Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 73

Հովհաննեսը պատրաստում է ճանապարհը

Հովհաննեսը պատրաստում է ճանապարհը

Երբ Զաքարիայի ու Եղիսաբեթի որդին՝ Հովհաննեսը, մեծացավ, դարձավ մարգարե։ Եհովան նրա միջոցով ժողովրդին հայտնում էր, որ Մեսիան շուտով գալու է։ Հովհաննեսը ոչ թե սովորեցնում էր ժողովարաններում կամ քաղաքներում, այլ քարոզում էր անապատում։ Մարդիկ Երուսաղեմից և ամբողջ Հրեաստանից գալիս էին նրա մոտ, որ սովորեին նրանից։ Նա սովորեցնում էր նրանց, որ Աստծուն հաճեցնելու համար այլևս չպետք է վատ բաներ անեն։ Հովհաննեսին լսելուց հետո շատերը զղջում էին իրենց մեղքերի համար, և նա նրանց մկրտում էր Հորդանան գետում։

Հովհաննեսը պարզ կյանքով էր ապրում։ Նա ուղտի մազից պատրաստված հագուստ էր հագնում և ուտում էր մորեխ ու վայրի մեղր։ Մարդկանց հետաքրքրում էր, թե ով է նա։ Նույնիսկ հպարտ փարիսեցիներն ու սադուկեցիներն էին գնում նրան տեսնելու։ Հովհաննեսը նրանց ասում էր. «Փոխե՛ք ձեր վարքը և զղջացե՛ք։ Մի՛ կարծեք, որ եթե Աբրահամի զավակներն եք, ուրեմն յուրահատուկ մարդիկ եք։ Դա չի նշանակում, որ դուք Աստծու զավակներն եք»։

Շատ հրեաներ գնացին Հովհաննեսի մոտ ու հարցրին նրան. «Ի՞նչ պետք է անենք, որ Աստծու հավանությունն ունենանք»։ Հովհաննեսը պատասխանեց. «Ով երկու հանդերձ ունի, թող մեկը տա չունեցողին»։ Գիտե՞ս, թե ինչու նա այդպիսի խոսքեր ասաց։ Նա ուզում էր իր աշակերտներին ցույց տալ, որ Աստծու հավանությունն ունենալու համար նրանք պետք է սիրեն մարդկանց։

Հովհաննեսը հարկահավաքներին ասաց. «Ազնի՛վ եղեք և ոչ մեկին մի՛ խաբեք»։ Իսկ զինվորներին ասաց. «Կաշառք մի՛ վերցրեք և սուտ մի՛ խոսեք»։

 Հովհաննեսի մոտ եկան նաև քահանաներ ու ղևտացիներ և հարցրին. «Դու ո՞վ ես։ Բոլորը ուզում են իմանալ»։ Նա էլ պատասխանեց. «Ես մի ձայն եմ անապատում, որը ժողովրդին առաջնորդում է դեպի Եհովան, ինչպես որ մարգարեացել է Եսայիան»։

Մարդկանց դուր էր գալիս այն, ինչ Հովհաննեսը սովորեցնում էր։ Շատերը ուզում էին իմանալ, թե արդյոք նա է Մեսիան։ Բայց Հովհաննեսն ասում էր նրանց. «Ինձնից ավելի մեծն է գալիս։ Ես արժանի չեմ նույնիսկ նրա սանդալի կապերն արձակելու։ Ես ջրով եմ մկրտում, բայց նա սուրբ ոգով կմկրտի ձեզ»։

«Նա եկավ վկայության համար, որ վկայություն տա լույսի մասին, որպեսզի ամեն տեսակ մարդիկ նրա միջոցով հավատան» (Հովհաննես 1։7)