Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ

1 ԵՀՈՎԱ

Աստծու անունը Եհովա է։ Այն նշանակում է «նա դարձնում է»։ Եհովան Ամենակարող Աստվածն է և ամեն բան ստեղծողը։ Նա շատ զորեղ է և կարող է իրականացնել այն ամենը, ինչ որոշել է։

Հին եբրայերենում Աստծու անունը գրվում էր չորս տառով։ Հայերենում դրանց համապատասխան տառերն են՝ ՅՀՎՀ։ Աստվածաշնչի՝ եբրայերեն բնագիր տեքստում Աստծու անունը հանդիպում է մոտ 7 000 անգամ։ Ամբողջ աշխարհում մարդիկ օգտագործում են Եհովա անվան տարբեր ձևերը և այն արտասանում են այնպես, ինչպես ընդունված է իրենց լեզվում։

Գլ. 1, պրբ. 15

2 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ «ՆԵՐՇՆՉՎԱԾ Է ԱՍՏԾՈՒՑ»

Թեև Աստվածաշունչը գրի առնողները մարդիկ են եղել, բայց դրա հեղինակը Աստված է։ Դա նման է այն բանին, որ տնօրենը քարտուղարին հանձնարարում է նամակ գրել և դրանում գրի առնել իր մտքերը։ Աստված իր սուրբ ոգու միջոցով առաջնորդել է Աստվածաշունչը գրողներին, որ նրանք գրի առնեն իր մտքերը։ Աստծու ոգին տարբեր կերպերով է առաջնորդել նրանց։ Օրինակ՝ երբեմն նրանք տեսիլքներ կամ երազներ են տեսել, որոնք հետո գրի են առել։

Գլ. 2, պրբ. 5

3 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Սկզբունքները Աստվածաշնչում գրված հիմնական ճշմարտություններ են, որոնք օգնում են ճիշտ որոշումներ կայացնել։ Օրինակ՝ «վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» սկզբունքը սովորեցնում է, որ այն մարդիկ, ում հետ ընկերություն ենք անում, կարող են մեզ վրա ազդեցություն թողնել (1 Կորնթացիներ 15։33)։ Իսկ «մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» սկզբունքը սովորեցնում է, որ չենք կարող խուսափել մեր արարքների հետևանքներից (Գաղատացիներ 6։7

Գլ. 2, պրբ. 12

  4 ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ

Մարգարեությունը Աստծուց տրված տեղեկություն է, որի միջոցով նա հայտնում է իր կամքը, սովորեցնում բարոյական չափանիշներ, պատվիրան տալիս կամ հայտնում իր դատավճիռները։ Դա նաև կարող է լինել տեղեկություն ապագայում կատարվելիք ինչ-որ բանի մասին։ Աստվածաշնչում կան շատ մարգարեություններ, որոնք արդեն կատարվել են։

Գլ. 2, պրբ. 13

5 ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Հիսուսն էր այն անձնավորությունը, ում վրա կատարվեցին Մեսիայի մասին գրված բազմաթիվ մարգարեությունները (տես « Մարգարեություններ Մեսիայի մասին» շրջանակը)։

Գլ. 2, պրբ. 17, տողատակի ծանոթագրություն

6 ԵՀՈՎԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՐԿՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Եհովան երկիրը ստեղծել է, որ այն լինի դրախտային մի վայր, և այնտեղ բնակվեն իրեն սիրող մարդիկ։ Նրա նպատակը չի փոխվել։ Շուտով Աստված կվերացնի չարությունը և մարդկանց կտա հավիտենական կյանք։

Գլ. 3, պրբ. 1

7 ԲԱՆՍԱՐԿՈՒ ՍԱՏԱՆԱ

Սատանան Աստծու հրեշտակներից էր, որն ըմբոստացավ Աստծու դեմ և ուրիշներին էլ դրդեց այդ քայլին։ Նա կոչվում է Սատանա, այսինքն՝ «հակառակորդ», քանի որ հակառակվում է Եհովային։ Նա նաև կոչվում է Բանսարկու, այսինքն՝ «զրպարտիչ», քանի որ Աստծու մասին ստեր է տարածում և խաբում մարդկանց։

