Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

 ԳԼՈՒԽ 3

Սիրիր նրանց, ում Աստված է սիրում

Սիրիր նրանց, ում Աստված է սիրում

«Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա»(ԱՌԱԿՆԵՐ 13։20)

1–3. ա) Ի՞նչ անժխտելի ճշմարտություն է Աստվածաշունչը հայտնում։ բ) Ինչպե՞ս կարող ենք այնպիսի ընկերներ ընտրել, որոնք լավ ազդեցություն կունենան մեզ վրա։

ՍՈՎՈՐԱԲԱՐ մարդիկ հակված են սպունգի պես «կլանելու», այսինքն՝ ընդօրինակելու իրենց շրջապատող մարդկանց մտածելակերպը, չափանիշները և հատկությունները։

2 Աստվածաշնչում հետևյալ անժխտելի ճշմարտությունն ենք կարդում. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (Առակներ 13։20)։ Այստեղ չի խոսվում կարճատև մակերեսային շփման մասին։ «Քայլող» բառը շարունակական փոխհարաբերությունների միտքն է փոխանցում։ * Աստվածաշնչի վերաբերյալ մի աշխատության մեջ այս խոսքերի մասին ասվում է. «Քայլել մեկի հետ նշանակում է սեր և կապվածություն ունենալ նրա հանդեպ»։ Սովորաբար մենք նմանվում ենք նրանց, ում սիրում ենք։ Այն մարդիկ, ում հետ մենք զգացապես կապված ենք, կարող են և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն ունենալ մեզ վրա՝ ձևափոխելով մեր մտածելակերպը։

3 Աստծու սիրո մեջ մնալու համար շատ կարևոր է այնպիսի մարդկանց հետ ընկերակցել, ովքեր լավ ազդեցություն կունենան մեզ վրա։ Դրա համար մենք պետք է սիրենք նրանց, ում Աստված է սիրում, և ընկերություն անենք նրանց հետ, ովքեր մտերիմ են Աստծու հետ։ Մի՞թե ավելի լավ ընկերներ կան, քան նրանք, ովքեր ունեն այնպիսի հատկություններ, որ  Աստծուն են հաճելի։ Եկ ուրեմն քննենք, թե ինչպիսի մարդկանց է սիրում Եհովան։ Նրա տեսակետը մերը դարձնելով՝ կկարողանանք լավ ընկերներ գտնել։

ՈՒՄ Է ՍԻՐՈՒՄ ԱՍՏՎԱԾ

4. Ինչո՞ւ է Եհովան ընտրում իր ընկերներին, և ինչո՞ւ նա Աբրահամին համարեց իրեն ընկեր։

4 Եհովան տիեզերքի Գերիշխանն է, և նրա ընկերը լինելը մեծագույն պատիվ է։ Այդ իսկ պատճառով նա ընտրում է իր ընկերներին։ Իսկ ո՞վ կարող է լինել նրա ընկերը։ Եհովան մտերմանում է նրանց հետ, ովքեր հավատում և ապավինում են իրեն։ Այդպիսի անձնավորություն էր Աբրահամը, ով բացառիկ հավատ ուներ։ Եհովայի կարգադրությամբ նա պետք է զոհաբերեր իր որդուն։ * Դժվար է պատկերացնել դրանից մեծ փորձություն ծնողի համար։ Սակայն Աբրահամը «Իսահակին համարյա թե զոհ մատուցեց»՝ լիովին հավատալով, որ «Աստված կարող է նույնիսկ հարություն տալ նրան» (Եբրայեցիներ 11։17–19)։ Աբրահամի այս բացառիկ հավատի և հնազանդության համար Եհովան ջերմորեն արտահայտվեց նրա մասին՝ կոչելով «իմ ընկեր» (Եսայիա 41։8; Հակոբոս 2։21–23

5. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում նրանց, ովքեր հավատարմորեն հնազանդվում են իրեն։

5 Եհովան բարձր է գնահատում հավատարմությունն ու հնազանդությունը։ Նա սիրում է նրանց, ովքեր իր հանդեպ նվիրվածությունը բարձր են դասում ամեն ինչից (կարդա՛  2 Սամուել 22։26)։ Ինչպես տեսանք այս գրքի առաջին գլխում, Եհովային հաճելի են այն մարդիկ, ովքեր հնազանդվում են իրեն սիրուց մղված։ «Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է»,— ասվում է Առակներ 3։32-ում։ Իր պատվերներին հավատարմորեն հնազանդվող մարդկանց Աստված սիրով հրավիրում է «հյուր լինել իր վրանում», այսինքն՝ հնարավորություն է տալիս երկրպագելու և աղոթելու իրեն (Սաղմոս 15։1–5

6. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր սերը Հիսուսի հանդեպ, և ինչպե՞ս է վերաբերվում Եհովան իր Որդուն սիրողներին։

 6 Եհովան սիրում է այն մարդկանց, ովքեր սիրում են Հիսուսին՝ իր միածին Որդուն։ Հիսուսն ասաց. «Եթե որևէ մեկը սիրում է ինձ, կպահի իմ խոսքը, և իմ Հայրը կսիրի նրան։ Մենք կգանք նրա մոտ ու կբնակվենք նրա հետ» (Հովհաննես 14։23)։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր սերը Հիսուսի հանդեպ։ Կատարելով նրա պատվիրանները, այդ թվում նաև բարի լուրը քարոզելու և աշակերտներ պատրաստելու պատվերը (Մատթեոս 28։19, 20; Հովհաննես 14։15, 21)։ Մեր սերը ցույց կտանք նաև, եթե «սերտորեն նրա հետքերին հետևենք»՝ անկատար մարդու մեր հնարավորությունների սահմաններում թե՛ խոսքով, թե՛ գործով ընդօրինակենք նրան (1 Պետրոս 2։21)։ Եհովայի սիրտը ջերմանում է, երբ տեսնում է, որ իր Որդուն սիրող անհատները ամեն կերպ ջանում են նրա հետքերին հետևել։

7. Ինչո՞ւ իմաստնորեն վարված կլինենք, եթե ընկերություն անենք նրանց հետ, ովքեր Եհովայի ընկերներն են։

7 Հավատը, նվիրվածությունը, հնազանդությունը և սերը Հիսուսի ու նրա սովորեցրած ուղու հանդեպ այն հատկությունների թվում են, որոնք Եհովան ուզում է տեսնել իր ընկերների մեջ։ Ուստի յուրաքանչյուրս պետք է հարցնի իրեն. «Իմ ընկերների մեջ նման հատկություններ կա՞ն։ Նրանք ընդօրինակո՞ւմ են Հիսուսին։ Իմ ընկերները Եհովայի ընկերնե՞րն են»։ Իմաստնորեն վարված կլինենք, եթե ընկերություն անենք նրանց հետ, ովքեր Եհովայի ընկերներն են։ Նրանք, ովքեր Աստծուն հաճելի հատկություններ ունեն և Թագավորության լուրը քարոզում են նախանձախնդրությամբ, կարող են դրական ազդեցություն թողնել մեզ վրա՝ նպաստելով, որ ապրենք Աստծուն հաճելի կյանք վարելու մեր որոշման համաձայն (տես « Ով է լավ ընկերը» շրջանակը)։

ՕՐԻՆԱԿՆԵՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

8. Ի՞նչն է քեզ տպավորում հետևյալ մարդկանց ընկերության մեջ՝ ա) Նոեմի և Հռութ, բ) Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, գ) Պողոս և Տիմոթեոս։

8 Աստվածաշնչում կան այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր լավ ընկերներ ընտրելու շնորհիվ օրհնվել են։ Կարող ես  կարդալ, օրինակ, Նոեմիի և նրա հարս Հռութի, Բաբելոն գերի տարված երեք երիտասարդների՝ Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի, ինչպես նաև Պողոսի ու Տիմոթեոսի ընկերության մասին (Հռութ 1։16; Դանիել 3։17, 18; 1 Կորնթացիներ 4։17; Փիլիպպեցիներ 2։20–22)։ Սակայն հիմա ուշադրություն դարձնեք մեկ այլ հրաշալի օրինակի՝ Դավթի և Հովնաթանի ընկերության վրա։

9, 10. Ի՞նչն էր ընկած Դավթի ու Հովնաթանի ընկերության հիմքում։

9 Աստվածաշունչն ասում է, որ Գողիաթին սպանելուց հետո Դավիթը մտերմացավ Հովնաթանի հետ՝ «Հովնաթանի հոգին կապվեց Դավթի հոգու հետ, և Հովնաթանը նրան իր հոգու պես սիրեց» (1 Սամուել 18։1)։ Այսպես սկսվեց մի ամուր ընկերություն՝ չնայած նրանց միջև եղած տարիքային մեծ տարբերությանը։ Նրանք լավ ընկերներ մնացին մինչև Հովնաթանի մահը * (2 Սամուել 1։26)։ Ի՞նչն էր ընկած այս ընկերության հիմքում։

10 Դավթին ու Հովնաթանին միավորում էր նրանց սերը Եհովայի հանդեպ և նրան հավատարիմ մնալու ուժգին ցանկությունը։ Նրանք երկուսն էլ ուզում էին Աստծուն հաճեցնել։ Յուրաքանչյուրը դրսևորում էր այնպիսի հատկություններ, որոնք ավելի էին մտերմացնում նրանց։ Հովնաթանին, անկասկած, տպավորել էր երիտասարդի խիզախությունն ու նախանձախնդրությունը, ով քաջաբար պաշտպանեց Եհովայի անունը նախատինքից։ Դավիթն էլ, անշուշտ, հարգում էր իրենից բավականին մեծ Հովնաթանին, ով թիկունք էր կանգնում Եհովայի կամքին և անեսասիրաբար Դավթի շահերը իր շահերից բարձր էր դասում։ Տես, օրինակ, թե ինչ պատահեց, երբ Դավիթը վհատված ու ճնշված էր, քանի որ փախստականի պես ապրում էր ամայի վայրերում՝ խուսափելով Սավուղ թագավորի՝ Հովնաթանի հոր բարկությունից։ Ցուցաբերելով իր նվիրվածությունը ընկերոջ հանդեպ՝ Հովնաթանը նախաձեռնություն վերցրեց ու «գնաց Դավթի մոտ.... որ նրան Աստծով զորացնի» (1 Սամուել  23։16)։ Պատկերացրու, թե որքան ուրախացավ Դավիթը, երբ իր ընկերը եկավ իրեն զորացնելու և քաջալերելու։ *

11. Ի՞նչ ենք սովորում Դավթի և Հովնաթանի ընկերությունից։

 11 Ի՞նչ ենք սովորում Դավթի և Հովնաթանի ընկերության օրինակից։ Տեսնում ենք, որ իսկական ընկերության հիմքում նախևառաջ պետք է ընկած լինեն հոգևոր արժեքները։ Եթե մտերմանանք նրանց հետ, ովքեր ունեն նույն հավատը, բարոյական արժեքները և մեզ պես ցանկանում են հավատարիմ մնալ Աստծուն, ապա կարող ենք կիսվել իրար հետ մեր մտքերով, զգացմունքներով և փորձով, ինչը փոխադարձաբար կքաջալերի և կզորացնի մեզ (կարդա՛  Հռոմեացիներ 1։11, 12)։ Հոգևոր մտածելակերպ ունեցող ընկերներ կարող ենք գտնել մեր հավատակիցների մեջ։ Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ ցանկացած մեկը, ով գալիս է ժողովի հանդիպումներին, կարող է լինել լավ ընկեր։ Բոլորովին։

 ԻՆՉՊԵՍ ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐՆԵՐ ԸՆՏՐԵԼ

12, 13. ա) Ինչո՞ւ պետք է ուշադիր լինենք ընկերներ ընտրելիս նույնիսկ ժողովում։ բ) Ի՞նչ խնդիր կար առաջին դարի ժողովներում, և ի՞նչ նախազգուշացում տվեց Պողոս առաքյալը այդ առնչությամբ։

12 Նույնիսկ ժողովի ներսում մենք պետք է ուշադիր լինենք, որ ընկերություն անենք նրանց հետ, ովքեր կնպաստեն, որ մեր փոխհարաբերությունը Եհովայի հետ ավելի ամրապնդվի։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Օրինակ՝ ծառի վրա պտուղների մի մասը շուտ է հասնում, մի մասը՝ ավելի ուշ։ Այդպես էլ ժողովում քրիստոնյաներից ոմանց ավելի երկար ժամանակ է պետք հոգևորապես հասուն անհատ դառնալու համար։ Այդ պատճառով ցանկացած ժողովում կան տարբեր աստիճանի հոգևոր հասուն մարդիկ (Եբրայեցիներ 5։12–6։3)։ Ինչ խոսք, մենք պետք է համբերություն ու սեր դրսևորենք նորահավատների կամ հոգևորապես ոչ այնքան ուժեղ անհատների հանդեպ, որպեսզի օգնենք նրանց հասունանալ (Հռոմեացիներ 14։1; 15։1

13 Երբեմն ժողովում կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ հարկավոր է զգոն լինել։ Հնարավոր է՝ ոմանք սկսեն կասկածելի վարք դրսևորել, ոմանց մեջ էլ քննադատության կամ տրտունջի ոգի զարգանա։ Նման բան տեղի է ունեցել առաջին դարի ժողովներում։ Օրինակ՝ Կորնթոսի ժողովում կային մարդիկ, ովքեր պատշաճ վարք չէին դրսևորում և չէին հետևում քրիստոնեական ուսմունքներին։ Այդ պատճառով Պողոս առաքյալը ժողովին նախազգուշացրեց. «Մի՛ մոլորվեք։ Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։12, 33)։ Պողոսը Տիմոթեոսին նույնպես զգուշացրեց, որ հավատակիցների մեջ կլինեն այնպիսիները, ովքեր լավ վարք չեն ունենա, ուստի հորդորեց, որ նա իրեն հեռու պահի այդպիսիներից և նրանց հետ մտերմություն չանի (կարդա՛  2 Տիմոթեոս 2։20–22

14. Ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոս առաքյալի նախազգուշացմանը։

14 Ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոսի նախազգուշացմանը։  Լինի ժողովում թե ժողովից դուրս՝ չընկերակցելով այն անհատների հետ, ովքեր կարող են ապականիչ ազդեցություն ունենալ մեզ վրա (2 Թեսաղոնիկեցիներ 3։6, 7, 14)։ Մենք պետք է պահպանենք մեր հոգևոր առողջությունը։ Հիշենք, որ հակված ենք սպունգի պես կլանելու մեր ընկերների մտածելակերպն ու սկզբունքները։ Անհնար է, որ քացախի մեջ ընկած սպունգը ջուր ներծծի։ Նմանապես անհնար է, որ վատ հատկություններ ունեցող մարդկանց հետ ընկերակցողը լավ հատկություններ ձեռք բերի (1 Կորնթացիներ 5։6

Լավ ընկերներ կարող ես գտնել հավատակիցների մեջ

15. Ինչպե՞ս կարող ես ժողովում հոգևորապես հասուն ընկերներ գտնել։

15 Ուրախալի է, որ հավատակիցների մեջ շատ են այնպիսի մարդիկ, ովքեր կարող են լավ ընկերներ լինել մեզ համար (Սաղմոս 133։1)։ Իսկ ինչպե՞ս գտնել հոգևորապես հասուն ընկերներ ժողովում։ Եթե Աստծուն հաճելի հատկություններ և վարք դրսևորես, հոգևոր մարդիկ դա կնկատեն և կցանկանան մտերմանալ քեզ հետ։ Դու ինքդ էլ պետք է քայլեր անես նրանց հետ ընկերանալու համար (տես « Ինչպես գտան լավ ընկերներ» շրջանակը)։ Փնտրիր նրանց, ովքեր դրսևորում են այնպիսի հատկություններ, որ կուզեիր ընդօրինակել։ Հետևիր Աստվածաշնչի խորհրդին՝ «ընդլայնեք ձեր սրտերը», և հավատակիցների մեջ ընտրիր քեզ ընկերներ՝ անկախ նրանց ռասայից, ազգությունից ու մշակույթից (2 Կորնթացիներ 6։13; կարդա՛  1 Պետրոս 2։17)։ Մի՛ սահմանափակվիր միայն քո հասակակիցների մեջ ընկերներ փնտրելով։ Հիշիր, որ Հովնաթանը բավական մեծ էր Դավթից։ Համոզված եղիր, որ տարիքով մարդկանց հետ ընկերությունը կարող է օգտակար լինել քեզ համար, քանի որ նրանք մեծ փորձ և իմաստություն ունեն։

ԵՐԲ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԾԱԳՈՒՄ

16, 17. Ինչո՞ւ ճիշտ չի լինի հեռանալ ժողովից, եթե հավատակիցը մեզ վիրավորի։

16 Ժամանակ առ ժամանակ ժողովում կարող են խնդիրներ ծագել։ Պատճառն այն է, որ մարդիկ տարբեր անհատականություններ են և տարբեր ծագում ունեն։ Ուստի հավատակիցը  գուցե ասի կամ անի մի բան, ինչը կվիրավորի քեզ (Առակներ 12։18)։ Երբեմն խնդիրները կարող են ավելի լուրջ լինել խառնվածքների, կարծիքների տարբերության կամ թյուրիմացությունների պատճառով։ Մի՞թե թույլ կտանք, որ այսպիսի խնդիրները հեռացնեն մեզ ժողովից։ Եթե անկեղծորեն սիրում ենք Եհովային և նրանց, ում նա է սիրում, ապա նման բան չենք անի։

17 Լինելով մեր Արարիչն ու կյանքի Աղբյուրը՝ Եհովան արժանի է մեր սիրուն և լիակատար նվիրվածությանը (Հայտնություն 4։11)։ Եվ քանի որ նա ժողովի միջոցով է առաջնորդում մեզ, մենք պետք է հավատարմորեն աջակցենք ժողովին (Եբրայեցիներ 13։17)։ Հետևաբար, եթե հավատակիցը մեզ ինչ-որ կերպ վիրավորի կամ հիասթափեցնի, մենք չենք հեռանա ժողովից՝ ցույց տալու համար մեր դժգոհությունը։ Չէ՞ որ Եհովան չէ մեզ վիրավորել։ Աստծու հանդեպ սերը թույլ չի տա, որ երես թեքենք նրանից ու նրա ժողովրդից (կարդա՛  Սաղմոս 119։165

18. ա) Ինչպե՞ս կարող ենք խաղաղություն պահպանել ժողովում։ բ) Երբ ներելու համար հիմքեր ունենք, ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե ներենք։

 18 Հավատակիցների հանդեպ սերը կմղի մեզ խաղաղություն պահպանել ժողովում։ Եհովան կատարելություն չի ակնկալում նրանցից, ում սիրում է։ Մենք էլ չպետք է ակնկալենք։ Սերը մղում է մեզ անտեսել փոքր թերացումները և հիշել, որ բոլորս անկատար ենք ու սխալներ ենք թույլ տալիս (Առակներ 17։9; 1 Պետրոս 4։8)։ Սերն օգնում է շարունակել «մեծահոգաբար ներել միմյանց» (Կողոսացիներ 3։13)։ Սակայն միշտ չէ, որ հեշտ է դա անել։ Եթե տեղ տանք բացասական զգացումներին և սրտնեղենք, ապա դրանք ավելի կբորբոքվեն մեր մեջ։ Գուցե մտածենք, թե մեր զայրույթով պատժում ենք մեզ վիրավորողին։ Բայց իրականում այդպես ինքներս մեզ ենք վնասում։ Եթե ներենք, երբ հիմքեր ունենք այդպես վարվելու, առատ օրհնություններ կքաղենք (Ղուկաս 17։3, 4)։ Կունենանք հոգեկան անդորր, կնպաստենք ժողովի խաղաղությանը և, որ ամենակարևորն է, կպահպանենք մեր փոխհարաբերությունները Եհովայի հետ (Մատթեոս 6։14, 15; Հռոմեացիներ 14։19

ԵՐԲ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐՋ ԴՆԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

19. Ո՞ր դեպքերում անհրաժեշտ կլինի դադարեցնել շփումը։

19 Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի այլևս չշփվել ժողովի անդամներից որևէ մեկի հետ։ Նման բան կարող է լինել այն ժամանակ, երբ տվյալ անհատը զրկվում է ընկերակցությունից, քանի որ խախտել է Աստծու օրենքը և չի զղջացել, կամ էլ երբ նա ուրանում է հավատը՝ սխալ ուսմունքներ տարածելով կամ հրաժարվելով ժողովի ընկերակցությունից։ Աստծու Խոսքը հստակ զգուշացնում է «այլևս շփում չունենալ» այդպիսի մարդկանց հետ * (կարդա՛  1 Կորնթացիներ 5։11–13; 2 Հովհաննես  9–11)։ Գուցե շատ դժվար լինի խզել փոխհարաբերությունները նրա հետ, ով մեր մտերիմ ընկերն է կամ ընտանիքի անդամը։ Վճռական կլինե՞նք ճիշտ վարվելու՝ ցույց տալով, որ Եհովայի ու նրա արդար օրենքների հանդեպ հավատարմությունը մեզ համար վեր է ամեն ինչից։ Հիշենք, որ Եհովան հավատարմությունն ու հնազանդությունը շատ բարձր է գնահատում։

20, 21. ա) Ինչո՞ւ է ընկերակցությունից զրկելու կարգը սիրո դրսևորում։ բ) Ինչո՞ւ է կարևոր իմաստնորեն ընտրել ընկերներին։

20 Ընկերակցությունից զրկելու կարգը իրականում Եհովայի կողմից է հաստատված, որով նա դրսևորում է իր սերը և մեզ էլ հնարավորություն է տալիս նույնն անելու։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Չզղջացող անհատին ժողովից հեռացնելը Եհովայի, նրա սուրբ անվան և նրա չափանիշների հանդեպ սիրո դրսևորում է (1 Պետրոս 1։15, 16)։ Դա նաև պաշտպանություն է ժողովի համար, քանի որ այդպես հավատարիմ անդամները զերծ կմնան մեղք գործած անհատի վնասակար ազդեցությունից։ Նրանք հանգիստ կշարունակեն երկրպագել Աստծուն՝ վստահ լինելով, որ ժողովը ապահով հանգրվան է այս չար աշխարհում (1 Կորնթացիներ 5։7; Եբրայեցիներ 12։15, 16)։ Բացի այդ, ընկերակցությունից զրկելը սիրո դրսևորում է նաև հենց մեղք գործած անհատի հանդեպ։ Դա կարող է լինել այն խթանը, որը հարկավոր է նրան սթափեցնելու համար և մղելու, որ քայլեր ձեռնարկի ու վերականգնի Եհովայի հետ իր փոխհարաբերությունները (Եբրայեցիներ 12։11

21 Անհերքելի է այն փաստը, որ մեր մտերիմ ընկերները կարող են մեծ ազդեցություն ունենալ մեզ վրա և ձևափոխել մեր մտածելակերպը։ Հետևաբար, անհրաժեշտ է իմաստնորեն ընտրել նրանց։ Մտերմություն անելով նրանց հետ, ում հետ Եհովան է ընկերություն անում, և սիրելով նրանց, ում նա է սիրում, մենք կշրջապատենք մեզ հրաշալի ընկերներով։ Իսկ նրանց ազդեցությունը կնպաստի, որ ապրենք Եհովայի հավանությանն արժանանալու մեր որոշման համաձայն։

^ պարբ. 2 «Գործ ունեցող» թարգմանված եբրայերեն բառը թարգմանվել է նաև «ընկեր» և «ընկերանալ» (Դատավորներ 14։20; Առակներ 22։24

^ պարբ. 4 Եհովայի այս պատվերը նախապատկերն էր այն բանի, որ նա պետք է զոհեր իր միածին Որդուն (Հովհաննես 3։16)։ Նա թույլ չտվեց, որ Աբրահամը զոհաբերի Իսահակին, և զոհ մատուցելու համար նրան խոյ տվեց (Ծննդոց 22։1, 2, 9–13

^ պարբ. 9 Դավիթը «դեռ պատանի էր», երբ սպանեց Գողիաթին, իսկ երբ Հովնաթանը մահացավ, նա մոտ 30 տարեկան էր (1 Սամուել 17։33; 31։2; 2 Սամուել 5։4)։ Հովնաթանը 60 տարեկան էր, երբ մահացավ։ Հավանաբար, նա մոտ 30 տարի մեծ էր Դավթից։

^ պարբ. 10 Ինչպես տեսնում ենք 1 Սամուել 23։17 համարում, Հովնաթանը քաջալերեց Դավթին հինգ կերպերով։ (1) Հորդորեց չվախենալ։ (2) Վստահեցրեց, որ Սավուղի քայլերը չեն հաջողվի։ (3) Հիշեցրեց, որ Աստծու խոստման համաձայն՝ նա թագավոր է դառնալու։ (4) Երդվեց, որ հավատարիմ կմնա նրան։ (5) Ասաց, որ նույնիսկ Սավուղը գիտի նրա հանդեպ իր նվիրվածության մասին։

^ պարբ. 19 Լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես վարվել ընկերակցությունից զրկված կամ հրաժարված անհատների հետ, կարող ես գտնել «Ինչպես վերաբերվել ընկերակցությունից զրկված անհատին» հավելվածում։

Իմացիր ավելին

JԵհովայի ժողովուրդը «մերժում է անարդարությունը»

Ինչպե՞ս է «մերժել անարդարությունը» արտահայտությունը կապված Մովսեսի օրերի իրադարձությունների հետ։ Ի՞նչ ենք սովորում դրանցից։

Հեռու մնա վատ ընկերակցություններից այս վերջին օրերում

Ընկերակցություն ասելով չպետք է հասկանալ միայն այն մարդկանց, ում հետ ժամանակ ես անցկացնում։