Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ

 ԳԼՈՒԽ 10

Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում հրեշտակների մասին

Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում հրեշտակների մասին

1. Ինչո՞ւ է կարևոր իմանալ հրեշտակների մասին։

ԵՀՈՎԱՆ ցանկանում է, որ ճանաչենք իր ընտանիքին։ Հրեշտակները Աստծու ընտանիքի մի մասն են։ Աստվածաշնչում նրանք կոչվում են Աստծու որդիներ (Հոբ 38։7)։ Իսկ ի՞նչ են անում հրեշտակները։ Նրանք ինչ-որ կերպ օգնե՞լ են մարդկանց անցյալում, և կարո՞ղ են արդյոք օգնել մեզ այսօր (տես Ծանոթագրություն 8

2. Ինչպե՞ս են առաջ եկել հրեշտակները, և որքա՞ն է նրանց թիվը։

2 Ինչպե՞ս են առաջ եկել հրեշտակները։ Կողոսացիներ 1։16-ից իմանում ենք, որ Հիսուսին ստեղծելուց հետո Եհովան ստեղծեց «մնացած բոլոր բաները երկնքում և երկրի վրա», այդ թվում հրեշտակներին։ Իսկ քանի՞ հրեշտակ է ստեղծել նա։ Աստվածաշունչն ասում է, որ հարյուր միլիոնավոր հրեշտակներ կան (Սաղմոս 103։20; Հայտնություն 5։11

3. Ի՞նչ ենք իմանում հրեշտակների մասին Հոբ 38։4–7 համարներից։

3 Աստվածաշունչը նաև հայտնում է, որ Եհովան հրեշտակներին ստեղծել է երկիրը ստեղծելուց առաջ։ Իսկ ի՞նչ էին զգում նրանք, երբ ստեղծվեց երկիրը։ «Հոբ» գրքում ասվում է, որ նրանք շատ էին ուրախացել։ Այդ ժամանակ հրեշտակները մեկ միասնական ընտանիք էին և միասին ծառայում էին Եհովային (Հոբ 38։4–7

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒ ԾԱՌԱՆԵՐԻՆ

4. Ինչի՞ց ենք իմանում, որ հրեշտակները հետաքրքրված են մարդկանց բարօրությամբ։

4 Հրեշտակները միշտ էլ ցանկացել են օգնել մարդկանց և իմանալ, թե ինչպես է կատարվելու երկրի ու մարդկության հետ կապված Եհովայի նպատակը (Առակներ 8։30, 31;  1 Պետրոս 1։11, 12)։ Անկասկած, նրանք շատ տխրեցին, երբ Ադամն ու Եվան ըմբոստացան Եհովայի դեմ։ Նրանց ավելի է տխրեցնում այն, որ այսօր մարդկանց մեծամասնությունը չի հնազանդվում Եհովային։ Բայց երբ որևէ մեղավոր զղջում է և վերադառնում Աստծու մոտ, հրեշտակները ուրախանում են (Ղուկաս 15։10)։ Նրանք հետաքրքրված են Աստծուն ծառայող մարդկանց բարօրությամբ։ Եվ Եհովան նրանց միջոցով օգնում ու պաշտպանում է երկրի վրա ապրող իր ծառաներին (Եբրայեցիներ 1։7, 14)։ Քննենք մի քանի օրինակ։

«Իմ Աստվածը ուղարկեց իր հրեշտակին ու փակեց առյուծների երախը» (Դանիել 6։22)

5. Ինչպե՞ս են հրեշտակները օգնել Աստծու ծառաներին անցյալում։

 5 Եհովան երկու հրեշտակ ուղարկեց, որ նրանք Ղովտին ու նրա ընտանիքին օգնեն փրկվելու Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանումից (Ծննդոց 19։15, 16)։ Դրանից հարյուրավոր տարիներ հետո Դանիել մարգարեին գցեցին առյուծներով լի փոսը։ Բայց առյուծները նրան չվնասեցին, քանի որ «Աստված ուղարկեց իր հրեշտակին ու փակեց առյուծների երախը» (Դանիել 6։22)։ Իսկ առաջին դարում Եհովայի հրեշտակը բանտից ազատեց Պետրոս առաքյալին (Գործեր 12։6–11)։ Հրեշտակները օգնեցին նաև Հիսուսին, երբ նա երկրի վրա էր։ Օրինակ՝ Աստվածաշնչում կարդում ենք, որ Հիսուսի մկրտությունից հետո «հրեշտակները ծառայում էին նրան» (Մարկոս 1։13)։ Իսկ նրա մահից անմիջապես առաջ մի հրեշտակ «զորացրեց նրան» (Ղուկաս 22։43