Գլ. 3, պրբ. 4

  8 ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

Եհովան հրեշտակներին ստեղծել է երկիրը ստեղծելուց դեռ շատ առաջ։ Նրանք ստեղծված էին երկնքում ապրելու համար։ Աստվածաշնչից իմանում ենք, որ հարյուր միլիոնից ավելի հրեշտակներ կան (Դանիել 7։10)։ Նրանք տարբեր անհատականություններ են, և ամեն մեկն ունի իր անունը։ Հավատարիմ հրեշտակները խոնարհ են և չեն ցանկանում, որ մարդիկ երկրպագեն իրենց։ Նրանք տարբեր դիրքեր ունեն և տարբեր հանձնարարություններ են կատարում, օրինակ՝ ծառայում են Եհովայի գահի առաջ, հաղորդում են նրա պատգամները, պաշտպանում և առաջնորդում են Աստծու ծառաներին, իրագործում են նրա դատավճիռները, թիկունք են կանգնում քարոզչական գործին (Սաղմոս 34։7; Հայտնություն 14։6; 22։8, 9)։ Ապագայում՝ Արմագեդոնի ժամանակ, նրանք կպատերազմեն Հիսուսի գլխավորությամբ (Հայտնություն 16։14, 16; 19։14, 15

Գլ. 3, պրբ. 5; գլ. 10, պրբ. 1

9 ՄԵՂՔ

Եհովային տհաճ կամ նրա կամքին դեմ ցանկացած բան, որ զգում, մտածում կամ անում ենք, մեղք է։ Մեղքը վնասում է Աստծու հետ ունեցած մեր փոխհարաբերությունները, այդ պատճառով Աստված մեզ տվել է օրենքներ ու սկզբունքներ, որոնք օգնում են խուսափել գիտակցաբար մեղք գործելուց։ Եհովան ամեն բան, այդ թվում Ադամին ու Եվային, կատարյալ էր ստեղծել։ Բայց երբ նրանք դեմ գնացին Աստծուն ու չհնազանդվեցին նրան, մեղավոր դարձան ու կորցրին իրենց կատարելությունը։ Դրա հետևանքով նրանք ծերացան ու մահացան։ Եվ քանի որ նրանցից մեղք ենք ժառանգել, մենք էլ ենք ծերանում և մահանում։

Գլ. 3, պրբ. 7; գլ. 5, պրբ. 3

10 ԱՐՄԱԳԵԴՈՆ

Դա Աստծու պատերազմն է, որի միջոցով նա կործանելու է Սատանայի այս չար աշխարհը և երկրի վրայից վերացնելու է չարությունը։

Գլ. 3, պրբ. 13; գլ. 8, պրբ. 18

 11 ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Դա մի կառավարություն է, որը Եհովան հաստատել է երկնքում։ Այդ Թագավորության Թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Ապագայում Եհովան այդ կառավարության միջոցով կվերացնի չարությունը։ Աստծու Թագավորությունը կսկսի ղեկավարել ողջ երկիրը։

Գլ. 3, պրբ. 14

12 ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

Աստված նախքան ամեն բան ստեղծելը Հիսուսին է ստեղծել։ Եհովան նրան ուղարկեց երկիր, որ նա մահանա բոլոր մարդկանց համար։ Հետո Եհովան հարություն տվեց Հիսուսին։ Այժմ Հիսուսը երկնքում իշխում է որպես Աստծու Թագավորության Թագավոր։

Գլ. 4, պրբ. 2

13 70 ՇԱԲԱԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ

Աստվածաշնչում մարգարեացվել էր, թե երբ էր հայտնվելու Մեսիան։ Նա հայտնվելու էր մի ժամանակահատվածի վերջում, որը կոչվում է 69 շաբաթ։ Այդ ժամանակահատվածը սկսվեց մ. թ. ա. 455 թ.-ին և ավարտվեց մ. թ. 29 թ.-ին։

