Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

 ԳԼՈՒԽ 4

Ինչո՞ւ պետք է հարգել իշխանությունը

Ինչո՞ւ պետք է հարգել իշխանությունը

«Պատվեք ամեն տեսակ մարդկանց» (1 ՊԵՏՐՈՍ 2։17)

1, 2. ա) Երբ հարցը վերաբերում է իշխանությանը, ի՞նչ դժվարություն գուցե ունենանք։ բ) Ի՞նչ հարցեր կքննենք։

ՏԵՍԵ՞Լ ԵՍ, թե ինչ դժգոհ դեմք է ընդունում փոքրիկ երեխան, երբ ծնողը ասում է նրան անել մի բան, որը նրա սրտով չէ։ Նրա մեջ պայքար է գնում։ Նա հասկանում է ծնողի ասածը և գիտակցում է, որ պետք է հնազանդվի իր ծնողին, բայց այս դեպքում չի ուզում հնազանդվել։ Նման իրավիճակում ժամանակ առ ժամանակ բոլորս ենք հայտնվում։

2 Միշտ չէ, որ իշխանությունը հարգելը հեշտ է։ Եղե՞լ է այնպես, որ դժվարացել ես հարգել նրան, ով որոշակի իշխանություն ունի քեզ վրա։ Եթե այո, իմացիր, որ դու միակը չես։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ իշխանության հանդեպ հարգանքը կտրուկ նվազում է։ Այդուհանդերձ, Աստվածաշունչն ասում է, որ պետք է հարգենք իշխանությունը (Առակներ 24։21)։ Իրականում դա շատ կարևոր է, եթե ուզում ենք մնալ Աստծու սիրո մեջ։ Բայց մեր մեջ կարող են հետևյալ հարցերը ծագել։ Ինչո՞ւ է դժվար հարգել իշխանությունը։ Ինչո՞ւ է Եհովան մեզնից նման բան պահանջում, և ի՞նչը կօգնի մեզ ենթարկվել նրան։ Ի՞նչ կերպերով է դրսևորվում հարգանքը իշխանության հանդեպ։

ԻՆՉՈՒ Է ԴԺՎԱՐ

3, 4. Ինչպե՞ս առաջ եկան մեղքն ու անկատարությունը, և մեր անկատար էությունը ինչպե՞ս է խանգարում հարգել իշխանությունը։

3 Եկ համառոտ անդրադառնանք երկու պատճառների, թե ինչու իշխանություն ունեցողներին հարգելը կարող է դժվար լինել։ Նախ՝ անկատար ենք մենք, հետո՝ անկատար են իշխանություն ունեցող մարդիկ։ Մեղքն ու անկատարությունը սկիզբ  են առել դեռևս այն ժամանակ, երբ Եդեմի պարտեզում Ադամն ու Եվան ըմբոստացան Աստծու իշխանության դեմ։ Այդպես մեղքը առաջ եկավ ըմբոստությունից, իսկ ըմբոստանալու հակումը ժառանգաբար փոխանցվեց բոլորիս (Ծննդոց 2։15–17; 3։1–7; Սաղմոս 51։5; Հռոմեացիներ 5։12

4 Քանի որ մեղք ենք ժառանգել և անկատար ենք, հպարտությունը հեշտությամբ գլուխ է բարձրացնում մեր մեջ։ Մինչդեռ խոնարհ լինելու և այդպիսին մնալու համար հարկավոր է ջանքեր թափել։ Նույնիսկ երկար տարիներ Աստծուն հավատարմորեն ծառայող մարդը հնարավոր է՝ տեղի տա անկատար էությանը հատուկ համառությանն ու հպարտությանը։ Օրինակ՝ Կորխը, ով Եհովայի ժողովրդի հետ շատ դժվարությունների միջով էր անցել, տեղի տվեց ավելի մեծ իշխանություն ունենալու ցանկությանը և անամոթաբար ըմբոստություն հրահրեց Մովսեսի՝ իր ժամանակների ամենահեզ մարդու դեմ (Թվեր 12։3; 16։1–3)։ Հիշենք նաև Օզիա թագավորին, ով հպարտությունից մղված իրեն իրավունք վերապահեց մտնել Եհովայի տաճար և խունկ ծխել, ինչը քահանաների սուրբ պարտականությունն էր (2 Տարեգրություն 26։16–21)։ Նման մարդիկ իրենց ըմբոստության համար թանկ են վճարել։ Նրանց օրինակները լավ նախազգուշացումներ են մեզ համար։ Մենք պետք է պայքարենք հպարտության դեմ, որը խանգարում է մեզ հարգել իշխանությունը։

