Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ

 ԳԼՈՒԽ 1

Ո՞վ է Աստված

Ո՞վ է Աստված

1, 2. Հաճախ մեզ ի՞նչ հարցեր են հետաքրքրում։

ԵՐԵԽԱՆԵՐԸ շատ հարցեր են տալիս։ Երբ նրանց մի բան ես բացատրում, հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ։ Եվ երբ պատասխանում ես, նրանք նորից են հարցնում՝ «բայց ինչո՞ւ»։

2 Լինենք մեծ, թե փոքր, բոլորս էլ հարցեր ենք ունենում։ Որոշ հարցեր կապված են առօրյայի հետ, օրինակ՝ ի՞նչ ուտել, ի՞նչ հագնել և այլն։ Բայց գուցե մեզ հետաքրքրեն նաև կյանքին և ապագային վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ Եվ երբ չենք գտնում դրանց գոհացուցիչ պատասխանները, հաճախ այլևս չենք շարունակում փնտրել։

3. Ինչո՞ւ շատերն այսօր չեն գտնում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

3 Իսկ Աստվածաշունչը կարո՞ղ է պատասխանել այդ կարևոր հարցերին։ Շատերը մտածում են, որ կարող է, բայց նրանց կարծիքով՝ այդ գիրքը դժվար է հասկանալ։ Նրանք թերևս կարծում են, որ այդպիսի հարցերի կարող են պատասխանել միայն ուսուցիչներն ու քահանաները։ Ոմանք էլ պարզապես դժվարանում են ընդունել, որ չգիտեն պատասխանները։ Դո՞ւ ինչ ես կարծում։

4, 5. Ի՞նչ կարևոր հարցեր են հետաքրքրում քեզ։ Ինչո՞ւ պետք է շարունակես փնտրել դրանց պատասխանները։

4 Հավանաբար, կցանկանայիր իմանալ հետևյալ հարցերի պատասխանները՝ ո՞րն է կյանքի իմաստը, ի՞նչ է տեղի ունենում մահից հետո, ինչպիսի՞ն է Աստված։ Մեծագույն ուսուցիչ Հիսուսը ասել է. «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև» (Մատթեոս 7։7)։ Ուրեմն «շարունակիր փնտրել», մինչև գտնես ճիշտ և վստահելի պատասխաններ։

 5 Ճիշտ պատասխաններ կարող ես գտնել Աստվածաշնչում (Առակներ 2։1–5)։ Դրանք հասկանալը բոլորովին էլ դժվար չէ։ Դեռ ավելին, այն, ինչ կսովորես Աստվածաշնչից, կօգնի քեզ, որ արդեն այսօր երջանիկ կյանքով ապրես և լավ ապագայի հույս ունենաս։ Այժմ խոսենք մի հարցի մասին, որը շատերին է հետաքրքրում։

ԱՍՏՎԱԾ ՀՈԳ ՏԱՆՈ՞ՒՄ Է ՄԵՐ ՄԱՍԻՆ

6. Ինչո՞ւ են շատերը կարծում, թե Աստված հոգ չի տանում մեր մասին։

6 Շատերը կարծում են, թե Աստված հոգ չի տանում մեր մասին։ Նրանք մտածում են, որ եթե Աստված հետաքրքրված լիներ մարդկանց բարօրությամբ, աշխարհն այսպիսին չէր լինի։ Ամեն տեղ տեսնում ենք պատերազմ, ատելություն և ցավ։ Մարդիկ հիվանդանում են, տառապում ու մահանում։ Այդ պատճառով հարց է առաջանում. «Եթե Աստված հոգ է տանում մեր մասին, ինչո՞ւ վերջ չի դնում տառապանքին»։

7. ա) Ինչո՞ւ կարելի է ասել, որ երբեմն կրոնական առաջնորդների պատճառով են մարդիկ Աստծուն դաժան համարում։ բ) Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստված չէ մեղավոր տեղի ունեցող վատ բաների համար։

7 Երբեմն կրոնական առաջնորդների պատճառով են մարդիկ մտածում, թե Աստված դաժան է։ Երբ դժբախտ դեպք է պատահում, նրանք մարդկանց ասում են, թե դա Աստծու կամքն էր, ասես թե Աստված ուզում էր, որ նման բան լիներ։ Փաստորեն, դրանով նրանք Աստծուն են մեղադրում։ Բայց Աստվածաշունչը սովորեցնում է, որ անհնար է՝ Աստված լինի չարության աղբյուրը։ Հակոբոս 1։13-ում գրված է, որ Աստված ոչ ոքի չար բաներով չի փորձում։ Այնտեղ ասվում է. «Փորձության մեջ լինելիս թող ոչ ոք չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում»։ Սա նշանակում է, որ թեև Աստված թույլ է տալիս, որ վատ բաներ տեղի ունենան,  բայց երբեք չարիք չի պատճառում (կարդա Հոբ 34։10–12

