու համար, թե Հիսուսը ինչեր էր անելու, երբ սկսեր թագավորել, Եհովան նրան իր սուրբ ոգին տվեց, որպեսզի հրաշքներ գործեր։ Հիսուսը կարողանում էր բուժել ցանկացած հիվանդություն։ Ուր էլ որ նա գնում էր, հիվանդ մարդիկ օգնության համար նրա մոտ էին գալիս, և նա բուժում էր բոլորին։ Կույրերը սկսում էին տեսնել, խուլերը՝ լսել, անդամալույծ մարդիկ՝ քայլել, իսկ դիվահարները ազատվում էին դևերից։ Նույնիսկ նրա հագուստի ծայրին դիպչելով՝ մարդիկ առողջանում էին։ Ուր էլ որ Հիսուսը գնար, ժողովուրդը գնում էր նրա հետևից։ Անգամ եթե նա ուզում էր մենակ մնալ, երբեք ոչ ոքի չէր մերժում, երբ նրան դիմում էին օգնության համար։

Մի անգամ մարդիկ մի անդամալույծի բերեցին այն տունը, որտեղ Հիսուսը մնում էր։ Բայց տանը այնքան շատ մարդ էր հավաքվել, որ նրանք չկարողացան ներս մտնել, ուստի անցք բացեցին տանիքի վրա և անդամալույծին իջեցրին Հիսուսի մոտ։ Հիսուսն ասաց այդ մարդուն. «Վե՛ր կաց ու քայլի՛ր»։ Երբ անդամալույծը վեր կացավ ու քայլեց, բոլորը ապշած մնացին։

Մեկ ուրիշ անգամ, երբ Հիսուսը մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք, հեռվում կանգնած, բարձր ձայնով կանչեցին. «Հիսո՛ւս, օգնի՛ր մեզ»։ Այդ ժամանակներում բորոտներին թույլ չէր տրվում մոտենալ ուրիշ մարդկանց։ Հիսուսը նրանց ասաց, որ գնան տաճար, ինչպես որ Եհովայի Օրենքն էր պատվիրում բորոտներին անել բուժվելուց հետո։ Ճանապարհին նրանք առողջացան։ Նրանցից  մեկը, տեսնելով, որ առողջացել է, հետ դարձավ, որ շնորհակալություն հայտնի Հիսուսին ու փառաբանի Աստծուն։ Տասը մարդուց միայն այդ մեկը շնորհակալություն հայտնեց Հիսուսին։

Մի կին, որը 12 տարի հիվանդ էր, շատ հուսահատված էր։ Ամբոխի մեջ նա հետևից մոտեցավ Հիսուսին, դիպավ նրա վերնահագուստի ծայրին և իսկույն բուժվեց։ Այդ ժամանակ Հիսուսը հարցրեց. «Ո՞վ դիպավ ինձ»։ Կինը վախեցած մոտեցավ ու պատմեց ողջ ճշմարտությունը։ Հիսուսը նրան մխիթարեց՝ ասելով. «Դո՛ւստր, գնա՛ խաղաղությամբ»։

Մի անգամ էլ Հայրոս անունով մի մարդ, որը ժողովարանի պետն էր, Հիսուսին աղերսեց. «Արի իմ տուն։ Իմ փոքրիկ աղջիկը շատ հիվանդ է»։ Սակայն նախքան Հիսուսը կգնար Հայրոսի տուն, աղջիկը մահացավ։ Երբ Հիսուսը եկավ նրա տուն, տեսավ, որ շատ մարդիկ էին եկել ու ընտանիքի անդամների հետ ողբում էին։ Հիսուսը նրանց ասաց. «Լաց մի՛ եղեք, որովհետև նա չի մահացել, նա պարզապես քնած է»։ Հետո նա բռնեց աղջկա ձեռքը և ասաց. «Աղջի՛կ, վե՛ր կաց»։ Եվ աղջիկը իսկույն վեր կացավ։ Հիսուսը ասաց նրա ծնողներին, որ նրան ուտելու բան տան։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ զգացին աղջկա ծնողները։

«Աստված օծեց նրան սուրբ ոգով ու զորությամբ, և նա շրջում էր երկրում՝ բարի գործեր անելով և բուժելով նրանց, ովքեր հարստահարված էին Բանսարկուի կողմից, որովհետև Աստված նրա հետ էր» (Գործեր 10։38)

Իմացիր ավելին

ՀԻՍՈՒՍՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ

«Քո մեղքերը ներված են»

Ի՞նչ կապ գոյություն ունի մեղքի և հիվանդության միջև, ինչպես ցույց է տալիս Հիսուսը։

ՀԻՍՈՒՍՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ

Մի կին բուժվում է՝ դիպչելով Հիսուսի վերնահագուստին

Այս հուզիչ դեպքը ցույց է տալիս, թե որքան զորեղ ու կարեկից անձնավորություն է Հիսուսը։

ՀԻՍՈՒՍՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ

Աղջիկը հարություն է առնում

Մարդիկ ծիծաղում են, երբ Հիսուսն ասում է, որ աղջիկը մահացած չէ, այլ քնած է։ Սակայն քիչ անց ի՞նչ է ցույց տալու Հիսուսը։

ՀԻՍՈՒՍՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ

Բուժված տասը բորոտներից մեկն է երախտագիտություն դրսևորում

Բուժված մարդը իր երախտագիտությունը հայտնում է ոչ միայն Հիսուսին, այլ նաև Աստծուն։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ-ՆԿԱՐՆԵՐ

Երախտագետ բորոտը

Ի՞նչ կարող ես սովորել բորոտի լավ օրինակից։ Տպիր կամ բեռնիր այս առաջադրանքը ավելին իմանալու համար։

ՀԻՍՈՒՍՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ

Ո՞ւմ զորությամբ է հրաշքներ անում

Հիսուսի եղբայրները մտածում են, թե նա խելագարվել է։