5. Ինչպե՞ս են անկատար մարդիկ չարաշահել իրենց իշխանությունը։

5 Մյուս կողմից՝ իշխանություն ունեցող մարդիկ, ովքեր մեզ նման անկատար են, հաճախ այնպիսի բաներ են արել, որոնց պատճառով մարդիկ կորցրել են իշխանության հանդեպ հարգանքը։ Շատերը եղել են դաժան բռնակալներ ու չեն հարգել իրենց հպատակների արժանապատվությունը։ Պատմության էջերը լեցուն են այնպիսի մարդկանց օրինակներով, ովքեր չարաշահել են իրենց իշխանությունը (կարդա՛  Ժողովող 8։9)։ Այդպիսի օրինակներ կան նաև Իսրայելի պատմության մեջ։ Սավուղը, որ խոնարհ մարդ էր, և ում Եհովան դարձրեց թագավոր, տեղի տվեց հպարտությանը և նախանձին։ Նա սկսեց հալածել ու հետապնդել հավատարիմ Դավթին (1 Սամուել 9։20,  21; 10։20–22; 18։7–11)։ Դավիթը, որը հետագայում դարձավ թագավոր և եղավ Իսրայելի լավագույն թագավորներից մեկը, նույնպես չարաշահեց իր իշխանությունը։ Նա տիրացավ քետացի Ուրիայի կնոջը, իսկ նրան՝ այդ անմեղ մարդուն, ուղարկեց կռվելու պատերազմի ճակատային գծում, որ զոհվի (2 Սամուել 11։1–17)։ Այո՛, անկատարության պատճառով մարդու համար հեշտ չէ իր իշխանությունը ճիշտ գործադրել։ Իսկ երբ իշխանություն ունեցողը չի հնազանդվում Եհովայի իշխանությանը, իրավիճակն ավելի է բարդանում։ Բրիտանացի մի քաղաքական գործիչ, երբ նկարագրեց, թե ինչպես են Հռոմի պապերից ոմանք նախաձեռնել լայնածավալ հալածանքներ ու հետապնդումներ, ասաց. «Իշխանությունը ապականում է, իսկ բացարձակ իշխանությունը ապականում է բացարձակապես»։ Ի մտի ունենալով այս պատմական ճշմարտությունը՝ եկեք տեսնենք, թե ինչու պետք է հարգենք իշխանությունը։

ԻՆՉՈՒ ՀԱՐԳԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

6, 7. ա) Եհովայի հանդեպ սերը ի՞նչ է մղում մեզ անել և ինչո՞ւ։ բ) Նույնիսկ ո՞ր դեպքերում պետք է հնազանդվենք։

6 Գլխավոր պատճառը, թե ինչու պետք է հարգենք իշխանությունը, սերն է, որ ունենք Եհովայի հանդեպ, մարդկանց հանդեպ և հենց ինքներս մեր հանդեպ։ Քանի որ ամենից առավել սիրում ենք Եհովային, ուզում ենք նրա սիրտը ուրախացնել (կարդա՛  Առակներ 27։11; Մարկոս 12։29, 30)։ Ինչպես գիտենք, նրա գերիշխանությունը՝ ողջ տիեզերքին իշխելու իրավունքը, հարցականի տակ է դրվել Եդեմում ծագած ըմբոստության ժամանակ, և մարդկանց զգալի մասը Սատանայի կողմն է անցել՝ մերժելով Եհովայի իշխանությունը։ Մենք ուրախ ենք, որ Աստծու կողմն ենք դիրք բռնել։ Երբ կարդում ենք Հայտնություն 4։11-ում գրված հիասքանչ խոսքերը, դրանք ասես մեր սրտից են դուրս գալիս։ Որքա՜ն հստակ է մեզ համար, որ Եհովան է Գերիշխանը։ Մենք մեր ապրելակերպով ցույց ենք տալիս, որ ընդունում ենք նրա գերիշխանությունը։