6. ա) Որտեղի՞ց գիտենք, որ հրեշտակները մեր օրերում էլ են օգնում Աստծու ծառաներին։ բ) Ո՞ր հարցերի պատասխաններն ենք իմանալու։

6 Մեր օրերում հրեշտակները չեն հայտնվում մարդկանց։ Բայց Աստված շարունակում է նրանց միջոցով օգնել իր ծառաներին։ Աստվածաշունչն ասում է. «Եհովայի հրեշտակը բանակ է դնում նրանից վախեցողների շուրջը և փրկում է նրանց» (Սաղմոս 34։7)։ Ինչո՞ւ է մեզ պետք այդպիսի պաշտպանություն։ Քանի որ մենք ունենք հզոր թշնամիներ, որոնք ցանկանում են վնասել մեզ։ Ովքե՞ր են նրանք, ինչպե՞ս են առաջ եկել և ինչպե՞ս են փորձում վնաս պատճառել մեզ։ Այս հարցերի պատասխաններն իմանալու համար արի տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Ադամի ու Եվայի արարումից կարճ ժամանակ հետո։

ՄԵՐ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

7. Ի՞նչ է կարողացել անել Սատանան։

7 Երրորդ գլխից իմացանք, որ հրեշտակներից մեկը ըմբոստացավ Աստծու դեմ և ցանկացավ իշխել մյուսների վրա։ Աստվածաշունչը նրան կոչում է «Բանսարկու և Սատանա» (Հայտնություն 12։9)։ Սատանան ուզում էր, որ ուրիշներն էլ դեմ դուրս գային Աստծուն։ Նա կարողացավ  խաբել Եվային ու հեռացնել նրան Աստծուց։ Դրանից հետո նրան հաջողվեց մոլորեցնել մարդկանց մեծ մասին։ Բայց որոշ մարդիկ հավատարիմ մնացին։ Նրանցից էին Աբելը, Ենոքը և Նոյը (Եբրայեցիներ 11։4, 5, 7

8. ա) Ինչպե՞ս որոշ հրեշտակներ դարձան դևեր։ բ) Ինչպե՞ս դևերը փրկվեցին Ջրհեղեղից։

8 Նոյի օրերում Սատանան ըմբոստության դրդեց նաև որոշ հրեշտակների։ Նրանք թողեցին իրենց երկնային տունը, մարդկային մարմիններ հագան ու իջան երկիր։ Ինչո՞ւ։ Աստվածաշունչն ասում է, որ նրանք ցանկացան կանայք ունենալ (կարդա Ծննդոց 6։2)։ Սակայն նրանք այդպես վարվելու իրավունք չունեին (Հուդա 6)։ Այդ օրերում ապրող մարդկանց մեծ մասը դարձավ այս չար հրեշտակների պես այլասերված ու դաժան։ Եհովան որոշեց ողջ երկրի վրա ջրհեղեղ բերել ու կործանել չար մարդկանց։ Բայց նա փրկեց իր հավատարիմ ծառաներին (Ծննդոց 7։17, 23)։ Իսկ չար հրեշտակները վերադարձան երկինք ու այդպիսով փրկվեցին։ Աստվածաշունչը այս չար հրեշտակներին անվանում է դևեր։ Նրանք միացան Սատանայի ըմբոստությանը, և Սատանան դարձավ նրանց իշխանը (Մատթեոս 9։34

9. ա) Ի՞նչ եղավ, երբ դևերը վերադարձան երկինք։ բ) Ի՞նչ կիմանանք հաջորդ պարբերություններից։