8, 9. Ինչո՞ւ անարդարացի կլինի Աստծուն մեղադրել մեր խնդիրների համար։ Բեր օրինակ։

8 Քննենք մի օրինակ։ Մի երիտասարդ ապրում է իր ծնողների հետ։ Հայրը նրան շատ է սիրում և սովորեցնում է ճիշտ որոշումներ կայացնել։ Բայց երիտասարդը ըմբոստանում է հոր դեմ և հեռանում տնից։ Նա վատ բաներ է անում և ընկնում փորձանքների մեջ։ Մի՞թե հայրն է մեղավոր որդու դժբախտությունների համար, ինչ է թե չի կանգնեցրել նրան, երբ վերջինս հեռանում էր։ Իհարկե ոչ (Ղուկաս 15։11–13)։ Նմանապես Աստված չկանգնեցրեց մարդկանց, երբ նրանք որոշեցին ըմբոստանալ և սխալ ուղի ընտրեցին։ Հետևաբար երբ վատ բան է տեղի ունենում, պետք է միշտ հիշենք, որ Աստված չէ դրա պատճառը, և անարդարացի կլինի մեղադրել նրան։

9 Հիմնավոր պատճառներ կան, որ Աստված դեռևս վերջ չի դնում չարությանը։ Դրանց մասին կիմանանք 11- րդ գլխից։ Սակայն կարող ենք վստահ լինել, որ Աստված սիրում է մեզ, և նա չէ մեր խնդիրների պատճառը։ Ավելին, նա միակ անձնավորությունն է, ով կարող է լուծել դրանք (Եսայիա 33։2

10. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստված կվերացնի չար մարդկանց պատճառած ողջ վնասը։

10 Աստված սուրբ է (Եսայիա 6։3)։ Նրա բոլոր գործերը մաքուր են, անարատ ու բարի, ուստի կարող ենք լիովին վստահել նրան։ Բայց նույնը չենք կարող ասել մարդկանց մասին. նրանք հաճախ են սխալներ անում։ Նույնիսկ ամենաբարի ղեկավարը չի կարող վերացնել չար մարդկանց պատճառած բոլոր վնասները։ Բայց Աստված բոլորից հզոր է։ Նա կարող է վերացնել այն ողջ վնասը, որ պատճառում են չար մարդիկ, և շուտով հենց այդպես էլ կանի։ Նա մեկընդմիշտ կվերացնի չարությունը (կարդա Սաղմոս 37։9–11

 Ի՞ՆՉ Է ԶԳՈՒՄ ԱՍՏՎԱԾ՝ ՏԵՍՆԵԼՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՏԱՌԱՊԱՆՔԸ

11. Ի՞նչ է զգում Աստված՝ տեսնելով մարդկանց տառապանքը։

11 Ի՞նչ է զգում Աստված, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում աշխարհում, և թե ինչ դժվարությունների ես դու բախվում։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «սիրում է արդարությունը» (Սաղմոս 37։28)։ Հետևաբար անարդարություն տեսնելիս նա չի կարող անտարբեր մնալ։ Աստված չի ուզում, որ մարդիկ տառապեն։ Աստծու Խոսքից իմանում ենք, որ անցյալում, երբ նա տեսավ, որ աշխարհը չարությամբ էր լցվել, «ցավ զգաց իր սրտում» (Ծննդոց 6։5, 6)։ Աստված չի փոխվել (Մաղաքիա 3։6)։ Աստվածաշունչն ասում է, որ նա իսկապես հոգ է տանում մեր մասին (կարդա 1 Պետրոս 5։7

Աստվածաշնչից իմանում ենք, որ Եհովան տիեզերքի Արարիչն է

12, 13. ա) Ինչո՞ւ ենք կարողանում սիրել մարդկանց և ի՞նչ ենք զգում՝ տեսնելով աշխարհում տիրող տառապանքը։ բ) Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստված կվերացնի տառապանքն ու անարդարությունը։

12 Աստվածաշնչից նաև իմանում ենք, որ Աստված մեզ ստեղծել է իր պատկերով (Ծննդոց 1։26)։ Այսինքն՝ նա մեզ ստեղծել է այն լավ հատկություններով, որ ինքը ունի։ Հետևաբար եթե դու ցավ ես զգում՝ տեսնելով անմեղ մարդկանց տառապանքը, ապա Աստված ավելի մեծ ցավ է զգում։ Որտեղի՞ց գիտենք դա։

