Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ

 ԳԼՈՒԽ 17

Ինչպե՞ս պետք է աղոթենք Աստծուն

Ինչպե՞ս պետք է աղոթենք Աստծուն

«Երկինքն ու երկիրը Ստեղծողը» սիրով լսում է մեր աղոթքները (Սաղմոս 115։15)

1, 2. Ինչո՞ւ է աղոթքը յուրահատուկ նվեր, և ինչո՞ւ է կարևոր իմանալ, թե ինչ է ասում Աստվածաշունչը աղոթքի վերաբերյալ։

ՏԻԵԶԵՐՔԻ հետ համեմատած՝ երկիրը անչափ փոքր է։ Երբ Եհովան նայում է երկրին, բոլոր ազգերը ջրի մի փոքր կաթիլի են նման (Սաղմոս 115։15; Եսայիա 40։15)։ Բայց Սաղմոս 145։18, 19 համարներում ասվում է. «Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին, բոլոր նրանց, ովքեր ճշմարտությամբ են կանչում իրեն։ Նա կկատարի իրենից վախեցողների փափագը, կլսի նրանց օգնության կանչն ու կփրկի նրանց»։ Այո՛, մեզ համար մեծ պատիվ է, որ Եհովան՝ Ամենակարող Ստեղծիչը, ցանկանում է՝ մտերմանանք իր հետ, և ուզում է լսել մեր աղոթքները։ Աղոթքը, իրոք որ, յուրահատուկ նվեր է, որ Եհովան տվել է յուրաքանչյուրիս։

2 Սակայն Եհովան կլսի մեր աղոթքները միայն այն դեպքում, եթե աղոթենք իրեն ընդունելի ձևով։ Ուստի կարևոր է իմանալ, թե աղոթքի մասին ինչ է ասում Աստվածաշունչը։

ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵՆՔ

3. Ինչո՞ւ պետք է աղոթենք Եհովային։

3 Եհովան ցանկանում է, որ աղոթես իրեն, այսինքն՝ խոսես իր հետ։ Որտեղի՞ց գիտենք սա։ Փիլիպպեցիներ 4։6, 7 համարներից (կարդա)։ Միայն մտածիր. տիեզերքի Արարիչը շատ է սիրում քեզ և ցանկանում է, որ դու պատմես իրեն քո զգացումների և խնդիրների մասին։

4. Ինչպե՞ս է հաճախ աղոթելը ամրացնում Եհովայի հետ քո ընկերությունը։

4 Աղոթքն օգնում է, որ Եհովայի մտերիմ ընկերը դառնանք։ Երբ ընկերները կանոնավորաբար զրուցում են  իրար հետ, պատմում են միմյանց իրենց մտքերի, հոգսերի ու զգացմունքների մասին, նրանց ընկերությունն ավելի է ամրանում։ Այդպես էլ աղոթքի շնորհիվ Եհովայի հետ մեր ընկերությունն է ամրանում։ Նա Աստվածաշնչի միջոցով խոսում է մեզ հետ և հայտնում իր մտքերն ու զգացմունքները, ինչպես նաև ասում է, թե ինչ է անելու ապագայում։ Իսկ երբ աղոթում ենք, մենք ենք խոսում նրա հետ։ Դու կարող ես հաճախ զրուցել Աստծու հետ և պատմել նրան նույնիսկ քո ամենախոր զգացումների մասին։ Եթե այդպես վարվես, ավելի ու ավելի կմտերմանաս Եհովայի հետ (Հակոբոս 4։8

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ԼՍԻ ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԸ

5. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան ոչ բոլոր աղոթքներն է լսում։

5 Եհովան բոլո՞ր աղոթքներն է լսում։ Ո՛չ։ Եսայիա մարգարեի օրերում Եհովան իսրայելացիներին ասաց. «Թեև շատ աղոթքներ եք անում, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արյունով» (Եսայիա 1։15)։ Փաստորեն, եթե անենք այնպիսի  բաներ, որոնք մեզ կհեռացնեն Եհովայից, նա չի լսի մեր աղոթքները։

6. Ինչո՞ւ է հավատը շատ կարևոր։ Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ հավատ ունես։

6 Եթե ուզում ենք, որ Եհովան լսի մեր աղոթքները, պետք է հավատ ունենանք (Մարկոս 11։24)։ Այս մասին Պողոս առաքյալը գրեց. «Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է նրան, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբրայեցիներ 11։6)։ Բավական չէ միայն ասել, որ հավատ ունենք։ Մեր հավատը պետք է ցույց տանք գործերով, այսինքն՝ ամեն ինչում հնազանդվենք Աստծուն (կարդա Հակոբոս 2։26

7. ա) Ինչո՞ւ պետք է Եհովային աղոթելիս խոնարհ ու հարգալից լինենք։ բ) Ի՞նչը ցույց կտա, որ մեր աղոթքն անկեղծ է։