9 Երբ այդ ըմբոստ հրեշտակները վերադարձան երկինք, Եհովան նրանց չընդունեց իր ընտանիք (2 Պետրոս 2։4)։ Թեև դևերը այլևս չեն կարող մարդկային մարմիններ հագնել, բայց նրանք շարունակում են «մոլորեցնել ողջ երկիրը» (Հայտնություն 12։9; 1 Հովհաննես 5։19)։ Եկ տեսնենք, թե ինչպես է դա նրանց հաջողվում (կարդա 2 Կորնթացիներ 2։11

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԴԵՎԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ

10. Ինչպե՞ս են դևերը մոլորեցնում մարդկանց։

10 Ինչպես որսորդն է տարբեր թակարդներ դնում կենդանիներին բռնելու համար, այնպես էլ դևերն են տարբեր միջոցներ օգտագործում, որ մոլորեցնեն մարդկանց։ Որոշ  մարդիկ փորձում են հաղորդակցվել դևերի հետ կա՛մ անձամբ, կա՛մ էլ ոգեհարցի միջոցով։ Աստվածաշունչը դա կոչում է ոգեհարցություն և հորդորում է հեռու մնալ ցանկացած բանից, ինչը կապ ունի դևերի հետ (Գաղատացիներ 5։19–21)։ Ինչո՞ւ։ Քանի որ դևերը այդ բոլոր միջոցներով խաբում են մարդկանց ու իրենց ազդեցության տակ են պահում նրանց (տես Ծանոթագրություն 26

11. Ի՞նչ է գուշակությունը, և ինչո՞ւ է հարկավոր հեռու մնալ դրանից։

11 Դևերի օգտագործած միջոցներից մեկը գուշակությունն է։ Գուշակությունը այն է, երբ մարդ գերբնական ուժերի միջոցով փորձում է իմանալ ապագայի կամ անհայտ մի բանի մասին։ Օրինակ՝ ոմանք գուշակություն են անում աստղերի, հորոսկոպի, քարտերի, բյուրեղյա գնդի, ձեռքի ափի, սուրճի բաժակի կամ այլ բաների միջոցով, նաև հետևում են ինչ-որ նախանշանների և երազներ են մեկնում։ Շատերը մտածում են, թե նման բաներով զբաղվելը անվնաս է, բայց դա այդպես չէ։ Իրականում, այդ ամենը շատ վտանգավոր է։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ գուշակություն անողները դևերի օգնությամբ են անում դա։ Գործեր 16։16–18-ում կարդում ենք, որ մի «գուշակող դև» օգնում էր մի աղջկա «գուշակություններ անել»։ Երբ Պողոս առաքյալը այդ աղջկան ազատեց դևի ազդեցությունից, աղջիկը կորցրեց ապագան գուշակելու կարողությունը։

12. ա) Մահացածների հետ հաղորդակցվելը ինչո՞ւ է վտանգավոր։ բ) Ինչո՞ւ են Աստծու ծառաները հեռու մնում թաղման հետ կապված որոշ սովորույթներից։

12 Մարդկանց իրենց թակարդը գցելու համար դևերը օգտագործում են նաև մեկ այլ միջոց։ Նրանք այնպես են անում, որ հավատանք, թե մահացածները շարունակում են ապրել ինչ-որ տեղ և կարող են հաղորդակցվել մեզ հետ, օգնել մեզ կամ վնասել։ Օրինակ՝ իրենց հարազատին կամ ընկերոջը կորցրած որոշ մարդիկ դիմում են ոգեհարցների, որոնք ասում են, թե կարող են խոսել մահացածների հետ։ Ոգեհարցը գուցե մահացածի մասին ինչ-որ տեղեկություններ հայտնի, կամ խոսի նրա ձայնով (1 Սամուել 28։3–19 Այդ պատճառով մարդուն գուցե թվա, թե խոսում է մահացածի հետ, բայց իրականում նա խոսում է դևերի հետ։ Թաղման հետ կապված շատ սովորույթներ նույնպես հիմնված են այն հավատալիքի վրա, թե մահացածները շարունակում են ապրել ինչ-որ տեղ։ Դրանցից են, օրինակ, գերեզմանի մոտ սնունդ դնելը, հոգեհացը, մահացածի կողքին արթուն նստելը, մահվան տարեդարձ նշելը։ Այս բոլոր սովորույթների հետևում կանգնած են դևերը։ Ճշմարիտ քրիստոնյաները հեռու են մնում այդ ամենից, ինչի պատճառով նրանց հարազատները կամ հարևանությամբ ապրող մարդիկ գուցե քննադատեն նրանց, վիրավորեն կամ որոշեն չշփվել նրանց հետ։ Բայց Աստծու ծառաները գիտեն, որ մահացածները ոչ մի տեղ չեն շարունակում ապրել, ուստի չեն կարող հաղորդակցվել մեզ հետ, ոչ էլ կարող են օգնել կամ վնասել մեզ (Սաղմոս 115։17)։ Հետևաբար երբեք մի՛ փորձիր հաղորդակցվել մահացածների կամ դևերի հետ և հեռու մնա դևերի հետ կապված սովորույթներից (կարդա 2 Օրենք 18։10, 11; Եսայիա 8։19