Իսկ որտեղի՞ց գիտենք, որ այն ավարտվեց հենց մ. թ. 29 թ.-ին։ Ինչպես նշվեց, 69 շաբաթները սկսվեցին մ. թ. ա. 455 թ.-ին՝ այն նույն տարում, երբ Նեեմիան եկավ Երուսաղեմ և սկսեց վերակառուցել ավերված քաղաքը (Դանիել 9։25; Նեեմիա 2։1, 5–8)։ «Շաբաթ» ասելով՝ հասկանում ենք յոթ օր, բայց այս մարգարեության մեջ շաբաթները բաղկացած են ոչ թե յոթ օրից, այլ յոթ տարուց։ Սա ներդաշնակ է աստվածաշնչյան մարգարեությունում օգտագործվող հետևյալ սկզբունքի հետ՝ «մեկ օրվա տեղ՝ մեկ տարի» (Թվեր 14։34; Եզեկիել 4։6)։ Այսպիսով՝ եթե մեկ շաբաթը յոթ տարի է, ուրեմն 69 շաբաթը 483 տարի է (69 x 7)։ Եվ եթե մ. թ. ա. 455 թ.-ից հաշվենք 483 տարի, կհասնենք մ. թ. 29 թ.։ Հենց այդ տարի Հիսուսը մկրտվեց և դարձավ Մեսիա (Ղուկաս 3։1, 2, 21, 22

 Այս մարգարեության մեջ խոսվում է նաև մեկ այլ շաբաթի, այսինքն՝ ևս յոթ տարվա մասին։ Այդ ժամանակահատվածի ընթացքում՝ մ. թ. 33 թ.-ին, Մեսիան սպանվելու էր, իսկ դրա ավարտին՝ մ. թ. 36 .թ.-ին, Աստծու Թագավորության մասին բարի լուրը սկսելու էր քարոզվել բոլոր ազգերին, ոչ թե միայն հրեաներին (Դանիել 9։24–27

Գլ. 4, պրբ. 7

 14 ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Աստվածաշունչը սովորեցնում է, որ Եհովա Աստված Ստեղծիչն է, և որ նա մնացած բաները ստեղծելուց առաջ ստեղծել է Հիսուսին (Կողոսացիներ 1։15, 16Հիսուսը Ամենակարող Աստվածը չէ։ Նա երբեք չի ասել, թե հավասար է Աստծուն, այլ ասել է. «Հայրը մեծ է ինձանից» (Հովհաննես 14։28; 1 Կորնթացիներ 15։28)։ Բայց որոշ կրոններ մարդկանց սովորեցնում են, թե Աստված Երրորդություն է, այսինքն՝ ասում են, թե Աստծու մեջ երեք անձ կա՝ Հայրը, Որդին, և սուրբ ոգին։ Սակայն Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում, և այնտեղ «երրորդություն» բառ չկա։ Դա սուտ ուսմունք է։

Սուրբ ոգին Աստծու գործուն ուժն է, այսինքն՝ այն ուժը, որը նա գործի է դնում իր կամքը իրականացնելու համար։ Սուրբ ոգին անձ չէ։ Օրինակ՝ Աստվածաշնչում ասվում է, որ առաջին դարի քրիստոնյաները «սուրբ ոգով լցվեցին»։ Այնտեղ նաև կարդում ենք, որ Եհովան ասել է. «Ես իմ ոգուց կթափեմ ամեն տեսակ մարմնի վրա» (Գործեր 2։1–4, 17

Գլ. 4, պրբ. 12; գլ. 15, պրբ. 17

15 ԽԱՉ

Ինչո՞ւ քրիստոնյաները Աստծուն երկրպագելիս խաչ չեն օգտագործում։

  1. Խաչը երկար ժամանակ օգտագործվել է կեղծ կրոններում։ Հին ժամանակներում այն օգտագործվել է բնության պաշտամունքի և պտղաբերության ծեսերի մեջ։ Հիսուսի մահից հետո մոտ 300 տարի շարունակ քրիստոնյաները իրենց երկրպագության մեջ խաչ չեն օգտագործել։ Խաչը քրիստոնեության խորհրդանիշ է դարձրել Հռոմի կայսր Կոստանդինը։ Այն սկսեցին օգտագործել քրիստոնեության մեջ, որպեսզի մարդիկ ավելի հեշտությամբ ընդունեին այդ կրոնը։ Սակայն խաչը ոչ մի կապ չուներ Հիսուս Քրիստոսի հետ։ «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» ասվում է. «Խաչը հանդիպում է նախաքրիստոնեական և ոչ քրիստոնեական մշակույթներում» (New Catholic Encyclopedia)։

