Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ

 ԳԼՈՒԽ 18

Նվիրում և մկրտություն

Նվիրում և մկրտություն

1. Ինչի՞ մասին գուցե մտածես։

ԱՅՍ գիրքն ուսումնասիրելով՝ դու աստվածաշնչյան մի շարք ճշմարտություններ իմացար, օրինակ՝ այն, որ Աստված հավիտենական կյանք է խոստանում մարդկանց։ Իմացար նաև հարության հույսի և մահացածների վիճակի մասին (Ժողովող 9։5; Ղուկաս 23։43; Հովհաննես 5։28, 29; Հայտնություն 21։3, 4)։ Հավանաբար, արդեն հաճախում ես Եհովայի վկաների հանդիպումներին և համոզվել ես, որ նրանք են երկրպագում Աստծուն ճիշտ ձևով (Հովհաննես 13։35)։ Ինչպես նաև սկսել ես մտերմանալ Եհովայի հետ և ցանկանում ես ծառայել նրան։ Այդ դեպքում գուցե մտածես. «Ի՞նչ պետք է անեմ, որ սկսեմ ծառայել Աստծուն»։

2. Ինչո՞ւ եթովպացին ցանկացավ մկրտվել։

 2 Նույն բանն էր մտածում եթովպացի մի մարդ, որն ապրել է Հիսուսի ժամանակներում։ Հիսուսի հարությունից մի որոշ ժամանակ հետո նրա աշակերտներից մեկը՝ Փիլիպոսը, քարոզեց այս մարդուն։ Փիլիպոսը Սուրբ Գրքերի օգնությամբ բացատրեց եթովպացուն, որ Հիսուսն է Մեսիան։ Այդ մարդն այնքան տպավորվեց իր սովորածով, որ անմիջապես ասաց. «Ահա ջուր, ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ» (Գործեր 8։26–36

3. ա) Ի՞նչ պատվիրեց Հիսուսն իր հետևորդներին։ բ) Ինչպե՞ս պետք է անհատը մկրտվի։

3 Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ այն անհատը, ով ցանկանում է ծառայել Եհովային, պետք է մկրտվի։ Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց. «Բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով» (Մատթեոս 28։19)։ Բացի այդ՝ Հիսուսն ինքը մկրտվեց՝ օրինակ թողնելով մեզ։ Մկրտվելիս նա ամբողջությամբ ընկղմվեց ջրի մեջ, ոչ թե նրա գլխին պարզապես ջուր ցանեցին (Մատթեոս 3։16)։ Հետևաբար այսօր էլ, երբ անհատը մկրտվում է, պետք է ամբողջությամբ ընկղմվի ջրի մեջ։

4. Ի՞նչ ենք ցույց տալիս, երբ մկրտվում ենք։

4 Մկրտվելով՝ մեր շրջապատի մարդկանց ցույց ենք տալիս, որ իսկապես ցանկանում ենք լինել Աստծու ընկերը և ծառայել նրան (Սաղմոս 40։7, 8)։ Իսկ ի՞նչ է հարկավոր մկրտվելու համար։

ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՒՆԵՆԱԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀԱՎԱՏ

5. ա) Նախևառաջ ի՞նչ պետք է անես, որ կարողանաս մկրտվել։ բ) Ինչո՞ւ են ժողովի հանդիպումները կարևոր։

5 Որպեսզի կարողանաս մկրտվել, նախևառաջ պետք է ճանաչես Եհովային և Հիսուսին։ Դու արդեն սկսել ես անել դա՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը (կարդա Հովհաննես 17։3)։ Բայց այդքանը դեռ բավական չէ։  Դու պետք է ավելի խոր գիտելիքներ ձեռք բերես։ Աստվածաշունչն ասում է, որ մարդ պետք է «լցվի [Եհովայի] կամքի մասին ճշգրիտ գիտելիքներով» (Կողոսացիներ 1։9Եհովայի վկաների հանդիպումները կօգնեն քեզ, որ ավելի լավ ճանաչես Եհովային։ Ահա թե ինչու է շատ կարևոր միշտ հաճախել այս հանդիպումներին (Եբրայեցիներ 10։24, 25

