Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

 ՀԱՎԵԼՎԱԾ

Երբ գործարար հարաբերություններում խնդիրներ են լինում

Երբ գործարար հարաբերություններում խնդիրներ են լինում

Պողոս առաքյալը 1 Կորնթացիներ 6։1–8-ում իր հիասթափությունն է արտահայտում, քանի որ Կորնթոսում ապրող որոշ քրիստոնյաներ իրենց միջև ծագած խնդիրները լուծելու համար դիմում էին դատարան՝ «գնում էին անարդարների մոտ» (համար 1)։ Նա հիմնավոր պատճառներ է նշում, թե ինչու քրիստոնյաները իրար դեմ դատական գործ բացելու փոխարեն՝ պետք է խնդիրները լուծեն ժողովի ներսում։ Նախ՝ տեսնենք, թե սուրբ ոգու ներշնչմամբ ինչ խորհուրդներ է տալիս Պողոսը, հետո՝ կխոսենք այն իրավիճակների մասին, որոնց գուցե այդ խորհուրդները այդքան էլ չեն առնչվում։

Երբ հավատակիցների միջև ֆինանսական խնդիրներ են լինում, նրանք պետք է փորձեն դրանք լուծել Եհովայի սկզբունքների համաձայն (Առակներ 14։12)։ Ինչպես խորհուրդ տվեց Հիսուսը, լավագույն միջոցը տարաձայնություններն արագ հարթելն է, քանի դեռ դրանք չեն վերածվել ավելի լուրջ խնդիրների (Մատթեոս 5։23–26)։ Ցավոք, որոշ հավատակիցներ ավելի են բարդացրել իրավիճակը և նույնիսկ դիմել են դատարան։ Պողոսն ասաց. «Ձեզ համար լիակատար պարտություն է, որ դատի եք տալիս իրար»։ Ինչո՞ւ։ Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ այդպես վարվելով՝ քրիստոնյաները կարող են բիծ բերել ժողովի և Աստծու անվան վրա։ Դրա համար էլ Պողոսը հետևյալ հարցն է ուղղում. «Փոխարենը՝ ինչո՞ւ ինքներդ սխալ չհամարվեք» (համար 7

Պողոսը նաև հիշեցրեց, որ Աստված քրիստոնեական ժողովում նշանակել է երեցներին, որպեսզի հարթեն տարբեր տարաձայնություններ։ Նրանք իմաստուն են և հարուստ սուրբգրային գիտելիքներով։ Դրա շնորհիվ, ինչպես ասաց Պողոսը, նրանք կարող են «այս կյանքի խնդիրներին» առնչվող հարցերում իրենց «եղբայրների միջև դատ վարել» (համար 3–5)։ Հիսուսը սովորեցրել է, թե ինչ երեք քայլ կա լուծելու համար լուրջ խնդիրները՝ կապված, օրինակ, զրպարտության ու խաբեբայության հետ։ Առաջին՝ խնդրում ներգրավված կողմերը պետք է փորձեն ինքնուրույն, առանձին լուծել խնդիրը։ Երկրորդը՝ եթե առաջին քայլը հաջողություն չի ունենում, խնդրի լուծման համար պետք է ներգրավել մեկ կամ երկու վկաների։ Երրորդ՝ եթե այս քայլն էլ է անհաջող  ավարտ ունենում, խնդիրը պետք է ներկայացնել ժողովի երեցներին (Մատթեոս 18։15–17

Տվյալ դեպքում քրիստոնյա երեցների դերի մեջ չի մտնում իրավաբանական կամ ֆինանսական խորհուրդներ տալը՝ անկախ այն բանից, նրանք մասնագիտությամբ իրավաբան կամ ֆինանսիստ են, թե ոչ։ Խնդիրը լուծելու համար նրանք եղբայրների առաջ պայմաններ չեն դնի։ Փոխարենը՝ կփորձեն օգնել ներգրավված կողմերին կիրառել աստվածաշնչյան սկզբունքները և խաղաղ լուծման գալ։ Բարդ խնդիրների դեպքում թերևս նրանք խորհրդի համար դիմեն շրջանային վերակացուին կամ Եհովայի վկաների մասնաճյուղ։ Սակայն կան դեպքեր, որոնց Պողոսի տված խորհուրդը չի առնչվում։ Ծանոթանանք դրանցից մի քանիսի հետ։

Որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում դատարանի միջամտությունը, որպեսզի անկողմնակալ և խաղաղ լուծում տրվի խնդրին։ Օրինակ՝ միայն դատարանի միջոցով է հնարավոր ամուսնալուծվել, երեխայի խնամակալություն ստանալ, վճարվող ալիմենտի չափը սահմանել, ապահովագրության փոխհատուցում ստանալ, ընդգրկվել սնանկացած ձեռնարկության պարտատերերի թվում և կտակը պաշտոնապես հաստատել։ Կարող են լինել նաև իրավիճակներ, երբ եղբայրը ստիպված լինի հակընդդեմ հայց ներկայացնել դատարան՝ իրեն պաշտպանելու նպատակով։ *

Եթե տարաձայնության մեջ գտնվող կողմերը, առանց թշնամական ոգի դրսևորելու, լուծում են խնդիրը դատարանի միջամտությամբ, այդ դեպքում, կարելի է ասել, նրանք չեն ոտնահարում Պողոսի ներշնչյալ խորհուրդը։ * Ամեն դեպքում, քրիստոնյայի գլխավոր նպատակը պետք է լինի Եհովայի անունը սրբացնելը և ժողովի խաղաղությունն ու միասնությունը պահպանելը։ Չէ՞ որ Քրիստոսի հետևորդները մյուսներից պետք է տարբերվեն իրենց դրսևորած սիրով, իսկ «սերը.... իր շահը չի փնտրում» (1 Կորնթացիներ 13։4, 5; Հովհաննես 13։34, 35

^ պարբ. 2 Կարող են լինել առանձնակի դեպքեր, երբ քրիստոնյան լուրջ հանցանք գործի հավատակցի դեմ, ինչպիսիք են օրինակ՝ խոշոր չափի գողությունը, հարձակումը, սպանությունը կամ բռնաբարությունը։ Այդ դեպքում, չնայած որ նման հանցագործությունների համար քրեական գործ է հարուցվում, իշխանություններին դիմելը ոչ քրիստոնեական քայլ չի լինի։

^ պարբ. 3 Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Դիտարանի» 1997թ. մարտի 15-ի համարը, էջ 17–22 (անգլ., ռուս.) և 1991թ. հոկտեմբերի 15-ի համարը, էջ 25–28 (անգլ., ռուս.)։