13. Դևերից վախեցող շատ մարդիկ ի՞նչ են կարողացել անել։

13 Դևերը ոչ միայն խաբում են մարդկանց, այլև փորձում են վախեցնել նրանց։ Սատանան ու նրա դևերը գիտեն, որ իրենք շատ «քիչ ժամանակ ունեն», և շուտով Աստված վերջ է դնելու իրենց ազդեցությանը, այդ պատճառով հիմա ավելի դաժան ու կատաղի են դարձել (Հայտնություն 12։12, 17)։ Սակայն հազարավոր մարդիկ, ովքեր մի ժամանակ վախենում էին դևերից, կարողացել են ազատվել նրանց ազդեցությունից։ Ինչպե՞ս է դա նրանց հաջողվել։

ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ԴԵՎԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ

14. Ինչպե՞ս կարող ենք, Եփեսոսի քրիստոնյաների պես, ազատվել դևերի ազդեցությունից։

14 Աստվածաշունչը սովորեցնում է, թե ինչպես կարող ենք դիմադրել դևերին և ազատվել նրանց ազդեցությունից։ Եփեսոս քաղաքում ապրող որոշ մարդիկ նախքան ճշմարտությունն իմանալը կապ ունեին դևերի հետ։ Ինչպե՞ս  նրանք կարողացան ազատվել դևերի ազդեցությունից։ Աստվածաշունչն ասում է. «Մոգությամբ զբաղվողներից բավականին թվով մարդիկ իրենց գրքերը մեկտեղ հավաքեցին և ամենքի առաջ այրեցին» (Գործեր 19։19)։ Նրանք ցանկանում էին դառնալ քրիստոնյա, այդ պատճառով ոչնչացրին մոգության հետ կապված իրենց բոլոր գրքերը։ Այսօր էլ հարկավոր է նույն կերպ վարվել։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ծառայել Եհովային, պետք է ազատվեն այն ամենից, ինչը կապ ունի դևերի հետ։ Դրանք կարող են լինել գրքեր, ամսագրեր, հորոսկոպներ, ֆիլմեր, երգեր, խաղեր կամ ցանկացած այլ բան, ինչը անվնաս կամ գրավիչ է ներկայացնում դևերին, մոգությունը և այլ գերբնական բաները։ Դրանց մեջ են մտնում նաև այն բոլոր առարկաները, որոնք մարդիկ օգտագործում են չարից պաշտպանվելու համար (1 Կորնթացիներ 10։21

15. Ուրիշ ի՞նչ է պետք, որ կարողանանք դիմադրել Սատանային ու դևերին։

15 Մի քանի տարի հետո Պողոս առաքյալը Եփեսոսի քրիստոնյաներին գրեց, որ նրանք դեռ պետք է շարունակեն իրենց «պայքարը.... ոգեղեն չար ուժերի դեմ» (Եփեսացիներ 6։12)։ Թեև այդ քրիստոնյաներն արդեն այրել էին իրենց գրքերը, բայց դևերը դեռ փորձում էին վնասել նրանց։ Ուրիշ ի՞նչ պետք է անեին նրանք։ Պողոսը ասաց. «Վերցրեք հավատի մեծ վահանը, որով կկարողանաք հանգցնել Չարի կրակոտ նետերը» (Եփեսացիներ 6։16)։ Ինչպես վահանն է զինվորին պաշտպանում պատերազմի ժամանակ, այնպես էլ հավատը կարող է պաշտպանել մեզ։ Եթե լիովին վստահ լինենք, որ Եհովան կարող է պաշտպանել մեզ, կկարողանանք դիմադրել Սատանային ու դևերին (Մատթեոս 17։20