Նախքան մկրտվելը հարկավոր է ուսումնասիրել Աստվածաշունչը

6. Աստվածաշնչից ի՞նչ պետք է իմանաս, որպեսզի կարողանաս մկրտվել։

6 Ինչ խոսք, Եհովան չի պահանջում, որ նախքան մկրտվելը դու ամբողջությամբ իմանաս Աստվածաշունչը։ Եթովպացին էլ ամեն բան չգիտեր Աստվածաշնչից, բայց Աստված թույլ տվեց նրան մկրտվել (Գործեր 8։30, 31)։ Մենք հավիտյան շարունակելու ենք սովորել Եհովայի մասին (Ժողովող 3։11)։ Բայց նախքան մկրտվելը կարևոր է, որ իմանաս Աստվածաշնչի հիմնական ուսմունքները (Եբրայեցիներ 5։12

7. Աստվածաշունչ ուսումնասիրելը ինչպե՞ս է օգնել քեզ։

7 Աստվածաշնչում ասվում է. «Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն» (Եբրայեցիներ 11։6)։ Հետևաբար մկրտվելու համար պետք է հավատ ունենանք։ Աստվածաշնչից իմանում ենք, որ հին Կորնթոս քաղաքում ապրող որոշ մարդիկ, լսելով Հիսուսի հետևորդների քարոզած լուրը, «հավատացին ու մկրտվեցին» (Գործեր 18։8)։ Այդպես էլ դու, Աստվածաշունչն ուսումնասիրելով, սկսել ես հավատալ Աստծու խոստումներին, ինչպես նաև այն բանին, որ Հիսուսի տված զոհը կարող է փրկել մեզ մեղքից ու մահից (Հեսու 23։14; Գործեր 4։12; 2 Տիմոթեոս 3։16, 17

ՔՈ ՍՈՎՈՐԱԾԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԻՐ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

8. Ի՞նչը կմղի քեզ ուրիշներին պատմելու քո սովորածը։

8 Որքան շատ բան սովորես Աստվածաշնչից և տեսնես, թե ինչպես է այն օգնում քեզ կյանքում, այնքան  հավատդ կմեծանա։ Դա կմղի քեզ, որ ուրիշներին էլ պատմես այն մասին, ինչ սովորել ես (Երեմիա 20։9; 2 Կորնթացիներ 4։13)։ Իսկ ո՞ւմ կարող ես պատմել։

Հավատը կմղի քեզ պատմելու ուրիշներին քո սովորածը

9, 10. ա) Ո՞ւմ գուցե սկսես պատմել քո սովորած բաների մասին։ բ) Ի՞նչ պետք է անես, եթե ցանկանում ես ժողովի հետ մասնակցել քարոզչական գործին։

9 Գուցե սկսես քո սովորած բաների մասին պատմել ընտանիքիդ անդամներին, ընկերներիդ, հարևաններիդ կամ աշխատակիցներիդ։ Բայց հիշիր, որ դա հարկավոր է անել նրբանկատ ու սիրալիր կերպով։ Ժամանակի ընթացքում թերևս ցանկանաս քարոզել նաև ժողովի անդամների հետ։ Երբ զգաս, որ պատրաստ ես դա անելու, կարող ես այդ մասին ասել այն Վկային, ում օգնությամբ Աստվածաշունչ ես ուսումնասիրում։ Եթե նա էլ է կարծում, որ դու պատրաստ ես դրան և արդեն ապրում ես Աստվածաշնչի չափանիշների համաձայն, ապա դուք երկուսով կհանդիպեք երկու երեցի հետ։

