Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ

 ԳԼՈՒԽ 5

Փրկանք. Աստծու տված մեծագույն նվերը

Փրկանք. Աստծու տված մեծագույն նվերը

1, 2. ա) Ո՞ր դեպքում ես նվերը արժեքավոր համարում։ բ) Ինչո՞ւ է փրկանքը Աստծու տված մեծագույն նվերը։

Ո՞ՐՆ է լավագույն նվերը, որ երբևէ ստացել ես։ Պարտադիր չէ՝ նվերը թանկ լինի, որ այն արժեքավոր համարես։ Եթե նվերը քեզ անհրաժեշտ մի բան է և ուրախություն է պարգևում, դու արժեքավոր ես համարում այն և ի սրտե շնորհակալ ես լինում դրա համար։

2 Աստված մեզ շատ նվերներ է տվել, բայց դրանցից մեկի կարիքը մենք անչափ շատ ունեինք։ Դա մեծագույն նվերն է, որ Աստված տվել է մարդկությանը։ Ինչպես կիմանանք այս գլխից, Եհովան իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ուղարկեց երկիր, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ապրելու հավիտյան (կարդա Մատթեոս 20։28)։ Հիսուսի կյանքը տալով որպես փրկանք՝ Եհովան ցույց տվեց, որ շատ է սիրում մեզ։

Ի՞ՆՉ Է ՓՐԿԱՆՔԸ

3. Ինչո՞ւ են մարդիկ մահանում։

3 Եհովան մարդկությանը մեղքից ու մահից ազատելու է փրկանքի միջոցով (Եփեսացիներ 1։7)։ Որպեսզի հասկանանք, թե ինչու փրկանքի կարիք առաջացավ, պետք է իմանանք, թե հազարավոր տարիներ առաջ ինչ տեղի ունեցավ Եդեմի պարտեզում։ Մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, մեղք գործեցին, ինչի հետևանքով մահացան։ Իսկ մենք մահանում ենք, քանի որ մեղք ենք ժառանգել Ադամից ու Եվայից (տես Ծանոթագրություն 9

4. Ո՞վ էր Ադամը, և ի՞նչ ուներ նա։

 4 Երբ Եհովան ստեղծեց առաջին մարդ Ադամին, նրան տվեց շատ արժեքավոր մի բան՝ կատարյալ կյանք։ Ադամը ուներ կատարյալ միտք և կատարյալ մարմին։ Նա երբեք չէր հիվանդանալու, չէր ծերանալու և չէր մահանալու։ Ադամը Եհովայի համար որդու պես էր (Ղուկաս 3։23, 38)։ Եհովան կանոնավորաբար խոսում էր նրա հետ։ Աստված նրան ասել էր, թե ինչ է ակնկալում նրանից և տվել էր բավականություն պատճառող աշխատանք (Ծննդոց 1։28–30; 2։16, 17

5. Ի՞նչ իմաստով էր Ադամը «Աստծու պատկերով» ստեղծվել։

5 Ադամը ստեղծվել էր «Աստծու պատկերով», այսինքն՝ Եհովան նրան տվել էր այն հատկությունները, որ ինքն ունի, օրինակ՝ սեր, իմաստություն և արդարություն (Ծննդոց 1։27)։ Նա Ադամին նաև ազատ կամք էր տվել։ Ադամը նման չէր ռոբոտի. նա կարող էր ինքնուրույն որոշումներ կայացնել և ընտրել՝ ճիշտ վարվել, թե սխալ։ Եթե Ադամը որոշեր հնազանդվել Աստծուն, ապա հավիտյան կապրեր դրախտային երկրում։

6. Ի՞նչ կորցրեց Ադամը՝ չհնազանդվելով Աստծուն, և ինչպե՞ս դա ազդեց մեզ վրա։

6 Սակայն Ադամը չհնազանդվեց Աստծուն և դատապարտվեց մահվան։ Նա շատ թանկ վճարեց իր գործած մեղքի դիմաց. կորցրեց Եհովայի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները, իր կատարյալ կյանքը և դրախտային տունը (Ծննդոց 3։17–19)։ Ադամն ու Եվան որոշեցին չհնազանդվել Աստծուն, ուստի կորցրին հավիտյան ապրելու հույսը։ Ադամի պատճառով «մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5։12)։ Փաստորեն, մեղք գործելով՝ Ադամը իրեն և մեզ բոլորիս որպես գերի «ծախեց» մեղքին ու մահվանը (Հռոմեացիներ 7։14)։ Իսկ դա նշանակո՞ւմ է, որ մենք անհույս վիճակում ենք։ Ո՛չ։ Եհովան փրկանք է տվել մեզ համար։

