Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 85

Հիսուսը բուժում է շաբաթ օրը

Հիսուսը բուժում է շաբաթ օրը

Փարիսեցիները ատում էին Հիսուսին և պատճառ էին փնտրում, որ ձերբակալեն նրան։ Նրանք ասում էին, որ Հիսուսը չպետք է հիվանդներին բուժի շաբաթ օրը։ Մի անգամ՝ շաբաթ օրը, Հիսուսը տեսավ մի կույր մարդու, որը փող էր մուրում փողոցում, և իր աշակերտներին ասաց. «Տեսեք, թե Աստծու զորությունը ինչպես է օգնելու այս մարդուն»։ Նա իր թուքը խառնեց հողի հետ, կավ շինեց և այն դրեց նրա աչքերին, ապա ասաց. «Գնա՛, լվա՛ աչքերդ Սիլովամի ավազանում»։ Կույր մարդը գնաց, լվացվեց և կյանքում առաջին անգամ սկսեց տեսնել։

Մարդիկ ապշել էին։ Նրանք ասում էին. «Սա այն մարդը չէ՞, որ նստած ողորմություն էր խնդրում, թե՞ ուղղակի նման է նրան»։ Իսկ նա ասում էր. «Այո՛, ես այդ մարդն եմ»։ Մարդիկ հարցրին նրան. «Ինչպե՞ս սկսեցիր տեսնել»։ Երբ նա պատմեց, թե ինչ էր տեղի ունեցել, նրանք տարան նրան փարիսեցիների մոտ։

Այդ մարդը փարիսեցիներին ասաց. «Հիսուսը կավ դրեց աչքերիս և պատվիրեց, որ գնամ լվացվեմ։ Ես այդպես էլ արեցի ու հիմա տեսնում եմ»։ Փարիսեցիներն ասացին. «Հիսուսի զորությունը Աստծուց չէ, քանի որ նա բուժում է շաբաթ օրը»։ Բայց ուրիշներն ասացին. «Եթե նրա զորությունը Աստծուց չլիներ, նա չէր կարողանա բուժել»։

Փարիսեցիները կանչեցին այդ մարդու ծնողներին ու հարցրին. «Այդ ինչպե՞ս է, որ ձեր որդին հիմա  կարողանում է տեսնել»։ Նրա ծնողները վախենում էին փարիսեցիներից, որովհետև նրանք ասել էին, որ եթե որևէ մեկը հավատա Հիսուսին, ժողովարանից կհեռացվի։ Այդ պատճառով նրանք պատասխանեցին. «Մենք չգիտենք։ Նրան հարցրեք»։ Ուստի փարիսեցիները ավելի շատ հարցեր տվեցին այդ մարդուն։ Իսկ նա ասաց. «Ես ձեզ արդեն պատասխանեցի։ Ինչո՞ւ եք նորից հարցեր տալիս»։ Փարիսեցիները բարկացան և դուրս վռնդեցին նրան։

Հիսուսը գտավ այդ մարդուն և հարցրեց. «Հավատո՞ւմ ես Մեսիային»։ Նա պատասխանեց. «Կհավատայի, եթե իմանայի, թե ով է նա»։ Հիսուսն ասաց. «Ես եմ Մեսիան»։ Որքա՜ն բարի էր Հիսուսը։ Նա ոչ միայն բուժեց այդ մարդուն, այլև օգնեց նրան, որ հավատ ունենա։

«Դուք սխալվում եք, որովհետև ո՛չ Գրքերը գիտեք, ո՛չ էլ Աստծու զորությունը» (Մատթեոս 22։29)