13 Աստվածաշունչը սովորեցնում է, որ «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Նա ամեն բան սիրուց մղված է անում։ Ավելին, մենք կարողանում ենք սիրել, քանի որ նա մեզ էլ է տվել սիրելու ունակություն։ Եթե զորություն ունենայիր, մի՞թե աշխարհի երեսից չէիր վերացնի տառապանքն ու անարդարությունը։ Իհարկե կվերացնեիր, քանի որ սիրում ես մարդկանց։ Իսկ Աստվա՞ծ։ Նա զորություն ունի վերացնելու տառապանքն ու անարդարությունը։ Եվ անպայման կանի դա, քանի որ սիրում է մեզ։ Համոզված եղիր, որ այս գրքի սկզբում նշված բոլոր խոստումները կիրականանան։ Որպեսզի կարողանաս  վստահել այդ խոստումներին, պետք է ավելի լավ ճանաչես Աստծուն։

ԱՍՏՎԱԾ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ՃԱՆԱՉԵՍ ԻՐԵՆ

Երբ ծանոթանում ես ինչ-որ մեկի հետ, նախ ասում ես նրան քո անունը։ Աստվածաշնչի միջոցով Աստված հայտնել է մեզ իր անունը

14. Ի՞նչ է Աստծու անունը, և ինչի՞ց ենք իմանում, որ պետք է օգտագործենք այն։

14 Երբ ծանոթանում ես ինչ-որ մեկի հետ և ցանկանում ես դառնալ նրա ընկերը, նախ ի՞նչ ես անում։ Ասում ես նրան քո անունը։ Իսկ Աստված անունի ունի՞։ Շատ կրոններ ասում են, թե նրա անունը «Աստված» է կամ «Տեր»։ Բայց դրանք անուններ չեն, այլ պարզապես տիտղոսներ են, ինչպես «թագավոր» կամ «նախագահ» բառերը։ Աստված հայտնել է իր անունը՝ Եհովա։ Սաղմոս 83։18-ում ասվում է. «Որպեսզի մարդիկ իմանան, որ դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա»։ Աստվածաշնչում Աստծու անունը օգտագործվել է հազարավոր անգամներ։ Դա ցույց է տալիս, որ Եհովան ցանկանում է՝ իմանաս իր անունը և օգտագործես այն։ Նա հայտնել է քեզ իր անունը, որ կարողանաս իր ընկերը դառնալ։

15. Ի՞նչ է ցույց տալիս Եհովա անունը։

15 Եհովա անունը խոր իմաստ ունի։ Այն ցույց է տալիս, որ Աստված կարող է իրականացնել իր բոլոր խոստումներն  ու նպատակները, և ոչինչ չի կարող խանգարել նրան։ Միմիայն Եհովան կարող է կրել այս անունը։ *

16, 17. Ի՞նչ են նշանակում հետևյալ տիտղոսները՝ ա) «Ամենակարող», բ) «հավիտենության Թագավոր», գ) «Արարիչ»։

16 Ինչպես տեսանք, Սաղմոս 83։18-ում Եհովայի մասին ասվում է. «Դու միակ Բարձրյալն ես»։ Իսկ Հայտնություն 15։3-ում կարդում ենք. «Մեծ և սքանչելի են քո գործերը,  Եհո՛վա Աստված՝ Ամենակարո՛ղ։ Արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, հավիտենությա՛ն Թագավոր»։ Ի՞նչ է նշանակում «Ամենակարող» տիտղոսը։ Այն ցույց է տալիս, որ Եհովայից զորեղ անձնավորություն չկա։ Իսկ «հավիտենության Թագավոր» տիտղոսը նշանակում է, որ Աստված միշտ գոյություն է ունեցել։ Սաղմոս 90։2-ում ասվում է, որ նա «հավիտենից մինչև հավիտյան» է։ Մի՞թե սա ապշեցուցիչ չէ։

17 Եհովան նաև Արարիչն է։ Հայտնություն 4։11-ում ասվում է. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին»։ Այո՛, Եհովան է ստեղծել հրեշտակներին, աստղազարդ երկինքը, բազմազան մրգերը, ձկներին ու թռչուններին և ցանկացած այլ բան, որ կարող է անցնել քո մտքով։

 ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ԼԻՆԵԼ ԵՀՈՎԱՅԻ ԸՆԿԵՐԸ

18. Ինչո՞ւ են ոմանք մտածում, որ երբեք չեն կարող դառնալ Աստծու ընկերը։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը այդ մասին։

18 Երբ որոշ մարդիկ կարդում են Եհովայի մասին, վախով են լցվում և մտածում. «Աստված այնքան զորեղ է, այնքան փառավոր, հեռու և անհասանելի, որ դժվար թե հետաքրքրված լինի ինձանով»։ Մի՞թե Աստված ուզում է, որ մենք այսպես մտածենք։ Ո՛չ։ Եհովան ցանկանում է մտերիմ լինել մեզ հետ։ Աստվածաշունչն ասում է, որ «իրականում նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։27)։ Աստված ուզում է, որ մտերմանանք իր հետ, և խոստանում է, որ ինքն էլ մեզ հետ կմտերմանա (Հակոբոս 4։8