7, 8. Ի՞նչ է փրկանքը։

 7 Իսկ ի՞նչ է փրկանքը։ Փրկանքը այն գինն է, որը վճարվում է որևէ մեկին ազատելու կամ որևէ բան հետ գնելու համար։ Օրինակ՝ փրկանք է տրվում պատերազմի ժամանակ գերի ընկած զինվորին ազատելու համար։ Ըստ Աստվածաշնչի՝ փրկանքը նաև այն համարժեք գինն է, որով փոխհատուցվում է հասցված վնասը։ Օրինակ՝ եթե անհատը ինչ-որ վնաս է հասցրել, նա պետք է դրա դիմաց գումար վճարի, որը հավասար կլինի իր հասցրած վնասի չափին։

8 Ոչ մի անկատար մարդ չէր կարող փոխհատուցել այն մեծ վնասը, որ պատճառել էր Ադամը։ Բայց Եհովան քայլեր ձեռնարկեց, որպեսզի ազատի մեզ մեղքից ու մահից։ Այժմ տեսնենք, թե ինչպես տրվեց փրկանքը, և մենք ինչպես կարող ենք օգուտներ քաղել դրանից։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՀՈՎԱՆ ՏՎԵՑ ՓՐԿԱՆՔԸ

9. Ինչպիսի՞ փրկանք էր պահանջվում։

9 Մենք երբեք չէինք կարողանա փրկանք տալ Ադամի կորցրած կատարյալ կյանքի դիմաց։ Ինչո՞ւ։ Քանի որ բոլորս էլ անկատար ենք (Սաղմոս 49։7, 8)։ Փրկանքը պետք է մեկ այլ կատարյալ մարդու կյանք լիներ, այսինքն՝ ունենար նույն արժեքը, ինչ Ադամի կորցրած կյանքը։ Այդ պատճառով էլ այն կոչվում է «համապատասխան փրկանք» (1 Տիմոթեոս 2։6

10. Եհովան ի՞նչ արեց փրկանքը տալու համար։

10 Ի՞նչ արեց Եհովան փրկանքը տալու համար։ Նա երկիր ուղարկեց իր ամենասիրելի Որդուն՝ Հիսուսին, որն իր առաջին ստեղծագործությունն էր (1 Հովհաննես 4։9, 10)։ Նա պատրաստակամորեն համաձայնվեց թողնել իր Հորը և իր երկնային տունը (Փիլիպպեցիներ 2։7)։ Եհովան նրա կյանքը երկնքից տեղափոխեց երկիր, և նա ծնվեց որպես կատարյալ մարդ, այսինքն՝ առանց մեղքի (Ղուկաս 1։35

Եհովան իր սիրելի Որդուն որպես փրկանք տվեց մեզ համար

11. Ինչպե՞ս կարող էր մեկ մարդու կյանքը փրկանք լինել բոլորի համար։

 11 Առաջին մարդ Ադամի անհնազանդության պատճառով բոլոր մարդիկ զրկվեցին կատարյալ կյանքից։ Իսկ հնարավո՞ր էր, որ Ադամի սերունդները ազատվեին մահից մեկ այլ մարդու միջոցով։ Այո՛, հնարավոր էր (կարդա Հռոմեացիներ 5։19)։ Հիսուսը, որը երբեք մեղք չէր գործել, իր կատարյալ կյանքը տվեց որպես փրկանք (1 Կորնթացիներ 15։45)։ Դրա շնորհիվ Ադամի բոլոր սերունդները կարող էին ազատվել մահից (1 Կորնթացիներ 15։21, 22