7 Աստծու գերիշխանության հանդեպ հարգանքը ներառում է հնազանդություն ու դեռ ավելին։ Մենք հնազանդվում ենք, քանի որ սիրում ենք նրան։ Սակայն լինում են դեպքեր, երբ հնազանդվելը  շատ դժվար է մեզ համար։ Նման դեպքերում, առաջին պարբերության մեջ նկարագրված փոքրիկի պես, պետք է սովորենք ենթարկվել ու հպատակվել։ Հիշո՞ւմ ես՝ Հիսուսն էլ ենթարկվեց Հոր կամքին, երբ դա անելը անչափ դժվար էր իր համար։ Նա ասաց. «Բայց ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի» (Ղուկաս 22։42

8. ա) Ի՞նչ է ներառում Եհովայի իշխանությանը հնազանդվելը, և ի՞նչ է զգում նա, երբ ըմբոստանում ենք նրա ներկայացուցիչների դեմ։ բ) Ի՞նչը կօգնի մեզ խորհուրդ լսել և խրատ ընդունել (տես « Խորհուրդ լսիր և խրատ ընդունիր» շրջանակը)։

8 Իհարկե, այսօր Եհովան անձամբ չի խոսում մեզ հետ. նա դա անում է իր Խոսքի և երկրի վրա իր նշանակած ներկայացուցիչների միջոցով։ Մենք ցույց ենք տալիս, որ հնազանդվում ենք Եհովայի իշխանությանը, եթե հարգում ենք այն մարդկանց, ում նա իշխանություն է տվել և թույլ է տալիս, որ շարունակեն մնալ այդ նշանակման մեջ։ Իսկ երբ ըմբոստանում ենք նրանց դեմ, օրինակ՝ չենք ընդունում նրանց տված սուրբգրային խորհուրդը կամ խրատը, վիրավորում ենք Աստծուն։ Երբ իսրայելացիները տրտնջացին և ըմբոստացան Մովսեսի դեմ, Եհովան դա համարեց ի՛ր դեմ ուղղված ըմբոստություն (Թվեր 14։26, 27

9. Ինչպե՞ս է մերձավորի հանդեպ սերը մղում հարգել իշխանությունը։

9 Մերձավորի հանդեպ սերը նույնպես մղում է հարգել իշխանությունը։ Պատկերացնենք օրինակով։ Ենթադրենք՝ դու զինվոր ես։ Զորքի հաջողությունը, նույնիսկ փրկությունը կախված է յուրաքանչյուր զինվորի համագործակցությունից, հնազանդությունից և հրամանատարության հանդեպ հարգանքից։ Եթե չհնազանդվես կարգադրություններին, մյուս զինվորների կյանքը վտանգի կենթարկես։ Աստվածաշնչում Եհովայի համար հարյուրավոր անգամներ օգտագործվում է «Զորքերի Տեր» տիտղոսը (1 Սամուել 1։3)։ Նա հզոր ոգեղեն էակների հսկա «զորաբանակի» Հրամանատար է։ Երբեմն Եհովան բանակի կամ զորքի հետ է համեմատում իր երկրային ծառաներին։ Սակայն, ի տարբերություն պետական զորաբանակներին, որոնք իրենց հետևից ավերածություններ են թողնում, Եհովայի զորքերը գործում են միայն ի բարին (Սաղմոս 68։11; Եզեկիել 37։1–10)։ Եթե մենք ըմբոստանանք այն մարդկանց դեմ, ում Եհովան նշանակել է  մեզ վրա, արդյոք վտանգի չե՞նք ենթարկի մեր «բանակի» մյուս «զինվորներին»։ Երբ քրիստոնյան ըմբոստանում է նշանակված երեցների դեմ, դա վատ է անդրադառնում ժողովի մյուս անդամների վրա (1 Կորնթացիներ 12։14, 25, 26)։ Ինչպես որ երեխան, երբ ըմբոստանում է, դա վատ է անդրադառնում ողջ ընտանիքի վրա։ Ուստի սեր դրսևորած կլինենք մերձավորի հանդեպ, եթե հարգենք իշխանությունը և համագործակցենք։

10, 11. Ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե հնազանդվենք իշխանությանը։