  2. Հիսուսը խաչի վրա չի մահացել։ «Խաչ» թարգմանված հունարեն բառերը հիմնականում նշանակում են «ուղղահայաց  ցից», «գերան» կամ «ծառ»։ Աստվածաշնչի մի թարգմանության մեջ նշվում է. «[Նոր Կտակարանի] հունարեն տեքստում չկա ոչ մի բառ, որ գերանի երկու կտորի իմաստ ունենա» (The Companion Bible)։ Հիսուսը մահացել է ուղղահայաց ցցի վրա։

  3. Եհովան չի ցանկանում, որ մեր երկրպագության մեջ որևիցե պատկեր կամ խորհրդանիշ օգտագործենք (Ելք 20։4, 5; 1 Կորնթացիներ 10։14

Գլ. 5, պրբ. 12

16 ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈ

Հիսուսը իր աշակերտներին պատվիրեց նշել իր մահվան հիշատակի երեկոն։ Նրա հետևորդները դա անում են ամեն տարի նիսանի 14-ին, նույն օրը, երբ իսրայելացիները տոնում էին Պասեքը։ Հիշատակի երեկոյի ժամանակ բոլորը ձեռքից ձեռք փոխանցում են հաց, որը խորհրդանշում է Հիսուսի մարմինը, և գինի, որը խորհրդանշում է նրա արյունը։ Նրանք, ովքեր երկնքում Հիսուսի հետ իշխելու հույս ունեն, ուտում են հացից և խմում գինուց։ Իսկ նրանք, ովքեր երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն, որպես հարգանքի նշան՝ ներկա են լինում Հիշատակի երեկոյին, բայց չեն օգտվում հացից ու գինուց։

Գլ. 5, պրբ. 21

17 ՀՈԳԻ

Աստվածաշնչում օգտագործված եբրայերեն և հունարեն բառերը, որոնք հայերեն «Նոր աշխարհ թարգմանության» մեջ թարգմանվել են «հոգի», հիմնականում վերաբերում են՝ 1) մարդկանց, 2) կենդանիներին և 3) մարդու կամ կենդանու կյանքին։ Ահա մի քանի օրինակ։

  • Մարդիկ։ «Նոյի օրերում.... մի քանի մարդ, այսինքն՝ ութ հոգի, ապահով անցան ջրերի միջով» (1 Պետրոս 3։20)։ Այստեղ «հոգի» բառը վերաբերում է մարդկանց՝ Նոյին, նրա կնոջը, երեք որդիներին և նրանց կանանց։

  • Կենդանիներ։ «Աստված ասաց. «Թող ջրերը ծփան շատ կենդանի հոգիներով, և թող թռչուններ թռչեն երկրի վրայով՝ երկնքի տարածությունով»։ Աստված ասաց. «Թող երկիրը կենդանի հոգիներ տա՝ ըստ իրենց տեսակի՝ ընտանի կենդանիներ,  երկրի գազաններ՝ ըստ իրենց տեսակի, և ուրիշ կենդանիներ»։ Եվ այդպես եղավ» (Ծննդոց 1։20, 24

  • Մարդու կամ կենդանու կյանք։ Եհովան Մովսեսին ասաց. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև քո հոգին հետապնդողները մեռել են» (Ելք 4։19)։ Իսկ Հիսուսը, երբ երկրի վրա էր, ասաց. «Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր հոգին տալիս է իր ոչխարների համար» (Հովհաննես 10։11

    «Հոգի» բառը նաև այլ իմաստներ ունի։ Օրինակ՝ երբ մարդ մի բան անում է սրտանց և իր ողջ ուժով, ասում են, որ նա անում է դա «ամբողջ հոգով» (Մատթեոս 22։37; 2 Օրենք 6։5)։ Այն կարող է վերաբերել նաև կենդանի արարածի ունեցած ցանկությանը կամ ախորժակին։ Իսկ մահացած մարդու կամ կենդանու դիակի մասին խոսելիս երբեմն օգտագործվում է «մահացած հոգի» արտահայտությունը (Թվեր 6։6; Առակներ 23։2; Եսայիա 56։11; Անգե 2։13