12. Ինչո՞ւ Հիսուսը պետք է չարչարանքներ կրեր։

12 Աստվածաշնչում կարդում ենք, թե ինչ չարչարանքներ կրեց Հիսուսը նախքան մահանալը։ Նրան մտրակով դաժանորեն ծեծեցին, գամեցին ցցին, և նա մահացավ դանդաղ ու ցավոտ մահով (Հովհաննես 19։1, 16–18, 30)։ Ինչո՞ւ Հիսուսը պետք է այդքան չարչարանքներ կրեր։ Բանն այն է, որ Սատանան ասել էր, թե ոչ մի մարդ ծանր փորձության ժամանակ հավատարիմ չի մնա Եհովային։ Բայց Հիսուսը փաստեց, որ կատարյալ մարդը կարող է հավատարիմ մնալ Աստծուն նույնիսկ դաժան տառապանքների ներքո։ Անկասկած, Եհովան անչափ ուրախ էր՝ տեսնելով իր Որդու հավատարմությունը (Առակներ 27։11, տես Ծանոթագրություն 15

13. Ինչպե՞ս վճարվեց փրկանքը։

13 Ինչպե՞ս վճարվեց փրկանքը։ Ըստ հրեական օրացույցի՝ 33 թ. նիսան ամսի 14-ին Եհովան թույլ տվեց, որ Հիսուսի թշնամիները սպանեն նրան (Եբրայեցիներ 10։10)։ Երեք օր հետո Եհովան Հիսուսին հարություն տվեց, բայց ոչ որպես մարդու, այլ որպես ոգեղեն անձնավորության։ Հետո Հիսուսը վերադարձավ երկինք՝ իր Հոր մոտ, և իր կատարյալ կյանքի արժեքը ներկայացրեց նրան որպես փրկանք։ Այլ կերպ ասած՝ երկրի վրա կատարյալ կյանքով ապրելու իր իրավունքը նա տվեց Աստծուն, որպեսզի Աստված էլ այն տա Ադամի սերունդներին (Եբրայեցիներ  9։24)։ Եհովան ընդունեց այդ փրկանքը, և մենք այժմ հնարավորություն ունենք ազատվելու մեղքից ու մահից (կարդա Հռոմեացիներ 3։23, 24

Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ ԿԱՐՈՂ ԵՍ ՔԱՂԵԼ ՓՐԿԱՆՔԻՑ

14, 15. Ի՞նչ պետք է անենք, որ մեր մեղքերը ներվեն։

14 Աստծու տված մեծագույն նվերը կարող է շատ օգուտներ բերել մեզ այսօր և ապագայում։ Տեսնենք, թե որոնք են դրանք։

15 Մեղքերի ներում։ Ոչ ոքի համար էլ հեշտ չէ միշտ անել այն, ինչ ճիշտ է։ Բոլորս էլ հաճախ ենք սխալվում։ Օրինակ՝ գուցե ասենք կամ անենք սխալ բաներ։ Իսկ ի՞նչ պետք է անենք, որ մեր մեղքերը ներվեն։ Եթե անկեղծորեն զղջանք և Եհովայից խոնարհաբար ներում խնդրենք, կարող ենք վստահ լինել, որ նա կների մեր մեղքերը (Կողոսացիներ 1։13, 14; 1 Հովհաննես 1։8, 9

16. Ի՞նչ պետք է անենք, որ մաքուր խիղճ ունենանք։

16 Մաքուր խիղճ։ Երբ սխալ բան ենք անում, մեր խիղճը սկսում է տանջել։ Գուցե նույնիսկ վհատվենք և մեզ անարժեք զգանք։ Բայց պետք չէ հուսահատվել։ Եհովան ուզում է, որ պատմենք իրեն մեր բոլոր թուլությունների և խնդիրների մասին (Եբրայեցիներ 4։14–16)։ Եթե Եհովայից ներում խնդրենք, նա անպայման կլսի մեզ ու կների (Եբրայեցիներ 9։13, 14)։ Այդպիսով՝ մաքուր խիղճ կունենանք նրա առաջ։

17. Ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ շնորհիվ այն բանի, որ Հիսուսը մահացավ մեզ համար։

17 Հավիտյան ապրելու հույս։ «Մեղքի տված վարձը մահն է, բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմեացիներ 6։23)։ Շնորհիվ այն բանի, որ Հիսուսը մահացավ մեզ համար, մենք հույս ունենք, որ կապրենք հավիտյան և կունենանք կատարյալ առողջություն (Հայտնություն 21։3, 4)։ Բայց ի՞նչ պետք է անենք, որ ստանանք այս օրհնությունները։

