Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 60

Թագավորություն, որը մնալու է հավիտյան

Թագավորություն, որը մնալու է հավիտյան

Մի գիշեր Նաբուգոդոնոսոր թագավորը տարօրինակ երազ տեսավ։ Այդ երազն այնքան անհանգստացրեց նրան, որ նրա քունը փախավ։ Թագավորը կանչեց մոգերին և ասաց. «Բացատրեք ինձ իմ երազի նշանակությունը»։ Նրանք ասացին. «Ո՛վ թագավոր, պատմիր քո երազը»։ Բայց Նաբուգոդոնոսորը նրանց պատասխանեց. «Ո՛չ։ Դո՛ւք պատմեք ինձ իմ տեսած երազը։ Հակառակ դեպքում ես կսպանեմ ձեզ»։ Մոգերը նորից ասացին թագավորին. «Պատմիր մեզ քո երազը, և մենք կասենք դրա նշանակությունը»։ Թագավորն ասաց. «Դուք բոլորդ փորձում եք խաբել ինձ։ Դե՛, պատմե՛ք ինձ երազը»։ Նրանք թագավորին ասացին. «Երկրի վրա չկա մի մարդ, որ կարողանա պատմել քեզ այն։ Դու անհնարին բան ես պահանջում»։

Նաբուգոդոնոսորը խիստ զայրացավ և հրամայեց սպանել Բաբելոնի բոլոր իմաստուններին։ Պետք է սպանվեին նաև Դանիելը, Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը։ Այդ ժամանակ Դանիելը թագավորին խնդրեց, որ իրեն ժամանակ տա։ Հետո նա և իր ընկերները աղոթեցին Եհովային և խնդրեցին, որ նա օգնի իրենց։ Ի՞նչ արեց Եհովան։

Եհովան տեսիլքում ցույց տվեց Դանիելին Նաբուգոդոնոսորի երազը և հայտնեց դրա նշանակությունը։ Հաջորդ օրը Դանիելը գնաց թագավորի ծառայի մոտ և ասաց. «Իմաստուններից ոչ ոքի մի՛ սպանիր։ Ես կարող եմ բացատրել թագավորի երազի նշանակությունը»։ Ծառան Դանիելին տարավ Նաբուգոդոնոսորի մոտ։ Դանիելն ասաց թագավորին. «Աստված հայտնել է քեզ, թե ինչ է լինելու ապագայում։ Ահա քո երազը։ Դու, ո՛վ թագավոր, մի հսկա արձան տեսար։ Արձանի գլուխը ոսկուց էր, կուրծքն ու ձեռքերը արծաթից էին, որովայնն ու ազդրերը պղնձից էին, սրունքները երկաթից էին, ոտնաթաթերի մի մասը երկաթից էր, իսկ մյուս մասը՝ կավից։ Հետո լեռից մի քար պոկվեց և հարվածեց արձանի ոտնաթաթերին։ Արձանը ջարդուփշուր եղավ, փոշու վերածվեց, և քամին քշեց  տարավ այն։ Իսկ այն քարը, որը հարվածել էր արձանին, մեծ լեռ դարձավ ու տարածվեց ողջ երկրով»։

Դանիելը շարունակեց. «Սա է քո երազի նշանակությունը. արձանի ոսկե գլուխը քո թագավորությունն է։ Արծաթն այն թագավորությունն է, որը քեզնից հետո կլինի։ Հետո մեկ ուրիշ թագավորություն կհաստատվի, որը պղնձից կլինի և կղեկավարի ողջ երկիրը։ Հաջորդ թագավորությունը երկաթի պես ամուր կլինի։ Վերջում մի բաժանված թագավորություն կիշխի, որի մի մասը երկաթի պես ամուր կլինի, իսկ մյուս մասը՝ կավի պես հեշտ կոտրվող։ Այն քարը, որը լեռ դարձավ, Աստծու Թագավորությունն է։ Այդ Թագավորությունը կփշրի այս բոլոր թագավորությունները, իսկ ինքը կիշխի հավիտյան»։

Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն իր երեսի վրա ընկավ Դանիելի առաջ և ասաց. «Քո Աստվածը հայտնեց քեզ այս երազը։ Նրա նման Աստված չկա»։ Դանիելին սպանելու փոխարեն՝ Նաբուգոդոնոսորը վերակացու նշանակեց նրան բոլոր իմաստունների վրա և կառավարիչ՝ Բաբելոնում։ Տեսնո՞ւմ ես, թե Եհովան ինչպես պատասխանեց Դանիելի աղոթքին։

«Նրանց հավաքեցին այն վայրում, որը եբրայերեն Հար-Մագեդոն է կոչվում» (Հայտնություն 16։16)