Գլ. 6, պրբ. 5; գլ. 13, պրբ. 10; գլ. 15, պրբ. 17

18 ՈԳԻ

Աստվածաշնչում օգտագործված եբրայերեն և հունարեն բառերը, որոնք հայերեն «Նոր աշխարհ թարգմանության» մեջ թարգմանվել են «ոգի», տարբեր իմաստներ ունեն։ Սակայն դրանք միշտ էլ վերաբերում են մարդկանց աչքին անտեսանելի մի բանի, ինչպիսին, օրինակ, քամին է կամ կենդանիների և մարդկանց շունչը։ Այդ բառերը կարող են վերաբերել նաև ոգեղեն անձնավորություններին և սուրբ ոգուն, այսինքն՝ Աստծու գործուն ուժին։ Աստվածաշունչը չի սովորեցնում, թե մարդու մահից հետո նրա մեջ եղող ինչ-որ բան շարունակում է ապրել (Ելք 35։21; Սաղմոս 104։29; Մատթեոս 12։43; Ղուկաս 11։13

Գլ. 6, պրբ. 5; գլ. 15, պրբ. 17

19 ԳԵՀԵՆ

«Գեհեն», կամ՝ «Հինոմի հովիտ» էր կոչվում Երուսաղեմի մոտ գտնվող այն հովիտը, որտեղ այրում ու ոչնչացնում էին աղբը։ Սակայն ոչ մի տեղ չի ասվում, թե Հիսուսի ժամանակներում այնտեղ տանջել կամ ողջ-ողջ այրել են մարդկանց կամ  կենդանիներին։ Հետևաբար գեհենը չի խորհրդանշում ինչ-որ անտեսանելի վայր, որտեղ հավիտյան այրվում և տանջվում են մահացած մարդիկ։ Ասելով, որ ոմանք գեհեն են գցվում՝ Հիսուսը նկատի ուներ, որ նրանք վերջնականապես կործանվում են (Մատթեոս 5։22; 10։28

Գլ. 7, պրբ. 20

20 ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ

Սա այն աղոթքն է, որի օրինակով Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց, թե ինչպես պետք է աղոթեն։ Այն կոչվում է նաև «Հայր մեր» աղոթք։ Հիսուսը սովորեցրեց աղոթել, օրինակ, հետևյալ բաների մասին։

  • «Թող սրբացվի քո անունը»

    Սա ասելով՝ մենք խնդրում ենք, որ Եհովան իր անունը, կամ՝ իր համբավը մաքրի տարբեր ստերի բերած անպատվությունից։ Այդ դեպքում բոլորը թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա փառք կտան և հարգանքով կվերաբերվեն Աստծու անվանը։

  • «Թող գա քո թագավորությունը»

    Այս խոսքերով մենք խնդրում ենք, որ Աստծու կառավարությունը կործանի Սատանայի այս չար աշխարհը, իր իշխանությունը տարածի ողջ երկրի վրա և այն դրախտ դարձնի։

  • «Թող կատարվի քո կամքը.... երկրի վրա»

    Այսպես աղոթելով՝ մենք խնդրում ենք, որ կատարվի երկրի հետ կապված Աստծու նպատակը, այսինքն՝ որ հնազանդ ու կատարյալ մարդիկ հավիտյան ապրեն դրախտային երկրում։ Հենց այս նպատակով էր Եհովան ստեղծել մարդկանց։

Գլ. 8, պրբ. 2

21 ՓՐԿԱՆՔ

Եհովան փրկանք տվեց, որ մարդկանց ազատի մեղքից ու մահից։ Փրկանքն այն գինն էր, որը հարկավոր էր վճարել առաջին մարդու՝ Ադամի կորցրած կատարյալ կյանքը հետ բերելու համար։ Այն նաև հնարավորություն էր տալու մարդկանց վերականգնելու իրենց փոխհարաբերությունները Եհովայի հետ։ Փրկանքը տալու համար Աստված Հիսուսին ուղարկեց երկիր,  որ նա մահանար մեղավոր մարդկանց համար։ Նրա մահվան շնորհիվ բոլոր մարդիկ հնարավորություն ունեն ապագայում դառնալու կատարյալ և ապրելու հավիտյան։