10 Իշխանության հանդեպ հարգանքը օգուտ է բերում նաև մեզ։ Եհովան ոչ միայն պատվիրում է հարգել իշխանությունը, այլև հաճախ նշում է, թե ինչ օգուտներ կքաղենք դրանից։ Օրինակ՝ երեխաներին պատվիրելով հնազանդվել ծնողներին՝ նա ասում է, որ այդպես նրանք կլինեն երջանիկ ու երկար կապրեն (2 Օրենք 5։16; Եփեսացիներ 6։2, 3)։ Աստված նաև ցանկանում է, որ մենք հարգենք ժողովի երեցներին, քանի որ հակառակ դեպքում՝ հոգևորապես կվնասվենք (Եբրայեցիներ 13։7, 17)։ Նաև պատվիրում է հնազանդվել պետական իշխանություններին մեր իսկ պաշտպանության համար (Հռոմեացիներ 13։4

 11 Երբ հասկանում ենք, թե ինչու է Եհովան ուզում, որ հարգենք իշխանությունը, ավելի հեշտ է լինում դա անել։ Քննարկենք, թե որ երեք հիմնական ոլորտներում կարող ենք ցույց տալ մեր հարգանքը իշխանության հանդեպ։

ՀԱՐԳԱՆՔ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

12. Եհովան ի՞նչ դեր է տվել տղամարդուն իր ընտանիքում, և ինչպե՞ս պետք է նա կատարի այդ դերը։

12 Եհովան ընտանեկան կառույցի Հիմնադիրն է։ Լինելով կարգուկանոն սիրող Աստված՝ նա այնպես է արել, որ ընտանեկան կառույցը լավ գործի (1 Կորնթացիներ 14։33)։ Նա տղամարդուն իշխանություն է տվել՝ լինելու ընտանիքի գլուխ։ Սակայն ամուսինը պետք է իր հերթին հարգանք դրսևորի իր Գլխի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ, և ընդօրինակելով նրան՝ իր գլխավորությունը ընտանիքում գործադրի այնպես, ինչպես Հիսուսը՝ ժողովում (Եփեսացիներ 5։23)։ Ամուսինը չպետք է թերանա իր պարտականությունները կատարելու մեջ, բայցև չպետք է լինի կոպիտ ու բռնի, այլ սիրով, ողջամտությամբ ու բարությամբ ղեկավարի իր ընտանիքը։ Նա պետք է հիշի, որ իր իշխանությունը հարաբերական է՝ միշտ ստորադաս է Եհովայի իշխանությանը։

Քրիստոնյա հայրը իր գլխավորությունը գործադրում է այնպես, ինչպես Հիսուսը

13. Ո՞րն է կնոջ դերը ընտանիքում։

13 Կինն իր ամուսնու օգնականն է։ Նա նույնպես որոշակի իշխանություն ունի ընտանիքում։ Աստվածաշնչում, օրինակ, խոսվում է «մոր օրենքի» մասին (Առակներ 1։8)։ Կինը, իհարկե, ենթակա է ամուսնու իշխանությանը։  Աստվածավախ կինը հարգում է իր ամուսնու իշխանությունը՝ օգնելով նրան կատարել ընտանիքի գլխի իր պարտականությունները։ Նա չի նվաստացնում ամուսնուն, խորամանկ մեթոդներով ճնշում չի բանեցնում նրա վրա և չի ձգտում ղեկը խլել նրանից։ Ընդհակառակը՝ նա համագործակցում և օգնում է նրան։ Երբ կինը համաձայն չէ ամուսնու որոշումների հետ, հարգանքով արտահայտում է իր կարծիքը, բայց միևնույն ժամանակ շարունակում է հնազանդվել նրան։ Ինչ խոսք, դժվար է ենթարկվել, երբ ամուսինը չունի կրոնական նույն հայացքները, սակայն կնոջ հնազանդությունը գուցե մղի ամուսնուն մտերմանալ Եհովայի հետ (կարդա՛  1 Պետրոս 3։1

14. Ինչպե՞ս կարող են երեխաները ուրախացնել իրենց ծնողների և Եհովայի սիրտը։

14 Երբ երեխան հնազանդվում է իր հորն ու մորը, ուրախացնում է Եհովա Աստծու սիրտը։ Նաև ուրախացնում է իր ծնողներին և պատիվ է բերում նրանց (Առակներ 10։1)։ Հնազանդություն պետք է դրսևորեն նաև մեկ ծնող ունեցող ընտանիքներում մեծացող երեխաները։ Չէ՞ որ այդպիսի ծնողները ավելի  շատ են զգում նրանց օգնության և համագործակցության կարիքը։ Եթե յուրաքանչյուրը կատարի Աստծու կողմից իրեն տրված դերը, ապա ընտանիքում ուրախություն և խաղաղություն կտիրի։ Դա փառք կբերի բոլոր ընտանիքների Հիմնադրին՝ Եհովա Աստծուն (Եփեսացիներ 3։14, 15

