Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 58

Երուսաղեմը կործանվում է

Երուսաղեմը կործանվում է

Հուդայի բնակիչները շարունակ թողնում էին Եհովային և ծառայում էին կեղծ աստվածների։ Տարիներ շարունակ Եհովան ամեն բան անում էր նրանց օգնելու համար։ Նա ուղարկում էր մարգարեների, որ իր նախազգուշական խոսքերը հայտներ իսրայելացիներին, բայց նրանք չէին լսում։ Փոխարենը՝ ծաղրում էին այդ մարգարեներին։ Եհովան ինչպե՞ս վերջ դրեց կռապաշտությանը։

Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը մեկը մյուսի հետևից երկրներ էր գրավում։ Առաջին անգամ, երբ նա գրավեց Երուսաղեմը, գերի վերցրեց Հովաքին թագավորին, իշխաններին, զինվորներին ու արհեստավորներին և բոլորին տարավ Բաբելոն։ Նա նաև վերցրեց Եհովայի տաճարի բոլոր գանձերը։ Հետո Նաբուգոդոնոսորը Հուդայի թագավոր դարձրեց Սեդեկիային։

Սկզբում Սեդեկիան հնազանդվում էր Նաբուգոդոնոսորին։ Բայց շրջակա ազգերը և սուտ մարգարեները խորհուրդ տվեցին նրան ըմբոստանալ Բաբելոնի դեմ։ Երեմիան զգուշացրեց Սեդեկիային. «Եթե ըմբոստանաս, Հուդայում սպանություն, սով և համաճարակ կլինի»։

Ութ տարի իշխելուց հետո Սեդեկիան, այնուամենայնիվ, որոշեց ըմբոստանալ Բաբելոնի դեմ։ Նա օգնության համար դիմեց եգիպտական զորքին։ Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը իր զորքն ուղարկեց, որ հարձակվի Երուսաղեմի վրա, և զորքը պաշարեց քաղաքը։ Երեմիան ասաց Սեդեկիային. «Եհովան ասում է, որ եթե հանձնվես Բաբելոնին, և՛ դու, և՛ քաղաքը կփրկվեք։ Իսկ եթե չհանձնվես, բաբելոնացիները կայրեն Երուսաղեմը և քեզ գերության կտանեն»։ Բայց Սեդեկիան ասաց. «Ես չեմ հանձնվի նրանց»։

 Մեկուկես տարի հետո բաբելոնացիների զորքը քանդեց Երուսաղեմի պարիսպները և քաղաքը կրակով այրեց։ Բաբելոնացիները այրեցին տաճարը, սպանեցին շատ մարդկանց և հազարավորների գերի տարան։

Սեդեկիան փախավ Երուսաղեմից, սակայն բաբելոնացիները նրա հետևից ընկան։ Նրանք բռնեցին նրան Երիքովի մոտակայքում և բերեցին Նաբուգոդոնոսորի մոտ։ Բաբելոնի թագավորը այնպես արեց, որ Սեդեկիան իր աչքերով տեսնի, թե ինչպես են նրա որդիներին մահապատժի ենթարկում։ Հետո Նաբուգոդոնոսորը կուրացրեց Սեդեկիային և բանտ գցեց, որտեղ էլ նա որոշ ժամանակ անց մահացավ։ Բայց Եհովան Հուդայի ժողովրդին խոստացավ. «70 տարի հետո ես ձեզ կվերադարձնեմ ձեր տուն՝ Երուսաղեմ»։

Իսկ ի՞նչ եղավ այն տղաներին, որոնց գերի էին տարել Բաբելոն։ Նրանք նվիրված մնացի՞ն Եհովային։

«Եհո՛վա Աստված՝ Ամենակարո՛ղ, ճշմարիտ և արդար են քո դատավճիռները» (Հայտնություն 16։7)