 ԳՆԱՀԱՏԱՆՔ ՑՈՒՅՑ ԿՏԱ՞Ս ՓՐԿԱՆՔԻ ՀԱՄԱՐ

18. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան սիրում է մեզ։

18 Սիրտդ, անշուշտ, ջերմանում է, երբ գեղեցիկ նվեր ես ստանում։ Փրկանքը ամենաարժեքավոր նվերն է, որ երբևիցե կարող էինք ստանալ։ Ուստի պետք է շատ շնորհակալ լինենք Եհովային դրա համար։ Հովհաննես 3։16-ում կարդում ենք. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց»։ Այո՛, Եհովան այնքան շատ է սիրում մեզ, որ տվեց իր ամենասիրելի Որդուն՝ Հիսուսին։ Մենք գիտենք, որ Հիսուսն էլ է մեզ շատ սիրում, քանի որ նա պատրաստակամորեն զոհեց իր կյանքը մեզ համար (Հովհաննես 15։13)։ Փրկանքը ապացույց է այն բանի, որ Եհովան և Հիսուսը սիրում են յուրաքանչյուրիս անհատապես (Գաղատացիներ 2։20

Ճանաչելով Եհովային՝ մենք կդառնանք նրա ընկերը, և նրա հանդեպ մեր սերը գնալով կմեծանա

19, 20. ա) Ինչպե՞ս կարող ես դառնալ Եհովայի ընկերը։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք փրկանքը։

19 Հիմա, երբ արդեն գիտես, որ Աստված քեզ շատ է սիրում, թերևս ցանկանաս դառնալ նրա ընկերը։ Բայց ինչպե՞ս կարող ես դա անել։ Դժվար թե սիրես մեկին ու ընկերանաս նրա հետ, եթե նրան չես ճանաչում։ Հովհաննես 17։3-ում ասվում է, որ մենք կարող ենք ճանաչել Եհովային։ Աստծուն ճանաչելով՝ ավելի շատ կսիրես նրան և կցանկանաս նրան հաճելի բաներ անել։ Արդյունքում՝ կդառնաս նրա ընկերը։ Ուստի շարունակիր ուսումնասիրել Աստվածաշունչը և սովորել Եհովայի մասին (1 Հովհաննես 5։3

20 Ցույց տանք մեր գնահատանքը փրկանքի համար։ Աստվածաշունչն ասում է. «Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի» (Հովհաննես 3։36)։ Իսկ ի՞նչ է նշանակում հավատալ Որդուն։ Բավական չէ միայն ասել, թե հավատում ենք Հիսուսին։ Հակոբոս 2։26-ում կարդում ենք, որ «հավատն առանց գործերի մեռած» է։ Մեր հավատը պետք է ցույց տանք գործերով, այսինքն՝ անենք այն, ինչ սովորեցրել է Հիսուսը (Հովհաննես  13։15)։ Այդպես ցույց կտանք, որ գնահատում ենք փրկանքը։

21, 22. ա) Ինչո՞ւ պետք է ամեն տարի ներկա լինենք Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին։ բ) Ի՞նչ կիմանանք 6-րդ և 7-րդ գլուխներից։

21 Ներկա եղիր Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին։ Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց նշել իր մահը։ Նա ցանկանում է, որ միշտ հիշենք, որ ինքը իր կատարյալ կյանքը որպես փրկանք է տվել մեզ համար։ Նա ասաց. «Սա արեք ինձ հիշելու համար» (կարդա Ղուկաս 22։19)։ Ամեն տարի մենք հենց այդպես էլ վարվում ենք։ Տարեկան այդ արարողությունը կոչվում է Հիշատակի երեկո, կամ՝ «Տիրոջ ընթրիք» (1 Կորնթացիներ 11։20; Մատթեոս 26։26–28)։ Հիշատակի երեկոյին ներկա լինելով՝ ցույց կտաս, որ գնահատում ես փրկանքը և այն մեծ սերը, որ Եհովան ու Հիսուսը ցույց են տվել մեր հանդեպ (տես Ծանոթագրություն 16

22 Փրկանքը իսկապես որ մեծագույն նվերն է (2 Կորնթացիներ 9։14, 15)։ Այն կարող է օգուտ բերել նույնիսկ նրանց, ովքեր արդեն մահացել են։ Իսկ թե ինչպես, կիմանանք 6-րդ և 7-րդ գլուխներից։