ՀԱՐԳԱՆՔ ԺՈՂՈՎՈՒՄ

15. ա) Եհովայի իշխանության հանդեպ հարգանքը ինչպե՞ս ենք դրսևորում ժողովում։ բ) Ո՞ր սկզբունքները կօգնեն մեզ հնազանդվել նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ժողովում (տես « Հնազանդվեք.... նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ» շրջանակը)։

15 Եհովան իր Որդուն նշանակել է քրիստոնեական ժողովի Ղեկավար (Կողոսացիներ 1։13)։ Իսկ Հիսուսը երկրի վրա «հավատարիմ և իմաստուն ծառային» հանձնարարել է հոգալ Աստծու ժողովրդի հոգևոր կարիքները (Մատթեոս 24։45–47)։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը գործում է որպես «հավատարիմ և իմաստուն ծառա»։ Ինչպես առաջին դարի քրիստոնեական ժողովները, այնպես էլ այսօր երեցները առաջնորդություն և խորհուրդներ են ստանում Կառավարիչ մարմնից՝ լինի ուղղակիորեն թե ներկայացուցիչների, օրինակ՝ շրջագայող վերակացուների միջոցով։ Ուստի հարգելով երեցների իշխանությունը՝ մենք հնազանդվում ենք Եհովային (կարդա՛  1 Թեսաղոնիկեցիներ 5։12; Եբրայեցիներ 13։17

16. Ինչպե՞ս են երեցները նշանակվում սուրբ ոգով։

16 Երեցներն ու ծառայող օգնականները կատարյալ չեն։ Նրանք էլ մեզ պես թերություններ ունեն։ Սակայն երեցները «մարդկանց տեսքով պարգևներ» են, ովքեր նշանակված են օգնելու, որ ժողովը հոգևորապես ամուր մնա (Եփեսացիներ 4։8Նրանք նշանակվում են սուրբ ոգով (Գործեր 20։28)։ Ինչպե՞ս է դա լինում։ Եղբայրը նախ համապատասխանում է այն չափանիշներին, որոնք սուրբ ոգու միջոցով գրի են առնվել Աստծու Խոսքում (1 Տիմոթեոս 3։1–7, 12; Տիտոս 1։5–9)։ Այնուհետև երեցները խորհրդակցում են տեսնելու համար, թե նա որքանով է համապատասխանում սուրբգրային պահանջներին, և աղոթքով Եհովայից սուրբ ոգու առաջնորդությունն են խնդրում։

17. Ո՞ր դեպքում քույրը պետք է ծածկի գլուխը և ինչո՞ւ։

 17 Երբեմն այնպես է պատահում, որ երեցներն ու ծառայող օգնականները բացակայում են ժողովից։ Նման դեպքում մյուս մկրտված եղբայրներն են կատարում որոշ պարտականություններ, օրինակ՝ անցկացնում են քարոզչական ծառայության հանդիպումը։ Իսկ եթե մկրտված եղբայր էլ չի լինում, ապա նրան փոխարինում է համապատասխան որակներ ունեցող քույր։ Սակայն, երբ կինը տանը կամ ժողովում կատարում է այն դերը, որը սովորաբար մկրտված տղամարդու պատասխանատվության մեջ է մտնում, նա պետք է ծածկի իր գլուխը * (1 Կորնթացիներ 11։3–10)։ Այս պահանջը չի նվաստացնում կնոջը։ Ընդհակառակը՝ դա հնարավորություն է տալիս նրան հարգանք դրսևորելու Եհովայի սահմանած գլխավորության հանդեպ թե՛ տանը, թե՛ ժողովում։

ՀԱՐԳԱՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

18, 19. ա) Ինչպե՞ս ենք կիրառում Հռոմեացիներ 13։1–7-ում ամփոփված սկզբունքը։ բ) Ինչպե՞ս ենք հարգանք դրսևորում պետական իշխանությունների հանդեպ։