10 Իսկ ի՞նչ տեղի կունենա այդ հանդիպման ժամանակ։ Երեցները կզրուցեն քեզ հետ, որպեսզի տեսնեն, թե արդյոք հասկանում ես Աստվածաշնչի հիմնական ուսմունքները և հավատում ես դրանց, նաև ապրում ես աստվածաշնչյան սկզբունքներով և իրոք ցանկանում ես դառնալ Եհովայի վկա։ Մի՛ վախեցիր զրուցել երեցների հետ, քանի որ նրանք հոգ են տանում ժողովի բոլոր անդամների մասին, այդ թվում քո (Գործեր 20։28; 1 Պետրոս 5։2, 3)։ Եթե նրանք տեսնեն, որ դու պատրաստ ես ժողովի հետ մասնակցելու քարոզչական գործին, քեզ կտեղեկացնեն այդ մասին։

11. Ինչո՞ւ է շատ կարևոր փոփոխություններ անել նախքան ժողովի հետ քարոզելը։

11 Բայց հնարավոր է՝ երեցները ասեն, որ դու որոշ փոփոխություններ անելու կարիք ունես։ Շատ կարևոր է, որ կատարես այդ փոփոխությունները։ Ինչո՞ւ։ Երբ քարոզում ենք մարդկանց, մենք ներկայացնում ենք Եհովային, ուստի  պետք է ապրենք այնպիսի կյանքով, որը փառք կբերի նրան (1 Կորնթացիներ 6։9, 10; Գաղատացիներ 5։19–21

ԶՂՋԱ ԵՎ ԴԱՐՁԻ ԵԿ

12. Ինչո՞ւ բոլոր մարդիկ զղջալու կարիք ունեն։

12 Ուրիշ բան էլ կա, որ պետք է անես նախքան մկրտվելը։ Պետրոս առաքյալն ասաց. «Զղջացե՛ք և դարձի՛ եկեք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն» (Գործեր 3։19)։ Ի՞նչ է նշանակում զղջալ։ Զղջալ նշանակում է շատ ափսոսալ արած սխալի համար։ Օրինակ՝ մարդ պետք է զղջա, եթե անբարո կյանքով է ապրել։ Բայց նույնիսկ եթե նա իր ողջ կյանքում ձգտել է ամեն ինչ ճիշտ անել, միևնույնն է, կարիք ունի զղջալու, քանի որ բոլորս էլ մեղավոր ենք և պետք է Աստծուց ներում խնդրենք (Հռոմեացիներ 3։23; 5։12

13. Ի՞նչ է նշանակում դարձի գալ։

13 Բայց միայն զղջալը բավական չէ։ Պետրոսը նաև ասաց, որ հարկավոր է «դարձի գալ»։ Սա նշանակում է, որ եթե նախկինում ինչ-որ բան սխալ ես արել, ապա չպետք է այլևս այդպես վարվես և պետք է սկսես անել այն, ինչ ճիշտ է։ Պատկերացրու՝ ինչ-որ տեղ ես գնում, որտեղ նախկինում երբեք չես եղել։ Բայց ճանապարհին պարզում ես, որ սխալ ուղղությամբ ես գնում։ Ի՞նչ կանես։ Անկասկած, կդանդաղեցնես ընթացքդ, կանգ կառնես, ապա կշրջվես և կսկսես գնալ ճիշտ ուղղությամբ։ Նմանապես, Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ գուցե տեսնես, որ որոշ բաներ սխալ ես անում կամ որոշ վատ սովորություններ ունես։ Այդ դեպքում «դարձի եկ», այսինքն՝ արա անհրաժեշտ փոփոխությունները և սկսիր ապրել ճիշտ կյանքով։

ՆՎԻՐՎԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ

Նվիրվե՞լ ես Եհովային ու խոստացե՞լ ես ծառայել նրան

14. Ինչպե՞ս կարող ես նվիրվել Եհովային։

14 Մյուս կարևոր քայլը, որ անհրաժեշտ է անել նախքան  մկրտությունը, Եհովային նվիրվելն է։ Եհովային նվիրվելու համար դու պետք է հատուկ աղոթքով դիմես նրան ու խոստանաս, որ միայն նրան ես երկրպագելու, և որ նրա կամքը կատարելը դառնալու է ամենակարևոր բանը քո կյանքում (2 Օրենք 6։15