7 Մենք պետք է խոնարհ ու հարգալից կերպով աղոթենք Եհովային։ Ինչո՞ւ։ Օրինակ՝ եթե խոսելիս լինեիր թագավորի կամ նախագահի հետ, մի՞թե հարգալից կերպով չէիր խոսի։ Եհովան Ամենակարող Աստվածն է, ուրեմն նրան դիմելիս առավել ևս պետք է լինենք խոնարհ և խոր հարգանքով խոսենք նրա հետ (Ծննդոց 17։1; Սաղմոս 138։6)։ Մենք պետք է նաև անկեղծ լինենք և սրտանց աղոթենք Եհովային, ոչ թե անընդհատ կրկնենք նույն խոսքերը (Մատթեոս 6։7, 8

8. Բացի աղոթելուց՝ ուրիշ ի՞նչ պետք է անենք։

8 Եթե ուզում ենք, որ Աստված լսի մեզ, պետք է ամեն բան անենք, որ վարվենք մեր աղոթքների համաձայն։ Օրինակ՝ եթե Եհովային խնդրում ենք, որ հոգ տանի մեր ամենօրյա կարիքների մասին, ճիշտ չի լինի, որ ձեռքներս ծալած նստենք ու մտածենք, թե նա կտա մեզ այն ամենը, ինչի կարիքն ունենք։ Մենք պետք է աշխատասեր լինենք և ընդունենք ցանկացած աշխատանք, որն ի վիճակի ենք անելու (Մատթեոս 6։11; 2 Թեսաղոնիկեցիներ 3։10)։ Իսկ եթե աղոթում ենք, որ Եհովան օգնի մեզ ազատվել  որևէ վատ սովորությունից, պետք է խուսափենք այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են դրդել մեզ նույն սխալն անելու (Կողոսացիներ 3։5)։ Այժմ քննենք աղոթքի մասին հաճախ տրվող մի քանի հարց։

ԱՂՈԹՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

9. Ո՞ւմ պետք է աղոթենք։ Ըստ Հովհաննես 14։6 համարի՝ ո՞ւմ միջոցով պետք է աղոթենք։

9 Ո՞ւմ պետք է աղոթենք։ Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց, որ աղոթելիս ասեն. «Հա՛յր մեր, որ երկնքում ես» (Մատթեոս 6։9)։ Հետևաբար մենք պետք է աղոթենք միայն Եհովային։ Սակայն եթե ուզում ենք, որ նա լսի մեզ, պետք է աղոթենք Հիսուսի միջոցով, որովհետև Հիսուսն ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։ Երբ Եհովային դիմում ենք Հիսուսի միջոցով, ցույց ենք տալիս, որ գնահատում ենք այն ամենը, ինչ Հիսուսն արել է մեզ համար և հարգում ենք այն հատուկ դիրքը, որ Եհովան տվել է նրան։ Հիսուսը եկավ երկիր, որպեսզի փրկի մեզ մեղքից ու մահից (Հովհաննես 3։16; Հռոմեացիներ 5։12)։ Բացի այդ՝ Եհովան Հիսուսին նշանակել է դատավոր և քահանայապետ (Հովհաննես 5։22; Եբրայեցիներ 6։20

Դու կարող ես աղոթել ցանկացած ժամանակ

10. Պե՞տք է աղոթելիս հատուկ դիրք ընդունենք։ Բացատրիր։

10 Պե՞տք է աղոթելիս հատուկ դիրք ընդունենք։ Ո՛չ։ Եհովան չի պահանջում, որ աղոթելիս անպայման ծնկի գանք, նստենք կամ կանգնենք։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ կարող ենք աղոթել ցանկացած հարգալից դիրքով (1 Տարեգրություն 17։16; Նեեմիա 8։6; Դանիել 6։10; Մարկոս 11։25)։ Եհովայի համար ամենակարևորը ոչ թե մեր դիրքն է, այլ այն, որ աղոթենք սրտանց ու հարգալից ձևով։ Մենք կարող ենք աղոթել ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում։ Անգամ երբ մտքում ենք աղոթում, կարող ենք վստահ լինել, որ Եհովան լսում է մեզ (Նեեմիա 2։1–6