18 Ճշմարիտ քրիստոնյաները բարեխղճորեն հետևում են Հռոմեացիներ 13։1–7 համարներում ամփոփված սկզբունքին (կարդա՛)։ Այս հատվածից հասկանում ենք, որ «վերին իշխանությունները» պետական իշխանություններն են։ Եհովան դեռևս թույլ է տալիս, որ այդ իշխանությունները գոյություն ունենան, քանի որ կարևոր դեր են կատարում՝ որոշ չափով կարգուկանոն են պահպանում և անհրաժեշտ ծառայություններ մատուցում։ Պետական իշխանությունների հանդեպ հարգանք ենք դրսևորում, երբ ենթարկվում ենք օրենքներին, պարտաճանաչ կերպով վճարում ենք հարկերը, ազնվորեն լրացնում ենք ցանկացած փաստաթուղթ, որ պահանջվում է պետության կողմից, և հնազանդվում ենք այն օրենքներին, որոնք վերաբերում են մեր ընտանիքին, բիզնեսին և գույքին։ Սակայն երբ նրանք պահանջում են մի բան, որը հակառակ է Աստծու կամքին, մենք արձագանքում ենք այնպես, ինչպես առաքյալները. «Մենք առաջին  հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործեր 5։28, 29; տես  «Ում իշխանությանը պետք է հնազանդվեմ» շրջանակը)։

19 Պետական իշխանությունների հանդեպ հարգանքը երևում է նաև իշխանություն ունեցողների հանդեպ մեր վերաբերմունքից։ Երբեմն գուցե անձամբ գործ ունենանք նրանց հետ։ Օրինակ՝ Պողոս առաքյալը կանգնեց թագավոր Հերովդես Ագրիպասի և կուսակալ Ֆեստոսի առաջ։ Թեև նրանք երկուսն էլ առաքինի մարդիկ չէին, սակայն Պողոսը նրանց հետ հարգալից խոսեց (Գործեր 26։2, 25)։ Մենք հետևում ենք Պողոսի օրինակին՝ անկախ նրանից, բարձրաստիճան պաշտոնյայի հետ ենք խոսում, թե շարքային ոստիկանի։ Իսկ դպրոցում երեխաները հարգանք են դրսևորում ինչպես ուսուցիչների ու տնօրինության, այնպես էլ մյուս աշխատակիցների հանդեպ։ Մի խոսքով՝ մենք հարգում ենք բոլորին, անգամ նրանց, ովքեր թշնամանքով են լցված Եհովայի վկաների հանդեպ։ Մեր հավատը չընդունող բոլոր մարդիկ պետք է զգան, որ մենք հարգում ենք իրենց (կարդա՛  Հռոմեացիներ 12։17, 18; 1 Պետրոս 3։15

20, 21. Իշխանության հանդեպ հարգանք դրսևորելը ի՞նչ օրհնություններ կբերի։

20 Եկեք չզլանանք հարգանք ցուցաբերել։ «Պատվեք ամեն տեսակ մարդկանց»,— հորդորեց Պետրոս առաքյալը քրիստոնյաներին (1 Պետրոս 2։17)։ Մեր հարգանքը կարող է մեծապես տպավորել նրանց, քանի որ ներկայումս քչերն են նման վերաբերմունք դրսևորում ուրիշների հանդեպ։ Հարգելով մարդկանց՝ մենք կկատարենք Հիսուսի պատվերը. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառք տան ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5։16

21 Այս խավար աշխարհում հոգևոր լույսը գրավում է լավ մարդկանց։ Ուստի տեսնելով ընտանիքում, ժողովում և պետական իշխանությունների հանդեպ մեր դրսևորած հարգանքը՝ նրանք կմղվեն միանալու մեզ և քայլելու լույսի ուղիով։ Եթե անգամ այդպես չլինի, միևնույնն է, մարդկանց հարգելով՝ մենք կհաճեցնենք Եհովա Աստծուն, իսկ դա կնպաստի, որ մնանք Աստծու սիրո մեջ, ինչը մեծագույն վարձատրությունն է մեզ համար։

^ պարբ. 17 «Երբ և ինչու պետք է քույրը ծածկի գլուխը» հավելվածում քննարկվում են կոնկրետ դեպքեր, երբ հարկավոր է կիրառել այս սկզբունքը։

Իմացիր ավելին

Հնազանդվիր Եհովայի հովիվներին

Երեցները նշանակված են սուրբ ոգով՝ Աստծու հոտը հովվելու համար։ Գառնուկներն ինչո՞ւ պետք է հնազանդվեն նրանց։