16. Ինչպե՞ս կարող ենք ամրացնել Եհովայի հանդեպ մեր հավատը։

16 Ինչպե՞ս կարող ենք ամրացնել Եհովայի հանդեպ մեր հավատը։ Պետք է ամեն օր կարդանք Աստվածաշունչը և սովորենք միշտ մեր հույսը դնել Եհովայի վրա՝ վստահ լինելով,  որ նա մեզ կպաշտպանի։ Եթե ամուր հավատ ունենանք Եհովայի հանդեպ, Սատանան ու դևերը չեն կարողանա վնասել մեզ (1 Հովհաննես 5։5

17. Ուրիշ ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել դևերից։

17 Պողոսը Եփեսոսի քրիստոնյաներին հորդորեց մի բան էլ անել։ Քանի որ նրանք ապրում էին մի քաղաքում, որտեղ տարածված էր ոգեհարցությունը, Պողոսը նրանց ասաց. «Շարունակեք ամեն առիթով աղոթել» (Եփեսացիներ 6։18)։ Նրանք պետք է ամեն ժամանակ խնդրեին Եհովային, որ պաշտպաներ իրենց։ Մենք էլ ենք ապրում մի աշխարհում, որտեղ ոգեհարցությունը լայնորեն տարածված է։ Ուստի մենք էլ պետք է Եհովային խնդրենք, որ պաշտպանի մեզ, և աղոթելիս պետք է օգտագործենք նրա անունը (կարդա Առակներ 18։10)։ Եթե Եհովային շարունակ խնդրենք, որ ազատի մեզ Սատանայից, նա կպատասխանի մեր աղոթքներին (Սաղմոս 145։19; Մատթեոս 6։13

18, 19. ա) Ինչպե՞ս կարող ենք հաղթել Սատանայի ու դևերի դեմ պայքարում։ բ) Ի՞նչ հարց կքննարկվի հաջորդ գլխում։

18 Այսպիսով՝ եթե ձերբազատվենք ոգեհարցության հետ կապված ամեն ինչից, ամբողջ սրտով վստահենք Եհովային և աղոթենք նրան, որ պաշտպանի մեզ, կկարողանանք դիմադրել Սատանային ու դևերին։ Պետք չէ վախենալ նրանցից (կարդա Հակոբոս 4։7, 8)։ Եհովան շատ ավելի զորեղ է, քան դևերը։ Նոյի օրերում նա պատժեց նրանց, իսկ ապագայում մեկընդմիշտ կվերացնի (Հուդա 6)։ Հիշիր, որ Սատանայի ու դևերի դեմ պայքարում մենք մենակ չենք։ Եհովան իր հրեշտակների միջոցով պաշտպանում է մեզ (2 Թագավորներ 6։15–17)։ Եհովայի օգնությամբ մենք անկասկած կկարողանանք հաղթել Սատանայի ու դևերի դեմ պայքարում (1 Պետրոս 5։6, 7; 2 Պետրոս 2։9

19 Բայց եթե Սատանան ու դևերը այդքան ցավ ու տառապանք են պատճառում մարդկանց, ինչո՞ւ Աստված մինչև հիմա չի վերացրել նրանց։ Այս հարցի պատասխանը կտրվի հաջորդ գլխում։

Իմացիր ավելին

ՄՆԱ ԱՍՏԾՈՒ ՍԻՐՈ ՄԵՋ

Պաշտպանվիր Սատանայի նենգություններից

Գիտենք, որ Սատանան զորեղ է, սակայն դա չի սարսափեցնում մեզ։ Ինչո՞ւ։