11. Ինչի՞ մասին կարող ենք աղոթել։

 11 Ինչի՞ մասին կարող ենք աղոթել։ Ցանկացած բանի, ինչը դեմ չէ Եհովայի կամքին։ Աստվածաշնչում կարդում ենք. «Ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։ Իսկ կարո՞ղ ենք աղոթել անձնական բաների մասին։ Այո՛։ Եհովային աղոթելը պետք է նման լինի մտերիմ ընկերոջ հետ զրուցելուն։ Նրան կարող ենք պատմել այն ամենը, ինչ կա մեր մտքում և սրտում (Սաղմոս 62։8)։ Կարող ենք խնդրել, որ նա մեզ տա իր սուրբ ոգին, որ այն օգնի մեզ ճիշտն անել (Ղուկաս 11։13)։ Կարող ենք Եհովայից խնդրել իմաստություն, որ ճիշտ որոշումներ կայացնենք, նաև ուժ, որ կարողանանք հաղթահարել դժվարությունները (Հակոբոս 1։5)։ Նաև պետք է խնդրենք, որ նա ների մեր մեղքերը (Եփեսացիներ 1։3, 7)։ Կարևոր է նաև աղոթել ուրիշների համար, օրինակ՝ մեր ընտանիքի անդամների և մեր հավատակիցների (Գործեր 12։5; Կողոսացիներ 4։12

12. Աղոթելիս ի՞նչը պետք է ամենակարևորը լինի մեզ համար։

12 Ի՞նչը պետք է ամենակարևորը լինի մեր աղոթքներում։ Աղոթելիս մեզ համար ամենակարևորը պետք է լինի այն ամենը, ինչը կապ ունի Եհովայի և նրա կամքի իրականացման հետ։ Մենք պետք է սրտանց շնորհակալություն հայտնենք նրա արած բոլոր բաների համար (1 Տարեգրություն 29։10–13)։ Այս ամենի մասին իմանում ենք Հիսուսի սովորեցրած աղոթքից (կարդա Մատթեոս 6։9–13)։ Նա իր հետևորդներին սովորեցրեց աղոթելիս նախ խնդրել, որ Աստծու անունը սրբացվի, այսինքն՝ սուրբ համարվի։ Իսկ հետո պետք է խնդրեին, որ Աստծու Թագավորությունը գա, և որ Եհովայի կամքը կատարվի ողջ երկրի վրա։ Միայն այս կարևոր բաների մասին աղոթելուց հետո էր, որ նրանք կարող էին խոսել իրենց անձնական կարիքների մասին։ Եթե մենք էլ այդպես վարվենք, ցույց կտանք, որ մեզ համար ամենակարևորը Եհովան է ու նրա կամքի իրականացումը։

13. Որքա՞ն երկար պետք է լինեն մեր աղոթքները։

 13 Որքա՞ն երկար պետք է լինեն մեր աղոթքները։ Աստվածաշնչում այս մասին կոնկրետ բան չի ասվում։ Կախված իրավիճակից՝ մեր աղոթքները կարող են լինել կարճ կամ երկար։ Օրինակ՝ ուտելուց առաջ գուցե կարճ աղոթենք, բայց երբ ուզում ենք մեր գնահատանքը հայտնել Եհովային նրա արածների համար կամ պատմել նրան մեր անհանգստությունների մասին, հնարավոր է՝ ավելի երկար աղոթենք (1 Սամուել  1։12, 15)։ Սակայն մենք չպետք է երկար աղոթենք միայն ուրիշներին տպավորելու համար, ինչպես անում էին Հիսուսի օրերում ապրող որոշ մարդիկ։ Եհովային հաճելի չեն նման աղոթքները (Ղուկաս 20։46, 47)։ Աստված սրտանց արված աղոթքներն է գնահատում։

14. Ի՞նչ է ուզում Եհովան, և ի՞նչ է դա ցույց տալիս։

14 Որքա՞ն հաճախ պետք է աղոթենք։ Եհովան ուզում է, որ հաճախ խոսենք իր հետ։ Աստվածաշնչում այսպիսի հորդորներ են տրվում՝ «շարունակ աղո՛թք արեք», «աղոթքում հարատևեք», «անդադար աղոթեք» (Մատթեոս 26։41; Հռոմեացիներ 12։12; 1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։ Սա ցույց է տալիս, որ Եհովան միշտ պատրաստ է լսել մեզ։ Մենք կարող ենք նրան շնորհակալություն հայտնել նրա սիրո և առատաձեռնության համար։ Նաև կարող ենք խնդրել, որ առաջնորդի մեզ, զորացնի և մխիթարի։ Եթե Եհովային  աղոթելը իրոք մեծ պատիվ ենք համարում, ապա ամեն առիթ կօգտագործենք, որ խոսենք նրա հետ։

15. Ինչո՞ւ պետք է աղոթքի վերջում «ամեն» ասենք։

15 Ինչո՞ւ պետք է աղոթքի վերջում «ամեն» ասենք։ «Ամեն» բառը նշանակում է «անշուշտ» կամ «թող այդպես լինի»։ «Ամեն» ասելով՝ ցույց ենք տալիս, որ հաստատում ենք մեր ասածը, և որ մեր խոսքերը անկեղծ են (Սաղմոս 41։13)։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեկ ուրիշի կողմից արված աղոթքի վերջում նույնպես տեղին է մտքում կամ բարձրաձայն «ամեն» ասել։ Այդպես ցույց ենք տալիս, որ համաձայն ենք նրա ասածներին (1 Տարեգրություն 16։36; 1 Կորնթացիներ 14։16