19. ա) Ինչպե՞ս կարող ես դառնալ Աստծու ընկերը։ բ) Եհովայի ո՞ր հատկությունն ես ամենից շատ սիրում։

19 Ինչպե՞ս կարող ես դառնալ Աստծու ընկերը։ Հիսուսն ասաց. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Շարունակիր սովորել Աստծու և Հիսուսի մասին, որ ավելի լավ ճանաչես նրանց։ Այդ դեպքում կկարողանաս հավիտենական կյանք ունենալ։ Օրինակ՝ արդեն իմացանք, որ «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։16)։ Բայց նա ուրիշ լավ հատկություններ էլ ունի։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովան «ողորմած ու գթառատ» է, «բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի» (Ելք 34։6)։ Նա «բարի է ու ներելու պատրաստ» (Սաղմոս 86։5)։ Աստված համբերատար է ու նվիրված (2 Պետրոս 3։9; Հայտնություն 15։4)։ Որքան շատ կարդաս Աստվածաշունչը, այնքան ավելի շատ բան կսովորես Եհովայի գեղեցիկ հատկությունների մասին։

20–22. ա) Ինչպե՞ս կարող ես մտերմանալ Աստծու հետ, եթե չես տեսնում նրան։ բ) Ի՞նչ կանես, եթե ուրիշները փորձեն խանգարել քեզ ուսումնասիրել Աստվածաշունչը։

20 Բայց ինչպե՞ս կարող ես մտերմանալ Աստծու հետ, եթե նրան չես տեսնում (Հովհաննես 1։18; 4։24; 1 Տիմոթեոս  1։17)։ Երբ Աստվածաշնչում կարդաս Եհովայի մասին, կսկսես ճանաչել նրա անձնավորությունը, այսինքն՝ նրա հատկություններն ու մտածելակերպը (Սաղմոս 27։4; Հռոմեացիներ 1։20)։ Եվ որքան շատ սովորես Եհովայի մասին, այնքան ավելի շատ կսիրես նրան ու կմտերմանաս նրա հետ։

Հայրը սիրում է իր երեխային, իսկ մեր երկնային Հայրը մեզ ավելի շատ է սիրում

21 Ժամանակի ընթացքում կհասկանաս, որ Եհովան մեր հոգատար Հայրն է (Մատթեոս 6։9)։ Նա մեզ կյանք է տվել և ուզում է, որ ապրենք ամենալավ կյանքով. չէ՞ որ յուրաքանչյուր սիրող հայր հենց դա է ցանկանում իր երեխաների համար (Սաղմոս 36։9)։ Աստվածաշունչն ասում է, որ դու կարող ես դառնալ Եհովայի ընկերը (Հակոբոս 2։23)։ Միայն պատկերացրու. տիեզերքի Արարիչը ցանկանում է, որ դու լինես իր ընկերը։

22 Որոշ մարդիկ գուցե ցանկանան, որ դադարեցնես Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Հնարավոր է՝ նրանք վախենան, որ դու կփոխես քո կրոնը։ Բայց թույլ մի՛ տուր, որ որևէ մեկը խանգարի քեզ դառնալ Եհովայի ընկերը։ Նա լավագույն ընկերն է, որ երբևէ կարող ես ունենալ։

23, 24. ա) Ինչո՞ւ չպետք է ամաչենք հարցեր տալ։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ գլխում։

23 Ինչ խոսք, Աստվածաշունչը ուսումնասիրելու ընթացքում կլինեն բաներ, որ չես հասկանա։ Մի՛ ամաչիր հարցեր տալ և օգնության դիմիր։ Հիսուսն ասաց, որ պետք է երեխաների պես խոնարհ լինենք (Մատթեոս 18։2–4)։ Իսկ երեխաները շատ հարցեր են տալիս։ Աստված ուզում է, որ գտնես քո հարցերի պատասխանները։ Խորությամբ ուսումնասիրիր Աստվածաշունչը, որպեսզի համոզվես, որ այն, ինչ սովորում ես, ճշմարտություն է (կարդա Գործեր 17։11

24 Եհովային ճանաչելու լավագույն ձևը Աստվածաշունչն ուսումնասիրելն է։ Հաջորդ գլխից կիմանանք, թե ինչով է Աստվածաշունչը տարբերվում մյուս բոլոր գրքերից։

^ պարբ. 15 Եթե քո Աստվածաշնչում չկա Եհովա անունը, կամ եթե ցանկանում ես ավելի շատ տեղեկություն ստանալ Աստծու անվան նշանակության և դրա արտասանության մասին, տես Ծանոթագրություն 1-ը։

Որքան շատ սովորենք Աստծու մասին, այնքան ավելի շատ կսիրենք նրան։