15, 16. Ի՞նչն է մարդուն մղում նվիրվելու Եհովային։

15 Եհովային հավատարմորեն ծառայելու խոստում տալը նման է այն բանին, որ մարդ իր սիրած անձնավորությանը խոստանում է իր ողջ կյանքն ապրել նրա հետ։ Պատկերացնենք օրինակով. տղան մտերմություն է անում աղջկա հետ։ Եվ երբ նրան ավելի լավ է ճանաչում, սկսում է ողջ սրտով սիրել նրան ու ցանկանում է ամուսնանալ նրա հետ։ Թեև դա շատ լուրջ որոշում է, բայց տղան պատրաստ է կատարել այդ քայլը, քանի որ շատ է սիրում աղջկան։

16 Այդպես էլ Եհովայի հետ փոխհարաբերություններն են։ Երբ ավելի լավ ես ճանաչում Եհովային, սկսում ես սիրել նրան և ուզում ես ողջ ուժով ծառայել։ Ուստի աղոթքով դիմում ես նրան ու խոստանում, որ հավատարմորեն կծառայես։ Եհովային հավատարմորեն ծառայելու հարցում մեզ համար հիանալի օրինակ է Հիսուսը։ Աստվածաշնչում ասվում է, որ նա, ով ուզում է հետևել Հիսուսին, պետք է իր «անձը ուրանա» (Մարկոս 8։34)։ Դա նշանակում է, որ Եհովային հնազանդվելը պետք է ամենակարևոր բանը դառնա քո կյանքում։ Քեզ համար պետք է ավելի կարևոր լինի այն, ինչ Եհովան է ուզում, ոչ թե քո ցանկություններն ու նպատակները (կարդա 1 Պետրոս 4։2

ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՀԵԼ ԽՈՍՏՈՒՄԴ

17. Ինչո՞ւ ոմանք չեն նվիրվում Եհովային։

17 Որոշ մարդիկ չեն նվիրվում Եհովային, քանի որ վախենում են, որ չեն կարող պահել նրան հավատարմորեն  ծառայելու իրենց խոստումը։ Նրանք չեն ցանկանում հիասթափեցնել Աստծուն։ Կամ էլ գուցե մտածում են, որ քանի դեռ չեն նվիրվել Եհովային, ապա նա իրենց պատասխանատվության չի կանչի իրենց արածների համար։

18. Ի՞նչը կօգնի, որ չափից շատ չանհանգստանաս, թե կհիասթափեցնես Եհովային։

18 Եհովայի հանդեպ սերը կօգնի, որ չափից շատ չանհանգստանաս, թե կհիասթափեցնես նրան։ Եթե սիրում ես Աստծուն, ամեն ջանք կթափես, որ պահես նրան տված խոստումդ (Ժողովող 5։4; Կողոսացիներ 1։10)։ Դու չես մտածի, թե Եհովայի ասածներն անելը չափազանց դժվար է։ Հովհաննես առաքյալը գրեց. «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5։3

19. Ինչո՞ւ չպետք է վախենաս նվիրվել Եհովային։

19 Եհովային նվիրվելու համար պետք չէ կատարյալ լինել։ Նա երբեք մեզանից չի պահանջում ավելին, քան կարող ենք անել (Սաղմոս 103։14)։ Ուստի մի՛ վախեցիր, Եհովան կօգնի, որ ճիշտն անես (Եսայիա 41։10)։ Ամբողջ սրտով վստահիր նրան, և «նա կուղղի քո շավիղները» (Առակներ 3։5, 6

«ՀՐԱՊԱՐԱԿՈՐԵՆ ՀՌՉԱԿԻՐ» ՀԱՎԱՏԴ

20. Եհովային նվիրվելուց հետո ո՞րն է հաջորդ քայլը։

20 Այսպիսով՝ պատրա՞ստ ես կյանքդ նվիրել Եհովային։ Նվիրվելուց հետո կարող ես կատարել հաջորդ քայլը՝ մկրտվել։