Գլ. 8, պրբ. 21; գլ. 9, պրբ. 13

22 ԻՆՉՈ՞Ւ Է 1914 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԵԹԻՎ

«Դանիել» գրքի 4-րդ գլխի մարգարեությունից իմանում ենք, որ Աստված իր Թագավորությունը հաստատելու էր 1914 թ.-ին։

Մարգարեությունը։ Եհովան Նաբուգոդոնոսոր թագավորին ապագային վերաբերող երազ տվեց մի մեծ ծառի մասին։ Այդ ծառը կտրեցին և դրա կոճղի վրա երկաթե ու պղնձե կապանքներ դրեցին, որպեսզի այն չաճի, մինչև որ «յոթ ժամանակ» անցնի։ Դրանից հետո ծառը նորից սկսելու էր աճել (Դանիել 4։1, 10–16

Մարգարեության նշանակությունը։ Ծառը խորհրդանշում է Աստծու իշխանությունը։ Տարիներ շարունակ Եհովան իր ժողովրդին՝ Իսրայել ազգին, ղեկավարել է Երուսաղեմում իշխող թագավորների միջոցով (1 Տարեգրություն 29։23)։ Բայց այդ թագավորները Եհովային հավատարիմ չմնացին, այդ պատճառով նրանց իշխանությանը վերջ դրվեց։ Մ. թ. ա. 607 թ.-ին Երուսաղեմը կործանվեց։ Այդպես սկսվեց «յոթ ժամանակը» (2 Թագավորներ 25։1, 8–10; Եզեկիել 21։25–27)։ Հիսուսը հենց այդ «յոթ ժամանակը» նկատի ուներ, երբ ասաց. «Ազգերը կկոխկռտեն Երուսաղեմը, մինչև որ ազգերին սահմանված ժամանակները լրանան» (Ղուկաս 21։24)։ Պարզ է, ուրեմն, որ երբ Հիսուսը երկրի վրա էր, «յոթ ժամանակը» դեռ չէր ավարտվել։ Եհովան խոստացել էր, որ երբ «յոթ ժամանակը» լրանար, նոր թագավոր էր նշանակելու։ Այդ նոր Թագավորի՝ Հիսուսի իշխանությունը մնալու էր հավիտյան և մեծ օրհնություններ էր բերելու ողջ երկրի վրա ապրող Աստծու ժողովրդին (Ղուկաս 1։30–33

Որքա՞ն տևեց «յոթ ժամանակը»։ «Յոթ ժամանակը» տևեց 2 520 տարի։ Եթե մ. թ. ա. 607 թ.-ից հաշվենք 2 520 տարի, կհասնենք մ. թ. 1914 թ.։ Հենց այդ տարի Եհովան Մեսիային, այսինքն՝ Հիսուսին, նշանակեց իր երկնային Թագավորության Թագավոր։

 Իսկ ինչի՞ց ենք իմանում, որ «յոթ ժամանակը» 2 520 տարի է։ Աստվածաշունչը հայտնում է, որ երեքուկես ժամանակը 1 260 օր է (Հայտնություն 12։6, 14)։ Ուրեմն «յոթ ժամանակը» երկու անգամ ավելի շատ է, այսինքն՝ 2 520 օր (1 260 x 2)։ Իսկ աստվածաշնչյան մարգարեության մեջ կիրառվող «մեկ օրվա տեղ՝ մեկ տարի» սկզբունքի համաձայն՝ 2 520 օրը իրականում 2 520 տարի է (Թվեր 14։34; Եզեկիել 4։6

Գլ. 8, պրբ. 23

23 ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ

«Հրեշտակապետ» բառը նշանակում է հրեշտակների գլխավոր։ Աստվածաշնչում խոսվում է միայն մեկ հրեշտակապետի մասին, որի անունը «Միքայել» է (Դանիել 12։1; Հուդա 9

Միքայելը հավատարիմ հրեշտակների զորքի առաջնորդն է։ Հայտնություն 12։7-ում կարդում ենք. «Միքայելը և նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ, և վիշապն ու նրա հրեշտակներն էլ պատերազմեցին»։ «Հայտնություն» գրքում նաև ասվում է, որ Հիսուսն է Աստծու երկնային զորքի առաջնորդը։ Հետևաբար Միքայելը Հիսուսի մեկ այլ անունն է (Հայտնություն 19։14–16

Գլ. 9, պրբ. 4

24 ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐ

Սա այն ժամանակահատվածն է, որի վերջում Աստծու Թագավորությունը կործանելու է Սատանայի այս չար աշխարհը։ Այդ ընթացքում ամբողջ աշխարհում կարևոր իրադարձություններ էին տեղի ունենալու։ Աստվածաշնչում այդ ժամանակահատվածը կոչվում է նաև «աշխարհի վախճան» կամ «մարդու Որդու ներկայություն» (Մատթեոս 24։3, 27, 37)։ «Վերջին օրերը» սկսվեցին 1914 թ.-ին, երբ Աստծու Թագավորությունը սկսեց իշխել երկնքում։ Դրանք կավարտվեն Արմագեդոնի ժամանակ, երբ Սատանայի աշխարհը կործանվի (2 Տիմոթեոս 3։1; 2 Պետրոս 3։3

Գլ. 9, պրբ. 5

 25 ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Մահացած մարդուն կրկին կյանք տալը կոչվում է հարություն։ Աստվածաշնչում խոսվում է հարության ինը դեպքերի մասին։ Մահացածներին հարություն են տվել Եղիան, Եղիսեն, Հիսուսը, Պետրոսը և Պողոսը։ Նրանք այդ հրաշքը կարողացել են անել միայն Աստծու տված զորության շնորհիվ։ Եհովան խոստանում է, որ հարություն է տալու «թե՛ արդարներին և թե՛ անարդարներին», որ նրանք ապրեն երկրի վրա (Գործեր 24։15)։ Աստվածաշունչը նաև հայտնում է, որ ոմանք հարություն են առնելու երկնքում Հիսուսի հետ ապրելու համար։ Այդ մարդկանց ընտրում է Աստված (Հովհաննես 5։28, 29; 11։25; Փիլիպպեցիներ 3։11; Հայտնություն 20։5, 6

Գլ. 9, պրբ. 13

26 ՈԳԵՀԱՐՑՈՒԹՅՈՒՆ

Ոգեհարցությունը դևերի հետ հաղորդակցվելն է կա՛մ անձամբ, կա՛մ մեկ ուրիշի, օրինակ՝ ոգեհարցի կամ հեքիմի միջոցով։ Ոգեհարցությամբ զբաղվող մարդիկ կարծում են, թե մարդու մեջ եղող ինչ-որ բան նրա մահից հետո շարունակում է ապրել և դառնում է հզոր ոգի։ Սակայն դա ճիշտ չէ։ Իրականում, դևերն են խաբում նրանց։ Դևերը ոգեհարցության միջոցով փորձում են ազդել մարդկանց վրա և նրանց հեռացնել Աստծուց։ Ոգեհարցության դրսևորումներից են աստղագուշակությունը, գուշակության մյուս տեսակները, մոգությունը, սնահավատության տարբեր ձևերը և ցանկացած այլ բան, ինչը կապ ունի գերբնական բաների հետ։ Գրքերը, ամսագրերը, հորոսկոպները, ֆիլմերը, գովազդային պաստառները և նույնիսկ երգերը շատ հաճախ դևերին, մոգությունը և դրանց հետ կապված ամեն ինչ ներկայացնում են որպես անվնաս ու հետաքրքիր մի բան։ Թաղման հետ կապված շատ սովորույթներ, օրինակ՝ գերեզմանի մոտ սնունդ դնելը, հոգեհացը, մահացածի կողքին արթուն նստելը, մահվան տարեդարձ նշելը նույնպես կապ ունեն դևերի հետ։ Ոգեհարցությամբ զբաղվող մարդիկ հաճախ դևերի հետ կապ հաստատելու համար թմրանյութեր են օգտագործում (Գաղատացիներ 5։20; Հայտնություն 21։8

Գլ. 10, պրբ. 10; գլ. 16, պրբ. 4

 27 ԵՀՈՎԱՅԻ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եհովան Ամենակարող Աստվածն է (Հայտնություն 15։3)։ Նա է ստեղծել ողջ տիեզերքը։ Հետևաբար ամեն բան նրան է պատկանում, և նա գերիշխանություն, այսինքն՝ լիակատար իշխանություն ունի իր ողջ ստեղծագործության վրա (Սաղմոս 24։1; Եսայիա 40։21–23; Հայտնություն 4։11)։ Նա իր բոլոր ստեղծագործությունների համար օրենքներ է սահմանել։ Եհովան նաև իրավունք ունի իշխանություն տալու ուրիշներին։ Եթե սիրենք Եհովային ու հնազանդվենք նրան, դրանով ցույց կտանք, որ թիկունք ենք կանգնում նրա գերիշխանությանը (1 Տարեգրություն 29։11

Գլ. 11, պրբ. 10

28 ԱԲՈՐՏ

Աբորտը դեռ չծնված երեխային գիտակցաբար սպանելն է, ոչ թե դժբախտ պատահարը կամ հղիության բնական ընդհատումը։ Բեղմնավորման պահից սկսած՝ երեխան առանձին անհատականություն է, ոչ թե պարզապես իր մոր մարմնի մի մասը։ Հետևաբար աբորտ անելը նույնն է, ինչ մարդ սպանելը։

Գլ. 13, պրբ. 5

29 ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄ

Սա բժշկական պրոցեդուրա է, որի ժամանակ մարդու օրգանիզմ են ներարկում ամբողջական արյուն կամ արյան չորս հիմնական բաղադրամասերից մեկը։ Գուցե մարդուն ներարկեն նախապես պահեստավորված իր սեփական արյունը, կամ էլ մեկ ուրիշ մարդու արյուն։ Իսկ չորս հիմնական բաղադրամասերն են պլազման, արյան կարմիր գնդիկները (էրիթրոցիտները), արյան սպիտակ գնդիկները (լեյկոցիտները) և թրոմբոցիտները։

Գլ. 13, պրբ. 13

 30 ԽՐԱՏ

Աստվածաշնչում խրատ բառը չի վերաբերում միայն պատժին։ Խրատ տալ նշանակում է սովորեցնել, կրթել, ուղղել։ Եհովան երբեք դաժան ու կոպիտ ձևով չի խրատում (Առակներ 4։1, 2)։ Նա հիանալի օրինակ է ծնողների համար։ Եհովայի տված խրատն այնքան օգտակար է, որ խրատ ստացողը նույնիսկ սկսում է սիրել այն (Առակներ 12։1)։ Եհովան սիրում է իր ծառաներին և կրթում է նրանց։ Նա խորհուրդներ է տալիս մարդկանց, որ նրանք փոխեն իրենց սխալ մտածելակերպը և սովորեն մտածել ու գործել իրեն հաճելի ձևով։ Իրենց երեխաներին խրատելիս ծնողները պետք է օգնեն նրանց հասկանալ, թե ինչու է հարկավոր հնազանդվել։ Նաև պետք է օգնեն նրանց սիրել Եհովային, սիրել նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, և հասկանալ աստվածաշնչյան սկզբունքները։

Գլ. 14, պրբ. 13

31 ԴԵՎԵՐ

Դևերը անտեսանելի չար ոգեղեն արարածներ են և շատ ավելի հզոր են, քան մարդիկ։ Նրանք Եհովայի հրեշտակներից էին, բայց չհնազանդվեցին Աստծուն ու դարձան նրա թշնամիները (Ծննդոց 6։2; Հուդա 6)։ Այս չար հրեշտակները ըմբոստացան Եհովայի դեմ և միացան Սատանային (2 Օրենք 32։17; Ղուկաս 8։30; Գործեր 16։16; Հակոբոս 2։19

Գլ. 16, պրբ. 4