Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

 ՀԱՎԵԼՎԱԾ

Երբ և ինչու պետք է քույրը ծածկի գլուխը

Երբ և ինչու պետք է քույրը ծածկի գլուխը

Ո՞ր դեպքերում և ինչո՞ւ պետք է քրիստոնյա կինը ծածկի իր գլուխը, երբ երկրպագությանն առնչվող ինչ-որ բան է անում։ Տեսնենք, թե Պողոս առաքյալը, սուրբ ոգով ներշնչված, ինչ առաջնորդություն տվեց։ Այն կօգնի մեզ այս հարցի վերաբերյալ այնպիսի որոշում կայացնել, որը փառք կբերի Եհովային (1 Կորնթացիներ 11։3–16)։ Պողոսը ներկայացնում է երեք գործոն, որոնք հարկավոր է հաշվի առնել. (1) ինչ անելիս պետք է կինը գլուխը ծածկի, (2) ինչ հանգամանքում, (3) ինչը պետք է մղի նրան այս կարգին հետևել։

Ինչ անելիս։ Պողոսը նշեց երկու բան՝ աղոթելիս և մարգարեանալիս (համար 4, 5)։ Աղոթքը, անշուշտ, երկրպագության մաս է, որի ժամանակ մենք խոսում ենք Եհովայի հետ։ Իսկ մարգարեանալը այսօր կարող է վերաբերել Աստվածաշունչ ուսուցանելու որևէ կերպի, որ իրականացվում է քրիստոնյաների կողմից։ Արդյո՞ք Պողոսը ուզում էր ասել, որ ցանկացած ժամանակ՝ թե՛ աղոթելիս և թե՛ աստվածաշնչյան ճշմարտությունները ուսուցանելիս, կինը պետք է ծածկի իր գլուխը։ Ո՛չ։ Դա կախված է նրանից, թե ինչ հանգամանքներում է կինը աղոթում կամ ուսուցանում։

Ինչ հանգամանքում։ Պողոսի խոսքերում առանձնանում են երկու հանգամանք՝ ընտանեկան իրավիճակ և ժողով։ Նա ասաց. «Կնոջ գլուխը տղամարդն է.... ամեն կին, որ աղոթում կամ մարգարեանում է՝ առանց գլուխը ծածկելու, անպատիվ է անում իր գլուխը» (համար 35)։ Ընտանեկան կառույցում Եհովան  ամուսնուն նշանակել է կնոջ գլուխ։ Եթե կինը չի ընդունում ամուսնու իշխանությունը և իր ձեռքն է վերցնում Եհովայի կողմից նրան տրված պարտականությունները, անպատիվ է անում ամուսնուն։ Օրինակ՝ եթե անհրաժեշտ լինի ամուսնու ներկայությամբ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել, գլուխը ծածկելով՝ կինը ցույց կտա, որ ընդունում է նրա իշխանությունը։ Անկախ նրանից՝ ամուսինը մկրտված է, թե ոչ, կինը այդպես պետք է վարվի, քանի որ ամուսինն է ընտանիքի գլուխը։ * Նա գլուխը պետք է ծածկի նաև այն դեպքում, եթե աղոթում կամ ուսուցանում է իր մկրտված տղա երեխայի ներկայությամբ, բայց ոչ թե որովհետև որդին ընտանիքի գլուխն է, այլ որովհետև նրան՝ որպես մկրտված եղբոր, իշխանություն է տրված քրիստոնեական ժողովում։

Այնուհետև Պողոսը խոսում է ժողովի մասին. «Եթե որևէ մեկն ուզում է առարկել և մեկ ուրիշ սովորության հետևել, մենք ուրիշը չունենք, ոչ էլ Աստծու ժողովներն ունեն» (համար 16)։ Քրիստոնեական ժողովում գլխավորությունը տրված է մկրտված եղբայրներին (1 Տիմոթեոս 2։11–14; Եբրայեցիներ 13։17)։ Միայն նրանք են նշանակվում երեցներ ու ծառայող օգնականներ և ստանձնում Աստծու հոտին հոգ տանելու պատասխանատվությունը (Գործեր 20։28)։ Սակայն հանգամանքների բերումով գուցե կարիք լինի, որ քույրը կատարի այնպիսի պարտականություններ, որ սովորաբար անում են համապատասխան որակներ ունեցող մկրտված եղբայրները։ Օրինակ՝ հնարավոր է՝ հարկ լինի, որ նա անցկացնի քարոզչական ծառայության հանդիպում, երբ համապատասխան եղբայր չկա։ Կամ մկրտված եղբոր ներկայությամբ պետք է անցկացնի ուսումնասիրություն, որն արդեն ծրագրած է եղել։ * Քանի որ սրանք, ըստ էության, քրիստոնեական ժողովի գործունեության մաս են, նա պետք է ծածկի իր գլուխը ի նշան այն բանի գիտակցման, որ ինքը անում է այն, ինչ սովորաբար հանձնարարվում է եղբայրներին։

Մյուս կողմից՝ երկրպագությանն առնչվող շատ այլ իրավիճակներում կարիք չկա, որ քույրը ծածկի իր գլուխը։ Օրինակ՝ ժողովում  մեկնաբանություն տալիս, իր ամուսնու կամ մեկ ուրիշ եղբոր հետ տնից տուն ծառայելիս, իր չմկրտված երեխաների հետ աղոթելիս կամ ուսումնասիրություն անցկացնելիս։ Եթե այլ հարցեր են առաջանում կամ եթե քույրը վստահ չէ՝ ինչպես վարվել, նա կարող է լրացուցիչ հետազոտություններ անել։ * Եթե դրանից հետո էլ նա տարակուսանքի մեջ է, և իր խիղճը մղում է իրեն գլուխը ծածկելու, ապա կարող է այդպես անել, քանի որ գլուխը ծածկելու մեջ սխալ բան չկա, ինչպես որ պատկերված է նկարում։

Ինչը պետք է մղի։ 10-րդ համարում բերված են երկու պատճառներ, թե ինչու պետք է քույրը հետևի գլուխը ծածկելու պատվերին. «Կինը պետք է ի նշան հնազանդության ծածկի իր գլուխը հրեշտակների համար»։ Նախ՝ ուշադրություն դարձնենք «ի նշան հնազանդության» արտահայտությանը։ Գլուխը ծածկելով՝ կինը ցույց է տալիս, որ ընդունում է այն իշխանությունը, որ Եհովան տվել է ժողովի մկրտված եղբայրներին։ Դրանով նա ցույց է տալիս իր սերն ու հավատարմությունը Եհովայի հանդեպ։ Երկրորդ պատճառը երևում է «հրեշտակների համար» արտահայտությունից։ Ի՞նչ առնչություն կարող է ունենալ քրոջ գլուխ ծածկելը ոգեղեն հզոր էակներ հետ։

Հրեշտակները հետաքրքրված են նրանով, թե ինչպես են Եհովայի կազմակերպության մեջ՝ թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա, Աստծու հպատակները վերաբերվում աստվածապետական իշխանությանը։ Այս հարցում անկատար մարդկանց հնազանդությունը նրանց համար օրինակ է։ Չէ՞ որ իրենք էլ պետք է ենթարկվեն Եհովայի հաստատած կարգին, ինչին բավականին մեծ թվով հրեշտակներ չենթարկվեցին (Հուդա 6)։ Հրեշտակները գուցե տեսնեն, թե ինչպես է փորձառու, խելացի և բանիմաց քույրը պատրաստակամորեն հնազանդվում ժողովում մկրտված եղբոր  իշխանությանը, ով իր ունակություններով զիջում է քրոջը։ Կան քույրեր էլ, ովքեր օծված են սուրբ ոգով և ի վերջո դառնալու են Քրիստոսի թագավորակիցները՝ զբաղեցնելով ավելի բարձր դիրք, քան հրեշտակները։ Հնազանդության ի՜նչ լավ օրինակ են նրանք հրեշտակների համար։ Իսկապես, ինչպիսի՜ պատիվ է բոլոր քույրերի համար խոնարհություն, հավատարմություն ու հնազանդություն դրսևորել միլիոնավոր հրեշտակների առաջ։

^ պարբ. 3 Որպես կանոն՝ կինը բարձրաձայն չի աղոթում իր ամուսնու ներկայությամբ, ով քրիստոնյա է, բացառությամբ եթե, օրինակ, ամուսինը հիվանդության պատճառով չի կարողանում խոսել։

^ պարբ. 1 Կարիք չկա, որ քույրը գլուխը ծածկի, երբ անցկացնում է նախապես ծրագրված ուսումնասիրություն չմկրտված քարոզիչ եղբոր ներկայությամբ, ով իր ամուսինը չէ։

^ պարբ. 2 Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Դիտարանի» 2015թ. փետրվարի 15-ի համարը (էջ 30) և 2002թ. հուլիսի 15-ի համարը (էջ 26, 27)։