Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

Նամակ Կառավարիչ մարմնից

Նամակ Կառավարիչ մարմնից

Սիրելի՛ հավատակիցներ,

Լինելով Եհովայի երկրպագուներ՝ մենք սիրում ենք նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։ Մենք վստահ ենք, որ այն պարունակում է ճշգրիտ պատմություններ, տալիս է վստահելի առաջնորդություն և մարդկային ընտանիքի հանդեպ Եհովայի՝ սիրտ ջերմացնող սիրո ապացույցն է (Սաղմոս 119։105; Ղուկաս 1։3; 1 Հովհաննես 4։19)։ Մեր մեծ ցանկությունն է օգնել ուրիշներին իմանալու Աստծու Խոսքում տեղ գտած թանկ ճշմարտությունները։ Այդ նպատակով ձեզ ենք ներկայացնում «Սովորում եմ Աստվածաշնչից» գիրքը։ Թույլ տվեք մի փոքր պատմել այս գրքի մասին։

Այս գիրքը նախատեսված է գլխավորապես երեխաների համար։ Բայց այն կարող է օգտակար լինել նաև չափահաս անհատների համար, ովքեր ցանկանում են ավելի շատ տեղեկություն ստանալ Աստվածաշնչից։ Եվ քանի որ Աստվածաշունչը գրվել է բոլոր մարդկանց համար, կասկած չկա, որ յուրաքանչյուրս օգուտ կստանա, եթե աչքի անցկացնի այս գրքի դասերը, որոնք կարող են օգնել երջանիկ լինելու։

Աստվածաշնչյան պատմությունների միջոցով այս գիրքը նկարագրում է մարդկային ընտանիքի պատմությունը՝ արարչագործությունից սկսած։ Մեծ ջանքեր են թափվել, որ աստվածաշնչյան պատմությունները ներկայացվեն հստակ և պարզ, ինչպես նաև հնարավորինս այն հաջորդականությամբ, որով դրանք տեղի են ունեցել։

Սակայն «Սովորում եմ Աստվածաշնչից» գիրքը ավելին է անում, քան պարզապես աստվածաշնչյան պատմություններ պատմելը։ Թե՛ տեքստը, թե՛ նկարները կենդանացնում են այդ պատմությունները և փոխանցում են մարդկանց զգացումները։

Այս հրատարակությունը օգնում է մեզ ծանոթանալու աստվածաշնչյան այն հերոսների հետ, ովքեր հնազանդվել են Եհովային, ինչպես նաև նրանց հետ, ովքեր չեն հնազանդվել նրան։ Այն մղում է մեզ դասեր քաղելու նրանց օրինակից (Հռոմեացիներ 15։4; 1 Կորնթացիներ 10։6)։ Գիրքը բաղկացած է 14 բաժիններից։  Յուրաքանչյուր բաժնի սկզբում ամփոփվում են այն դասերը, որոնք կարող ենք սովորել։

Եթե ծնող ես, կարող ես երեխայիդ հետ կարդալ դասը և քննարկել դրան առնչվող նկարները։ Հետո միասին կարող եք կարդալ այն աստվածաշնչյան համարները, որոնց վրա հիմնված է այդ դասը։ Երեխայիդ օգնիր տեսնելու նշված աստվածաշնչյան համարների և գրքի դասերի միջև կապը։ Նման մոտեցումը կարող է արդյունավետ լինել նաև այն դեպքում, երբ չափահաս անհատի ես օգնում ընդհանուր պատկերացում կազմելու այն մասին, ինչ գրված է Աստվածաշնչում։

Հուսով ենք, որ այս հրատարակությունը կօգնի բոլոր ազնվասիրտ մարդկանց՝ երիտասարդ թե տարեց, սովորելու Աստծու Խոսքից և սովորածը կիրառելու կյանքում։ Արդյունքում նրանք նույնպես կկարողանան Աստծուն երկրպագել և լինել նրա ընտանիքի անդամները։

Ձեր եղբայրներ՝

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին