Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

 ԳԼՈՒԽ 2

Ինչպես կարող ես մաքուր խիղճ ունենալ

Ինչպես կարող ես մաքուր խիղճ ունենալ

«Մաքուր խիղճ ունեցեք» (1 ՊԵՏՐՈՍ 3։16)

1, 2. Ինչո՞ւ է կողմնացույցը կարևոր ճանապարհորդի համար, և ինչո՞ւ կարելի է խիղճը համեմատել կողմնացույցի հետ։

ԱՆԾԱՅՐԱԾԻՐ օվկիանոսի ջրերի միջով առաջ է ընթանում նավը։ Ամայի անապատով անցնում է ճանապարհորդը։ Ճերմակ ամպերի միջով դեպի հեռավոր հորիզոններն է թռչում ինքնաթիռը։ Չմոլորվելու համար ինչի՞ կարիք ունեն նավավարը, ճանապարհորդը և օդաչուն։ Նրանցից յուրաքանչյուրին անհրաժեշտ է կողմնացույց, հատկապես եթե ձեռքի տակ ժամանակակից սարքավորումներ չկան։

2 Կողմնացույցը մի պարզ սարք է, որի սլաքը միշտ դեպի հյուսիս է ուղղված։ Եթե կողմնացույցը ճիշտ է ցույց տալիս, և հատկապես եթե ճանապարհորդը այն օգտագործում է քարտեզի հետ միաժամանակ, ապա չի մոլորվի և չի վտանգի իր կյանքը։ Նման մի կողմնացույց Եհովան դրել է մեր մեջ։ Դա  մեր խիղճն է, առանց որի կմոլորվեինք կյանքի ուղիներում (Հակոբոս 1։17)։ Եթե այն անխափան գործի, կօգնի մեզ մնալ ճիշտ ուղու վրա։ Եկ պարզենք, թե ինչ է խիղճը և ինչպես է այն գործում։ Այնուհետև կքննարկենք երեք հարց. ինչպե՞ս կարող ենք մարզել մեր խիղճը, որպեսզի անխափան գործի, ինչո՞ւ պետք է հաշվի առնենք ուրիշների խիղճը և ի՞նչ օգուտներ է տալիս մաքուր խիղճը։

ԻՆՉ Է ԽԻՂՃԸ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է ԳՈՐԾՈՒՄ

3. Բառացի ի՞նչ է նշանակում «խիղճ» թարգմանված հունարեն բառը, և ինչպե՞ս է այն գործում։

3 Աստվածաշնչում «խիղճ» թարգմանված հունարեն բառը բառացի նշանակում է «ինքնաճանաչում»։ Ի տարբերություն երկրային մյուս արարածների՝ մենք օժտված ենք ինքներս մեզ ճանաչելու ունակությամբ։ Մենք կարող ենք մեզ կողքից նայել և դատել ինքներս մեզ։ Դատավորի պես՝ խիղճը քննում է մեր գործերը, մտքերը և որոշումները։ Այն նաև հուշում է, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Երբ ճիշտ որոշում ենք կայացնում, այն օգնում է, որ հանգիստ լինենք, իսկ երբ սխալ ենք վարվում, այն դատապարտում է ու տանջում։

4, 5. ա) Ինչի՞ց ենք իմանում, որ Աստված Ադամի ու Եվայի մեջ խիղճ էր դրել, և ի՞նչ եղավ Աստծու օրենքը գիտակցաբար անտեսելու հետևանքը։ բ) Ի՞նչ օրինակներ կան, որ հնում ապրած աստվածավախ մարդիկ լսել են իրենց խղճի ձայնին։

4 Աստված խիղճը դրել է մարդկանց մեջ հենց սկզբից։ Դա երևում է այն բանից, որ երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, Աստծուց ամաչեցին (Ծննդոց 3։7, 8)։ Ցավոք, այդ ժամանակ նրանց տանջող խիղճն արդեն ոչնչով չէր կարող օգնել։ Նրանք գիտակցաբար անտեսել էին Աստծու օրենքը և ըմբոստանալով հակառակվել էին նրա կամքին։ Լինելով կատարյալ մարդիկ՝ նրանք լիովին հասկանում էին, թե ինչ են անում, ուստի հետդարձի ճանապարհ չկար։

5 Ի տարբերություն Ադամին ու Եվային՝ անկատար մարդկանցից շատերը լսել են իրենց խղճի ձայնին։ Օրինակ՝ հավատարիմ Հոբը ասաց. «Ես իմ արդարությունից եմ կառչած  և թույլ չեմ տա, որ այն հեռանա, սիրտս ինձ չի նախատի իմ օրերից և ոչ մեկի համար» * (Հոբ 27։6)։ Հոբը ինչ-որ բան անելուց կամ որոշում կայացնելուց առաջ ականջ էր դնում իր խղճի ձայնին, ուստի կարող էր վստահ ասել, որ իր խիղճը չի դատապարտում իրեն, և նա պատճառ չունի ամաչելու կամ մեղավոր զգալու։ Սակայն Դավիթը, օրինակ, անհարգալից վերաբերմունք դրսևորեց Սավուղի՝ Եհովայի կողմից օծված թագավորի հանդեպ, ու նրա «սիրտը սկսեց իրեն հանդիմանել» (1 Սամուել 24։5)։ Դավիթը դրանից դաս քաղեց և հետագայում այլևս այդպես չվարվեց։

6. Ի՞նչն է ցույց տալիս, որ խիղճը պարգև է՝ բոլորին տրված։

6 Մի՞թե աստվածատուր այս ունակությամբ օժտված են միայն Աստծու ծառաները։ Ո՛չ։ Նկատի առնենք Պողոս առաքյալի ներշնչյալ խոսքերը. «Ամեն անգամ, երբ այլազգի մարդիկ օրենք չունենալով հանդերձ՝ բնությամբ օրենքի պահանջներն են կատարում, այդ մարդիկ, թեև օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք։ Դրանք հենց այն մարդիկ են, ովքեր ցույց են տալիս, թե օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում, երբ իրենց խիղճը իրենց հետ միասին վկայություն է տալիս, և իրենց իսկ մտքերում նրանք կա՛մ մեղադրվում են, կա՛մ արդարանում» (Հռոմեացիներ 2։14, 15)։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ընդհանրապես ծանոթ չեն Եհովայի օրենքներին, երբեմն խղճի թելադրանքով են վարվում Աստծու սկզբունքների համաձայն։

7. Ինչո՞ւ երբեմն գուցե խիղճը սխալ բան հուշի։

7 Այդուհանդերձ, խիղճը երբեմն կարող է սխալ առաջնորդություն տալ։ Ինչո՞ւ։ Եթե կողմնացույցին մագնիս մոտեցնենք, ապա սլաքը կշեղվի և սխալ ուղղություն ցույց կտա։ Իսկ եթե ոչ ճշգրիտ քարտեզ օգտագործենք, ապա նույնիսկ լավ աշխատող կողմնացույցը հնարավոր է՝ չօգնի մեզ։ Նմանապես,  եթե թույլ տանք, որ մեր եսասիրական ցանկությունները ազդեն մեր խղճի վրա, այն կարող է սխալ ուղղություն ցույց տալ։ Եվ եթե չօգտվենք Աստծու Խոսքի առաջնորդությունից, հնարավոր է՝ չկարողանանք կարևոր հարցերում ճիշտը տարբերել սխալից։ Որպեսզի մեր խիղճը ճիշտ գործի, մենք Եհովայի սուրբ ոգու առաջնորդության կարիքն ունենք։ Պողոսը գրեց. «Իմ խիղճը վկայություն է տալիս ինձ հետ սուրբ ոգով» (Հռոմեացիներ 9։1)։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ մեր խիղճը Եհովայի սուրբ ոգուն ներդաշնակ է գործում։ Հարկավոր է մարզել այն։

ԻՆՉՊԵՍ ՄԱՐԶԵԼ ԽԻՂՃԸ

8. ա) Ինչպե՞ս կարող է սիրտը ազդել խղճի վրա, և ի՞նչը պետք է լինի ամենակարևորը որոշում կայացնելիս։ բ) Ինչո՞ւ բավարար չէ այն, որ մեր խիղճը մեր տեսանկյունից մաքուր է (տես ծանոթագրությունը)։

8 Ոմանք ինչ-որ բան որոշելուց կամ անելուց առաջ պարզապես հետևում են իրենց սրտի թելադրանքին կամ զգացողությանը։ Հետո ասում են. «Իմ խիղճը հանգիստ է»։ Այո՛, սրտի ցանկությունները կարող են այնքան ուժեղ լինել, որ ազդեն խղճի վրա։ Աստվածաշունչն ասում է. «Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի։ Ո՞վ կարող է հասկանալ նրան» (Երեմիա 17։9)։ Ուրեմն այն, ինչ ցանկանում է մեր սիրտը, չպետք է լինի ամենակարևորը։ Մենք պետք է մտածենք, թե ինչ է ցանկանում Եհովան և ինչը հաճելի կլինի նրան։ *

9. Ի՞նչ է աստվածավախությունը, և ինչպե՞ս կարող է այն ազդել մեր խղճի վրա։

9 Եթե որոշում կայացնելիս լսենք մեր մարզված խղճի  ձայնին, ապա այդ որոշումը կարտացոլի մեր աստվածավախությունը, ոչ թե անձնական ցանկությունները։ Ահա մի օրինակ։ Նեեմիան Երուսաղեմի բնակիչներից իրեն հասանելիք հարկերը չէր գանձում, թեև որպես կառավարիչ դրա իրավունքն ուներ։ Ինչո՞ւ։ Նա մտածում էր, որ այդպիսով գուցե բեռ դնի ժողովրդի վրա և կորցնի Աստծու հավանությունը։ Նա ասաց. «Ես այդպես չէի վարվում, քանի որ վախ ունեի Աստծու հանդեպ» (Նեեմիա 5։15)։ Ուստի շատ կարևոր է աստվածավախ լինել՝ անկեղծորեն վախենալ մեր երկնային Հորը տհաճություն պատճառելուց։ Այսպիսի վախը կմղի մեզ որոշումներ կայացնելիս հետևել Աստծու Խոսքի առաջնորդությանը։

10, 11. Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքներն են վերաբերում ալկոհոլի օգտագործմանը, և ինչպե՞ս կարող ենք ստանալ Աստծու առաջնորդությունը այս հարցում։

10 Իսկ ինչպե՞ս ենք որոշումներ կայացնելիս առաջնորդվում մեր խղճով։ Օրինակ՝ քննենք ոգելից խմիչքներ օգտագործելու հարցը։ Եթե խնջույքի ժամանակ քեզ առաջարկեն խմել, կխմե՞ս, թե՞ ոչ։ Ճիշտ որոշում կայացնելու համար նախ պետք է իմանալ, թե աստվածաշնչյան որ սկզբունքներն են առնչվում այս հարցին։ Աստվածաշունչը չի դատապարտում ալկոհոլի չափավոր օգտագործումը։ Սաղմոսերգուն նույնիսկ փառաբանում է Եհովային, որ գինի է տվել մարդկանց (Սաղմոս 104։14, 15)։ Սակայն Աստվածաշունչը դատապարտում է հարբեցողությունը և անզուսպ խրախճանքները (Ղուկաս 21։34; Հռոմեացիներ 13։13)։ Այն նաև հարբեցողությունը դասում է այնպիսի լուրջ մեղքերի շարքին, ինչպիսին է անբարոյությունը * (1 Կորնթացիներ 6։9, 10

11 Նման սկզբունքները կիրառելու շնորհիվ կարող ենք մարզված և զգայունակ խիղճ ունենալ։ Ու եթե հարկ լինի  որոշում կայացնել խնջույքների ժամանակ ոգելից խմիչքներ օգտագործելու վերաբերյալ, կարող ենք ինքներս մեզ հետևյալ հարցերը տալ. «Ի՞նչ խնջույք է լինելու։ Հնարավո՞ր է, որ այն դառնա անկառավարելի։ Ի՞նչ թուլություններ ունեմ։ Հակում ունե՞մ խմիչքի հանդեպ կամ օգտագործո՞ւմ եմ խնդիրներս մոռանալու համար։ Դրանից կախում ունե՞մ։ Կարողանո՞ւմ եմ ինքնատիրապետում դրսևորել և չափը չանցնել»։ Այս հարցերի և աստվածաշնչյան սկզբունքների շուրջ խորհրդածելուց բացի, լավ կլինի՝ աղոթենք Եհովային առաջնորդության համար (կարդա՛  Սաղմոս 139։23, 24)։ Այս կերպով մենք ցույց կտանք, որ ուզում ենք՝ Եհովան առաջնորդի մեզ իր սուրբ ոգով։ Նաև կմարզենք մեր խիղճը, որպեսզի այն գործի սուրբգրային սկզբունքներին ներդաշնակ։ Սակայն որոշումներ կայացնելիս հարկավոր է հաշվի առնել մի կարևոր հանգամանք ևս։

ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԽԻՂՃԸ

Աստվածաշնչով մարզված խիղճը կօգնի քեզ ճիշտ որոշում կայացնել

12, 13. Ինչո՞ւ են տարբեր քրիստոնյաներ տարբեր որոշումներ կայացնում, և ինչպե՞ս պետք է վերաբերվենք դրան։

12 Թերևս զարմանաս, երբ իմանաս, թե միևնույն հարցի շուրջ երբեմն որքան տարբեր որոշումներ կարող են կայացնել քրիստոնյաները իրենց խղճի թելադրանքով։ Այն, ինչը մեկի համար անընդունելի է, մյուսի համար կարող է ընդունելի լինել և հաճելի։ Օրինակ՝ եթե նորից անդրադառնանք ալկոհոլի գործածությանը, մեկի համար կարող է հաճելի լինել ընկերներով մի բան խմելը, իսկ մյուսի համար դա կարող է դատապարտելի լինել։ Ինչո՞վ են պայմանավորված այս տարբերությունները, և ինչո՞ւ սա պետք է հաշվի առնենք։

13 Մարդիկ շատ պատճառներով տարբերվում են միմյանցից։ Դրանցից մեկը կարող է նրանց անցյալը լինել։ Օրինակ՝ ոմանք պայքարել են խմիչքի հանդեպ հակման կամ թուլության դեմ, և գուցե այդ պայքարը միշտ չէ, որ հաջողությամբ է  պսակվել (1 Թագավորներ 8։38, 39)։ Նման մարդը թերևս ավելի զգուշավոր լինի, ու եթե նրան ոգելից խմիչք հյուրասիրես, նրա մարզված խիղճը թույլ չտա խմել, և նա հրաժարվի։ Կվիրավորվե՞ս նրանից։ Կստիպե՞ս, որ խմի։ Նրա հանդեպ սերը կմղի քեզ հարգելու նրա որոշումը, նույնիսկ եթե չգիտես պատճառը, և նա էլ նպատակահարմար չգտնի հայտնել քեզ այդ մասին։

14, 15. Ո՞ր հարցի վերաբերյալ էր առաջին դարի քրիստոնյաների տեսակետը տարբեր, և ի՞նչ լուծում առաջարկեց Պողոսը։

14 Առաջին դարում նույնպես քրիստոնյաների խիղճը տարբեր հարցերում տարբեր բան էր թելադրում։ Օրինակ՝ Պողոս առաքյալը նկատեց, որ ոմանց խիղճը թույլ չի տալիս ուտել կուռքերին զոհաբերված մսից, որը վաճառվում էր շուկայում (1 Կորնթացիներ 10։25)։ Պողոսի խիղճը, սակայն, չէր արգելում ուտել այն։ Նրա համար կուռքերը ոչինչ էին։ Զոհաբերված բաները նույնիսկ չէին կարող կուռքերինը լինել, քանի որ Եհովան է ստեղծել ամեն բան, և դրանք իրեն են պատկանում՝ անկախ ամեն ինչից։ Սակայն Պողոսը հասկանում էր, որ բոլորը չէ, որ իր նման են մտածում։ Քրիստոնյաներից ոմանք, հնարավոր է, նախկինում կուռքեր էին պաշտել, և նրանց համար բացարձակ անընդունելի էր այն ամենը, ինչը որևէ կապ է ունեցել կռապաշտության հետ։ Ի՞նչ լուծում առաջարկեց Պողոսը։

15 Նա ասաց. «Մենք՝ ուժեղներս, պետք է կրենք նրանց թուլությունները, ովքեր ուժեղ չեն, և չպետք է հաճեցնենք ինքներս մեզ։ Նույնիսկ Քրիստոսը ինքն իրեն չհաճեցրեց» (Հռոմեացիներ 15։1, 3)։ Պողոսի խոսքերը ցույց են տալիս, որ պետք է մեր եղբայրներին մեզնից վեր դասենք, ինչպես որ Քրիստոսն արեց։ Այս հարցի շուրջ խոսելիս Պողոսն ասաց, որ ավելի լավ է՝ ինքը միս չուտի, քան գայթակղեցնի Քրիստոսի անգին գառնուկներից որևէ մեկին, ում համար նա իր կյանքն է տվել (կարդա՛  1 Կորնթացիներ 8։13; 10։23, 24, 31–33

16. Ինչո՞ւ չպետք է դատենք նրանց, ում խիղճը թույլ է տալիս անել այնպիսի բաներ, որ մենք չէինք անի։

 16 Մյուս կողմից՝ այն քրիստոնյաները, ում խիղճը թույլ չի տալիս որոշ բաներ անել, չպետք է քննադատեն և ստիպեն ուրիշներին, որ խղճի հետ կապված հարցերում իրենց պես վարվեն (կարդա՛  Հռոմեացիներ 14։10)։ Իրականում մեր խիղճը դատավոր է մե՛զ համար։ Այն լիազորություն չի տալիս դատելու ուրիշին։ Հիշենք Հիսուսի խոսքերը. «Մի՛ դատեք, որ չդատվեք» (Մատթեոս 7։1)։ Ժողովի անդամները չպետք է խղճի հետ կապված հարցերը դարձնեն քննարկման թեմա։ Մենք պետք է կերպեր փնտրենք նպաստելու, որ ժողովում սերն ու միասնությունը ամրանա. պետք է կերտենք միմյանց, ոչ թե քննադատենք (Հռոմեացիներ 14։19

 ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ Է ՏԱԼԻՍ ՄԱՔՈՒՐ ԽԻՂՃԸ

Մաքուր խիղճը կարող է լավ առաջնորդ լինել՝ պարգևելով մեզ ուրախ սիրտ և հոգեկան անդորր

17. Ինչպիսի՞ն է այսօր շատերի խիղճը։

17 Պետրոս առաքյալը գրեց. «Մաքուր խիղճ ունեցեք» (1 Պետրոս 3։16)։ Խիղճը, որը մաքուր է Եհովայի աչքում, անգին պարգև է։ Այն նման չէ այս աշխարհի մարդկանցից շատերի խղճին, որոնց մասին Պողոսը գրեց. «[Նրանց] խիղճը դաղված է, ինչպես շիկացած երկաթով» (1 Տիմոթեոս 4։2)։ Շիկացած երկաթով դաղված մաշկը կոշտանում ու անզգայանում է։ Այսօր շատերի խիղճը նման վիճակում է, կարելի է ասել՝ մեռած է։ Այն չի նախազգուշացնում սխալի մասին և չի տանջում ամոթի կամ մեղավորության զգացումով։ Այդպիսի մարդիկ նույնիսկ ուրախ են, որ խղճի խայթ չեն զգում։

18, 19. ա) Ամոթի և մեղավորության զգացումը ինչո՞ւ է օգտակար։ բ) Ի՞նչ կարող ենք անել, եթե զղջալուց հետո էլ մեր խիղճը շարունակում է տանջել։

 18 Մեղավորության զգացումը մեր խղճի արձագանքն է սխալ արարքին։ Այդ զգացումն է, որ մղում է մեղավորին զղջալու, ինչի շնորհիվ նույնիսկ ամենալուրջ մեղքերը կարող են ներվել։ Օրինակ՝ Դավիթ թագավորը լուրջ մեղք գործեց, բայց Աստված ներեց նրան, քանի որ նա անկեղծորեն զղջաց։ Իր սխալ արարքի հանդեպ ատելության և Եհովայի օրենքներին հնազանդվելու վճռականության արդյունքը եղավ այն, որ նա տեսավ, որ Եհովան «բարի է և ներելու պատրաստ» (Սաղմոս 51։1–19; 86։5)։ Իսկ ի՞նչ անել, եթե ամոթի և մեղավորության զգացումը զղջալուց ու ներում ստանալուց հետո էլ շարունակում է տանջել։

19 Երբեմն խիղճը կարող է չափազանց երկար տանջել մեղք գործած մարդուն։ Մեղավորության այդպիսի զգացումը օգտակար չէ։ Նման դեպքերում մենք պետք է ինքներս մեզ հիշեցնենք, որ Եհովան մեր սրտից ավելի մեծ է։ Մենք պետք է հավատանք, որ նա սիրում ու ներում է մեզ, ինչին որ շատ անգամ ուրիշներին ենք հորդորել հավատալ (կարդա՛  1 Հովհաննես 3։19, 20)։ Մաքուր խիղճը ներքին խաղաղություն և մեծ ուրախություն է պարգևում, ինչը շատ հազվադեպ է այս աշխարհում։ Լուրջ մեղք գործած անհատներից շատերը կարողացել են ազատվել մեղավորության ճնշող զգացումից և մաքուր խղճով շարունակել են ծառայել Եհովային (1 Կորնթացիներ 6։11

20, 21. ա) Ո՞րն է այս գրքի նպատակը։ բ) Ի՞նչ ազատություն է տրված մեզ, և ինչպե՞ս պետք է դրանից օգտվենք։

20 Այս գիրքը կօգնի քեզ, որ Սատանայի համակարգի այս վերջին օրերում մաքուր պահես խիղճդ և ուրախություն ստանաս դրանից։ Իհարկե, գրքում ներառված չեն Աստվածաշնչի բոլոր օրենքներն ու սկզբունքները, որոնց շուրջ հարկ է խորհել և դրանք կիրառել կյանքի տարբեր իրավիճակներում։ Այստեղ չկան կոնկրետ ցուցումներ, թե ինչպես է հարկավոր վարվել խղճի վրա թողնված հարցերում։ Այս գրքի  նպատակն է օգնել քեզ, որ Աստծու Խոսքը ուսումնասիրելով ու կիրառելով՝ մարզես քո խիղճը։ Ի տարբերություն Մովսիսական օրենքի՝ «Քրիստոսի օրենքը» ավելի շատ խրախուսում է առաջնորդվել սկզբունքներով և մարզված խղճով (Գաղատացիներ 6։2)։ Այս կերպով Եհովան քրիստոնյաներին բացառիկ ազատություն է տվել։ Սակայն նրա Խոսքը հիշեցնում է մեզ, որ այն չօգտագործենք «որպես չարությունը ծածկելու միջոց» (1 Պետրոս 2։16)։ Այդ ազատությունը հրաշալի հնարավորություն է ընձեռում ցույց տալու մեր սերը Եհովայի հանդեպ։

21 Ուրեմն աղոթիր սուրբգրային սկզբունքներով առաջնորդվելու մասին և ապրիր դրանց համաձայն՝ գործադրելով և մարզելով քո ըմբռնողականությունը (Եբրայեցիներ 5։14)։ Այդպես կկարողանաս շարունակել այն կարևոր ուղին, որն ընտրեցիր, երբ ճանաչեցիր Եհովային։ Աստվածաշնչով մարզված քո խիղճը ամեն օր օրհնություն կլինի քեզ համար։ Այս «կողմնացույցով» կյանքում երբեք չես մոլորվի և կկայացնես Եհովային հաճելի որոշումներ։ Արդյունքում՝ դու կմնաս Աստծու սիրո մեջ։

^ պարբ. 5 Եբրայերեն Գրություններում «խիղճ» բառը չի հանդիպում։ Սակայն դրա փոխարեն օգտագործվում է «սիրտ» բառը, որը հաճախ վերաբերում է մարդու ներքին էությանը։ Հունարեն Գրություններում «խիղճ» թարգմանված հունարեն բառը հանդիպում է մոտ 30 անգամ։

^ պարբ. 8 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ հանգիստ, կամ՝ մաքուր խիղճ ունենալը դեռ բավական չէ։ Օրինակ՝ Պողոսը գրեց. «Իմ խիղճը մաքուր է։ Բայց սրանով ես չեմ արդարանում, քանի որ Եհովան է ինձ դատողը» (1 Կորնթացիներ 4։4)։ Նույնիսկ նրանք, ովքեր հալածում են Աստծու ծառաներին, ինչպես նախկինում հենց ինքը Պողոսը, գուցե մաքուր խիղճ ունենան, քանի որ մտածում են, թե Աստված հավանում է իրենց արարքը։ Անչափ կարևոր է, որ մեր խիղճը մաքուր լինի ոչ միայն մեր աչքում, այլև՝ Եհովայի (Գործեր 23։1; 2 Տիմոթեոս 1։3

^ պարբ. 10 Հարկ է նշել, որ շատ բժիշկներ ասում են, որ ոգելից խմիչքի չափավոր օգտագործումը անհնար է ալկոհոլիզմով տառապողների համար։ Նրանց դեպքում «չափավոր լինել» նշանակում է ընդհանրապես չխմել։

Իմացիր ավելին

Կայացրու իմաստուն որոշումներ

Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մեր որոշումները Աստծու կամքին ներդաշնակ են։ Ի՞նչը կարող է օգնել մեզ իրագործելու մեր որոշումները։