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՍՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԻՆ

16. Եհովան պատասխանո՞ւմ է մեր աղոթքներին։

16 Աստված պատասխանո՞ւմ է մեր աղոթքներին։ Այո՛։ Աստվածաշունչը նրան կոչում է «աղոթքներ Լսող» (Սաղմոս 65։2)։ Եհովան լսում և պատասխանում է միլիոնավոր մարդկանց անկեղծ աղոթքներին։ Նա անում է դա տարբեր կերպերով։

17. Ինչպե՞ս է Եհովան պատասխանել շատերի աղոթքներին։

17 Օրինակ՝ Եհովան մեր աղոթքներին պատասխանում է հրեշտակների և երկրի վրա ապրող իր ծառաների միջոցով (Եբրայեցիներ 1։13, 14)։ Բազմաթիվ դեպքեր են եղել, որ մարդիկ աղոթել են Աստծուն Աստվածաշունչը հասկանալու համար, և կարճ ժամանակ հետո նրանց այցելել են Եհովայի Վկաները։ Այս հարցում մեծ դեր ունեն հրեշտակները, քանի որ Աստվածաշնչում ասվում է, որ նրանք մասնակցում են «բարի լուրը» ամբողջ աշխարհում քարոզելու գործին (կարդա Հայտնություն 14։6)։ Մեզանից շատերն էլ Եհովային որևէ կոնկրետ խնդրի կամ կարիքի մասին աղոթելուց հետո օգնություն են ստացել հավատակցից (Առակներ 12։25; Հակոբոս 2։16

Եհովան մեր աղոթքներին կարող է պատասխանել հավատակիցների միջոցով

18. Եհովան ինչպե՞ս է մեր աղոթքներին պատասխանում իր սուրբ ոգու և Աստվածաշնչի միջոցով։

 18 Եհովան նաև իր սուրբ ոգու միջոցով է պատասխանում մեր աղոթքներին։ Երբ աղոթում ենք որևէ դժվարություն հաղթահարելու համար, նա իր սուրբ ոգու միջոցով առաջնորդում է մեզ և ուժ է տալիս (2 Կորնթացիներ 4։7)։ Բացի այդ՝ Եհովան Աստվածաշնչի միջոցով է պատասխանում մեր աղոթքներին և օգնում, որ իմաստուն որոշումներ կայացնենք։ Օրինակ՝ Աստվածաշունչը կարդալիս գուցե գտնենք այնպիսի համարներ, որոնք կօգնեն մեզ։ Եհովան կարող է նաև մղել, որ ժողովի հանդիպման ժամանակ ինչ-որ մեկը իր մեկնաբանության մեջ նշի այնպիսի միտք, որը մեզ անհրաժեշտ է։ Կամ էլ գուցե նա մղի ժողովի երեցներից մեկին, որ Աստվածաշնչից կարևոր մի միտք ասի մեզ (Գաղատացիներ 6։1

19. Ի՞նչ պետք է հիշենք, երբ թվում է, թե Եհովան չի պատասխանում մեր աղոթքներին։

19 Երբեմն գուցե թվա, թե Եհովան չի պատասխանում մեր աղոթքներին։ Բայց պետք է հիշենք, որ նա գիտի՝ երբ և ինչպես պատասխանի մեր խնդրանքներին։ Նա ավելի լավ գիտի, թե մեզ ինչ է պետք։ Հարկավոր է շարունակել աղոթել։ Այդպես ցույց կտանք, որ մեզ համար կարևոր է այն, ինչի մասին խնդրում ենք, և որ իսկապես հավատում ենք, որ Աստված կպատասխանի մեր խնդրանքին (Ղուկաս 11։5–10)։ Երբեմն Եհովան գուցե մեր աղոթքներին պատասխանի այնպես, որ մենք չենք սպասում։ Օրինակ՝ հնարավոր է աղոթենք ինչ-որ դժվարության մասին, բայց նա ոչ թե վերացնի այն, այլ ուժ տա, որ կարողանանք դիմանալ (կարդա Փիլիպպեցիներ 4։13

20. Ինչո՞ւ պետք է հաճախ աղոթենք Աստծուն։

20 Ի՜նչ մեծ պատիվ է աղոթել Եհովային։ Մենք կարող ենք վստահ լինել, որ նա լսում է մեզ (Սաղմոս 145։18)։ Եվ որքան հաճախ ու սրտանց աղոթենք Եհովային, այնքան մեր ընկերությունը կամրանա։