21, 22. Ինչպե՞ս կարող ես «հրապարակորեն հռչակել» հավատդ։

21 Եթե արդեն նվիրվել ես Եհովային ու ցանկանում ես մկրտվել, այդ մասին տեղեկացրու ձեր ժողովի երեցների խորհրդի կոորդինատորին։ Նա հոգ կտանի, որ մի քանի երեցներ քեզ հետ քննարկեն Աստվածաշնչի  հիմնական ուսմունքները։ Եթե նրանք տեսնեն, որ դու իսկապես պատրաստ ես մկրտվելու, կասեն քեզ այդ մասին, և դու կկարողանաս մկրտվել Եհովայի վկաների գալիք համաժողովին։ Համաժողովի ընթացքում կհնչի ելույթ, որի ժամանակ եղբայրը կխոսի մկրտության նշանակության  մասին։ Հետո նա մկրտվել ցանկացողներին կտա երկու պարզ հարց։ Այդ հարցերին պատասխանելով՝ դու «հրապարակորեն կհռչակես» քո հավատը (Հռոմեացիներ 10։10

22 Դրանից հետո արդեն կարող ես մկրտվել։ Մկրտության ժամանակ քեզ ամբողջովին կընկղմեն ջրի մեջ։  Մկրտվելով՝ դու բոլորին ցույց կտաս, որ նվիրվել ես Եհովային և դառնում ես Եհովայի վկա։

Ի՞ՆՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

23. Ի՞նչ է նշանակում մկրտվել «Հոր, Որդու և սուրբ ոգու անունով»։

23 Հիսուսն ասաց, որ իր աշակերտները պետք է մկրտվեն «Հոր, Որդու և սուրբ ոգու անունով» (կարդա Մատթեոս 28։19)։ Դա նշանակում է, որ մկրտվողը պետք է ընդունի Եհովայի իշխանությունը, հասկանա, թե ինչ դեր ունի Հիսուսը Եհովայի նպատակների մեջ, և թե ինչպես է Աստված օգտագործում իր սուրբ ոգին իր կամքն իրագործելու համար (Սաղմոս 83։18; Մատթեոս 28։18; Գաղատացիներ 5։22, 23; 2 Պետրոս 1։21

Մկրտվելով՝ ցույց ես տալիս, որ ուզում ես կատարել Աստծու կամքը

24, 25. ա) Ի՞նչ է ցույց տալիս մկրտությունը։ բ) Ի՞նչ կիմանանք վերջին գլխից։

24 Մկրտությունը շատ կարևոր նշանակություն ունի։ Երբ ընկղմվում ես ջրի մեջ, դրանով ցույց ես տալիս, որ անցյալում ես թողնում քո հին կյանքը։ Եվ երբ դուրս ես գալիս ջրից, սկսում ես նոր կյանք, որ կատարես Աստծու կամքը։ Այդուհետ դու ծառայելու ես Եհովային։ Կարևոր է հիշել, որ դու չես նվիրվել որևէ մարդու, կազմակերպության կամ աշխատանքի, այլ կյանքդ նվիրել ես Եհովային։

25 Նվիրվելով Եհովային ու մկրտվելով՝ դու ավելի կմտերմանաս նրա հետ (Սաղմոս 25։14)։ Սակայն փրկվելու համար միայն մկրտվելը բավարար չէ։ Պողոս առաքյալը գրեց. «Շարունակեք ձգտել վախով ու դողով հասնելու ձեր փրկությանը» (Փիլիպպեցիներ 2։12)։ Մկրտությունը փրկության հասնելու միայն առաջին քայլն է։ Դրանից հետո հարկավոր է պահպանել Եհովայի հետ մտերմությունը։ Իսկ թե ինչպես, կիմանանք այս գրքի վերջին գլխից։